«Օսկարակիրը»

04.03.2021

Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` նախօրեին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքին: «Այդ օրը Փաշինյանը հակահարձակման գնաց և ցույց տվեց, որ կարող է և՛ իշխանություն լինել, և՛ միաժամանակ հեղափոխական պայքար վարել: Փաշինյանը հաջողացնում է անհնարինն անել քաղաքականության մեջ: Տիրապետելով երկրում ողջ իշխանությանը՝ նա, երբ իրեն պետք է, ակնթարթորեն մտնում է հեղափոխականի դերի մեջ: Եվ այդ մոգությունն աշխատում է: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում կողմն է աջակցությունը, և դա ստացվեց: Ամբոխը (массовка) Հանրապետության հրապարակում տպավորիչ տեսք ուներ»,- գրում է պարբերականը:

«Վարչապետը հրապարակ է եկել կառավարության շենքից՝ անցնելով անվտանգ միջանցքով, որը նախապես կազմել էին ոստիկանները: Նա բարձրացել է բեմ և ավելի քան մեկ ժամ դիրիժորություն արել՝ ստիպելով ամբոխին մերթ հավանություն տալով բղավել, մերթ վրդովված հառաչել, մերթ հնազանդորեն լռել: Եթե Փաշինյանը խաղար կինոյում, նա կարող էր «Օսկար»-ի հավակնել»,- նկատում է հոդվածագիրը: Ըստ պարբերականի՝ ելույթի սկզբում Փաշինյանը խնդրել է վառել բջջայինների լույսերը՝ ի նշան հարգանքի արցախյան պատերազմում զոհված անձանց, իսկ «մնացած ելույթն արտասանում էր արդեն ոչ թե Փաշինյան-վարչապետը, այլ Փաշինյան-հեղափոխականը»:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը, որը պահանջում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականը, վերջինիս «դավաճան» է անվանել՝ մեղադրելով նրան երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանները կատարելու համար:

Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ ներկայիս ճգնաժամը կարելի է կարգավորել արտահերթ խորհրդարանաան ընտրություններով, և որ ինքն ու իր թիմը պատրաստ են դրան, եթե խորհրդարանական ընդդիմությունը հուշագիր ստորագրի իրենց հետ: Պարբերականը նշում է, որ «Իմ քայլը» խմբակցության իր աղբյուրն անանունության սկզբունքով տեղեկացրել է, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մոտ ապագայում՝ ԳՇ պետի հետ կապված հարցը լուծելուց անմիջապես հետո:

«Կոմերսանտ»-ի զրուցակցի տվյալներով՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է ստորագրել վարչապետի կրկին ներկայացրած միջնորդագիրը Գասպարյանի հեռացման մասին: «Հենց Արմեն Սարգսյանը ստորագրի, մենք կանցնենք արտահերթ ընտրությունների կամզակերպմանը»,- ասել է խմբակցության աղբյուրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։


Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանը, իր հերթին, դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան