14 ապրիլի 2020, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ...
Հայ նորագույն գրականության պատկառելի ներկայացուցիչ Համո Սահյանի անունն ավելի քան մեկդարյա պատմություն ունի, նրա ծննդյան օրն է այսօր։
Չափածոյի վարպետը մի ամբողջ կյանք դրեց իր ստեղծագործություններում: Որոշեցինք դրանց էության մեջ խորանալ ու ներկայացնել այն, ինչ թաքնված է Սահյանի գործերում: Մեր զրուցակիցը եղավ լրագրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, Սահյանին նվիրված գրքերի եւ «Իրիկնահացի հրավեր» ֆիլմի հեղինակ Հովհաննես Պապիկյանը:
Ա՜խ, չմարած որքան պարտքեր,
երազներ խառն ու խաթարված։
- Պարոն Պապիկյան, Սահյանը մեզՙ իր ազգին, ինչո՞վ պարտք մնաց:
- Սահյանը ոչինչ եւ ոչ մեկին պարտք չմնաց: Այդ մենք պարտք մնացինք այնքանով, որ պոետը կյանքի վերջին տարիներին կենցաղային դժվարություններ ունեցավ: Ցավալի թեմա է, որին այլ առիթներով անպայման կանդրադառնամ: Պարտք ունենալու մասին Սահյանն ինքը շատ լավ է ձեւակերպել իմ «Իրիկնահացի հրավեր» ֆիլմում (1989թ.). «Արվեստի մեջ տվածդ ամեն մի պարտքը նոր հրամայական է: Հաջող բան ես արելՙ պիտի մի նոր հաջող բան անես: Չես կարող դրանով դադարել: Մեկ թվում է, թե պարտքդ տվել ես, բայց տեսնում եսՙ չէ, դեռ շատ բան կա տալու»:
Ինձ հաճախ այնպես է թվում,
թե կյանքս տանուլ եմ տվել:
- Ի՞նչն էր ամենից շատը մտատանջում գրողին եւ այս գաղափարին հակում:
- Մեծերը (իսկ Սահյանը, անկասկած, մեծ գրող էր ու հայի լավագույն տեսակ) մտահոգված են երկրի ճակատագրով: Խոսքը սոցիալ-տնտեսական խնդիրների մասին չէ, որ աննկատ էին մինչեւ Խորհրդային Միության փլուզումը: Համո Սահյանն այն ժամանակ մտահոգություն ուներ զուտ գրականության առաջընթացի առումով. «Աշխատում եմ իմ եւ աշխարհի փոխհարաբերության, իմ եւ ժամանակի կռվի ու հաշտության, իմ եւ բնության կապի, վաղանցավորի ու հավիտենականության աղերսի վրա... Հուշն ու երազանքը ծանրութեթեւ անելու, ինձ իրագործելու եւ իմ գոյությունն արդարացնելու վրա»:
Ուրեմն դարձյալ հույսին աղոթեմ,
մեր չարչարանքին, հոգսին աղոթեմ։
- Որո՞նք էին Սահյանի հույսն ու հոգսը:
- Նա առաջին հերթին մարդկանց ուշադրությունն էր հրավիրում այն բաների վրա, որոնք աշխարհի գոյության հիմքն ենՙ «Աղոթեմ հասկին...», «Աստվածս ցորենին ասեմ...»: Հիշենք բանահյուսական այս տողերըՙ Գութան չէղներ, աշխարհն ի՞նչ էր: Պոետի հույսն այն է, որ մարդիկ բարի աչքով նայեն այն ամենին, ինչ բնությունն ստեղծել է իրենց համար: Իսկ հոգսը միշտ եղել է: Հիշենքՙ
Քուն ու արթուն մի հարցրեք,
Ներս եկեք, տուն է:
Մինչեւ անգամ հույսն էլ քնիՙ
Հոգսը արթուն է:
Ձորը լորով էր լի եւ լորերով
- Ինչո՞վ էր լի Սահյանը:
- Բնությունով էր լի: Լի էր ազգային ավանդություններով, որոնք փայփայում էր, մի մասի կորստի համարՙ ափսոսում, ցավում: Իմ այս ասածի ապացույցները նրա քնարերգության մեջ են. հատվածներ բերել դրանցիցՙ կնշանակի ամբողջ պոեզիան վերհիշել: Սահյանը խոստովանում է, որ ինքը շարունակ սովորել է ժողովրդական «շտեմարաններից»: «Իրիկնահացի հրավեր» ֆիլմում նա այսպիսի մեկնություն է տալիս. «Ժողովուրդն անսահման գույներ ու երանգներ ունի իր մեջ: Ամեն բանաստեղծ բերում է նոր գույն: Թե դա ժողովրդի գույնից եղավ, ընդունվում, սիրվում, գնահատվում է: Եթե ոչ, նա ժողովրդի կողմից այդպես էլ անհայտ կմնա»:
Ոչ ծիծաղն է մի ծիծաղ, ոչ էլ ցավն է ցավի պես:
- Պարոն Պապիկյան, ի՞նչ ավանդույթներ էին փոխվել:
- Հիշում եմՙ պոետն անհանգստանում էր, որ շատ բան է փոխվել եւ հին «բույրը, կարոտը» մնացել են հեռվում: «Ափսոս, իհարկե, որ շատ բան մոռացվեց: Հիմա ի՞նչ, տուն ես մտնում, չեն էլ նկատում: Դու էլ տան մեծն ես, պապն ես: Ես քաղաքի երիտասարդից հո չե՞մ պահանջում, որ անպայման հիշի, թե իմ պապը կամ իր ապուպապն ինչպես է կալ արել, մաճ բռնել: Բայց ես իրավունք ունե՞մ նրանից պահանջելու, որ տրանսպորտում տեղը զիջի մեծահասակին, որ ծխի քուլան մեծահասակի երեսին չփչի...»:
Հեքիաթի ոսկե ձկնիկն էլ տայինՙ
- Տարեք, կասեի, տարեք, պորտը բաց
իմ երջանկության հրաշքը բերեք։
- Ո՞րն էր Սահյանի երջանկության հրաշքը:
- Ժողովրդին օգտակար լինելը, ժողովրդի կողմից ընդունված լինելը. ահա նրա երջանկության հրաշքը: Իր վկայությամբ ասեմՙ երջանիկ է եղել, որ առասպելական Չարենցի կենդանի խոսքն ու խորհուրդն է լսել, Զորյանի հայրական հորդորը, ջղաձիգ իմաստնությունները վիպասան Դեմիրճյանի: Ոչ միայն հաց ու հուզմունք, այլեւ ամենաթաքուն մորմոքներն է կիսել Իսահակյանի հետ: Ամենօրյա բաժակի ընկերն է եղել Մահարու... Բուռն վեճերի եւ բուռն ուրախությունների շաբաթներ է մաշել Պարույր Սեւակի հետ: Այսպես, Սահյանը միշտ բաց է եղել մարդկանց համար, իսկ նրա տունը եղել է աշխարհի ամենահյուրընկալը:
Սամվել ՄԵԼՔՈՆՅԱՆ
«ԱԶԳ»
Comments