top of page

«Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ», թե՞...

  • 26 сент. 2023 г.
  • 3 мин. чтения

26.09.2023



«Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»,- աբովյանական խոսքն այս օրերին երբեմն մեջբերվում է: Բայց շարունակությունն անհայտ է մնում: Իսկ այն այսպիսին է. - «... ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»:

Մայրական կողմից որպես Խաչատուր Աբովյանի ընտանիքի ժառանգ` ուզում եմ մի հստակեցում անել, որ մեծ լուսավորչի մասին թյուրըմբռնումները վերջապես հասցեագրվեն: Եվ որ մեզ համար բացահայտվի մի դրվագ, որի մասին մինչ այսօր ոչ ոք ոչինչ չի ասել:

Ոչ ոք դա չի արել: Ոչ ոք դա չի անում: Եվ հիմա ես անելու եմ:

Աբովյանները մելիքական` այսինքն ազնվական` իշխանական ընտանիք էին` Մելիք Ապով ազգանվամբ: Ըստ որոշ տվյալների` Արցախից: Մի մասը վերաբնակվում է Լոռիում` Օձունի կողմերում, մյուս թևը գալիս է Արարտյան դաշտ: Գալով Քանաքեռ` պահպանում են ազնվականական իշխանությունը և ստանում են Քանաքեռի տանուտերությունը:

Աբովյանը իր դարի, իր մութ ժամանակների խավար ու խավարամիտ հայության շրջանում բացառիկ Արևմտյան արժեհամակարգ կրող և էությամբ արևմուտքցի լուսավոր հայ էր: Թերևս եզակի էր այդ դարի Հայաստանում: Միակը:

«Թող օրհնվի էն սհաթը ... » Աբովյանը գրել է իր գեղարվեստական գործում և այդ խոսքերը պատկանում են հերոսին: Պատմական իրադարձությունների այդ համատեքստը այն պահն էր, երբ կոտորված հայությունը ռուսների հետ հսկայական հույսեր էր կապում: Ռուսները, ինչպես միշտ, խաբեությամբ եկել էին և փրկիչ էին ներկայանում: Նրանք Հայաստանը գրավել էին (ոչ թե ազատգրել) ղզլբաշներից` Սեֆյան Իրանի թուրքական պետության թյուրք ջարդարարներից: Աբովյանն առաջիններից էր, որ հասկացավ ռուսների էությունը: Հետագա ուսմնասիրողները նրա հակառուսականությունը բնորոշում էին որպես «հակացարականություն», որովհետև խորհրդային տարիներին հակառուս Աբովյանը պարզապես արգելված կլիներ, իսկ Խորհրդային վերնախավին ձեռնտու էր Աբովյանին ոչ թե արգելել, այլ հետահայացքով հակացարիստ ներկայացնել: Դրանով երկու նապաստակ էր խփվում: Հա´մ Աբովյանը դառնում էր նախահեղափոխական հեղափոխական: Հա´մ էլ նրա գրքկանությնը սկսում էր այդպիսով ծառայեցվել ռուսների տիրապետությանն ու նրանց ներկայացնել որպես ազատարարներ:

Աբովյանն իր դրան հաջորդով շրջանի գործերում մասնավորապես նշում է, որ ռուսներն ավելի վատ էին վարվում հայերի հետ` քան անգամ թյուրքական ղզլբաշ իրանցիները` ռուսներից առաջ: Այն թյուրք իրանցիները, որոնցից ռուսներն իբր թե եկել էին քրիստոնյա իբր եղբայրներին փրկելու:

Աբովյանը կրթվել էր Տարտուի Դորպատի Համալսարանում (ներկայիս Էստոնիա), կատարելապես տիրապետում էր գերմաներենին, ապրել էր Եվրոպայում, ընկերություն էր անում ժամանակի եվրոպական խոշոր մտավորականների և ազնվականների հետ: Մեծապես ազդված էր ֆրանսիական լուսավորչականներից: Կինն էլ գերմանացի էր, որ իր հետ եկել էր Քանաքեռում ապրելու: Հասկանալով Եվրոպա ձևացող Ռուսաստանի և իսկական Եվրոպայի տարբերությունը` Աբովյանը ժամանակի հետ է´լ ավելի հակառուս դարձավ: Այդ մասին ակնարկում է Ակսել Բակունցը:

Հարկ է նշել, որ Աբովյանին տանել չէր կարողանում նաև Էջմիածնի կղերականության մեծ մասը: Հայաստանում` սկսած 16-17 դարերից մինչև այս օրն ու այս վայրկյանը երբևէ չի հանդուրժվել Արևմտյան տիպի կրթյալ, լուսավոր, քննադատ ոգով լցված բարեփոխիչը:

Իսկ Աբովյանը ոչ միայն կրթված հայ էր, այլև բարեփոխեց հայոց լեզուն և Հայաստանի ամենափայլուն ու ամենաուսյալ ուսուցիչն էր:

Աբովյանի անհայտ բացակայումը բազմաթիվ վարկածներ ունի:

Մայրս, որ վերջին մարդն է Աբովյանի ընտանիքից, որ ծնվել է Աբովյանի տանը, երկար շփվել է աբավյանագետ Պիոն Հակոբյանի հետ և իր կյանքի երկար տարիներ նվիրել է Աբովյանի թանգարանին ու դրա կայացմանը, համոզված է, որ Աբովյանին հենց ռուսներն են առևանգել և սպանել:

Հակառուսական ուժեղ և ընդգծված տրամադրություններ ունեցող բացառիկ ու լուսավոր լուսավորիչը, որ նաև սերունդ էր կրթում ու որն ահռելի հեղինակություն էր ձեռք բերել` չէր կարող հանդուրժվել ռուսական գաղութարարների կողմից: Եվ ռուսներն Աբովյանի հետ արեցին այն` ինչ իրենք լավագույնն են անում:

Սպանեցին:

Հետո հայերն արեցին այն` ինչ լավագույնս են անում. սկսեցին ռուսներին արդարացնել` մոգոնելով ու հրապարակ բերելով բազմափնթոր վարկածներ. գնաց ու փախավ, կորավ, մոլորվեց, թուրք դեռատի աղջկա էր սիրում և թուրք հայրը սպանեց, բարձրացավ Արարատ ու հետ չեկավ և այլ հիմարություններ:

Ուժերի ծաղկունքում գտնվող 39-ամյա և իր ընտանիքին խիստ կապված Աբովյանը, 175 տարի սրանից առաջ` ապրիլյան մի պարզ օր առավոտյան սովորականի պես դուրս եկավ տանից, որ գնա դպրոց` դասի (ներկայիս Հրապարակի Պիացցա Գրանդեի տարածքում) և տեղ չհասավ:

Նրան ճանապարհին առևանգեցին, սպանեցին և անհայտ մի վայրում թաղեցին ռուսները:

Ճիշտ այնպես` ինչպես 175 տարի անց առևանգեցին, սպանեցին ու թաղեցին Աբովյանի հայրենիքը: Այն հայրենիքը, որի համար ապրեց ու իր կյանքը տվեց մեծագույն հայ Խաչատուր Աբովյանը:

Անիծված լինի´ այն սհաթը, երբ ռսի պիղծ ու դավադիր սապոգը մտավ հայկական լուսավոր հող ու կործանեց այն:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page