top of page

Սադրանք կեսգիշերին

  • 14 мая 2020 г.
  • 2 мин. чтения

14.05.2020, ԵՐԵՎԱՆ

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես ինչ որ մեկը, ով հայերեն խոսում էր բավականին դժվարությամբ, հարցերով փաստացի գրոհում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին՝ Արցախի գործընթացի վերաբերյալ:

Ընդ որում, տեսանյութը, որ հարց տվողի իսկ տեսագրությունն է, ակնառու ցույց է տալիս, որ հարցերը հնչեցվում են ընդգծված ագրեսիվությամբ եւ անհարգալից տոնայնությամբ: Դրանից հնարավոր է եզրակացնել, որ հարցերի նպատակն ամենեւին բովանդակային պատասխան ստանալը չէր, այլ նախարարին զգայական դաշտ բերելը՝ դրանից բխող հնարավոր հետեւանքով:


Պետք է նկատել, որ գրոհողին դա հաջողվեց: Ի՞նչ է նշանակում արտաքին գործերի նախարարին բերել զգայական դաշտ, այն էլ տեսախցիկի առաջ: Դա նշանակում է ստեղծել իրավիճակ, երբ նա կարող է անել արտահայտություններ, որոնք խնդիր կդառնան նրա իսկ հետագա քաղաքական-դիվանագիտական աշխատանքի համար:


Ըստ այդմ առաջանում է հարց, թե ու՞մ կարող էր ձեռնտու լինել այդպիսի խնդիր առաջացնելը: Այստեղ շատերը կարող են գնալ դեպի նախկին իշխանության դաշտ, այդ դաշտի այս կամ այն խումբ: Սակայն, թերեւս ամեն ինչ այդքան էլ միարժեք չէ, թեեւ այդ դաշտի տարբեր խմբերի վարքագիծը միանգամայն հիմք տալիս է ենթադրելու, որ միջադեպը կարող էր լինել հենց այդ տրամաբանությամբ ծրագրված:

Բայց Հայաստանի արտգործնախարարին, ըստ այդմ՝ Հայաստանին այդպիսի իրավիճակի սադրելու նպատակ կարող էին ունենալ նաեւ բոլորովին այլ խմբեր, քան միայն նախկին իշխող համակարգը ներկայացնողներ: Ընդ որում, խմբեր ընդհուպ նաեւ Ռուսաստանից: Առավել եւս հաշվի առնելով այն, որ գրոհողը հղում էր անում Լավրովի հայտարարությանը եւ գործնականում բաց տեքստով հայտարարում, որ իր համար հենց նրա վերջին հայտնի հայտարարությունն է «հիմք», այսինքն, մարդը խոստովանում էր, որ «ճանաչում» է Լավրովին, ոչ թե Հայաստանի արտգործնախարարին:


Գործնականում, կեսգիշերին Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել գրոհ կամ սադրանք Հայաստանի դեմ: Գիտակցե՞լ է տվյալ մարդը, որ գործում է հենց այդ տրամաբանությամբ, թե՞ ոչ: Միարժեք ասելը բարդ է: Բայց, գնահատականն ու հետեւանքը նույնն է:


Ի վերջո, հաճախ նպատակները իրագործվում են, օգտագործելով մարդկանց, որոնք կարող են գնալ «անկեղծ քայլերի»: Հաճախ ամենից լավ ստացվում են հենց նրանց միջոցով իրականացվող ծրագրերը, քան բուն նպատակը գիտակցողների:

Ընդ որում, արժե նկատել, որ ձեռագիրը կամ «մեթոդը» բավականին նման է ամիսներ առաջ իտալական Միլանի հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ հայ համայնքի հետ հանդիպմանը տեղի ունեցածին: Այն ժամանակ իր հարցերով հայկական եկեղեցի էր մտել ադրբեջանցի իբրեւ թե բլոգեր, որը սակայն, ինչպես պարզվեց հետո՝ Ադրբեջանի իրավապահ համակարգի աշխատակից էր:

Ո՞վ էր Երեւանի կեսգիշերային «հետաքրքրասերը»:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագրի մեկնաբան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page