top of page

100 ձանձրալի փաստ

  • YO
  • 16 мая 2020 г.
  • 1 мин. чтения

16 մայիսի 2020, ԵՐԵՎԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 16-ի մամուլի ասուլիսը սկսվեց 100 փաստի հայտնի թվարկումով, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնում անում է կարծես թե արդեն երրորդ անգամ:


Առաջին անգամ ձեւաչափը հետաքրքիր էր, երբ գործնականում ներկայացվում էր վարչապետության առաջին շրջանի որոշակի հաշվետություն:


Երկրորդ անգամ հետաքրքրությունը նվազել էր զգալի, մի շարք պատճառներով: Երրորդ անգամ 100 փաստը դառնում է ոչ միայն անհետաքրքիր, այլ թերեւս ձանձրալի: Եվ դրա պատճառն այն է, որ այդ փաստերը ամենեւին այնպիսի նորություն չեն, որ առաջին անգամ հնչում են հենց ասուլիսի ընթացքում: Եվ ավելին, դրանք ամենեւին այնպիսի փաստեր չեն իրենց ուժգնությամբ կամ տպավորությամբ, որոնք հանրությունը կարող է հետաքրքրությամբ լսել պարբերաբար:


Եվ դա շատ բնական է, ու վարչապետ Փաշինյանից ամենեւին չի պահանջվում փաստերի ուժգին տեղատարափ, ավելի հնչեղ փաստեր եւ այլն: Վարչապետ Փաշինյանից պահանջվում է ընդամենն ավելի դինամիկ մամուլի ասուլիս, որտեղ ավելի շատ ժամանակ կտրամադրվի հարցերին պատասխանելուն: Որովհետեւ, որքան էլ հարցերը իրենց հերթին լինեն անհետաքրքիր եւ մանր, այդուհանդերձ ունկնդրության տեսանկյունից կլինեն առավել հետաքրքիր, քան հայտնի փաստերի հերթական երկար շարադրումը:


Իսկ փաստերը, որոնք շարադրում է վարչապետ Փաշինյանը, պետք է լինեն կառավարության, քաղաքական մեծամասնության գործունեության ընթացիկ տեղեկատվական օրակարգը, մատուցվելով հանրությանը 21-րդ դարին բնորոշ տեղեկատվական հարթակներից:


Այլապես ստացվում է, որ անձամբ շարադրելով դրանք, վարչապետ Փաշինյանը խոստովանում է այդ հարցում կառավարող մեծամասնության լայն տապալումը: Թեկուզ եւ այն իմաստով, որ այդ մեծամասնությունն անգամ ներկայացնելով 100 փաստերը պարբերաբար, չի հասել հանրային ունկնդրության այնպիսի համոզիչ աստիճանի, որ չլինի վարչապետի շարադրման կարիքը:


Այլ կերպ ասած, ասուլիսը ստացվում է առնվազն այդ հարցում մենության՝ 100 փաստի մենության խոստովանություն: Որովհետեւ, եթե որեւէ մեկին թվում է, թե դրանք բովանդակություն են հաղորդում ասուլիսին, ապա դա մոլորություն է: Դրանք ասուլիսին հաղորդում են ձանձրալիություն: Իսկ պետության ղեկավարի ասուլիսները պետք է լինեն հետաքրքիր, որովհետեւ դրանք ինքնին պետության ղեկավարի հետաքրքիր լինելու ցուցիչ են:


Այդ իմաստով, կա թերեւս իրավիճակն զգալու խնդիր:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page