top of page

17-ամյա Հայկի պատմությունը, ով իր թխած հացն Արցախում գյուղեգյուղ է հասցնում

18.07.2023



Շրջափակումը ոչ միայն փոխել ու խմբագրել է արցախցիների կենցաղը, այլև մեծացրել մարդկանց պատասխանատվությունը։ 17-ամյա Հայկը ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերին ու Մարտակերտ քաղաքին հաց է մատակարարում։ Այս մասին պատմում է Հանրային ռադիոյի թղթակից Աննա Հարությունյանը:


Հայկենց ընտանիքը հացի փուռ ունի, ինքն էլ, չնայած վառելիքի սղությանը, հացը փռից մարդկանց տներ ու խանութներ է հասցնում։


Պատանի արցախցին պատմում է՝ ամեն ինչ անում են, որ շաբաթվա համար նախատեսված ալյուրի պաշարը չպակասի։ Այն խնայողաբար են օգտագործում, հաշվարկում են, որ ավել հաց չթխեն ու ալյուրը «չփչացնեն»։



Մոխրաթաղցի 17-ամյա Հայկի օրը շատ վաղ է սկսվում։ Գյուղում միակ հացի փուռն իրենցն է։ Հիմա ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերի հացը իրենք են թխում։

«Հիմնական գործը սկսվում է ինձանից, խմորը ես եմ հունցում, մաման ու պապան խմորը մատնաքաշի տեսքով բացում են, ունենք նաև «պեչնիկ»։Առավոտ 8-ին արթնանում եմ, հացը տեղավորում եմ արկղերի մեջ ու շարժվում եմ»,-պատմում է արցախցի տղան։


Հայկի առաջին կանգառը Աղաբեկալանջ գյուղն է։ Այստեղ խանութ չկա, Հայկը հացը, կարելի է ասել, տնետուն է տանում։ Պատմում է՝ շրջափակումից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել, հիմա գիտի, որ պետք է ամեն ինչ անել, որ համագյուղացիներն ու հարևան գյուղի բնակիչները, առանց այն էլ բարդ պայմաններում, առանց հաց չմնան։


«Ազատ ժամանակ համարյա չեմ ունենում, ամեն ինչ անում եմ, որ տնեցիներին օգնեմ։ Առավոտ արթնանում եմ հացը բաժանում, երեկոյան էլ թխում ենք»։


Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մեծ Շեն, Աղաբեկալանջ գյուղեր ու Մարտակերտի մի քանի խանութ․ Հայկենց փուռը օրական շուրջ 500-600 հաց է թխում։ Շրջափակումից հետո հացի պահանջարկը մեծացել է։ Արցախցի տղան պատմում է՝ ալյուրի խնդիրը հիմա ավելի բարդ է, նախկինում տանը թխողներն էլ են արդեն ստիպված հաց գնում։ Չնայած պահանջարկին, Սայիյանների ընտանիքը որոշել է՝ հացը ոչ մի դեպքում չեն թանկացնելու։


«Շաբաթվա համար 20 պարկ ալյուր ստանում ենք ու ամեն ինչ անում ենք, որ մի շաբաթվա համար հերիքի։ Բաշխում ենք 20 պարկը 7 օրվա մեջ, որ ոչ մեկ հանկարծ առանց հաց չմնա»,- ասում է Հայկը։


Ամենամեծ խնդիրը հիմա վառելիքն է՝ պատմում է Հայկը։ Գյուղացիները չեն կարողանւոմ Մարտակերտ գնալ ու կիսադատարկ խանութներում հաց կամ մթերք փնտրել։ Այդ պատճառով էլ հաց մատակարարելու ամբողջ բեռն ինքն իր ուսերին է վերցրել, չնայած իրենց ընտանիքն էլ է դժվարությամբ վառելիք գտնում։


«Վառելիքի խնդիրն է շատ սուր, զոռով ենք վառելիք գտնում, գրեթե չի ճարվում։ Պատասխանատվությունն այն է, որ պետք ա շուտ արթնանաս մարդկանց չսպասացնես, մեքենային նայես, որ հանկարծ չփչանա ու հացը բոլորին հասնի ու տեխնիկական պատճառներով մարդիկ առանց հաց չմնան»։


Շրջափակման հետ փռում նաև աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել․ թխում են այնքան, որ ամբողջությամբ սպառվի, ոչ մի հատ ավել։ Հայկը հպարտությամբ է պատմում՝ չնայած ալյուրը քիչ է, բայց դեռ չի եղել մի օր, որ հաց չունենան։


Հացի մեքենան բոլորը հեռվից ճանաչում են։ Ասում է՝ մարդիկ ուրախանում են, որ տեսնում են իրեն, հաճախ նաև մեղադրում են ուշանալու համար, ինքն էլ փորձում է բոլորի դրության մեջ մտնել։


«Այսքան ժամանակ մի բան է փոխվել․ հիմա մարդկանց երեկոյան խնդրում ենք, որ ասեն՝ ում ինչքան հաց է պետք, որ քանակով թխենք ու ալյուրը չփչացնենք, որ հացը ավել չլինի ու չմնա։ Պետք է խնայենք»։


17-ամյա տղան ապագայի շատ պլաններ ունի, բայց մի բան հաստատ է՝ հացթուխի գործը չի թողնելու։ 12-րդ դասարանում է սովորում, կավարտի, կզորակոչվի, իսկ ծառայությունից հետո նաև մեքենաների վերանորոգմամբ է զբաղվելու։


«Ես դեռ մեծ հույս ունեմ, որ լավ կլինի ու հենց այդ հույսով ապրում եմ, միայն այդ հույսը մեզ դրական ելքի կբերի։ Եթե պետք լինի, պետք է կռվենք, ես էլ կգնամ ու կկռվեմ, միայն թե իմանամ, որ երկրի վիճակը դեպի լավը կփոխվի»,-պատմում է Մոխրաթաղցի տղան։


Շրջափակումը նաև գյուղական կյանքն է խմբագրել։ Եթե նախկինում գյուղացիները միրգ-բանջարեղեն խանութներից էին գնում, հիմա արդեն տնամերձ հողամասերում կարտոֆիլ, լոբի ու պոմիդոր են ցանել, որ գոնե այդպես մեղմեն շրջափակման հետևանքները։ Հայկն ասում է՝ իրենք արդեն մեծ են, հասկանում են ու փորձում են հաղթահարել դժվարությունները։ Իսկ ամենադժվարը ամիսներով քաղցրավենիք ու միրգ չտեսած երեխաներին հացով խաբելն է։


Լուսանկարը` Աստղիկ Քեշիշյանի

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page