09.05.2020, ԵՐԵՎԱՆ
Համերաշխություն. այս բառն ես շատ անգամ եմ լսել։ Շատ անգամ եմ լսում և հիմա։ Երևի այն պատճառով, որ այս խոսքի իմաստը շատ մեծ է իր նշանակությամբ։ Եվ իսկապես սրա իմաստը հասկացող մարդը կյանքի իմաստը շատ լավ գիտի։
Ահա ես ունեմ մի մեծ կասկած, որ ուրիշ ազգերի լեզուներում մենք կկարողանանք գտնել մեկ բառով արտահայտվող սրա իմաստը։ մեր ժողովուրդն է հորինել այս բառը։ Երևի, որովհետև այլ կերպ չէր կարող ապրել։
Ապրելու համար պետք են հաղթանակներ։ Առանձնապես, երբ պետք է դարերով գոյատևել։ Իսկ ինչպե՞ս հաղթել։ Հաղթելու համար քիչ է լինել միասին ընդդեմ թշնամու։ Դրա համար պետք է լինել և համերաշխ։ Այո, դուք հազար անգամ ճիշտ եք։ Համերաշխությունն անպայման մեզ կբերի հաղթանակ։ Եվ ահա ակամա ես սկսում եմ հիշել Հայրենական մեծ պատերազմը։ Բայց չկարծեք, որ ես եղել եմ ու ապրել այդ պատերազմի ժամանակ։ ՈՒղղակի այդ մասին շատ բան գիտենք, լսել ենք մեր պապերից, հայրերից և առհասարակ շատ բան լսում ենք և տեսնում մեր ժամանակներում էլ։
Բայց ինչքան ծանր էր կյանքն այն ժամանակ։ Երևի նրանից, որ կյանք էլ չէր, այլ մահվան հետ խառնված մի խառնաշփոթ ապրուստ։ Մահ, որ կարող էր գալ ամեն վայրկյան։ Եվ ոչ միայն քեզ համար, այլ քո հարազատների, քո մտերիմների, կնոջդ,երեխաների, ծնողների, մոտիկ և հեռու հայրենակիցների և ընկերներիդ համար։ Շատ ծանր է հարազատների կորուստը։ Եվ ժողովուրդն ապրում էր կիսասոված, դժվար, տառապանքներով լի մի կյանքով։ Բայց կյանքն իհարկե դժվար էր, լցված էր նաև տխրությամբ, տագնապով ու վախով։ Բայց ինչ համերաշխություն կար մեր մեջ։ Չմտածեք, որ ես պատմում եմ միայն հայ ժողովրդի մասին։ Այսինքն, ոչ միայն նրա մասին։ Մի հոյակապ, հզոր երկիր կար այն ժամանակ և այդ երկիրը Հայաստանի նման եղբայրական ազգերից էր կազմված։
Ինչի՞ց էր, որ եկավ Հաղթանակի օրը։ Արդյոք հենց այդ համերաշխությունից չէ՞ր բոլորիս միջև։ Եվ արդյոք այդ համերաշխությունից չէ՞ որ այս օրը մեր հերոս հայ մարտիկներն ազատագրեցին Շուշին։
Եվ հիմա, այս տոնական սքանչելի օրով մենք նորից համերաշխության ենք կոչում։ Համերաշխություն, բայց ո՞ւմ հետ։ Համերաշխություն այն մարդկանց հետ, ովքեր տարիներով թալանեցին, կամ նրանց հետ, ովքեր եկան նրանց փոխարեն, որպեսզի բերեն ազատություն և արդարություն։ Եվ նրանց հետ, ովքեր համաձայն չէին և՛ նախկինների, և՛ նոր եկածների հետ։ ՈՒ չե՞ք կարծում, որ դժվար կլինի համերաշխ լինել նրանց հետ, բանականության աբսուրդ է համերաշխ լինել գող-ավազակների, նրանց հետ, ովքեր, գալով իշխանության գլուխ, չկարողացան բերել այն միակ բանը, որ կարևոր է ու անկասկած գլխավորն է՝ արդարությունը։ Կարևոր է, որովհետև միայն արդարությունը կարող էր մարդկանց միացնել, կարող էր ամեն տեսակ մարդկանց, որ հայ են, դարձնել համերաշխ իրար հանդեպ, լցնել հայկական հողը մեզ համար այդքան անհրաժեշտ համերաշխությամբ։ Երևի, միայն այս արդարության զգացումն է, որ ամեն տեսակ մարդու կյանքի պես անհրաժեշտ է և ամենքին պետք է։ Ամենքն ունեն նրա կարիքը, որովհետև ոչ ոք չի ուզում, որ իր հանդեպ լինեն անարդար։
Իզուր չեն ասում, որ ճշմարտությունը մեծ ուժ է, քանզի այն հենց իսկ ծնվում է արդարությունից։ Գողերն ու ավազակները, հայրենասերն ու թշնամին, ուզողն ու չուզողը, ազնիվ ու բաց մարդը, կամ տգետն ու խելոքը՝ բոլորն էլ արդարության ու ճշմարտության առաջ խոնարհվում են։
Ուրեմն ի՞նչ է օդի պես պետք մեզ։ Արդարությո՛ւն։ Շատ տխուր է և տագնապալի, երբ հիշում ենք, թե ինչ տեսանք և լսեցինք մեր Ազգային ժողովում երեկ։ Մարդկանց, որոնք հայտնվել են Ազգային ժողովում, ում ժողովուրդը միայն ժամանակավոր վստահության մանդատ էր տվել՝ մտածելով, որ նրանք են ազգի ընտրանին, հանկարծ սկսեցին հայհոյել և ավելին՝ ծեծել իրար։ Բացի այն բանից, որ նրանք, իհարկե, «պարկեշտության» մի այլանդակ օրինակ ցույց տվեցին, բացի այդ բոլորը միահամուռ գտնվեցին սուտ ու անարդար։ Մի՞թե չեք կարծում, որ համընդհանուր սուտն ու անարդարությունը, անելանելիությունը, որ երկար ժամանակ մարդկանց հոգիներում ու մտքերում է, երկարատև ձգվող այս համաճարակը, կարծես թե, անխուսափելի են դարձնում տնտեսական ճգնաժամը և դրա հետևանքով վրա եկող ախքատությունը։ Ինչպես նաև երկու տարի ձգվող անգործությունը, որ մարդկանց մեջ նյարդերի լարվածություն է առաջացնում, և որ ամենակարևորն է, բոլորը միասին մարդկանց սրտերում ծնել են անարդարության զգացում։ Անարդարություն, որ գող-ավազակները չպատժվեցին, անարդարություն, որ գողացվածը հետ չեկավ, անարդարություն, որ հիմա էլ փորձում են քողարկել անգործությունն ու սուտը տարբեր տեսակի ու գույների վարագույրներով։
Եվ դրանից հետո վարչապետի, սպառնալիքներով լի խոսքերը, որոնք իսկապես մի կաթիլ արդարություն իրենց մեջ չէին պարունակում։ Եվ այդ բոլորը համերաշխության կոչերի փոխարեն։
Հասկանալ է պետք, որ մինչև այն պահը, երբ մենք կկարողանանք վերականգնել արդարությունը և հետո ապրել դրանով, կլինեն ապարդյուն մեր համերաշխության սպասելիքները։ Եվ ուրեմն չեն լինի որևէ հաղթանակներ։
Comments