top of page

«Մարդիկ խելագարվել են»

📷

Այսպես է արձագանքել զուգարանի թղթի խոշոր պահանջարկին թղթի արտադրության ձեռնարկություններից մեկի ղեկավարը: Համաշխարհային մամուլում ու ցանցերում շատ է քննարկվում այս հարցը, եւ շատերն են հարցնում, թե ինչով է դա պայմանավորված: Կա տեսակետ, որ մարդիկ պատրաստվում են երկարատեւ «պաշարման», կուտակելով հիգիենիկ պարագաներ՝ ապահովության ու անվտանգության համար, նաեւ տեսակետներ կան, որ դրանցից մեկանգամյա օգտագործման դիմակներ են պատրաստում:

Ըստ պատմական տեղեկությունների, թուղթը հիգիենիկ նպատակներով սկսել են օգտագործել Չինաստանում դեռ 6-րդ դարում: 1391 թ. կայսեր պալատին տարեկան մատակարարվում էր 720 հազար 61×91 սմ չափերի թուղթ, ինչպես նաեւ 15 հազար ավելի մեծ չափերի, հաստ, փափուկ ու հոտավետ թուղթ:

📷

Արեւմուտքում զուգարանի թղթի արտադրությունը սկսել է ամերիկացի բիզնեսմեն Ջոզեֆ Հայեթին: Իսկ ռուլոնով թղթի արտադրությունն առաջին անգամ գործարկվել է 1890 թ. ԱՄՆ-ում, Արթուր Սքոթի ֆաբրիկայում:

1943թ. Լոնդոնում սկսել է արտադրվել առաջին երկշերտ զուգարանի թուղթը, որն ավելի փափուկ ու դիմացկուն էր:

Խորհրդային Միությունում զուգարանի թուղթը մյուս ապրանքների պես դեֆիցիտ էր: Դրա արտադրությունը սկսվել է, տարբեր տեղեկություններով, 1960-ականների վերջին: Մինչ այդ թուղթը ներմուծվում էր եւ բաժանվում հիմնականում քաղաքական էլիտաների ներկայացուցիչներին եւ հասանելի չէր բնակչությանը, որն օգտագործում էր թերթեր ու ամսագրեր, այլ պարագաներ:

📷

Սովետական թերթերը լի էին զուգարանի թղթի կապոցներով երջանիկ դեմքերով քաղաքացիների նկարներով: Թերթերում հրապարակվում էին թղթի օգտագործման կանոններ ու հրահանգներ:

📷

Հիգիենան քաղաքակրթության մակարդակի ցուցիչ է, ինչպես նաեւ համաճարակների դեմ պայքարի գործուն միջոց: Ճիշտ է, դա չի խանգարել, որ Չինաստանը դառնա մի շարք վարակների ու համաճարակների աղբյուր ու զոհ, իսկ Եվրոպան մի քանի անգամ պարզապես զրկվել է իր բնակչության զգալի մասից տարբեր համաճարակների հետեւանքով:

Եվրոպայում Աթենքի ու Հռոմի լուսավոր ժամանակներից հետո երկար ժամանակ հիգիենան պարզապես ամենացածր աստիճանների վրա էր: Ֆրանսիայի արքունիքում, օրինակ, զուգարաններ ու լողարաններ չկային, եւ այդ հանգամանքը «փոխհատուցելու» համար առատորեն օգտագործում էին օծանելիք: Իսկ Լյուդովիկոսներից մեկի օրոք ընդունելությունների ժամանակ զվարճալիքներից մեկն այն էր, թե քանի հոգի չի դիմանա եւ բնական պետքերը չի հոգա կանգնած:

Շատ պատմաբաններ խաչակիրների պարտությունները Մերձավոր Արեւելքում բացատրում էին հենց տարրական հիգիենայով: Բանն այն էր, որ ասպետների հանդերձանքը ծանր էր ու բարդ, եւ հնարավոր չէր միայնակ հանել կամ հագնել այն: Ասպետները բնական կարիքները հոգում էին հընթացս, եւ հակառակորդների հետախուզությունը նրանց խմբերին հայտնաբերում էր պարզապես հոտով:

Այս ֆոնին, զուգարանի թղթի պաշարներ կուտակելը դառնում է հասկանալի ու բնական արձագանք նոր մարտահրավերներին, ոչ վաղ անցյալի իրողությունների հիշողությամբ:


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page