📷
«Մենք պիտի իրար ափսոսենք
Ու սիրե՜նք»:
Վերջալույս Միրիջանյան. Անուն, որի ծնվելով պետք է գունավորվեին հայ կինոյի և թատրոնի պատմության էջերը: Դերասանուհի, առանց որի բոլոր ժամանակների ամենաֆիլմերից մի քանիսը գուցե և այդքան ստացված չլինեին:
1916 թ-ի դեկտեմբերի 22-ին Իգդիրում՝ գաղթի ճանապարհին, մի աղջիկ ծնվեց, որի անունը վանեցի մայրը՝ Մաքրուհին, Վերջալույս դրեց:
Վերջալույս, որ Վանի սիրուն-սիրուն մայրամուտները երբեք չմոռացվեն…
Սպանվեց նրա եղբայրը, գերի վերցրին Վերջալույսի քրոջը, իսկ նա… Իսկ նա պետք է ապրեր ու ՆՎԻՐԵ՜Ր… Նվիրեր մնայունը…
📷
Վերջալույսն ու թատրոնը՜
Չնայած այն փաստին, որ դերասանուհու հարազատները դեմ էին իր դերասանական կարիերային, Վերջնալույսը գիտեր՝ թատրոնում ու կինոյում անելիքներ ունի: Դերասանուհի դառնալու երազանքները Վերջնալույսին հանգիտ չէին տալիս, մայրը միակն էր, որ ոգեշնչում էր, բայց թվում էր՝ ոչինչ չի ստացվելու:
📷
Մինչև որ…
Հայտնվեցին այն երկուսը, որոնք պետք է շրջադարձեին Վերջալույսի ողջ կյանքը: Ռեժիսոր-դերասան Արմեն Գուլակյանը դերասան Գևորգ Ասլանյանին հանձնարարում է պարապել Վերջալույսի հետ:
📷
Պարապելուց մինչև սիրահարվել կես քայլ էր…
Պարապեցին, պարապեցին ու մի օր այնքա՜ն ուժեղ սիրահարվեցին, որ Վերջալույսը դարձավ Գևորգի կինն ու սիրելի՜ն մինչև ամենավերջին օրերը: Դերասան ամուսին ունենալով Վերջալույսն ամուր ու չկտրվող թելերով կապվեց թատրոնին: Իր այդքա՜ն սիրելի ԹԱՏՐՈՆԻ՜Ն:
1933թ.-ից դերասանուհին աշխատեց Սունդուկյանի անվան թատրոնում և միաժամանակ սովորեց թատրոնին կից ստուդիայում, որն ավարտեց է 1936թ.-ին: 1937-47թթ.. դերասանուհին աշխատել է Ալավերդու թատրոնում, որից հետո կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն ու ստեղծագործե՜լ, շա՜տ, լի՜քը…
«Ալավերդու թատրոնում ինձ բախտ վիճակվեց խաղալ առաջնակարգ դերեր, կարճ ժամանակում հաջողվեց հանդիսատեսի սերն ու համակրանքը վայելել»,– հիշել է դերասանուհին:
📷
Վերջալույսն ու կինո՜ն…
«Ինչ օր կուզես ըսել, Նիկո՛լ,
Մեանգամից ըսա:
Վարազդա՞տս է… Եղի՞շս է… Կորյո՞ւնս է…
Կորյունս է…»:
Թատրոնից կինո տանող ճանապարհն այդքան էլ երկար չէր: Կինո, որտեղ հայտնվելով դերասանուհին կարողացավ հայ կնոջ և մոր այնպիսի դերեր կերտել, որ եթե անգամ էլ երբեք չխաղար, միևնույն է, միշտ կհիշվեր:
Ամենաֆիլմերից են` «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Կրկին եկավ ամառը» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.) և այլն:
📷
Չմոռացվող Հայաստան մայրիկը…
Ու կան տողեր, ու կան հնչյուններ, ու կա հուզմունք, որոնք տեսնել, լսել ու զգալուց հետո երբեք չես կարողանա մոռանալ: Նման մի բան է Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում հնչող «Արշալույս էր, նոր էր բացվել» կատարումը, որը հնչում է ֆիլմի կերպար Հայաստան մայրիկի շուրթերից: Հենց այս դերը դարձավ դերասանուհու ֆիլմային կյանքի ամենահզորն ու ամենատպավորիչը:
«Չի կարելի ընկերներ,
Բոլորդ սովորեցնում եք…
Ոչ ոք չի սիրում սովորել:
Այն ինչ բոլոր նրանք, ովքեր սովորեցնել են սիրում,
Սովորելու մեծ պահանջ ունեն»…
[հատված «Վերջալույս» վավերագրական ֆիլմից]
1992թ.-ի ձմռանը կյանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռանում են բոլորը… Իսկ նրանցից շատերը գնում են հավերժականը թողնելուց հետո միայն…
Կիմի Գալստյան
Comments