Միշտ կենդանի Երվանդ Մանարյան. մեծ հայի ճակատագիրը




1. Նախաբան


Ավելի ժողովրդական մարդ դժվար է պատկերացնել: Ժողովուրդը նրան «Ալա մեզոն» է կոչումՙ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, բայց քանի՞սը գիտեն նրա կյանքի դրվագները, որոնց մեջ շատ սիրտ ու հոգի, սխրանք կա: Առաջինը նրա դարձն է Հայրենիք: Նրա հետ Իրանից էին եւս տասը, որի համար նրանց կոչեցինք «Առաջին ծիծեռնակներ» [1]: 1946 թ. մայիսի 12-ին նրանք շտապում էին, որ ընդունվեն ուսումնական հաստատություններ: Տարիներ անց, երբ նրանք ճանաչված մարդիկ էին, ու երբ մեր բարեկամ Իրանի Շահ Ռեզա Փեհլեվին ժամանել էրՙ Մատենադարանում աշխատող Բաբկեն Չուգասզյանն անմիջապես կանչում էր ընկերներինՙ մեկնաբանություններ տալու: Այստեղ գրող Աբիգ Ավագյանի, պատմաբան Համլետ Եգանյանի հետ լինում էր եւ Երվանդ Մանարյանը: Դասական պարսկերենով, հրաշալի հնչերանգով նրանք զարմացրել էին Շահին:


- Ներեցեք, որտե՞ղ եք սովորել պարսկերեն, որ նման բարձրակարգ մեկնաբանություններ եք անում,- հարցրեց Շահը:


- Մենք ծնվել ու կրթություն ենք ստացել Իրանում եւ 1946 թվականին Ձեր թույլտվությամբ հայրենադարձվել ենք,- ասաց Երվանդ Մանարյանը:


- Ախ, ուրեմն ես ինքս եմ այսպես աղքատացրել իմ երկիրը,- ասում է Շահը ձեռքը թեթեւ ճակատին հարվածելով...


Այդ 11 «ծիծեռնակները» բարձունքներ նվաճեցին գիտության, գրականության եւ արվեստի բնագավառում... Ցավոք, այսօր նրանցից մեզ հետ է միայն հրաշալի Երվանդ Մանարյանը: Քայլենք նրա անցած ճանապարհով...


2. Ուսանողը, արտիստը, աղը


1946-ի ամառն է: Թեեւ տարուց ավելի էՙ հաղթել ենք Հայրենական կոչված պատերազմում, բայց առօրյայում ոչինչ չի փոխվել. ամեն ինչ գրքույկով է, խանութները դատարկ են, իսկ հագուկա՞պը... շատ տխուր: Նույնիսկ թատերական նորաստեղծ ինստիտուտում (հիմնված 44-ին) բացի մի երկուսից, աղջիկները հագնում են քանիցս շուռ տված, ձեւափոխած հագուստը, տղաներըՙ ավագ եղբոր, կամ հորՙ ռազմաճակատից բերած հնամաշ շինելը. ոմանք մերկ մարմնին, բայց սեպտեմբերի 1-ին թատերական ինստիտուտի երրորդ հարկի (ուր լսարաններն են) միակ միջանցքը ասես ծաղկուն մարգագետին լինի: Սփյուռքից եկած մի քանի տասնյակ ուսանողները փոխել են պատկերը: Կարծես ամերիկյան ֆիլմում ենք հայտնվել: Աղջիկներըՙ պես-պես գույներով, ծաղկազարդ շորերով, տղաներըՙ հրաշալի կոստյումով, փողկապով, ցիլինդրով ու մակենտոշով... Եվս մի քանի օր, եւ անհատականությունները երեւում են: Հենց զանգը հնչում էՙ Շամիրխանյանի ռեժիսորականից դուրս է գալիս բարձրահասակ, ակնոցով, նուրբ, մտավորականի դեմքով մի երիտասարդ եւ մոտենում պատուհանին, իսկ ակնթարթներ անց նրա շուրջը հսկայական զանգված է գոյանումՙ ծիծաղ ու քրքիջ սփռելով շուրջը: Խոսքաշատ ու դյուրահաղորդ տղան զվարճալի դեպքեր է պատմում ամերիկյան կինոներից, իրանահայ կյանքից, եւ այնքան հյութեղ, վարակիչ հումորով, որ անհնար է անհաղորդ մնալ: Իսկույն տարածվում է նրա անունըՙ Երվանդ Մանարյան, իրանահայ: Իսկ երբ տեղի ունեցավ ուսանողների մասնակցությամբ առաջին երեկոն, պարզվեց, որ իրանահայերը անբավ հարստություն են բերել իրենց հետ: Այդ հարստության ամենաազդեցիկ մասը կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանի երգերն էին, որոնց արտասովոր կատարումը միանգամից գերեց ուսանողությանը: Մյուս իրանահայ հայտնությունը Զարե Տեր-Կարապետյանն էր, որ եղել էր Գալանտերյանի երգչախմբում եւ աշակերտը: Շուտով, երբ սկսվեցին դերասանական հատվածների փորձերըՙ ոչ միայն դերասանական, այլեւ գրական շնորհով ճանաչվեցին մյուս երկուսըՙ Իշխան Ղարիբյանը եւ Հայկ Վարդանյանը: Ուսման ծրագրի համաձայն ուսանողները խաղում են միմյանց բեմադրական հատվածներում: Երվանդի ոչ մեծ դերերը, ցավոք, նույնիսկ սովետական «օրապակաս» դրամատուրգիայի հատվածներում, ասելի են դառնում, քանզի օժտված են լինում հումորով, խոսքի գունեղ հնչերանգով, վարակիչ անմիջականությամբ: Զուր չէր, որ ժամանակի մեծ արտիստըՙ Վաղարշյանը իր դերասանականում տղաների պակաս ունենալով, հաճախ էր Մանարյանին մասնակից դարձնում իր հատվածներում: Այսպես անմիջապես տարածվեց Երվանդի արտիստական համբավը, թեեւ դա նրան այնքան էլ չէր ոգեւորում. նա եկել էր ռեժիսոր դառնալու: Պարզապես թատրոնի սերն այնքան էր, որ կլանում էր նրա բոլոր հետաքրքրությունները: Նույնիսկ իբրեւ հանդիսատես էլ նա եզակի էր. այնպես էր տարվում ներկայացումով, որ աշխարհը մոռանում էր: Պատմում էին, որ նա Հայկին ու Իշխանին մի հին կատակերգության մեջ այնքան էր հավանել, որ ծիծաղից ընկել է աթոռից...


1951 թ. գարունը նոր հայտնություն բերեց. Երվանդը հանդես եկավ ավարտական «Պրոֆեսոր Պոլեժաեւ» բեմադրության մեջՙ իր երեք տարիքն ունեցող գիտնական ծերուկիՙ հերոսական-դրամատիկ դերով, մի դեր, որ Լենինգրադում մեծ հռչակ էր բերել եզակի արտիստ Նիկոլայ Չերկասովին, իսկ Հայաստանումՙ Վաղարշ Վաղարշյանին: Պատկերացրեք, որ գովեստի լավագույն խոսքերը նա Վաղարշյանից լսեց. ավելինՙ նա ակնարկեց մայր թատրոն գնալու մասին... Եվս մի քանի ամիս եւ մի պատկառելի խումբ մեկնեց Ստեփանավանՙ դիտելու Մանարյանի դիպլոմային բեմադրությունըՙ Մոլիերի «Տարտյուֆը»: Ֆրանսիական դասականըՙ հայկական շրջանային թատրոնում դարձել էր գունեղ կերպարներով, մերկացնող կոմիզմով եւ ոճական հարազատությամբ ներկայացում: Երվանդին իսկույն իր թատրոնը տարավ Վարդան Աճեմյանը (նա այդ ժամանակ գլխռեժ էր երաժշտ. կոմեդիայի թատրոնի): Քիչ անց նրան Մայր թատրոն հրավիրեց եւ Արմեն Գուլակյանը: Երկուսում էլ ասիստենտ էր. չդիմացավ. ինքն էր ուզում արտահայտվել, սպասումը ծանր է: Եվ նետվեց, ուր ինքնուրույն գործելու հնարավորություն կար: Ռադիոն նրան ընդգրկեց հաղորդավարի եւ երգիծանքի ու հումորի գծով: Տարերքի մեջ էր: Ամեն առավոտ նրա հումորն էր սկսում լուսաբացը: Շուտով նրան կլանեց եւ նորածին հեռատեսիլը, որտեղ ոչ մի տոնական երեկո առանց նրա չէր լինում: Երբեմն մի դրվագով էր: Եթե մտնում էրՙ ասես համուհոտ էր պարգեւում ամեն ինչին: Նա դարձավ մեր հավաքների ու հանդեսների ԱՂԸ եւ մնաց այդպիսին մինչեւ այսօր: Բոլորը ջանում էին նրան ներմուծել իրենց հաղորդմանը:


3. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»


Ծնողներըՙ Մանար ամուսինները, Պարսկաստանում հայտնի դերասաններ էին եւ երկու զավակներըՙ Երվանդն ու Արմանը ակամա մեծանում էին փորձերի ու ներկայացումների մթնոլորտում: Զարմանահրաշ հիշողություն ունեցող Երվանդը դարձավ թատերախմբի հուշարարը: Պատմական ցնցող հիշողություն մնաց խմբի եւ 9-ամյա պատանու համար, երբ Իրանի Շահի հրավերով այստեղ ժամանեց ժամանակի ամենահռչակավոր արտիստըՙ Վահրամ Փափազյանը եւ հարազատ իր տարերքինՙ խումբ հավաքեց «Օթելլո» խաղալու համար: Ներկայացմանը մասնակցում էին Երվանդի հայրըՙ Կասիո եւ մայրըՙ Պալատական տիկին: Որքան էլ զարմանալի է, այդ ներկայացումների հուշարարն էր Երվանդը...


4. Որքան լեզու գիտեսՙ այնքան մարդ ես


Մեր ժողովուրդը ճանաչվել է ոչ միայն տարբեր արհեստներով, որի համար ամենուր գնահատվել է, այլեւ լեզվի իմացությամբ: Ժամանակին Փափազյանը կարող էր խոսել բոլոր լեզուներով, իսկ դրանցից ութին տիրապետում էր փայլուն: Երվանդը պարսկերենից ու մայրենիից զատ, գիտեր անգլերեն եւ ֆրանսերեն, հայրենիք գալու առիթով սկսեց սովորել եւ ռուսերեն, իսկ Վիեննա զինծառայության մեկնելովՙ սովորեց նաեւ գերմաներեն. ուրեմն նա գիտեր վեց լեզու. հետեւապես նա վեց մարդ էր...


5. Թատրոն զինծառայության մեջ


Ինստիտուտն ավարտելուց հետո Երվանդին լեզուներ գիտենալու համար ուղարկեցին Վիեննա. սովետի խեղճ ուսանողներիս համարՙ Շտրաուսի շքեղ հայրենիքը... Այստեղ աշխարհի տարբեր ծագերից երիտասարդներ էին գալիսՙ մասնագիտանալու: Երվանդն իսկույն գտավ Թուրքիայից եկած մի դաշնակահարիՙ Արման Վարդանյանին, եւ մտերմացան: Երվանդի միտքը տենդագին գործում էր. անպայման պետք է թատրոն ստեղծել: Առաջին համախոհը Արմանն էր: Հարցուփորձով գտան եւ մի հայուհու (Օլիտա Կոչյան), ով եկավՙ իր հետ աղջիկներ բերեց... Հայ համայնքից գտնվեցին ուրիշ թատերասերներ, եւ խումբը պատրաստ էր: Առաջինը «Ատամնաբույժն արեւելյանը» երաժշտությամբ, երգերով, պարերով մի գրավիչ ներկայացում դարձավ, ուր տարերքի մեջ էին Թափառնիկոս- Երվանդը եւ Նիկո-Արման Վարդանյանը: Թատերասրահներ չկային. խաղացին ռեստորաններում ու մեծ ճաշարաններում: Հաջողությունն այնքան մեծ էր, որ հայերը իրենց հետ բերում էին եւ օտարներին... Ոգեւորությունն իր շարունակությունը բերեց: Այս անգամ դարձյալ Պարոնյան. «Պաղտասար աղբար», ուր հերոսին հրաշալի խաղաց Երվանդը, իսկ Քիբարինՙ Արմանը, Անույշինՙ Օլիտան: Եվ տարածվեց հայ թատերախմբի ու տաղանդավոր արտիստ Երվանդի համբավը... Իրենց եւ ամենքին հաճո բան էր արվել: Բայց եկավ տունդարձի ժամանակը, եւ իրար գտած Երվանդն ու Արմանը հրաժեշտ տվին: Նրանցից առաջինին սպասում էին հայրենի բեմերը, իսկ երկրորդինՙ թուրքական բանտը: Եվրոպայում ազատ շունչ քաշելու համար հայորդին պատասխան պիտի տար:


6. Հանդիպում կես դար անց


Երեւան ոտք դրեց, ու թափվեցին ծրագրերը, առաջարկները: Ռադիո, հեռուստատեսություն, կինոյի բնագավառն ընտրած եղբոր հետ թեմատիկ, մեկը մեկից գրավիչ հղացումներ: Գտավ իր ճաշակի, երազների համախոհ ընկերուհունՙ Մերիին, ամուսնացավ: Մեկ Գորիսում էր, մեկՙ Երեւանում, եւ այն բոլոր օջախները, ուր ոտք էր դնումՙ ոգի ու ավյուն ստացան, անում էին գործեր, որոնք ոչ միայն անսպառ եռանդով լի Երվանդի, այլեւ այդ օջախների առօրյան ու պատմությունն էին հարստացնում: Կապն արտասահմանի հետ արգելված էր, սակայն Սփյուռքահայության կոմիտեի գծով գնացող-եկողների միջոցով այստեղ էին հասնում արտերկրի հայորդիների գրքերը: Գողտրիկ հրատարակություններով մենք Շաքե Վարսյանի միջոցով ստացանք Արման Վարդանյանի պիեսները. բոլորն էլ աբսուրդի դրամայի գեղագիտությամբ ստեղծված եւ խորունկ ազգային նկարագիր ու զգացումներ բերող գործեր: Մայր թատրոնում Վահե Շահվերդյանն սկսեց պատրաստել «Ախացելը», Էլբակյանն իր թատրոնումՙ «Կանկրուկը», իսկ Երվանդ Մանարյանն իր «Ագուլիս» թատրոնումՙ «Երնջակը»: Ճիշտ է, նրա թատրոնը տիկնիկային էր, բայց նա գտավ կերպը եւ գործը բացեց առանձնակի շուքով, ո՛չ տիկնիկների, այլ իսկական դերասանների միջոցով պատրաստում էր վաղեմի ընկերոջ այն պիեսը, որն ընծայագրված էր իրենՙ «Երնջակը»: Նրա հերոսը թատրոնի մարդ է, բեմադրիչ, որ ընտանեկան երջանկություն չունի: Անվերջանալի վեճեր, ռեժիսորի դժվարին ու վատ վարձատրվող աշխատանք, եւ մարդը, ըստ պիեսի, չորս ամիս առաջ «մեկնել» է այնտեղ, որտեղից ոչ ոք չի վերադառնում... Սակայն Վարդանյանի պիեսըՙ աբսուրդի թատրոնի տրամաբանությամբ, կարող է հանգուցյալներին ետ բերել... Եվ ահա կրկին ամուսիններն ենՙ շարունակվող վեճով եւ այնքան բուռն ու կրքոտ, որ... մոռանում ես հանգուցյալի պարագան: Մեղմ, կիսաձայն շշուկներ էլ կան. ուրիշ մեկը դեռ չկա՞ կնոջ կյանքում... Շատ մարդկային եւ շատ նուրբ: Բայց ռեժիսորը ետ է եկել իր չիրականացած երազը բեմադրելու. արդարության ու ճշմարտության աննկուն ասպետիՙ Դոն Կիխոտի մասին... գտնում է իր պես թատրոնի սիրահարներ եւ պատրաստում բեմադրությունը: Պիեսի վերջին հատվածները Լամանչեցի ասպետի սխրանքն ու վախճանն են, ուր արտասովոր դրամատիզմով ու հերոսական շնչով խաղում է ինքըՙ ռեժիսորը... Դժվար է այդօրինակ գերող ու վարակիչ տեսարան տեսնել բեմում, եւ տիկնիկայինի փոքրիկ բեմը դարձել է արտասովոր բեմական սխրանքի հանդեսՙ Մանարյանի հրաշալի խաղով: Իսկ ինչպե՛ս են համերաշխվում Մանարյանի երկար բոյն ու ասպետի հագուկա՜պը, փայլփլուն պատմուճանը... Հուզմունքից դիտողներս կարկամել ենք, իսկ ամենից շատ հեղինակըՙ Արման Վարդանյանը, որ վերջում փարվել էր Երվանդին, ու երկուսն էլ անկարող էին զսպել ուրախության ու բերկրանքի արցունքները... Ես դժվարանում եմ հիշել բեմական մեկ այլ ցնցող իրավիճակ. հանդիպում կես դար անց...


7. Մելպոնեմայի ուխտյալը


Մանարյանը կարող էր լինել արվեստի ու գրականության ճյուղերից ուզածում. նա կարճ ժամանակով եղել է թարգմանիչ, սցենարիստ, թատերագիր, մանկավարժ, վիպասան, մանկագիր, հումորիստ, եւ կարճ հպումներն անգամ պրոֆեսիոնալ որոնելի մակարդակ են ունեցել, սակայն ամենից շատ սիրել է ռեժիսուրան: Եվ այս մեկն էլ անխառն չի եղել: Ամենուր այն սերտակցված է եղել թատրոնի կազմակերպչի բացառիկ դրսեւորումներով: Զուր չէր, որ Մանարյանին շարունակ ուղարկում էին այնտեղ, ուր թատերական գործն ավերվել էր կամ տարտղնվել եւ պետք էր ավյուն ու ոգի ներարկել: Մի նվիրյալիՙ Պավլոս Բորոյանի (փառքուպատիվ նրան) շնորհիվ հազիվ պլպլացող տիկնիկային ներկայացումները երեւում էին դպրոցական բեմերումՙ ավելի շատ ժանրը հիշեցնելու, քան գեղագիտական առաքելություն ունենալու... 1961-ին Երվանդը նշանակվելով Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր, համախմբեց արտիստներին, նաեւ օժտված ռեժիսորներիՙ արդի տիկնիկային թատրոնի ձեռքբերումներն ու տեխնիկական կարելիությունները ցուցադրելու: Գործի հանդեպ լրջությունը փոխանցեց տերության այրերինՙ հիշեցնելով, թե Հայաստանի կազմավորման առաջին տարիներին ինչպես են Մյասնիկյանը, Չարենցը, Թոթովենցը պատգամելՙ երկրի քաղաքացու դաստիարակությունն սկսել մանկությունից... Եվ քաղաքի սրտումՙ Սայաթ-Նովա փողոցի վրա ստեղծված տարածքը դարձավ բարեշեն ու գրավիչ մի օջախ: Առաջին ներկայացումն էլ ինքն ստեղծեց ամեն ինչով. «Ի՞նչ խառնաշփոթ ստեղծեց կախարդուհին»: Դերասանական խոսքը, տիկնիկների բարետեսությունը եւ տեխնիկական հնարները մեկից ապացուցեցին, որ արվեստը ամենուր էՙ երբ հոգատար ու պրոֆեսիոնալ մոտեցում կա:


Մանարյանի ստեղծած խանդավառ մթնոլորտում աճեցին այս բնագավառին նվիրված ռեժիսորներՙ ինչպես Մանյա Ասլանյանը, Ռուբեն Մարուխյանը, հետո նաեւ Ռուբեն Բաբայանը: Տիկնիկային թատրոնի ներկայացումներըՙ «Ակամա երաժիշտները», «Գոնզան եւ ջութակը», «Անհաղթ աքլորը», փոքրիկների հետ սիրով էին դիտում եւ մեծերը: Սկսվել էր այս թատրոնի արտիստների կատարելագործման, պրոֆեսոինալ ձիրքերի հղկման գործընթաց: Այստեղ, ինչպես ասում են, թատրոնը «ոտքի դնելուց» հետո Երվանդին տարան ավերված մեկ ուրիշ օջախ «ոտքի դնելու»: Խոսքը Գորիսի թատրոնի մասին է, որը սովետի կառավարության քմայքով երկու անգամ լուծարվել էր, վերածվել ինքնագործունեության: Իսկ ի՜նչ նվիրյալ ու բազմամյա փորձով կոլեկտիվ ուներՙ երբ ողջ էր Վաղարշ Վաղարշյանը, ում անունով կոչվում էր թատրոնը: Երվանդն իրեն ուղղակի պարտավորված էր զգում մեծ արվեստագետի անունը կրող թատրոնի վատ վիճակի համար: 1962-ին նա այստեղ եկավ գլխավոր ռեժիսորի պարտականությամբ, հավաքեց, հետ բերեց խռովածներին, նեղացածներին եւ առաջին անգամ թատերախումբը համալրեց նաեւ թատերական ինստիտուտի նորավարտներով (Էմմա Պապայան, Հրաչյա Գարբուզյան) եւ ստեղծեց այնպիսի բարձրակարգ դերասանախումբ, որ ի զորու էր բարձրացնելու անցյալի ու ներկայի, օտար եւ հայրենական թատերգությունները: Բեմադրված գործերի լոկ թվարկումն արդեն պերճախոս է:


Առաջին իսկ տարում թատրոնը պատրաստեց «Ատամնաբույժն արեւելյան», «Հյուրանոցի տիրուհին», «Սպանված աղավնին», «Սիրում եմ, սիրում» պիեսներըՙ թատրոնի հիմնական կորիզիՙ Մ. Ղազարյանի, Ռ. Մուսայելյանի, Սիրանույշ Խորենյանի, Շ. Վարդանյանի եւ այլոց հետ: Եվ շատ էական բան. առաջին անգամ այս տարածաշրջանում ստեղծեց նաեւ տիկնիկային թատրոնՙ բեմադրելով իր ստեղծած «Մեղրաբլիթե տնակը», «Երբ հարեւանդ...» եւ այլ պիեսները: Վերստին շատ էական բան. ներկայացման հագուկապը, կարասին, տիկնիկները ինքն էր ստեղծումՙ կողքին ունենալով իր խոհերի ու ձգտումների մեծ բարեկամինՙ կնոջըՙ Մերիին, ով եւ ձեւում-կարում-հագցնում եւ ինչու չէՙ նաեւ խաղացնում էր տիկնիկներին: Հարկ եղած պարագայումՙ նաեւ թատերական ներկայացումներին էր մասնակցում: Վերստին մի շատ արժեքավոր առանձնահատկություն: Ինքնամոռաց աշխատակարգը խանդավառում էր արվեստակիցներին, որոնք մեծագույն սիրով մասնակցում էին եւ տիկնիկային ներկայացումներին: Այս պարագան դժվար էր գերագնահատել, քանզի այդ տարածաշրջանի գյուղերը գնալը ոչ միայն դժվար էրՙ անհամար զիգզագներով ու ոլորաններով, այլեւ կյանքի համար վտանգավոր: Թատրոնը մեքենա չուներ. մերձակա գյուղեր գնում էին ոտքով. ավանակին բարձելով կահկարասին, հագուստը: Հեռավոր գյուղերի համար գործկոմը մի բեռնատար էր տալիս, որին բեռնում էին դեկորներն ու մնացյալը, դերասաններն էլ լցվում էին թափքը: Ձմռանը անձրեւից ու ձյունից պաշտպանվում էին որեւէ ծածկույթով... Վտանգավոր ոլորաններին փակում էին աչքերը եւ աղոթում... Տեղ հասնելուց հետո հագնվում, դիմաներկվում ու սպասում էին... մինչեւ հանդվորն ու կթվորը իրենց գործը վերջացնեին ու թատրոն գային: Դա սովորաբար լինում էր գիշերվա ժամը 10-ից հետո: Ներկայացման ավարտից հետո նույն ահուդողըՙ մինչեւ տուն հասնելը, որը լինում էր երբեմն լուսադեմին... Սա է շրջանային թատրոնի վիճակըՙ բոլոր ժամանակներում, եւ եթե մարդիկ երկար տարիներ մնում են այնտեղՙ ուրեմն անսահման սիրուց էր, թեեւ «վերեւից» գնահատումն ուշանում էր, կամ չէր լինում: Պատկերացնո՞ւմ եք, այստեղ դերասաններն ապրում են մի ամբողջ կյանք (թվարկումը շատ տխուր է) եւ հեռանում են առանց կոչման, երբ երանելի կյանքով ապրող մայրաքաղաքային դերասանները խմբերով են կոչման արժանանում... Բավական է ասել, որ Երվանդ Մանարյանը երեք անգամ տարբեր ժամանակներում եկել է Գորիս եւ աշխատանքային հրավառություն կատարել: Վերջին անգամՙ 80-ականներին էր. նա այստեղ եկավ եւ իրեն հատուկ խանդավառությամբ համակեց բոլորին. այս անգամ ոչ միայն բեմադրություններով, այլեւՙ խաղով: Այդ օրերին պատահմամբ ես հանդիպեցի Գորիսից վերադարձող «Սովետական արվեստ» ամսագրից Գրացիա Բաղդասարյանին: Նա այնպիսի վայելքով պատմեց տեսած ներկայացումների ու հատկապես «Ֆիլումենա Մարտուրանո»-ի մասին, որ պրոֆեսիոնալ բարձրակարգ խաղով նրան առինքնել էին գլխավոր դերակատարներըՙ Երվանդ Մանարյանըՙ Դոմինիկոյի եւ Մարինե Պետրոսյանըՙ Ֆիլումենայի դերերում: Ականատեսի պատմածից պարզ երեւում էր նրա ապրած վայելքը եւ արտիստական խաղի մակարդակը:


8. Տիկնիկային ներկայացումըՙ քաղաքական դրոշ


Գուցե անհավատալի՞ է, բայց փաստ է: Այսօր արդեն առանց երկյուղի կարելի է խոսել Հայրենական պատերազմից (1941 թ.) հետո հաղթողների կամոք մի քանի եվրոպական պետությունների սովետներին կցորդելու իրողության մասին, ինչպես եւ այն, որ նրանցից շատերը մինչեւ վերջ էլ չկարողացան հաշտվել այդ վիճակի հետ... Ամենից հետեւողական անհաշտը Լեհաստանն էր: Դա մենք զգում էինք նույնիսկ մեր տուրիստական շրջագայությունների ժամանակ: Ժողովուրդն ուղղակի չէր թաքցնում Սովետների երկրից եկած զբոսաշրջիկների հանդեպ իր ատելությունը: Չեմ մոռանա, երբ Վարշավայում բաց տաղավարում ընդեղեն եւ անհավատալի մեծությամբ ընկույզ էր վաճառվում, երբ հերթը հասավ մեզՙ վաճառողուհին ուղղակի հրաժարվեց մեզ որեւէ բան տալ... Թերեւս ամենից լոյալը արվեստի մարդիկ էին, բայց նրանք էլ առիթը բաց չէին թողնում արտահայտվելու: 1961 թ. Տաշքենտում տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոն էր, որին մասնակցում էր եւ Հայաստանի տիկնիկայինըՙ «Անհաղթ աքլորը» հեքիաթով: Մեր ներկայացումը նվաճեց գլխավոր մրցանակը: Փառատոնի ժյուրին գլխավորում էր լեհ հայտնի ռեժիսոր Յուրկովսկին: Նրան այնքան էր դուր եկել ներկայացումը, որ անմիջապես Մանարյանից խնդրեց պիեսը, հետո պարզվեց, որ ինքն էլ թարգմանել է եւ բեմադրել: Ըստ հեքիաթի, խելացի աքլորը բոլորին հաղթում է եւ հասնում թագավորին, նրան էլ հաղթում... Լեհերը թարգմանության մեջ «թագավոր» բառը թարգմանել էին ոչ թե ՍՏՐՏսՖ, այլ ցար, որպեսզի ակնարկը միմիայն ռուսական տերությանը վերաբերեր... Այդ պիեսը ոչ միայն տասը տարի մնաց նրանց տիկնիկային թատրոնի խաղացանկում, այլեւ տարածվեց լեհական ուրիշ տիկնիկային թատրոններում... Ահա այսպես հայկական անմեղ հեքիաթը դարձավ մի ամբողջ ժողովրդի քաղաքական դրոշ:


9. Բարությունըՙ իբրեւ երկարակեցության ակունք


Այն պատերազմից հետո այնքան էլ հեշտ չէր կյանքը: Երվանդի ընկերները ընտանիք էին կազմել, Հայկ Վարդանյանն ու Սեդան, ես ու Զարեն, Իշխանը, եւ նախնական պայմանավորվածությամբ մեր առաջնեկներին կոչել էինք Հասմիկ: Հաճախ էինք հանդիպում, ու թեեւ հյուրասիրությունը համեստ էր, բայց երկուստեք բերկրալի: Շատ մտերիմ էին պարսկահայերը. Հայկն ու Երվանդը, Իշխանը եւ նրա դասընկեր անբաժան Կարպիս Հոկտանյանը, բայց մեր համատեղ հանդիպումների օջախը Երվանդի տունն էր: Ծնողների գալուց հետո նրանք հողամաս էին ստացել Մատենադարանի շրջակա այգիներում, տուն շինելՙ մի մեծ հյուրասենյակովՙ կարծես ընկերների հանդիպման համար: 1957-ից հետո նրա բարեկամներին ավելացել էին եւ Հայկինոյի սցենարական բաժնի տղաները, որոնցից հատկապես Լեւոն Բուդաղյանն ու իր կինըՙ Ռոզան, ջերմ բարեկամություն էին անում Երվանդի ու տիկին Ժենյայի հետ: Հենց որ ամառը գալիս էրՙ մի կերպ ընկերներով միս էին հայթայթում եւ այգում խորովածի ծուխը բարձրացնում: Խռնվում էինք, բիբար-պոմիդոր-սմբուկ էինք մաքրում, եւ խրախճանքը մի շիշ գինով, երկու շիշ գարեջրով ու լիմոնադով շարունակում մինչեւ ուշ գիշեր: Այդ ամենըՙ շնորհիվ Մանարյանների սրտաբացության ու դռնբացության: Այդ տարիներին մեր խմբի ամենակրտսեր անդամըՙ Տիգրանը ընդունվեց օպերայի երգչախումբը, եւ սկսվեց համընդհանուր պաշտամունքի արժանացած Գոհարի հետ նրա սիրավեպը: Դա ոչ ոքի չէր զարմացնում. Գոհարին սիրահարված էինք բոլորսՙ ամբողջ ժողովուրդը, մանավանդ 56 թվականի հայ արվեստի ու գրականության մոսկովյան տասնօրյակից հետո: Մենք պարծենում էինք, որ ունենք մի երգչուհի, որ աշխարհը չունի: Մոսկովյան եւ լենինգրադյան օպերային ներկայացումների օրերին մեր Ռոմեոն եւ Ջուլիետը ծննդյան օրը վավերացրին իրենց միությամբ. զարմանալի կերպով երկուսն էլ ծնվել էին միեւնույն օրըՙ դեկտեմբերի 14-ին: Երկրի մեծագույն օպերային թատրոնները կրնկի վրա բացել էին իրենց դռները նրանց առջեւ: Մեկնումի տոմսերը գնվել էին: Մեր ամբողջ ժողովուրդը ընդվզեց, եւ բանը հասավ Հայաստանի ղեկավարինՙ Սուրեն Թովմասյանին: Եվ հենց նրա շնորհիվ կասեցվեց զույգի մեկնումը, բայց դեռեւս բնակարան չունեին եւ Արաբկիրում մի սենյակ էին վարձակալել: Զարմանալի բան կատարվեց. խա՞նդ էր, թե մի այլ բանՙ հիմա էլ ոմանք ընդվզեցին նաեւ Գոհար-Տիգրան միության դեմ: Եվ բավականին անսքող ու անպատշաճ ձեւով... Պարզապես զույգը չէր համարձակվում ելնել փողոց: Երվանդը գտավ զույգին պատսպարելու եւ յուրօրինակ «ինտեգրման» կերպ: Դա միակ օջախն էր, ուր նրանք երեւում էին եւ անկաշկանդ վայելում իրենց բարեկամությունն ու խինդը: Առանձնահատուկ էին ամանօրյա հանդիպումները: Հունվարի 2-ին լինում էինք բոլորս: Դրանք չծրագրված ու հանպատրաստից ընթացող այնպիսի երեկույթներ էին, որոնց կնախանձեր ամենամեծ իմպրովիզատորը:


Երեկոն սկսվում էր Տիկոյի (այսպես էինք կոչում Տիգրանին) երգային իմպրովիզներով, այնպես էր նմանակում հռչակավոր երգիչներինՙ Կարուզոյից մինչեւ Դելմոնակո, վերջում մեր Ավագ Պետրոսյանինՙ Սարոյի երգերով, որ անհնար էր նկարագրել: Ասեմ, որ այդ տարիներին Ավագ Պետրոսյանը Իտալիայում վարպետության դասեր էր ունեցել եւ վերադարձին Սարոյի երգի ավարտին մի երկար «Ա՜-ա՜-ա» էր ձգում... Այդ ամենն այնպես էր նմանակում Տիկոն, որ մեր ծիծաղն ու ծափերը երկար թնդում էին: Երեկոյի քնարական բաժնում Զարեի գալանտերյանական երգերն էին, որ առանձնակի սիրով էր ունկնդրում Գոհարը եւ միայն մի բան ասում. «Էլի երգիր»: Երեկոյի վերջին բաժինը երգիծանք ու հումոր էր: Ու մինչ Երվանդը դռան մոտ ինչ-որ բան էր փնտրումՙ տիկին Ժենյան անմիջապես թաքստոցից բերում էր տան ավելը եւ հանդիսավորապես մեկնում որդուն: Երվանդը վայրկենապես լրջանում էր, հազում-կոկորդը մաքրում եւ հինավուրց աշուղների հանգի, իր «սազի» վրա «նվագելով» սկսում էր... Եվ սազի ձայնն էլ ինքն էր բերանով հնչեցնում... Ցավոք, այսօր ես դժվարանում եմ վերարտադրել այդ երգերի կեղծ ու ճոռոմ, անտրամաբան տեքստը, բայց որպեսզի տպավորությունը հաղորդեմՙ կփորձեմ ինչ-որ բան մտաբերել.


Երկնքում շողում են աստղերն ու լուսնյա՜-ակը


Անձրեւ ու կարկուտ թափվում են գլխիս...


Ահա այսպիսի հանգաբանություն, բայց ի՜նչ հեղինակավոր, հպարտ ու իմաստունի կեցվածքով է ոգում այս «թափառական աշո՜ւղը»: Երվանդը երգում է, սազի նվագը ինքը վերարտադրումՙ համապատասխան արտիստիկ շարժումներով, սենյակի մի ծայրից մյուսն է սիգարշավում (այլ կերպ չես ասի) եւ հասնելով պատրաստ կանգնած Զարեինՙ նրա ոգեշունչ զուգերգն է ընդունում, ապա շարունակում... Այսպես մի քանի անգամ:


Ինչ ասեմ. ծիծաղը վերածվել էր ճիչերի...


Ես մոռացա մեր երեկոների երաժշտին. նա Երվանդի կրտսեր եղբայրն էրՙ Արմանը, որ այն տարիներին դաշնամուր էր սովորում երաժշտական դպրոցում: Հետո իմացանք, որ ավարտելով մեկնել է Մոսկվաՙ կինոինստիտուտ: Կարիք կա՞ ասելու, որ մեր հավաքների թագը Գոհարն էր, որի համար մենք շոյված էինք եւ ով արտասովոր լավ էր զգում մեր միջավայրումՙ հակառակ իր հանդեպ այդ նույն ժամանակ խմորված թշնամանքի... Հետո տիկին Ժենյան պատմում էր, որ երբ նրա սիրտը նեղվում էՙ անմիջապես իր մոտ է վազում: «Ես իսկի կթողնե՞մ, որ նրան ինչ-որ բան մաշի»... Ես հիշում եմ, թե ինչպես էին Զարեն ու Երվանդը խոսում Ճապոնիայից արտասովոր հաջողությամբ վերադարձած Գոհարի մասին, եւ իրենք էլ հորդորել էին տպավորություններով հանդես գալ «Հայրենիքի ձայն» թերթում: Անկասկած նման փառահեղ երգչուհու եւ անձնավորության հանդեպ ամեն թշնամանք կհալվեր-կանցներ: Այդպես էլ եղավ, ու սիրելի զույգը մտածեց զավակ ունենալ: Վերելքի գնացող երգչուհու համար դա մեծ, շատ մեծ զոհողություն էր: Առնվազն մեկ տարով նա պիտի մերժեր աշխարհի խոշորագույն օպերային թատրոններից տեղացող հրավերները եւ... ընդհանրապես, շատ բան: Մեր չքնաղ Գոհարը գնաց այդ զոհողության: Եվ ծնվեց մի հրաշամանուկՙ հինգուկես կիլոգրամանոց... ծնողների ու մեր խինդը սահման չուներ: Սպասեցինք, որ հիվանդանոցից տուն գարՙ այցելեինք... Ու հանկարծ Զարեն տուն եկավՙ չորացած, սեւացած, մի բուռ դարձած... Դուռը բաց արի ու բռնեցի թեւը, որ չընկնի: Հազիվ քայլեց ու իրեն նետեց բազմոցին. քարացած է:


- Ի՜-ի՜-ինչ է պատահել,- դողով հարցնում եմՙ հազար կասկած տանելով: Եվ առաջին անգամ նրան տեսնում եմ փղձկալիս... Ես սարսափած-կարկամած եմ...


...Փոքրիկ դագաղը հերթով գրկած տանում էինք... Տիկոն խելագարվում էր...


- Ովքե՞ր էիք:


- Ես, Հայկը, Երվանդը... Իսկ թե տանը Գոհարին ինչպես պոկեցինք դագաղիցՙ դա պատմելու բան չէ... Անափ ու անծիր երջանկությունից հետոՙ նման ամայություն... ծանրագույն շրջան սկսվեց ամուսինների համար: Մեծ ընդմիջումից հետո իր առաջին համերգին Գոհարը առաջին անգամ սկսեց ու մինչեւ վերջ պահպանեց Կանաչյանի «Օրորը»: Ինչպե՜ս էր աչքերից հեղեղի պես թափվող արցունքներով շարունակում ու ավարտում երգը... այդ երգը մինչեւ վերջ պահեց իր երգացանկում... Շատերը գնում էին այդ երգի անկրկնելի տպավորությունը վայելելու... Երեւի ամեն ինչ առավել ծանր ու ահավոր կլիներՙ եթե նրանց կողքին չլինեին բարեկամները... Երվանդն ու նրա ընտանիքը նրանց մեջ էին: Այսպիսին է Երվանդը: Նրա տանը լինելուց հետո ես հիշեցի իմ ճանաչած իսկական մեծերի օջախները. Թումանյանների, Փափազյանի, Արա Սարգսյանի, Վաղարշյանի... Բոլոր մեծերն իրար նման են:


10. Բեղուն կյանքի բերքը


Ամեն ինչ չենք կարող ընդգրկել. կասենք միայն ամենաճանաչն ու մնայունըՙ ազգի մշակույթի տեսանկյունից: Նրա «Ճիտին պա՞րտք» թե «Նեսոսի պատմուճան» տիկնիկային թատրոնների ստվար ցուցակից կհիշենք արդեն հիշվածները, իսկ գրված ու գզրոցում մնացած բազմաթիվ սցենարներից միայն նկարահանվածը, բայց չենք կարող չասել, թե ինչպես է դրանցում տրոփում ակտիվ հայորդու սիրտըՙ ժեռոտ ու չոր հողը ջրարբի դարձնելու, նոր հիդրոկայաններ կառուցելու, Սեւանի չպակասող խնդիրների մասին: Եվ ամենանշանակալին ոչ միայն բուռն, կրքոտ վերաբերմունքն է բարձրացված հարցերի հանդեպ, այլեւ զարմանահրաշ գիտակություննՙ այդ հարցերի պատմության, հակադարձումների եւ լուծումների վերաբերյալ: Եվ իհարկե. այդ ամենըՙ խելացի երկխոսության եւ դինամիկ դրվագների միջոցով: Իր ժողովրդի պատմության եւ ճակատագրի (չմոռանանք, որ նա համալսարանի պատմականից էր եկել ռեժիսորական), բոլոր դրվատելի ու ցավոտ խնդիրները նրան հանգիստ չեն տվել եւ նա շարունակ պրպտել է դրանք բարձրաձայնելու, ինչ որ բան տեղից շարժելու մղումով: Ինչ փույթ, որ սցենարներից շատերը գզրոցում են մնացել, սակայն լույս աշխարհ եկած ֆիլմերը նվազ պերճախոս չենՙ հայորդու խորքն ու հոգին բնութագրելու համար: Հիշենք Հայկինոյի պատմության մեջ դասական դարձած (ի դեպ, մի քանիսը եղբորՙ Արմանի հետ իրականացրած) «Տժվժիկը», «Կարինեն», «Սպիտակ ափեր», «Կապիտան Առաքելը» եւ իհարկե, եղբորՙ Արմանի հետ մեր էպոսի թեմայովՙ «Սասունցի Դավիթ» գունեղ ու կերպարային մուլտֆիլմը (փառք ու պատիվ այն հովանավորող Գրանդ Քենդիներին): Ուզում եմ հիշել եւ մեծ ու փոքր էկրաններում քանդակած որոշ կերպարներ, որոնք մի ամբողջ հասարակություն բարոյականություն, ինչո՞ւ չէ, նաեւ խեղում ու մտագարություն են խորհրդանշում: Մի Սարսափունիՙ «Ընկեր Փանջունին», մի Սուսերյանՙ «Թաղականին կնիկը», մի լուսանկարիչՙ «Կարինե» եւ վերջապես մի արտասովոր բանաստեղծական ու նուրբ Վիլհելմՙ «Նավապետների շաբաթը» հեռուստաներկայացումից եւ Երվանդ Քրիստոֆորովիչ, «Ալա մեզոն»ՙ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում... Բոլորն էլ վառ բնութագրված եւ երբեք չմոռացվող: Այս ամենից զատ ու վերՙ հավատամքի պես զորեղ ու մնայունՙ տիկնիկային թատրոնն ու երեխաները: Եվ ծլարձակում են նրա ցանած սերմերը: Հինգ տարի առաջ Կիեւից եկան երկու երիտասարդներ եւ հրավիրեցին այնտեղ տիկնիկային թատրոն հիմնելու, իսկ այս օրերին Մանարյանին նվիրված հոբելյանական երեկոյին մեզ զարմացրին Արցախում տիկնիկային թատրոն հիմնած սաներըՙ վարպետին նվիրված ներկայացումով: Արդյոք դա չէ՞ նրա կյանքի, սիրո, ազգի՛ սիրո, մաքրամաքուր ակունքների եւ երկարակեցության ակունքն են... Ձմեռ է գալիս. նրանց փոքրիկ սրահը պետք է տաքացնել: Այս ձմեռը շուտ եկավ. երեւի դարձյալ իր եւ Մերիի թոշակները պիտի ներդնեն... Ինչ արած. թատրոն եկող երեխան չի հարցնում ոչ ցրտի, ոչ դեկորի ու տիկնիկի խունանալու մասին... Իր «սրտի սիրտ» (ինչպես Համլետը կասեր) «Ագուլիս» թատրոնում ամեն ինչ պետք է լինիՙ ինչպես հարկն է:


Վերջաբան. թողությո՜ւն եմ խնդրում


Շոյվում էի, երբ Զարեի ընկերներն ինձ իրենց հարսիկն էին համարում: Ակտիվ կուսակցական էի, կուսքարտուղար, բայց երբ Հայաստանի փոքրակտավ դրամատուրգիայի ստեղծումն ինձ վստահեցինՙ ասացի Զարեին, Հայկին ու Երվանդին, որ այլեւս ինձ պիես չբերեն: Կուսօբյեկտիվությունն այդպես էի հասկանում: Անցան տարիներ, նրանք ամենուր գրում-տպվում-ընդունվում-նկարահանվում էին, բայց իմ կողմը չէին թեքվում: Սկսեցի վատ զգալ, բայց անդրդվելի էի: Երվա՜նդ, հարազա՜տս, միակը նրանցից. քո՛ միջոցով եմ ուզում այսքան ուշացումով թողություն խնդրել... Գիտեմ, բարի ես, կներես, չէ՞: Վարսիկ-հարսիկ:


Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թատերագետ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան