top of page

Ինչ եղավ Հանրապետության հրապարակի տակ հայտնաբերված ստորգետնյա քաղաքի հետ

29 мая 2023 г.
2 мин. чтения

29.05.2023

2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել։ Երբ ասֆալտի վերին շերտը հանվել է, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ են հայտնաբերել։ Քաղաքը գտնվում է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ և հասնում է մինչև Կոնդ։ Այդ աշխատանքների արդյունքում հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների նկուղների որոշ հատվածներ։


Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թ-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679 թ-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվեցին, սակայն մնացին դրանց նկուղային հարկերը: Այդ շենքերը նման են մինչ այս պահը Կոնդում կանգուն աղյուսաշեն տներին։


Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ: Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը: Գիտնականներն, ուսումնասիրելով շինության պատերը, կարծել են, որ դրանք, աղյուսից են, սակայն հետո պարզվեց, որ պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից:


Գտածոները նաև խոսում են այն մասին, որ 17-18-րդ դարի Երևանը պատահական քաղաք չէր, այլ առևտրատնտեսական կենտրոն: Սակայն քաղաքի կենտրոնում պատահաբար բացված այս պատմական գանձարանը լիարժեք ուսումնասիրել չի հաջողվել. հապճեպ կատարված բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվել է հայտնի խճանկարը, իսկ պեղված տարածքները ծածկվել են հողով ու ավազով։

1837 թ․-ին Ցարական ժամանակաշրջանում սկսվել է Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվել է 1862 թ․-ին: Հենց այդ ժամանակ էլ կառուցվել է քաղաքի հրապարակը, որի տակ են անցել այս շինությունները: Այդ ժամանակ կառուցվել են նաև այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները: Չի բացառվում, որ այդ փողոցներում էլ կարող է պատկերը նույնը լինել:


Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ ցանկանում է ներկայացնել Երևանի միջնադարյան ճարտարապետական անցյալը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասում էր՝ ինքը դեռ 2000-ականներին է ցանկացել, որ Հրապարակի այդ հատվածը պահպանվի ու բաց լինի բոլորի համար։


Ինչպես Նիկոլ Փաշինյանի բոլոր նախագծերը, այս մեկը ևս սառույցին գրվեց:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page