top of page

Բագրատունիների զինանշանի պատմությունը

21.06.2023

Բագրատունիների տոհմի պատմությունը, ըստ Մովսես Խորենացու, սկսվում է մ.թ.ա. 6-րդ դարի սկզբից, երբ Հրաչյա թագավորը (630-590) Հայաստան է բերում ազգությամբ հրեա Շամբատին (Սմբատ)։ Տեղեկություններ են պահպանվել նաև Արտաշես Բարեպաշտ արքայի (189-160) զորավարներից Սմբատ Բագրատունու մասին, ով ղեկավարել է ալանաց արշավանքը։ Հայոց Արշակունի թագավորների օրոք (52/66-428) Բագրատունիները զբաղեցրել են թագադիր ասպետի պաշտոնը, իսկ Մարզպանական Հայաստանում (428-642) եղել են ազդեցիկ իշխաններ։ Այս՝ ավելի քան հազարամյա պատմության ընթացքում Բագրատունիների զինանշանի մասին տեղեկութոյւններ չկան։ Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՛ առյուծի կամ հովազի, թե՛ արծվի պատկերներ։


Առյուծի պատկերով առաջին զինանշանը գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու հարավային ճակատին։ Կարսը մայրաքաղաք էր դարձրել անժառանգ Աշոտ Երկաթ թագավորի եղբայրը՝ Աբաս Բագրատունին (928-953)։ Նրա օրոք էլ կառուցվել է Առաքելոց եկեղեցին 930-943 թվականներին։ Առյուծը քառակուսու ներսում է, գլխով ուղղված է դեպի աջ և նայում է դիտողին։ Որպես իշխանության նշան՝ առջևի աջ թաթը բարձրացրած է վեր, պոչը՝ վեր տնկված։ Փաստորեն, լինելով Առաքելոց եկեղեցու պատին, ամենայն հավանակությամբ, զինանշանը պատկանում է Աբաս թագավորին։


Հաջորդ զարդաքանդակները, որոնք պատկերում են զինանշանը, գտնվել են Անիում։ Սալաքարի վրա առյուծի պատկերը իրականացված է քանդակային եղանակով։ Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և բացարձակապես կրկնում է Կարսի քանդակը։ Առավել մանրամասնորեն են քանդակված կենդանու ուռեցրած կուրծքը, հարթ բաշը, հաստ ու ընդգծուն հոնքերը, վիզը, դեմքը։ Ճակատին փորագրված ռումբիկը խորհրդանշում է իշխանապետ լինելը։ Այս առյուծապատկերն է որպես Բագրատունիների խորհրդանիշ պատկերվել Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշաններին՝ վահանի առակողմյան վերին հատվածում (հեղինակ՝ նկարիչ Հակոբ Կոջոյան)։


Անիում գտնվել են գլխով դեպի աջ ուղղված ևս երկու զինանշանային քանդակներ։ Վստահորեն կարելի է փաստել, որ Բագրատունիների կենտրոնական իշխանության զինանշանը ևս գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի խորշերից մեկում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page