top of page

Իմ ծնու՞նդը: Ի՞նչ ծնունդ, ես ծնվում եմ ամեն օր, բոլոր մարդիկ էլ ամեն օր ծնվում են, համաձայն չե՞ս...


ԴՐՎԱԳՆԵՐ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՎԱՐՊԵՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ Է ՄԻՇՏ» ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԳՐՔԻՑ (1967-1972)


1967, օգոստոս 15


Առաջին հանդիպման զրույցից.


- Մենք, մեր անցած պատմությամբ ու ստեղծած մշակույթով նման ենք մի ճամփորդի, որ շատ ճամփորդների նման փոխանակ գնացքով գնալու, գնացքի հետեւից վազել է: Եվ չեն օգնել ու չեն էլ մտածել, թե ինչու՞ այս ճամփորդը չի ուզում ետ մնալ, սեփական ուժերով եւ այն էլ ինչպիսի գնով առաջ է ընթացել ու պահպանել է իր ինքնությունը... Հերոսություն է սա, եւ ի~նչ հերոսություն:


1968, փետրվար 28


- Բարի լույս, Վարպետ, այսօր ինչպե՞ս եք:


- Հա, բարի լույս, դու ինչպե՞ս ես:


- Ես լավ եմ, Վարպետ, Ձեր օրն է այսօր, Ձեր ծննդյան օրը, Դուք ասեք:


- Իմ ծնու՞նդը: Ի՞նչ ծնունդ, ես ծնվում եմ ամեն օր, բոլոր մարդիկ էլ ամեն օր ծնվում են, համաձայն չե՞ս...


- Համաձայն եմ Վարպետ, բայց մի կատակեք:


- Չեմ կատակում, չէ~: Ի՞նչ ես կարծում, մարդ կարո՞ղ է այսպիսի պահերին ժամանակի մասին չմտածել: Ես հիմա մտածում եմ, որ ժամանակը միշտ եղել է, միշտ կա, ոչ գալիս է, ոչ էլ անցնում: Մարդն էլ նրա հետ միշտ կա... Բնությունը մարդուն կյանք է պարգեւում: Բնությունը ստեղծում է մարդուն, որ նրա միջոցով տեսնի, ճանաչի իրեն: Մարդն իր սրտի նման, իր մեջ պիտի զգա բնությունը, որպեսզի առաջնորդվի հավատով, բարությամբ: Այլ կերպ երջանիկ լինել կարելի չէ...


1968, մարտ 28


Վարպետի քույրը` Կատարինեն , ցածրաձայն մի հատված երգեց պատարագից: Հետո ասաց.


- Էդ ու՞ր է Աստվածը, մի տեսնեինք...


Վարպետ.- Աստված էս սաղ աշխարհն է, մենք էլ Աստծո մեջ ենք... վատ մարդիկ էլ սատանաներն են: Կատյա ջան, մենք զարթնել ենք քնից: Եթե կանք այսօր, ուրեմն միշտ եղել ենք: Բնությունը, մի րոպե մտածիր, որ հազարավոր տարիներ ապրում է, բայց ոնց որ նոր է ծնվել, նոր է զարթնել... Մեր ժողովուրդն էլ ամուր կառչել է հողին, իր հողի հետ է ապրել: Սա շատ կարեւոր բան է, ապրելու իմաստը սրա մեջ է...


1968, նոյեմբեր 4


Հանդիպում ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիի հետ.


Ֆեյդի- Ճիշտ են Ձեր ըսածները, Աստծո գաղափարը մեծ առավելություն ունի, եւ բոլոր հարցերուն պատասխան տված կ,ըլլանք, եթե հավատացյալ ըլլանք:


Վարպետ- Ես միշտ մտածում եմ այդ մասին եւ չեմ վախենում ոչ մի բանից, վախենում եմ միայն ավազակից, նրա հարձակումից, բայց ինչ բնությունից է, չեմ վախենում: Ավազակի կամ մարդասպանի հոգեբանությունը ինձ հասկանալի չէ: Այդպիսիները եղել են, հիմա էլ կան (գլուխը կախեց): Էջմիածնում, 1915-ին օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում, չէինք կարողանում թաղել... Ինչ զարմանալի բան է աշխարհը, պատմությունը: Գուցե մեզանից առաջ էլ մարդկություն, քաղաքակրթություն է եղել: Երեւի նրանք նույն սխալներն են գործել, ինչպես մեր դարում է գործվում եւ դրա համար կործանվել են, կործանել իրար: Չես հասկանում, ինչքան քիչ բան է պետք մարդկությանը խաղաղ ապրելու..


1968, նոյեմբեր 8


Այցի էր եկել մի երիտասարդ:


- Դուք որտեղի՞ց եք, հարցրեց Վարպետը:


- Ռադիոյի վերջին լուրերի խմբագրությունից:


- Վերջին լուրերի՞ց, իսկ ինչո՞ւ եք եկել:


- Վարպետ, Երեւանի 2750-ամյակին ի՞նչ գործ եք նկարել:


- Ինչ-որ բան կարծեմ արել եմ, իսկ ի՞նչ կուզեիք:


- Հայաստան, Վարպետ, մեր Հայաստանը...


- Հայաստա՞նը... Բա ես Հայաստան չե՞մ նկարել, գուցե մի ուրիշ բան է պետք, մարդ` թագով, բանով...


- Այո Վարպետ, մարդ, - ոգեւորվեց թղթակիցը:


- Ի՞նչ մարդ ես ուզում, որ նկարեմ:


- Հայ մարդ, Վարպետ, այնպիսի հայ, որի մեջ երեք հազար տարվա արյուն զգացվի:


- Հա~... լռում է մի պահ, - կարելի է, ինչու՞ չէ, դու կգտնես այդպիսի մարդ, կբերես ես էլ կնկարեմ:


1968, նոյեմբեր 25


Հյուր էին կենտրոնական կոմիտեի բոլոր անդամները.


- Անչափ ուրախ եմ, որ եկել եք ինձ մոտ: Մարդ որ տեսնում եմ, շատ եմ ուրախանում, մարդկանց հետ շփվելը երջանկություն է: Այսպես նայում եմ շուրջս եւ մտածում, որ ամեն ինչ Աստված է ստեղծում` բնություն Աստվածը: Ինչու՞ եք զարմանում, մի զարմացեք, բոլոր բոլշեւիկներին էլ Աստված է ստեղծել:


Ստեղծագործելը զարմանահրաշ բան է... Դուք կառավարության մարդիկ եք, դուք էլ եք ստեղծագործում: Դուք կոչված եք ստեղծագործելու նոր կյանք, հետեւելու ամբողջ երկրի, ամբողջ ժողովրդի, հողին կապված մարդու կյանքին: Կյանքը հողից, բնությունից է ծնվում չէ՞: Մարդը մեծ է, բնությունն ամբողջ մարդու մեջ է: Պետք է ճանաչել, զգալ, սիրել մարդուն...


1969, հունվար 15


- Նկարչությունը բանաստեղծության նման ներսից բխող բան է: Մասնագիտական կրթություն ստանալովՙ կարելի է տեսածը լավ, տպավորիչ նկարել: Նման գործերը շատերին կարող են հիացնել: Բայց եթե կտավներում հոգուց թելադրված զգացումներ, ապրումներ, մտքեր չկան, դրանք արվեստի գործ չեն կարող լինել: Արվեստի գործը ճշտորեն գնահատողը ժամանակն է: Կանցնեն տասնամյակներ եւ բազում նկարիչներից կմնան նրանք, որոնք արտահայտման սեփական ձեւամտածողություն, ուրույն լեզու ունեն: Խելոք վերլուծությունները, կամ լավ քննադատությունը օգտակար դեր են ունենում: Ի դեպ, Շահեն ջան, քեզ ասեմ, որ ես շատ էի վախենում կրկնությունից, դրա համար էլ քիչ էի նկարում: Ամեն նկար նկարչի համար սկիզբ է, վերջ չկա...


1969, մարտ 17


- Գեղեցկությունը ազգերի տարբերության մեջ է: Ինտերնացիոնալիզմը վերեւից, ձյան նման չի թափվում, այլ հողին է կապված, որոհետեւ մարդիկ հողից են ծնվում: Ազգերը իրար լրացնում եւ միասին ամբողջություն են կազմում: Դրա համար որքան ցայտուն լինի ազգային հատկանիշը, այնքան հարուստ ու հետաքրքիր կլինի ամբողջությունը: Ուրեմն որքան ազգային, որքան մաքուր, այնքան համամարդկային:


Օրը չեմ նշել . Այցի էր եկել տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը .


- Հաղորդել էիք, որ տիեզերքից երկրագունդը երեւում է ինչպես իմ նկարներում: Կարող է կռահել եք, որ ես Ձեզանից առաջ եմ տիեզերքում եղել... (բոլորը ծիծաղեցին).


- Արարատն էլ այդպես վեհաշուք տե՞սաք, ինչպես իմ նկարներում:


- Այո, այո, ճիշտ այդպես, - ժպտալով ասաց Լեոնովը:


1969, հուլիս 20


- Ամբողջ բնությունը հրաշք է, ամեն ինչ երգ է, տերեւը, ծաղիկը, սոխը... Մարդ, որ բնության հրաշքով աշխարհ է գալիս եւ զգում է կյանքը, դա արդեն երջանկություն է: Բնության հետ կապված տխրությունները միշտ սփոփելի են: Սակայն մարդկային նախանձի, վրեժի, ատելության պատճառած տխրությունները չեն սփոփվում... Ժողովուրդը եւ մարդիկ դա պետք է հասկանան: Կարելի է վիճել, պայքարել, կռվել, բայց վերջին` թշնամական խոսք իրար հայտնել չի կարելի.


1969, հուլիս 25


Հյուր եկած երիտասարդ մի զույգի նվիրեց իր մատիտանկարներից մեկը, հետեւյալ մակագրությամբ. «Շատ սիրելի նորապսակ երիտասարդ հյուրերիս, իջած երկնքից երկրի վրա ապրելու եւ տանջվելու համար, ի փառս սիրո, երջանկության եւ իրենց հետնորդներին փոխանցելու իրենց նախնիների հոգին»:


1969, սեպտեմբեր 28


Կոմիտասին նկարելու առաջարկությունս չմերժեց.


- Երկրի շունչը դարերով, ժամանակներով է կուտակվում մարդու մեջ: Կոմիտասն այդ շնչով մարմնացած էակ է: Նա իր մեջ կրել է բնությունը: Դա մեր հողն է, հողի հոտը, համը, ջուրը, սարերի օդը... Այդ բոլորը նա բյուրեղացրել է երգով: Նա հայտնաբերել է մեր երաժշտության այբուբենը: Բոլոր խաչքարերը, եկեղեցիները, որ տեսել եմ, ասես բուսել են հողից` այնքան բնական ու ճաշակով: Կոմիտասի երգերն էլ այդպես հողից, ջրից, քարերից, լեռներից են բուսել...


Քսանմեկ տարեկանիս, երբ Անի հասա, նա մի օր առաջ ավերակների մեջ համերգ էր տվել երգչախմբով ու մեկնել...


Օրը չեմ նշել:


Վարպետի հետ գնացել էինք Ուջան.


- Իհարկե, ես տեսել եմ Անդրանիկին, փառահեղ, սիրուն մարդ էր: Շատ եմ ափսոսում, որ չեմ նկարել: Հանդիպել էի Թումանյանի տանը` Դսեղում: Գրեթե ամբողջ գիշեր զրուցում էին: Դա մեր ժողովրդի բախտին վերաբերող զրույց էր: Ես իրենցից փոքր էի, ամաչում էի նկարել: Զարմացած լսում էի: Ժողովրդի իսկական առաջնորդների զրույց էր: Մարդու հոգին վեհացնող, ժողովրդի սրտի հետ կապվող զրույց...


1970, ապրիլ 22


Արմին Վեգների հետ


- Ես խմում եմ հայ ժողովրդի մեծ բարեկամի կենացը, որին մեր ժողովուրդը շատ է սիրում եւ դասում իր սրբերի շարքը: Տարիքս ստիպում է ինձ լինել համեստ եւ չեմ կարող չարաշահել Ձեր համեստությունը: Ձեր կենացը, ամենայն բարիք Ձեզ... Վեգներ. Շատ երջանիկ եմ, որ կարողացա Ձեզ հյուր լինել:


1970, սեպտեմբեր 27


Կինոստուդիա էր հրավիրվել դիտելու Փարաջանովի Սայաթ-Նովային նվիրված ֆիլմը, դուրս գալուց դռան մոտ հանկարծ կանգնեց ու դարձավ դեպի դահլիճը.


- Ես միայն մի բան եմ ուզում ասել: Հրաշալի էր: Թողեք, ինչպես ուզում է անի: Տաղանդին չի կարելի չհավատալ: Հիմա պիտի քննարկենք, բայց չմոռանաք թե ինչպիսի ուշադրությամբ էիք ֆիլմը դիտում...


1970, հոկտեմբեր 8


Ես օրիորդ Լուսիկի հետ ամուսնացա եւ ասացի` իմ մայրը 9 զավակ է ունեցել, դու էլ պիտի այդքան ունենաս, նա համաձայնվեց, բայց կյանքի պայմանները խանգարեցին...


Դռան մոտ կանգնած տիկին Լուսիկը հանկարծ պոռթկացՙ հեղափոխությունը խանգարեց...


Երեկոյան, երբ առանձին էինք, տիկին Լուսիկը պատմեց. «Մայիսի 17-ն էր, պահած դրամովս, մազերս շատ մոդայիկ սարքել էի տվել: Սա եկավ մեր տուն եւ երբ ինձ տեսավ, ոնց որ վիշապ տեսներ ու ասացՙ շուտ, անպայման փոխիր... Կառքը եկավ, մայրս, խաչեղբայր` Գեւորգ Միանսարյանը, գնացինք Ծղնեթ, հայկական էր այն ժամանակ: Թագերը հենց դրին մեր գլխին, ես չկարողացա ծիծաղս զսպել... Քահանան լրջացրեց: Ջրի ափին նստեցինք, մի շիշ կարմիր գինի կար, լավաշ, պանիր, կանաչի, վարունգ, հավկիթ... Բոլորը դրեցինք սփռոցի վրա... Չորս հոգի էինք, հինգերորդն էլ կառապանն էր... Կերանք, խմեցինք ու գնացինք տուն: Մենք այդպես ամուսնացանք»:


1970, նոյեմբեր 16


Նկարելու էր Գոհար Գասպարյանին :


- Ինչպե՞ս նստեմ, Վարպետ:


- Ինչպես ուզում ես:


- Ինչպես Դուք կուզեք, անանկ ալ կնստիմ:


- Չէ, ազատ եղիր, ինչպես ամենաբարձր նոտան ես վերցնում... Գոհար ջան, պատմիր, ինչ նորություն կա Ձեր աշխարհում:


- Նոր օպերա ենք պատրաստում` «Խորտակում», վերջը լավ է լինելու:


- Վերջը ես գիտեմ, Դուն սկիզբը պատմե:


1970, դեկտեմբեր 8


Սիրարփի Տեր-Ներսեսյանի հետ:


- Շատ ուրախ եմ, - ասաց Վարպետը, -Դուք պահպանում եք Ձեր երիտասարդությունը, Ձեր եռանդը, Ձեր սերը...


- Շատերը տարիքնին կպահեն, ես` ոչ: Այդպես չեմ կրցած ըլլալ:


- Միջնադարյան մեր մանրանկարչությունը Դուք աշխարհին պարգեւ եք տված: Եզակի, աստվածաշնորհ աշխատանք: Դուք մեր հրաշք հայրենակցուհին եք:


1971, մայիս 14


Առավոտ էր, գլուխը կախ նստած էր սեղանի մոտ:


- Ինչու՞ եք տխուր, Վարպետ:


- Մտածում եմ, որ բան չի ստացվի:


- Ի՞նչ չի ստացվի, Վարպետ:


Ոչինչ չասաց: Նույնը կրկնվեց հաջորդ առավոտյան: Երրորդ անգամ հարցրեցի այսպեսՙ իսկ ինչու՞ չի ստացվի: Եվ պատասխանեց.


- Մտավորականություն չունենք, մտավորականությունը շատ նվազեց, -եւ շարունակեց, - բարձր մտավորականություն ունենալը լույսի պես կարեւոր բան է, նույնիսկ իշխանության մեջ: Ի՜նչ մեծություն էր Թումանյանը: Ամենածանր ժամանակներին նա Հայաստան էր գալիս օգնելու, համերաշխություն առաքելու...


1971, հունիս 17


Քնելուց առաջ Վարպետը միշտ խաչակնքում էր եւ աղոթք մրմնջում: Հավատի մասին հարցիս պատասխանեց.


- Քեզ ասեմ, որ փոքր տարիքիս քրոջս հետ երգում էի մեր եկեղեցում... Թե ի՞նչով եմ ազդվել, հետո եմ ըմբռնել: Հավատը բնություն-Աստծու մեջ իշխող ներդաշնակության, գեղեցիկի ու հավերժի խորհուրդն է... Շնորհիվ մեր ժողովրդի որդեգրած խոր հավատի, կարողացել ենք ծանր ողբերգություններ հաղթահարել եւ պահպանել մեր ինքնությունը, մեր լեզուն... Ի~նչ հարված ստացանք սովետական շրջանի սկզբում: Հավատի վերացման փոթորիկ եղավ: Նման փոթորիկներից եկող սերունդների մտածելակերպը այլակերպվում է: Հիմա այլ է վիճակը: Վազգենի նման կրոնական առաջնորդ ունենք: Հուսով եմ, որ հավատի` հավերժի խորհրդի լույսը պիտի շարունակի ցոլալ...


1972, մայիս 5


Վերջին խոսքը մահից երկու ժամ առաջ.


- Արեւ Հայաստանի մաքուր երկնքից իջած ջուր տուր խմեմ...

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page