top of page

Ինչ է նշանակում հրադադարը

10.10.2020

Ինչ է նշանակում հրադադարը, որի մասին հայտարարվեց նախօրեին ավելի քան 11 ժամ տեւած մոսկովյան խորհրդակցությունից հետո՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով:


Հայտարարության համաձայն, հրադադարն ունի մարդասիրական նպատակ՝ դիերի եւ գերիների փոխանակում: Միաժամանակ, երկրորդ կետով նշվում է, որ հրադադարի կոնկրետ չափանիշները պետք է համաձայնեցվեն լրացուցիչ:


Այդ առնչութամբ բնականաբար առկա են մի շարք հարցեր: Մասնավորապես, նախ եւ առաջ, թե որքան կայուն է լինելու ձեռք բերված հրադադարը: Արդյոք Ադրբեջանը դրան չի գնում հարվածներից «շունչ քաշելու» խորամանկ հնարքով, ուժերը վերադասավորելու եւ նոր գրոհների պատրաստվելու համար: Այդ հարցերի պատասխանը գտնվում է արդեն Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ առաջին դեմքի ներգրավումով Ռուսաստանը գործնականում պատասխանատվություն է ստանձնել հետագա զարգացումների համար:


Կասկածից վեր է, որ այդ հարցում Ռուսաստանին անուղղակի առաջին օժանդակողը եղել է հայկական բանակը, որը ընդունելով Բաքվի եւ ահաբեկիչների միջոցով թուրքական հարվածը, փաստացի տապալել է ուժային ահաբեկչական գրոհով քաղաքական իրավիճակ թելադրելու փորձը: Հայկական բանակի այդ գործողությունն է հնարավորություն տվել Ռուսաստանին բանակցային սեղան բերել Բաքվին, որը ահաբեկչական պատերազմի սանձազերծման առաջին օրերին կանգնած էր բացարձակ կատեգորիկ հռետորաբանության դիրքում:


Փարիզը, որը դիրքավորվեց Թուրքիայի հարցում բավականին կոշտ գնահատականով եւ շեշտադրումներով, ու Միացյալ Նահանգները, որը թե պետքարտուղարության, թե ՆԱՏՕ խողովակով սկսեց աշխատել Անկարայի հետ, ձեւավորեցին այն միջավայրը, որը Ռուսաստանին թույլ տվեց անցնել հրադադարի ուղղությամբ անմիջական պատասխանատվության դաշտ:


Հատկանշական է, որ այդ օրերին Ժնեւում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական  Ռոբերտ Օբրայանի եւ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի հանդիպումը:


Այդպիսով, Մինսկի խմբի համանախագահ երկրները փաստացի արգելափակեցին համանախագության ձեւաչափ մտնելու Թուրքիայի նկրտումը, որի մասին հայտարարել էր պաշտոնական Անկարան: Հրադադարի մասին հայտարարության երրորդ կետում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահությամբ ձեռնամուխ են լինում կարգավորման առարկայական բանակցության:


Սա արձանագրում է, որ գործընթացը շարունակվելու է նույն կետից, որտեղից մտել էր փակուղի: Ըստ այդմ հարց է առաջանում՝ կարո՞ղ է շարունակվել եւ տանել որեւէ այլ տեղ: Միաժամանակ, որ խորքային առումով գործընթացն իհարկե ալ իրական քաղաքական կետում է, եւ ռազմական հրադադարից հետո պարզապես մեկնարկում է դիվանագիտական-քաղաքական պայքարի նոր փուլը:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրի մեկնաբան

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page