top of page

Հայը. Մինաս Ավետիսյան


ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան և Պետական մրցանակների դափնեկիր Մինաս Ավետիսյանը (Մինաս) 1960-ական թվականների հայ կերպարվեստի նոր վերելքի նշանավոր ներկայացուցիչներից է: Մինաս Ավետիսյանը 1947–52 թթ.-ին սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54 թթ.-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960 թ.-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները» (1960–63 թթ.), «Իմ ծնողները» (1962 թ.), «Հանդիպում» (1965 թ.), «Հորս դիմանկարը» (1965 թ.), «Շեմին» (1967 թ.) և այլ գործեր:

Մինասը ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964 թ.), «Գաղթ» (1965–67 թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958 թ.), «Տերևներ հավաքողները» (1960 թ.), «Ջաջուռ» (1960 թ.), «Հաց են թխում» (1963 թ.), «Խնոցի են հարում» (1964 թ.) և այլ կտավներ: Նա պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967 թ., «Խաչելություն», 1975 թ.): Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962 թ.-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները:

Բեմանկարչական իր ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում: 1972 թ.-ին հրդեհվել է նրա արվեստանոցը. այրվել է 100-ից ավելի նկար, մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008 թ.-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982 թ-ին):

Մինասը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները ցայսօր պարզված չեն:

Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում: 1977 թ.-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page