top of page

«Գնում ենք շատ վատ տեղ»

13.06.2020, ԵՐԵՎԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, շոշափել է հայկական պետականության համար խորքային խնդիրը՝ պետության, պետական կարգի հանդեպ Հայաստանի քաղաքացու, հանրության վերաբերմունքը: Նա նշել է, որ այդ հարցը դուրս է կորոնավիրուսի շրջանակից:


Փաշինյանն իրավացի է՝ կորոնավիրուսը ընդամենն արտացոլել է շատ ավելի խորքային խնդիրը: Նա նշել է, թե փողոցում առանց դիմակի մարդկանց տեսնելով մտածում է, որ այդ մարդիկ ուղիղ գնում են վերակենդանացման բաժանմունք: Անկասկած է, որ փոխաբերական իմաստով Փաշինյանը նկատի ունի, որ հանրային այն վարքագիծը կամ վերաբերմունքը, որ կա պետական կարգի հանդեպ, Հայաստանին է ուղիղ տանում վերակենդանացման բաժանմունք այդ երեւույթի լայն իմաստով:


Մենք այդպես գնում ենք շատ վատ տեղ, ասում է Փաշինյանը, նշելով, որ պետական կարգի հանդեպ հանրային ներկայիս պահվածքը կամ վերաբերմունքը գալիս է այն իրողությունից, որ երկար ժամանակ չենք ունեցել անկախ պետականություն. «Չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը մերը կհամարենք: Մեզ համար պետական կարգը եղել է օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն: Պետական կարգը երկար հարյուրամյակներ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված: Հետեւաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ  ասոցացվել է բռնության հետ»:


Կասկածից վեր է, որ խնդիրը պետության, պետական կարգի հանդեպ օտարության զգացումն է, որ ամենատարբեր գործոնների բերումով ձեւավորվել է Հայաստանի հանրության մոտ: Դա խորքային խնդիր է, խնդիր, որ կապված է էլիտաների հետ: Բանը լոկ այն չէ, որ Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն եւ գտնվել է տարբեր մետրոպոլիական ենթակայության ներքո:


Բանն այն է, որ հայ հանրության շրջանում գործնականում չի ձեւավորվել էլիտաների սերնդային շղթա, որոնք անգամ գաղութային կարգավիճակում հանրային գիտակցության մեջ կձեւավորեին պետականության եւ պետական կարգի շուրջ կոնսենսուսի ենթագիտակցական եւ գիտակցական հենքը:


Անշուշտ, ամենացավալին թերեւս այն է, որ անկախության մոտ երեք տասնամյակը Հայաստանի համար դարձել է ոչ թե պետական կարգը հանրային մշակույթի աստիճանի հասցնելու, այլ հակառակ՝ իշխանատենչության գերնպատակի համար հանրային, մարդկային ամենավատ բնազդների վրա խաղալու ժամանակաշրջան:


Ամենախնդրահարույց հանգամանքներից մեկն այստեղ եղել է այն, որ պետական կարգի հանդեպ հանրային մերժողական վերաբերմունքն իր քրեաօլիգարխիկ կարգի պարտադրումով խորացրել է մի կողմից իշխանությունը, մյուս կողմից տարատեսակ ընդդիմադիր ուժերն են մերժողական վերաբերմունք սնուցել՝ իրենց քաղաքական նպատակների համար, պետական կարգը ուղիղ նույնացնելով տվյալ ժամանակի իշխանության հետ եւ անկարգությունը որոշ դեպքերում հասցնելով քաղաքացիական խիզախության աստիճանի:


Հայաստանում հանրային վերաբերմունքի, պետական կարգի հանդեպ արժեհամակարգային վերափոխման հասնելու համար այդ հանգամանքները խորապես դիտարկելը գործնականում անխուսափելի է, այլապես տեղի է ունենալու անվերջ շրջապտույտ:


Մինչդեռ այստեղ խնդիրները շարունակվում են, թվում է թե թավշյա հեղափոխությամբ հաղթահարվածության պայմաններում: Որովհետեւ հեղափոխությունը տեղի ունեցավ հենց պետական կարգի թեկուզ ենթագիտակցական գերակայության շնորհիվ, արձանագրելով անարյուն փոփոխության բացառիկ իրողությունը:


Զարգացում, ծավալում սակայն տեղի չի ունեցել, եւ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերադարձվել է անկարգության շրջապտույտ, որովհետեւ իրենց ռազմավարական դերը չեն կատարում թե հասարակական-քաղաքական, թե ընդդմադիր էլիտայի հավակնություն ունեցող ուժերի գերակշռող մեծամասնությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանն իր գլխավորած քաղաքական մեծամասնությամբ: Եվ առավել եւս վարչապետն ու այդ մեծամասնությունը, որոնք ստացել են խորքային փոփոխության աննախադեպ մանդատ եւ այդ մանդատը ավելի շատ օգտագործում են ոչ թե պետական, այլ պայմանական՝ ֆեյսբուքյան կարգի հաստատման համար:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page