top of page

Շնորհակակությո´ւն, նախագահ Բայդեն, որ թույլ չտվեցիք բզկլտել Հայաստանը, Աստված պահապան Ձեզ և Միացյալ Նահանգներին

  • 22 июл. 2024 г.
  • 2 мин. чтения

22.07.2024



Նախագահ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից:


Եվ նա դա արեց ոչ թե հակառակորդների, այլ` սեփական կուսակիցների և սեփական ընտրախավի ճնշման ներքո:


Եվ իհարկե` ցուցադրելով այն` ինչ նրան ճանաչողները լավ գիտեն, որ ինքը պետության և ազգային շահը առավել վեր է դասում, քան սեփականը և հատկապես` սեփական իշխանությունը:


Հենց երկրի շահի համար էր, որ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից` դեմոկրատների կարծիքով մեծացնելով դեմոկրատների շանսերը` կասեցնելու Թրամփի մուտքը Սպիտակ Տուն:


Խելացի և ճիշտ քայլ էր դա, թե չէ` թերևս երբեք պարզ չի լինի: Նոյեմբերին դեմոկրատներն այնուամենայնիվ, կարող են և պարտվել, մինչդեռ անգամ այս վիճակով Բայդենը կարող էր և հաղթել: Կարող են և հաղթել, մինչդեռ բացառված չէ, որ եթե Բայդենը մնար` կպարտվեին: Բացառված չէ նաև, որ հաղթեն և եթե Բայդենը մնար` էլի հաղթելու էին:


Ոչ ոք այլևս երբեք չի իմանա թե իրականում ինչ կլիներ, եթե Բայդենը մնար թեկնածու:


Բայց մի բան հստակ է. նախագահ Ջո Բայդենը Ամերիկայի պատմության մեջ առնվազն վերջին հարյուրամյակում լավագույն նախագահն է: Եվ դա` չնայած նրան, որ ամենաանվանարկվածը, բանսարկվածն ու ծաղրվածն է: Եվ ամենը` հանիրավի ու անգրագետ զանգվածների կամ անհատների կողմից տարածվող տիրույթում միայն: Ամերիկյան լուրջ քաղաքագետներն ու պետական գործիչները բոլորը հրաշալիորեն գիտեն, որ վերջին հարյուրամյակի թերևս ամենաբարձր բարոյական սկզբունքներ պահպանող նախագահը նաև ամենահամարձակն էր ներքին և արտաքին խնդիրներում և որ սոցիալական ու տնտեսական առումով երկրի համար հրաշքներին համահավասար քայլեր կատարեց:


Ժամանակներն են պարզապես պղտոր և պիղծ: Դեզինֆորմացիան, ֆեյք նորություններն ու պրոպագանդիստական քարոզը աղճատում են իրականությունը և ոչ ինտելեկտուալների համար զուգահեռ` սուտ և ծխածածկ իրականություն ստեղծում:


Նախ քաղաքական հակառակորդները, ինչպես նաև հակառակորդ Ռուսաստանի պրոպագանդիստական մեքենան` իրենց անգրագետ զանգվածների ականջներին և համար ծաղրում էին նախագահ Օբամային և նրան ներկայացնում որպես թույլ ու վախկոտ կառավարիչ, մինչդեռ ճիշտ հակառակն էր:


Հիմա` նույնը նախագահ Բայդենին արեցին, դրան հավելելով` վերջին տարվա առողջական խնդրի` կոգնիտիվ աստիճանական վայրէջքի հանգամանքի անբարո շահագործումը:


Ու աշխարհի բազում տգետ հասարակություններում և հատկապես` տգիտագույնում` հայաստանյանում, նույնպես սկսեցին հավատալ թե իբր Ջո Բայդենը թուլամիտ էր, անկարող և անբան:


Մինչդեռ ճիշտ հակառակն էր:


Նախագահ Բայդենը, Օբամային զուգահեռ և նրանից էլ առավել գոնե ինձ համար այն եզակի նախագահն էր, որի օրոք ես, որպես ամերիկացի (տգետ հարձակվիչներին բացատրենք, որ ամերիկացին էթնոս ու ազգային ծագում չէ) անվերապահորեն հպարտ էի երկրի առաջնորդով և սատարում ու սիրում էի իմ նախագահին:


Եվ ինչպես անձամբ իմ` այնպես էլ միլիոնավոր կրթյալ ամերիկացիների համար, ինչպես նաև պատմության աննալներում Ջոզեֆ Բայդենը կմնա որպես նորագույն շրջանի ամենաբարոյական, ամենափորձառու, ամենամարդկային, ամենահմուտ և ամենակուռ ու ամենաարդյունավետ ամերիկյան պետական գործիչը:


Որպես հայ, ես նաև երախտապարտ եմ նախագահ Բայդենին, որ մի քանի տարով երկարացրեց հայության գոյությունը Հայաստանում: Առանց Բայդենի այսօր իսկ չէին լինի ոչ միայն Ջերմուկն ու Վարդենիսը, ողջ Սյունիքն ու Տավուշը, այլև ողջ Հայաստանը, անգամ այս` ներկայիս ձևական առումով: Այլ հարց է, որ այդ անգնահատելի ժամանակը հայերը սովորականի պես մսխեցին ու հիմա էլի մնացին ճակատագրի քմահաճույքին:


Նախագահ Բայդենը Ամերիկայի լավագույն և բարձրագույն որակների մարմնացումն էր և պատմությունը դա վստահորեն ժամանակի հետ ավելի ու ավելի է արձանագրելու:


Հիմա այլևս Ամերիկայի ճակատագիրը կորոշվի հաջորդ դեմոկրատական թեկնածուի անձով պայմանավորված: Ու դրանից բխող` ընտրությունների արդյունքով:


Սակայն ոչ միայն Ամերիկայի: Նաև` Ուկրաինայի և իհարկե ու անվերապահորեն` նաև Հայաստանի:


Շնորհակակությու´ն, նախագահ Բայդեն:


Աստված պահապան Ձեզ և Միացյալ Նահանգներին:


Հայկ Մարտիրոսյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page