top of page

Թող 2023-ին վերջապես ավարտվի 2020-ը

31.12.2022

2020 թվականը շարունակվում է: Պարտությանը հաջորդող Նոր տարին, 2022-ի եւ այս Ամանորը, իմ ընկալմամբ նույնն են, Հայաստանի սեւ շրջանի շղթայի մեջ են: Ոմանց համար գուցե կյանքը շարունակվում է, ինչ եղել՝ եղել է: Ինձ համար՝ ոչ, որովհետեւ «ինչ եղել է», շարունակվում է: Խոսքն, իհարկե, իմ անձնական կյանքի մասին չէ, որտեղ, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է, այլ իմ պետության կյանքի մասին:


«Ձախողում ոչ մի համակարգում չի եղել», – ամփոփելով տարին՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ղեկավարը այն երկրի, որը 2022 թվականին կորցրել է տասնյակ քառակուսի կիլոմետրեր իր ինքնիշխան տարածքից, ինչի շնորհիվ, մասնավորապես, թշնամու զինվորներն առանց հեռադիտակի տեսնում են Սեւանա լիճը եւ Ջերմուկը: Մնացած ձախողումները չթվարկեմ:


Սովորաբար իշխանության կողմնակիցներն այդ արձանագրումներին պատասխանում են՝ «բա ընդդիմությո՞ւնը»: Դա ինձ համար փաստարկ չի. եթե իշխանությունը ձախողվել է, ապա դա չի նշանակում, որ ընդդիմությունը տպավորիչ հաջողությունների է հասել: Ընդդիմությունն անցած 2020, 2021 եւ 2022 թվականներին ոչ միայն ձախողվել է, այլեւ խայտառակ է եղել, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչպես են այս ընդդիմադիրները պատրաստվում շարունակել իրենց քաղաքական գործունեությունը:


Իմ հույսերը քաղաքական համակարգի հետ կապված չեն: Իմ հույսը, այնուամենայնիվ, հայ ժողովուրդն է: Այո, մեր ժողովրդի այն մասը, որն ապրում է Հայաստանում, առայժմ խաբված է եւ մոլորված. իշխանության՝ չափազանց արդյունավետ քարոզչության ազդեցության տակ Արցախի մեր հայրենակիցներին կամ Հայոց պետականությանն աջակցելու ցանկացած կոչ վերաձեւակերպվում է որպես «նախկինների ռեւանշ», «նորից թալանելու ցանկություն» կամ (դա արդեն վերջին տարվա պատում է) «հինգերորդ շարասյան» դավեր:


Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես մոլորված են՝ չգիտեն, թե ինչ է պետք անել: Կամ, գուցե, մի քիչ էլ հիասթափված են, նեղացած են մեզանից՝ հայաստանցիներից, որ մենք չենք արդարացրել իրենց ակնկալիքները հայոց պետականությունից:


Եվ այս պահին մեր ժողովրդի միակ մասը, որը գիտի, թե ինչ է ուզում եւ ինչ պետք է անի, 120 հազար արցախցիներն են: Դա քիչ չի: Արցախից է, վստահ եմ, սկսվելու ազգային նոր զարթոնքը:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»

լլլլ.jpg
bottom of page