top of page

Ինչո՞ւ ենք մենք այդքան մեծ շուքով տոնում Նոր տարին՝ երկրորդ պլան թողնելով գլխավոր տոնը՝ Սուրբ Ծնունդը

  • YO
  • 1 янв. 2024 г.
  • 2 мин. чтения

01.01.2024



Ոչ բավականաչափ լուսավորյալները նոր տարվա գիշերը դիտում են որպես պարզ ուրախության ժամ: Նրանք չեն գիտակցում ժամը 12-ի աստվածային խորհուրդը ու չեն կարևորում այն:


Օրինակ Նյու Յորքում տուրիստները հավաքվում են Թայմզ Սքուեյրում, որտեղ հաստ ձողի վրայով դանդաղ դեպի ներքև է իջնում բյուրեղապակե կտորներից կազմված թանկարժեք գունդը:


Քեֆ են անում 12-ից մինչև ժամը 1-ը կամ 2-ը, հետո գնում քնելու: Առավոտյան բոլորն աշխատանքի են: Օրը սովորական է:


Լոսում նույնն է` բացառությամբ հայերի և ռուսների: Դրանք հայոց ազգային սրբազան ծեսերին են հետևում:


Ու այդպես` ամենուր: Առանց որևէ հատուկ պատրաստության` փարթի նայթ, հետո` շուտ քնելու:


Քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհում տարեվերջին համընկնող իրական տոնը Սուրբ Ծնունդն է: Արևմուտքում և այլուր այն սրբազան տոն է` Հիսուսի ծննդյան օրը, որին պատրաստվում են ընդամենը միմյանց նվերներ առնելով և խիստ նեղ ընտանեկան սեղանի շուրջ երեկոյան ընթրելով:


Առավոտյան էլի սովորական օր է:


Ռուսաստանը միշտ է տոնամեռ և տոնամոլ եղել: Ամենշաբաթյա հսկայական համերգները ռուս էստրադայի սնմակարդակ և գրոտեսկային աստղափոշիների մասնակցությամբ` օրինակ:


Օղին կա, սելյոդկային փոխարինած սաղմոնը կա` ուրեմն տոն է: Ամեն օր: Անգամ երբ իրենց օկուպանտ զավակները շունչներն են փչում ճակատում:


Նախքան հեղափոխությունը Ռուսաստանում ևս Սուրբ Ծնունդն էր տոնը: Իհարկե շատ ավելի շքեղ քան հիմա:


Գալով իշխանության` բոլշևիկները, Սուրբ Ծննդյան տոնից կտրելու համար ամբոխին, հորինեցին հունվարի մեկը ոուպես ամենագլխավոր տոն: Սահմանեցին հսկա հանգստյան ժամկետ և սկսեցին տարածել այդ բոլշևիկյան տենդենցը` նաև իրենց գաղութներում: Օրինակ` Հայաստանում:


Ու մենք, որպես պաշտոնապես առաջին քրիստոնյա ազգ, շատ արագ մոռացանք Քրիստոսի ծննդյան տոնն ու ազգային սրբազան տոն դարձրինք Նոր Տարին:


Հայկական Կաղանդ պապը («Տարեսկզբի պապ») կամ անգամ Սանտա Կլաուսը, որ Սուրբ Նիքոլասն է` կիլիկեցի հույն կամ գուցեև հայ Նիկողայոսը, դարձավ ռուս մուժիկ Ձմեռ պապ: Որ հանկարծ սուրբ չլինի ու հանկարծ Արևմուտքի հետ ոչ մի առնչություն չունենա: Լինի մառոզ` «Սառնամանիք Պապ»: Ինչպես Սիբիրում: Կամ թյուրքերի նախահայրենիք ռուսական Ալթայում:


Որպես ընտանեկան արժեքների կրող բացառիկ սեքսուալության տեր կանանց ազգային սիմվոլ` ռուսները հնարեցին նաև «Ձյունանուշիկին» ու բոլորին` սեփական բատրակներին թե վասալ ճորտերին հրամայեցին սաստիկ ուրախանալ երեսունմեկի գիշերը:


Որպես խիստ ավանդապահ և հյուրասեր` Հայաստանն անմիջապես այդ տոնին ավելացրեց ահռելի առևտրի անհրաժեշտությունը, խոզի բդի ու ոչ միայն բդի պաշտամունքը:


Լակելն ու մոլի լափելը օրվա պարտադիր բաղկացուցիչն են: Ուրախանալը` պարտադիր հոգեվիճակը:


Սովետը կարծես թե չկա, բայց բոլշևիզմը հիմա արդեն համակարգային է դարձել ու ստամոքսի աստվածության պայմաններում Քրիստոս աստծո ծնունդը ձևական փոքրիկ մի բան է, իսկ օրացուցային օրվա և տարվա փոխվելը` ամեն ինչ` ազգային տոն, սրբազան մի ծես, պարտադիր մի խորհուրդ:


Եվ սկսվում են ավելի շատ կորուստներով ու մահերով լեցուն լինելիք գալիք տարվա համար հրաշափառ մաղթանքները, երջանկություն, ծափ, ծիծաղ, մոլագար պար, քեֆ ու ուրախություն:


Իսկ առավոտից փոխայցելություններ: Վատագույն դեպքում` զանգեր: Նվերներով, խմիչքներով, վարկով կամ անվարկ վերցված գումարներով փռված պայթող սեղաններով ուղեկցվող պարտադիր լափով և չգիտես ինչ խորհուրդ ունեցող մոլի տոնակատարությամբ:


Ու ամեն տարի` երկրի կործանմանը զուգահեռ` քեֆն ավելի է սաստկանում:

Այս տարին առավել ճոխ է լինելու: Չի կարող բոլշևիկների հանրույթը բոլշևիկաբար չտոնել սեփական հայրենիքի վաճառքը, սեփական ազգի գաղթականությունն ու սեփական ապագայի այլևս անվերադարձ կորուստը:


Չի կարելի չտոնել ահռելի զոհերի թարմ գերեզմանները, առաջիկա կորուստներն ու այս գալիք տարվա զոհերը:


Չի կարելի: Բա երեխաները՞: Ինչ անում է հանրույթը` երեխաների համար է անում: Որ նրանք անհոգ և ուրախ մեծանան և դեգեներատությամբ գերազանցեն իրենց ծնողներին:


Ուրեմն շնորհավոր սրբազան Նոր տարի, տավարիշչ ժողովուրդ իմ: Քեզ ավելի ավելի շատ նիկոլներ եմ մաղթում ու այն ամենն ինչ այս տարի ինքդ ես դու սիրով տոնում:


Ս նովիմ գոդոմ, ս նովիմ սչասծյեմ ...


Հայկ Մարտիրոսյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page