
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը»,–գրել է նա։
Համաձայն տեղեկության` Հայաստան է բերվում`
120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
Ավինյանը տեղեկացրել է նաև, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիները, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ–ն Հայաստանին որպես օգնություն տրամադրել է 2000 թեստ, իսկ Ռուսաստանը` շարժական ախտորոշիչ կայան։