ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։ Տեղեկությունը հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և յուրացրել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:
«Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առքուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել որպես որդու սեփականություն:
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Նշենք, որ 2009 թվականի մարտին` նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Երևանի քաղաքապետ էր նշանակվել Գագիկ Բեգլարյանը:
Հետո, երբ, 2009-ի մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանիների խորհրդում մեծամասնություն ստացավ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը 4 տարի ժամկետով հաստատվեց քաղաքապետի պաշտոնում: