top of page

«Միակ համբուրելի ձեռքը». Սիլվա Կապուտիկյանը Վազգեն Վեհափառի մասին


«Դեռ 1994 թվականի գարնանից լուր տարածվեց, որ կաթողիկոսը ծանր հիվանդ է: Գնալով լուրերը ճշգրտվեցին, իսկ օգոստոսին օրեցօր մոտենում էր վախճանը: Բժիշկները արգելել էին հիվանդին այցելելը: Այնուամենայնիվ ես փորձեցի այցելել և Վեհափառի հավատարիմ սպասավոր, ողջ ընտանիքով սրտաշարժորեն իր խնամյալին նվիրված Ազատի միջոցով ստացա Վեհափառի համաձայնությունը:


Հիվանդը պառկած էր առաձնատան առաջին հարկի փոքրիկ ննջասենյակում:


Բարևս ընդունեց գլխի հազիվ նկատելի մի շարժումով: Հայացքը մարած էր, անհաղորդ: Նստել էի մահճակալի կողքին և չգիտեի` ինչ խոսեմ: Ինքն էլ չէր խոսում: Ուժերս հավաքելով` հազիվ կարողացա արտաբերել.


- Վեհափառ, ոչինչ չունե՞ք ինձ ասելու:


- Ոչինչ,- եղավ պատասխանը, ու նորից լռություն:


Հեռանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեր Վեհափառը, աշխարհից, մեզնից, ինքն իրենից: Վերմակի վրա անզոր ընկած էր ձեռքը՝ գունատ, գեղեցիկ, ազնվական ձեռքը, որ պահ առ պահ դադարում էր Կաթողիկոսի աջ լինելուց...


... Ես այդպես էլ չհամբուրեցի այդ աջը, երբ ավյունով լի էր, կենդանի, բաբախուն: Ամեն ձեռքսեղմումի խոնարհվում էի, երկյուղածությամբ մի պահ համենում էի այդ ձեռքի վրա, բայց չգիտես ինչու, հակոտնյա դաստիարակությո՞ւնս էր պատճառը, ներքին հավատավոր մղումի պակա՞սը, ուրեմն և ինչ-որ տեղ ձևանալու և դրանո՛վ իսկ դիմացինին վիրավորելու մտավախությո՞ւնը,- չէի համբուրում: Մինչև օրս էլ զղջումի, ափսոսանքի բարակ մի ցավ է երկարում իմ սրտում՝ ինչո՞ւ չէի համբուրում: Մինչդեռ ութսունվեցամյա կյանքիս ընթացքում անթիվ, անհամար ձեռքսեղմումների ու ողջագուրումների մեջ դա այն ձեռքն էր, որ պետք է համբուրեի:


Միակ համբուրելի ձեռքը»:

«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page