top of page

Պատերազմ Իրանի և Ադրբեջանի միջև՝ Իսրայելի հովանու ներքո. հնրարավո՞ր է այն

  • 12 июн. 2023 г.
  • 4 мин. чтения

12.06.2023

Իրանա-ադրբեջանական հարաբերություններն այսօր սերտորեն առնչվում են մի կողմից՝ հայկական, մյուս կողմից էլ՝ թուրք-իսրայելական գործոնների հետ: Իրանն իր հարեւան պետությունների հետ ունի բազմաթիվ սահմանային խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ հետեւողական քայլեր է ձեռնարկում: Ուստի, Թեհրանը շահագրգռված չէ, հանձին Ադրբեջանի, իր սահմաններում լարվածության նոր օջախի ականատեսը դառնալ: Բաքուն էլ, հաշվի առնելով Իրանի հետ ռազմական բախման անկանխատեսելի հետեւանքները, պատրաստ չէ ամեն գնով արկածախնդրության գնալ: Հետեւաբար, ռազմական բախումից խուսափելու համար, հակամարտող կողմերն այսօր գործի են դնում իրենց բոլոր հնարավորությունները, փորձելով, սակայն, սեփական ներգրավվածությունն ապահովել ետնաբեմում ընթացող քարոզչական պատերազմում, որի տարբեր ճամբարներում դիրքավորված պետություններից յուրաքանրչյուրն իր շահն է հետապնդում:

Այս օրերին նոր թափ է ստացել Թեհրանին ուղղված Բաքվի ոչ բարեկամական հռետորաբանությունը եւ, բնականաբար, դրան հետեւած՝ Թեհրանի համարժեք արձագանքը:

Խոսքն այն մասին է, որ հունիսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ կոչ անելով իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ էր տրվել զգոն լինել: Դրան ի պատասխան, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան էջում համոզմունք էր հայտնել, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի վերջերս Բաքու կատարած այցելությունն է իր ազդեցությունը թողել Իրանի նկատմամբ Ադրբեջանի վարած ոչ բարեկամական քաղաքականության վրա:

Ադրբեջանի ու Իսրայելի մերձեցմանը նպաստող գործոնները

Իսրայելի հետ հարաբերութունները սերտացնելով՝ Ադրբեջանը ոչ միայն հարստացնում է իր զինանոցն ու ընդլայնում դաշնակիցների շրջանակը, այլ փորձում է նաեւ հրեական լոբբիի միջոցով հակադրվել հայկական լոբբիին: 1999 թվականին, դեռեւս «գահաժառանգի» կարգավիճակով Վաշինգտոն այցելած Իլհամ Ալիեւը խոսել էր ԱՄՆ-ի հայկական լոբբիին հակակշռող հրեական լոբբիի ակտիվ գործունեության մասին, գոհունակությամբ նշելով, որ հանձին հրեական լոբբիի, Ադրբեջանն ԱՄՆ-ում ունի իր սեփականը: Նա իրավացիորեն համոզմունք էր հայտնել, որ հրեական լոբբին հայկականից ավելի զորեղ է:

Ակնհայտ է նաեւ Ադրբեջանին մերձենալու Իսրայելի շարժառիթները:


Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաղեստինյան հարցը հրեական լոբբիի գործունեության ոլորտի հիմնական բաղկացուցիչը չէ, եւ այն առավելապես հակաիրանական ուղղվածություն ունի, որն էլ հանդիսանում է Ադրբեջանի ու Իսրայելի համագործակցության առանցքը:

Իրանի ու Ադրբեջանի միջեւ վերջին շրջանի լարվածության մեջ ազերիա-հրեական լոբբիզմի ազդեցությունն ակնհայտ է: Հատկապես վերջին տարիներին ազերիա-հրեական լոբբիստական խմբերը միեւնույն նպատակի շուրջ համախմբվելով, աշխատանքներ են տանում հայկական ու հունական լոբբիների դեմ: Հրեական լոբբիի նկատմամբ հայկականի նվազ ակտիվ լինելու պատճառներից է այն իրողությունը, որ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները սերտացնելու համար, Բաքուն օգտագործել է նաեւ ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Իսկ հայ-իրանական ու հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ Արեւմուտքի վերապահ ու երկբայական վերաբերմունքը բոլորին է հայտնի: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները Բաքվի համար մշտապես շահեկան են եղել:


Օրինակ, Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվին հնարավորություն է տվել ժամանակակից զենք ու զինաթերք ձեռք բերել Իսրայելից: Հայկական լոբբիի ջանքների շնորհիվ էլ ԱՄՆ-ը ու Եվրոպական երկրները Ադրբեջանին զենք չեն վաճառում: Այդ պատաճառով էլ Բաքվի զենքի մատակարարման հիմնական աղբյուրները, ՌԴ-ից բացի, Թուրքիան, Իսրայելն ու Պակիստանն են:

Իսրայելական «ՀԱԱՐԵՑ» թերթի կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականից սկսած ադրբեջանական ԻԼ-76 օդանավերը առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվադա» օդանավակայանում, որի մասին շաբաթներ առաջ թարգմանաբար գրել էր «Ազգ»ը: Ազերիական լոբբի

Բաքուն վերջին տարիներին Արեւմուտքում իր սեփական լոբբիի ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում, այդ նպատակին տրամադրելով ահռելի դրամական միջոցներ: Ազերիական լոբբին իր նախատեսած ծրագրերն իրականացնելու համար ունի հետեւյալ նախադրյալները՝ * Եվրոպային էներգակիրերի մատակարարման հարցում Ադրբեջանի կարեւոր դերակատարությունը, * Մեծամասնությամբ մուսուլմաններով բնակեցված, սակայն կառավարման աշխարհիկ համակարգն ընտրած Ադրբեջանի իմիջը, * Արեւմուտքի պատկերացմամբ՝ տարբեր կրոնների նեկայացուցիչների խաղաղ գոյակցության համար Արբեջանում առկա բարենպաստ պայմանները (խոսքն, անշուշտ, վերաբերում է միայն ադրբեջանաբնակ հրեաներին) * Ժողովրդավարական ավանդույթներից զուրկ Ադրբեջանի ժողովրդավարեցման հետագա գործընթացքին նպաստելու միջազգային հանրության շահագրգռվածությունը:

Հայտնի է, որ տարիներ շարունակ «խավիարային դիվանագիտությունն» ու թանկարժեք նվերների մատուցումն օգտագործվել է ազերիական լոբբիզմը սնուցանելու համար: Խորհրդային տարիներին բարձրաստիճան պաշտոնյաներին ադրբեջանական խավիար նվիրաբերելու ավանդույթը հայտնի է բոլորին: 2017 թվականին անգլիական «Գարդիան» պարբերականը հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ խոսվում է լոբբիստական աշխատանքներին, ինչպես նաեւ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններին շահագրգռելու համար Բաքվի կողմից շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող բյուջետային հատկացումների մասին: Ադրբեջանական ընկերությունների հետ փոխկապակցված անգլիական բանկերի հաշվին փոխանցվող այդ գումարները ծախսվել են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իրանում, Թուրքիայում եւ Ղազախստանում: Հրապարակման համաձայն, միայն 2012-2014 թվականներին Բաքվից գումարային փոխանցումների քանակը կազմել է շուրջ 16 հազար անգամ: Փոխանցումներից մեկի հասցեատերը CNN-ի նախկին պրոդուսեր Eckart Sager-ն էր, որը Ադրբեջանի հետ փոխկապակցված բանկից ստացել է 2 մլն ԱՄՆ դոլար:

Մեկ այլ փոխանցում էլ կապված է Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինցի անվան հետ, որը Գերմանիա-Ադրբեջան հարաբերությունները համակարգող կազմակերպություն հիմնադրելու համար Բաքվից ստացել էր 819,500 եվրո գումար:

2021 թվականին Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր եւ Եվրախորհրդարանի նախկին անդամ Լուկա Վոլոնտեն կոռուպցիայի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իտալական «La Republica» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը ճանաչել է, որ Վոլոնտեն չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից ստանալով կես միլիոն եվրո:

Վոլոնտեին պարգեւատրել են դեռեւս 2013-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի ընդունումը ձախողելու համար: Հետաքննություն անցկացնող կենտրոնի ներկայացրած վարկածի համաձայն՝ դրա դիմաց նրան խոստացել են 10 մլն եվրո, որից նա կարողացել էր ստանալ ընդամենը 2.4 մլն եվրո:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Կալին Միտրեւը Բաքվի օգտին կատարած լոբբիստական աշխատանքների դիմաց առնվազն մեկ անգամ 425 հազար եվրո կաշառք է ստացել: Ուշագրավն այն է, որ վերջինիս տիկինը՝ Իրինա Բուկովան տվյալ ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն էր, եւ Ալիեւի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային է հանձնել այդ կազմակերպության ամենապատվավոր շքանշաններից մեկը՝ Մոցարտի անվան շքանշանը, եւ վերջինիս հասցեին գովեստի խոսքեր շռայլելիս՝ Ադրբեջանն անվանել է «հանդուրժողականության երկիր»:

Ազերիական լոբբին, որի սնուցումը կատարվում է Ադրբեջանի կառավարության կողմից, իր դաշնակից երկրների լոբբիստական կազմակերպությունների օժանդակությամբ շարունակում է ընդլայնել իր ցանցն ու ակտիվացնել աշխատանքները: Որքանո՞վ են համարժեք այդ ուղղությամբ կատարվող Հայաստանի կառավարության ջանքերը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ Իրանագետ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page