top of page

Ռուսաստանի ալիբին՝ Հայաստանը թուրքերին հանձնելուց առաջ

13.02.2023

«Հայաստանը փոխում է աշխարհքաղաքական վեկտորը։ Ռուսաստանի հեռանալու դեպքում վակուումը լցնելու է ոչ թե Արեւմուտքը, այլ Թուրքիան։ Հայաստանը փոխում է դաշնակիցներին, Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից։


Մոսկվայում անհանգստացած են դրանից։ Հայաստանը եվրոպացի դիտորդներին հրավիրել է, որ հետեւեն ռուսական զորքի տեղաշարժին»․ Մոսկվայի էմիսարներն ու տեղացի գեոպոլիտիկուսները Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ հրահանգավորումից հետո հիմա անցել են այս թեմաներին։


Դա բնականաբար արվում է իրադարձությունների պատճառահետեւանքային կապի գիտակցված նենգափոխումներով եւ «Ռուսաստանը հիմա ստիպված է կենտրոնանալ Ուկրաինայում, մեծանում է ՌԴ կախվածությունը Թուրքիայից, որը միակ պատուհանն է ՌԴ համար, ՌԴ-ն չի կարող դեմ գնալ Թուրքիային, ՌԴ-ն չի կարող Հայաստանի կողմից լինել, այդ պատճառով կատարում է մոդերատորի դեր, որը միակ հնարավորությունն է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության եւ ընդհանրապես հայկական շահերի պահպանման, հակառակ դեպքում տեղի կունենա այն, ինչ եղավ Կրայինայում (սերբական երկրամաս Խորվաթիայում․ խմբ)» եւ նման խեղկատակ «հիմնավորումներով» (տես այստեղ)։ Որպեսզի դրանք ավելի համոզիչ հնչեն՝ հայերի հանդեպ հոգատարության հուզիչ խոսքեր են հնչում, բնականաբար ռուսական ավանդական ոճով՝ մենք չլինեինք՝ ձեզ վաղուց կերած կլինեին։ Երեւանում ՌԴ դեսպանը ավելի կոնկրետ է արտահայտվել։


Դուք չլինեիք՝ Հայաստանն ավելի մեծ տարածքով, բնակչությամբ ու միջազգային դերակատարությամբ պետություն կլիներ՝ կարող են հակադարձել հայերը եւ հիշեցնել 1919 թ․ Լենին-Աթաթուրք պակտը, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական պայմանագրերն ու Հայաստանի առաջին հանրապետության վերացումը, Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնի իրավարար վճիռը, որոնք չեզոքացվեցին ռուս-թուրքական պակտով, որը գործում է նաեւ այսօր։


Հայերը կարող են ռուսների երեսին շպրտել, որ մոդերատոր կարող է լինել գերտերությունը, որը համապատասխան տնտեսական, ռազմական, արժեքային ռեսուրսների է տիրապետում եւ ընդունակ է պահպանել իր իսկ պարտավորությունները, իսկ Ռուսաստանը ոչ միայն այդպիսին չէ, այլեւ տվյալ դեպքում հակամարտության կողմ է ընդդեմ Հայաստանի՝ Անկարայի ու Բաքվի հետ, հայկական հողերի գող ու ցեղասպան։


Դե, իսկ Արցախն էլ Կրայինա է դառնում բացառապես Ալիեւին Պուտինի տված իրավունքով՝ կտրվում է կապը Հայաստանի հետ եւ գետտոյացվում է՝ բնիկներից մաքրելուց առաջ։ Այս «միջանկյալ փուլը» ռուսներին անհրաժեշտ ժամկետն է նահանջի իրենց ռազմավարությունում մի շարք խնդիրներ լուծելու համար։


Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը ՀՀ իշխանության համաձայնությամբ լուծարելուց հետո եռակողմ կրկեսը փրկելու խնդիր է առաջացել, եւ Մոսկվայում որոշել են այն բարձրացնել «աշխարհքաղաքական մակարդակի»․ Կրեմլի կոյուղատարներից հորդող ավանդական քարոզչությանը չեն հավատում անգամ ամենադյուրահավատ հայերը, եւ հիմա պետք է հայ ազգի գլուխն արդուկել մի քիչ այլ կողմից ու այլ ձեւով։ Նպատակը՝ հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարվելն ի շահ Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչն իրագործում է քպ-ական իշխանությունը։


Ռուսները Կովկասից իրենց անխուսափելի նահանջից առաջ իրենց համար ալիբի են ստեղծում հայկական պետականությունը վերացնելու եւ Կովկասը թուրքերին հանձնելու ծրագրերի համար։ Ալիբիի բովանդակությունը հոդվածի հենց առաջին երկու պարբերություններն են։ Օրիենտացիան փոխելու բլեֆը խաղարկվում է քպ-ական ազգակործան իշխանության միմոսություններով եւ նրան սպասարկող «արեւմտամետ» մեդիա-փորձագետների սազանդարությամբ։ Դե, իսկ ՔՊ-ի հենակ ռուսանպաստ «ընդդիմադիր» խմբերը կազմ ու պատրաստ են՝ Նիկոլին պետք լինի՝ վրաններ էլ կխփեն։


«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page