top of page

Վերադառնալու ենք Արցախ և գիտենք ինչպես. Ժիրայր Սեֆիլյանի պլանը

01.10.2023



ԱԺԲ հանրահավաք-երթին ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն իր ելույթում անդրադարձել է ստեղծված անվտանգության նոր իրավիճակին եւ ազգային պաշտպանության խնդիրներին, կոչ անելով մոբիլիզացիայի։ Իր ելույթում նա ասել է․


«Այն, ինչ կատարվեց օրեր առաջ, այսինքն՝ զինաթափված Արցախ, մեզ համար անվտանգության նոր վիճակ է ստեղծել։ Նույնիսկ շրջափակված Արցախը երբ զինաթփված չէր, լուրջ գործոն էր պաշտպանական տրամաբանությամբ եւ որոշ չափով շարունակում էր իր վահան լինելը Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն, ինչպես ասացի, այժմ նոր վիճակ է, եւ մենք ստիպված ենք այս նոր վիճակին համապատասխան գործել։


Վերջին տարիներին մենք հաճախ պնդում էինք, որ քաղաքական խրամատները գտնվում են Երեւանում եւ ոչ թե սահմաններում։ Սակայն, երբ այսօր առկա է այս գերվտանգավոր վիճակը, մենք ստիպված ենք երկու ուղղությամբ գործել, այսինքն՝ Երեւանում ժողովրդի մոբիլիզացիան ապահովելու նպատակով, որ այժմ դրա մեջ ենք, դրան զուգահեռ պետք է նախապատրաստվենք պաշտպանության։ Մասնավորապես, Սյունիքի պաշտպանությանը։


Ինչպես ասացի, մենք այլեւս մի ճակատով չէ, որ պայքարում ենք, ավելացել է նոր ճակատ։ Այսօրվանից հայտարարում եմ այդ մասին եւ կոչ եմ անում բոլոր լուրջ հայ մարդկանց ցուցակագրվել պաշտպանությանը պատրաստվելու նպատակով։ Իմ հայտարարության տեքստը կդրվի շրջանառության մեջ եւ համապատասխան մեխանիզմով այդ ցուցակագրումը կսկսի։


Այս օրերին ես հանդիպումներ եմ ունեցել նախկին զինվորականների, այսինքն՝ թոշակի դուրս եկած զինվորականների, հիմնականում զորամասերի հրամանատարների, որոնց հետ խելք-խելքի տալով մենք պատրաստվելու ենք այդ պաշտպանությանը։


Առիթից օգտվելով կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ 90-ականների սկզբից սկսյալ, որոնց թիվը քիչ չէ, առնվազն 2 հազարից ավելին է․ այս 30 տարիների ընթացքում տարաբնույթ պատճառներով գտնվում ենք պառակտված վիճակում, բայց ժամանակին մի ընտանիք էինք եւ մարտնչում էինք թշնամու դեմ, խնդրում եմ բոլորիդ համախմբվել այս նոր Սարդարապատի նախօրյակին, այս նոր պաշտպանության կազմակերպման նպատակով։ Հասկանալի է, այսօր ձեզնից շատերի տարիքը բավական հասունացել է, շատերի առողջականը այն չէ, սակայն բարեբախտաբար շատերդ կազմել եք ընտանիքներ, վստահ եմ ունեք նաեւ մեծ շրջապատ։ Կոչ եմ անում Ձեզ բոլորիդ անխտիր, անկախ այն հանգամանքից, թե նախորդող տասնամյակներին ինչ-ինչ պատճառներով մենք իրարից հեռացել ենք, այժմ մեր համախմբվելու պահն է։


Ես նաեւ կոչ եմ անում Արցախից պարտադրաբար այստեղ եկած հազարավոր մարտիկներին՝ լինեն շարքայիններ թե սպաներ, հնարավորինս շուտ միանաք այս պաշտպանական նախապատրաստական աշխատանքին։ Բարեբախտաբար շատերիդ ճանաչում ենք եւ շատերիդ մենք կմոտենանք, ես մեծ հույս ունեմ, որ արցախցի մարտիկները, որոնք իրենք իրենց աչքերով տեսան կատարված դավաճանությունը, նրանք կհասկանան մեր այս գործընթացի նշանակությունը։


Իրենք հասկացել են արդեն, որ չունենք պետություն, եթե պետություն լիներ, այդ քաոսը չէր լինի ամսի 20-ից սկսյալ, եթե պետություն լիներ, անցած երեք տարիների ընթացքում Արցախում կնախապատրաստվեինք պատերազմի, պաշտպանվելու, ծայրահեղ դեպքում կանանց ու երեխաներին դուրս հանելու եւ զենքը ձեռքներիս մնալու մարտնչելու մեր սուրբ հայրենիքում։ Դուք տեսաք այդ բոլորը, տեսաք ինչպիսի դավաճանություն տեղի ունեցավ, երբ բոլորիդ պարտադրվեց զինաթափվել։ Կարծում եմ, որ այս զինաթափումը պետք է լինի հայ ժողովրդի պատմության վերջին զինաթափումը։ Այլեւս ոչ մի զինաթափում։


Մենք թույլ չենք տալու, որ Սյունիքն ընկնի Արցախի օրը, լսո՞ւմ եք, ռուսական գործակալներ, լսո՞ւմ եք, ռուսական զորք, որն այժմ Սյունիքում է, թույլ չենք տալու սյունեցիների հետ միասին։ Երեւանում շարունակում ենք այն, ինչին փորձում ենք հասնել այս մեկ ամիսը՝ հասնել կրիտիկական քանակի՝ խոսքը ընդամենը մի քանի տասնյակ հազարի մասին է։ Պիտի դառնանք մի քանի տասնյակ հազար եւ դուրս պիտի գանք Հանրապետության հրապարակ, հետո պիտի գնանք այնտեղ, որտեղ ֆիզիկապես գտնվում է Փաշինյանը եւ պարտադրենք նրա հրաժարականը։ Եթե ոչ, մտնելու ենք նրա մոտ, վզից բռնելու ենք շպրտելու ենք դուրս։ Հանրապետության հրապարակ գնացող ժողովուրդ, եկեք այստեղ։ Հանրապետության հրապարակում ձեզ ուղիղ ճանապարհով չեն տանում, այստեղ է ուղիղ ճանապարհը։ Ինչ ասել ենք՝ անելու ենք», ասել է նա։


Նա դիմել է արցախցիներին․ «շուտով հետ եք վերադառնալու, չկասկածեք։ Այս բռնագաղթը չի նմանվելու Շահումյանի բռնագաղթին, Գետաշենի բռնագաղթին։ Չենք թողնելու, շատ շուտ հետ եք վերադառնալու։ Մեր խնդրանքն է՝ չլքել Հայաստանը»։


Նա ասել է, թե ինչպես է դա տեղի ունենալու․ «Հետ ենք վերադառնալու Արցախ։ Ինչպե՞ս․ այժմ կասեմ ինչպես։ Առաջնահերթորեն, Երեւանում ձեւավորելով ազգային-քաղաքական գլուխ։ Արցախ մուտք են գործում միջազգային խաղաղապահ զորքեր՝ անվտանգության երաշխիքով։ Մեր ժողովուրդը վերադառնում է Արցախ, այսօրվա սահմաններով Արցախ։ Մինչ այդ, Հայաստանում օրնիբուն աշխատում ենք, պետություն կառուցելուն զուգահեռ՝ ազգ-բանակ պաշտպանական համակարգի կառուցումը, հայկական հզոր բանակի կառուցումը, ազատագրական հայկական բանակի կառուցումը, որը կարճ ժամանակ անց ադրբեջանին ասելու է՝ դուրս արի գրավյալ տարածքներից։ Ոչ միայն Լեռնային Արցախից, այլեւ դաշտային Արցախից, Գարդմանքից, Նախիջեւանից, եթե ոչ՝ մենք ձեզ ուժով դուրս կդնենք։ Հեռու չէ այդ օրը, համախմբվենք, ժողովուրդ»։

Kommentarer


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page