06.06.2023
Չառլի Չապլինը XX դարի մեծագույն դերասան է եւ եզակի համամարդկային արժեքներ կրող մարդ։ Սակայն քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանության տարիներին Չապլինը հիմնել է Հայ երեխաների օգնության հիմնադրամ, որին փոխանցել է հավաքած ողջ գումարը։ Չառլին շրջել է ամբողջ Եվրոպայով, հավաքել 1 միլիոն ԱՄՆ դոլար (որն այժմ հավասար է 15 միլիոն դոլարի) եւ ողջ գումարը նվիրաբերել է Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին։ Նա անձամբ է այցելել երեխաներին, օգնել է կառուցել մանկատներ եւ հատուկ վերականգնողական կենտրոններ՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։
Հենց այդ ժամանակ է Չառլին նկարահանում հայտնի «Փոքրիկը» ֆիլմը, որտեղ խաղում է տխուր եւ անմեղ բնավորությամբ խեղճ տղայի դերը, ով ինչ-որ տեղ հայ որբերին էր հիշեցնում։ Վիլյամ Սարոյանը հակադրվում է տարածված այն տեսակետին, ըստ որի՝ Չապլինն իր ֆիլմերում «փոքրիկ» մարդ է:
Իրականում դա բնավ այդպես չէ: «…Նա այդ ֆիլմերում միայնակ մարդ էր, անբուժելի եւ անմխիթար միայնակ մարդ,-գրում է նա:- Ժամանակի ընթացքում մենակությունը վերածվեց հիվանդության եւ այլեւս հնարավոր չէ ծիծաղել ու լացել սեփական մենակության վրա, ինչպես վարվում էր Չապլինն իր արվեստում: Այժմ հարկավոր է որոնել ու գտնել նորանոր հնարավորություններ՝ արվեստ ստեղծել ըմբռնողությունից, հանրամատչելի արվեստ, ինչպիսին կարողանում էր ստեղծել Չապլինը»: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը 1965 թ. հրավիրվում է Շվեյցարիա՝ միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում։ Այդ ժամանակ Չառլին 76 տարեկան էր, մեկուսի ապրում էր Ժնեւից դուրս գտնվող վիլլայում եւ հազվադեպ էր հյուրեր ընդունում։
Զարմանալի է, բայց Խաչատրյանը Չապլինին հյուրընկալվելու հրավեր է ստանում։ Մի քանի ժամ տեւած զրույցից հետո Խաչատրյանը հարցնում է, թե որն է նրա տխուր դեմքի հանելուկը։ Չապլինը, լուռ ժպիտով, Խաչատրյանին տանում է իր առանձնասենյակ, այնտեղ բացում է մի արկղ, որում պահվում էին ջութակահարների ձայնագրություններ, ովքեր կատարում էին հայ հոգեւորական Կոմիտասի ստեղծագործությունը, ով հայտնի է որպես հայ երաժշտության հանճար եւ էթնոերաժշտագիտության ռահվիրա։
Չապլինն ասում է, որ դա իր սիրած երգերից է, եւ միշտ լսում է, երբ հոգեկան հանգստի կարիք է զգում։ Խաչատրյանին նվիրելով ձայնապնակներից մեկը՝ ավելացնում է. «Կյանքում չափազանց շատ ենք մտածում, չափազանց քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը ջինջ զգացմունքների անվերջ օվկիանոս է…»։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ