top of page

Նշանավոր ֆրանսիահայ ձեռներեց Էրիկ Դադյանը ջանում է Հայաստանում միջազգային մեծ կենտրոն հիմնել

Եվ աշխատատեղեր ստեղծել արցախցիների ու վիրավորված տղաների համար...



31.10.2023


Yerevan Online Magazine-ը սկսում է «Արաքսից Սեն. ֆրանսիահայեր» հոդվածների շարքը, որի նպատակն է լուսաբանել Ֆրանսիայում հայկական համայնքի կարկառուն ներկայացուցիչների կյանքն ու գործունեությունը, նրանց տեսլականը Հայաստանի զարգացման մասին։


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բացառիկ հայի մի պատմություն, ով դառնալով Ֆրանսիայի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ազդեցիկ դեմքերից մեկը՝ մշտապես հպարտորեն կրել է հայի անունը՝ տարիներ շարունակ օգնելով Հայաստանին և հանդիսանալով հայերին միավորող օղակ ամբողջ աշխարհում։

Էրիկ Դադյանը ծնվել է Փարիզում՝ Ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում։ Անդրադառնալով Դադյանների ընտանիքի նախապատմությանը՝ նշենք, որ Դադյան ընտանիքը բնակվել է Սան Ստեֆանոյում՝ Բոսֆորի ափին։



Միջնադարում Վանում թագավորած Արծրունիների հետնորդները՝ Դադյանները հաստատվել էին Կոստանդնուպոլսում՝ ի դեմս բանկիր Նիկողոս Ամիրայի (1715-1763), որի որդին՝ Առաքել Դադ Ամիրանը (1753-1812) առաջին Դադյանն էր, որին շնորհվել էր Բարութչի Բաչի տիտղոսը, Բարութանեի (Փոշու գործարանի) գլխավորությամբ, որը Օսմանյան բանակների համար հանդիսանում էր կարևոր հաստատություն։ Մայրական կողմից Էրիկ Դադյանը սերել է Մայիլյանց ընտանիքից, ովքեր Բաքվում բենզինի և խավիարի կայացած բիզնես են ունեցել:


1915թ․ Էրիկ Դադյանի պապը գաղթել է Ֆրանսիա՝ փրկվելու թուրքական ջարդերից և վերագտնելու իր ապրելու և գործելու հնարավորությունը։ Օժտված լինելով ձեռներեցություն իրականացնելու և կապեր հաստատելու մեծ ունակությամբ՝ Դադյանի հայրը շատ արագ դառնում է Փարիզի գործարար միջավայրի կարկառուն դեմքերից մեկը՝ զբաղեցնելով Ֆրանսիայում ձեռներեցների միության (Ֆրանսիայի գործատուների ազգային խորհդի փոքր և միիջին ձեռներեցության խորհրդի, ներկայումս՝ MEDEF-Ֆրանսիայի ընկերությունների շարժում) կառավարիչի պաշտոնը։ Հենց նա դարձավ ապագա հաջողված գործարար Էրիկ Դադյանի մարդու, գործարարի և հայի իդեալական կերպարի կրողը։ Նրա մասնագիտական և անձի կայացմանն ուղղված խորհուրդները Էրիկ Դադյանի համար հետագայում դարձան ճակատարգրական։



Էրիկ Դադյանը ստացավ կրթություն Ֆրանսիայի հայտնի համալսարաններից մեկում՝ Դոֆինում՝ դառնալով ֆինանսների և կառավարման մասնագետ։ Իր աշխատանքային ուղին սկսելով Էս Վե ՊԵ (SVP) զանգերի կենտրոնում՝ Էրիկ Դադյանը կարողացավ կարճ ժամկետում իրեն լավագույն կերպով դրսևորել և դառնալ տեղեկատվական համակարգերի տնօրեն, այնուհետև նաև ընկերությունների խմբի զարգացման տնօրեն։ Շատ արագ հասկանալով ժամանակի հրամայականը և ոլորտի արագ զարգացման հնարավորությունները՝ Էրիկ Դադյանը 1997թ․ որոշում կայացրեց ստեղծել իր ընկերությունը՝ Ինտրա Քոլլ Կենտրոնը՝ իր կուտակած գիտելիքներն ու ինովացիոն մոտեցումներն ամբողջ ուժով կիրառելու հնարավորությունն օգտագործելու համար։ Ինտրա Քոլլ կենտրոնը, որն ամենաառաջին զանգերի կառավարման կենտրոններից էր Ֆրանսիայում, ստեղծեց ավելի քան 1000 աշխատատեղ Ֆրանսիայում, իսկ հետագայում նաև 5000 աշխատատեղ, երբ միավորվեց CCA Ինտերնեյշնլի հետ։


Լինելով իր ամբողջ հոգով հայամետ՝ Էրիկ Դադյանն իր գործունեության շարունակությունը տեսավ կրկին Հայաստանին օգնելու մեջ՝ ստեղծելով Ինտրա Քոլլ Կենտրոն նաև Երևանում՝ ստեղծելով տասնյակ աշխատատեղեր և համագործակցության նոր հնարավորություններ Հայաստանում։


Հանդիսանալով այս ոլորտի առաջամարտիկներից մեկը՝ Էրիկ Դադյանը որոշեց հետևել իր հոր խորհրդին և միավորել ոլորտի ընկերություններին ու 1998թ․ ստեղծել Հաճախորդների հետ կապերի կենտրոնների ֆրանսիական ասոցացիան, որն օգնեց համախմբել ոլորտի ընկերությունների ջանքերը և զարգացնել ոլորտը Ֆրանսիայում։ Հասկանալով զարգացող ոլորտի համար մեծ քանակությամբ աշխատուժի անհրաժեշտությունը՝ Էրիկ Դադյանը մշակեց Ամիենս քաղաքի՝ որպես զանգերի կենտրոնների քաղաքի կերտման հայեցակարգը՝ այդպիսով նաև օգնելով արդյունաբերական ընկերությունների անկման պատճառով աշխատանքից զրկված 4000 մարդու գտնել նոր աշխատանք։ Էրիկ Դադյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց նաև առաջին մասնագիտացված դպրոցը՝ Սուպմեդիակոմը (Supmediacom), որը պատրաստում էր զանգերի կառավարման մասնագետներ ոլորտի բոլոր ընկերությունների համար։ 2015 թվականին Էրվե Նովելիի, Լուի Լը Դաֆի, Թիբո Լեկլերի հետ նա ստեղծեց նաև WikiPME թվային հարթակ ձեռնարկատերերի համար, որտեղ գրանցված են ավելի քան 250,000 անդամ)։



Դադյանը իր գործունեության մեծ մասն ուղղել է հասարակական գործունեությանը՝ օգնելով ընկերություններին ու մարդկանց և այդպիսով նաև կատարելով իր հոր պատգամը՝ երախտագիտություն հայտնելու այն երկրին, որը գրկաբացորեն ընդունել է իրեն և Ցեղասպանությունից մազապուրծ եղած իր ընտանիքին։


Էրիկ Դադյանը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան՝ գործնական և բարեգործական նպատակներով։ Նա ղեկավարեց 2004 թվականին ստեղծված Հայ պրոֆեսիոնալների կենտրոնը՝ ստեղծելու հայ գործարարների համագործակցության շրջանակ։ Էրիկ Դադյանը նաև հանդիսանում է ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) խորհրդի անդամ:


Իր հանրային բազմապրոֆիլ գործունեության համար Էրիկ Դադյանը պարգևատրվել է Ազգային ժողովի շքանշանի և հանդիսանում է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։


Այսօր Էրիկ Դադյանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել հաճախորդի հետ հարաբերությունների կառավարման ոլորտի զարգացման գործում՝ համախմբելով ֆրանսիական ավելի քան 3,500 անդամ-ընկերություն և ներկայացնելով այդ ոլորտի ավելի քան 350,000 աշխատակցի շահեր։ Ասոցացիայի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ներդրվել է հաճախորդների հետ հարաբերությունների մասնագիտական ​​բակալավրիատը, AFNOR որակի ստանդարտացումը և NF ծառայության սերտիֆիկացումը (NF 345), 100% հարաբերությունների հավաստագիրը Ֆրանսիայում և սոցիալական պատասխանատվության պիտակը։


Այսօր Էրիկ Դադյանի մեծագույն նպատակն ու երազանքը կրկին կապված է իր պատմական հայրենիքի հետ․ նա իր ողջ ջանքերն ուղղում է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նախաձեռնությանը։ Նա հայ երիտասարդության մեջ տեսնում է այն ուժը, խելքը և հնարավորությունը, որը կդառնա հիմք Հայաստանի հետագա աճի ու զարգացման համար։ Էրիկ Դադյանը հավատում է, որ Հայաստանը կարող է դառնալ զանգերի կառավարման կենտրոնի նոր կիզակետ՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, մասնավորապես Արցախից բռնի տեղահանվածների, ինչպես նաև պատերազմի արդյունքում վիրավորված մեր հայրենակիցների համար։


Բացառիկ այս հայի երազանքը կրկին ու կրկին օգնելն է, հայերին միավորելն ու այդ ուժը կրկին ուղղելն է դեպի հայրենիք և հենց այս նպատակի իրագործմանն է ուղղված նրա ու նրա ընտանիքի ամբողջ գործունեությունն այսօր ու վաղը։



Թամարա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Yerevan Online Magazine-ի հատուկ թղթակից

Փարիզ, Ֆրանսիա

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page