top of page

«Fly Arna»-ն դադարեցրել է թռիչքները. ֆինանսական խնդիրներ, չեղարկված տոմսեր, սպասողական վիճակ. Հետք

  • 29 янв. 2024 г.
  • 3 мин. чтения

29.01.2024



«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում:


2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել:

Հիշեցնենք, որ այս ավիափոխադրողը հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, աշխատում է ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:


«Ֆլայ Արնան», ըստ հիմնադիրների, աշխատում էր հենց «Air Arabia» բիզնես մոդելով, իսկ վերջինս լոուքոսթեր/բյուջետային ավիաընկերություն է:


Մինչեւ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան եւ Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը:


Դեկտեմբերի սկզբին հայկական մամուլը գրեց, որ ավիաընկերության թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Արձագանքելով լուրերին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, եւ կարծիք հայտնեց, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը հայտարարեց, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։


«Հետքն» էլ գրեց, որ նոյեմբերի վերջին հայկական ռեգիստրից հանվել է ավիափոխադրողի երկու «Airbus A320» տիպի օդանավերից մեկը, որն այնուհետ անցել է «Air Arabia»-ին: Այսինքն՝ հայկական օպերատորին մնացել է միայն մեկ ինքնաթիռ (հայկական գրանցումը՝ EK-YRB, թռիչքները՝ այստեղ):


2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, 2023-ի հոկտեմբերին այն դարձել էր շուրջ 6,8 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել էր եւս 2 մլրդ դրամ ներդնել: Այսպիսով՝ դեկտեմբերից մինչ օրս հայկական ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը 8,8 մլրդ դրամ է:


Նկատենք, որ վերջերս ԱՆԻՖ-ի գործերը նույնպես լավ չէին: Նախորդ ամռանը «Հետքը» գրել էր, որ, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ուսումնասիրելով ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. փաստաթղթերը, եկել էր հետեւյալ եզրակացության. «Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»: Այնուհետ ԿԿՀ-ն նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե, եւ այստեղ քրեական վարույթ է սկսվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նկատենք, որ 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը զուգահեռաբար մինչեւ 2021 թ. ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ. Երեւանի փոխքաղաքապետը:


Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահն այժմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է: Նորակազմ խորհուրդը գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:


«Ֆլայ Արնայի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին մի քանի հարց էինք ուղարկել Տ. Ղազարյանին, սակայն ԱՆԻՖ-ից ստացված պատասխանները բավական խուսափողական են:


Հարցին, թե ինչու են բաժնետերերը 2023-ի տարեվերջին եւս 2 մլրդ դրամ ավելացրել ավիաընկերության կանոնադրական կապիտալին, ԱՆԻՖ-ը հայտնել է, որ պատճառը եղել են «Ֆլայ Արնայում» առաջացած «որոշակի ֆինանսական խնդիրները»: Ֆոնդը չի պատասխանել մեր հարցերին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից այս կողմ թռիչքներ չի կատարում, իսկ նոյեմբերից էլ մնացել է մեկ օդանավով: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ: Սակայն սրան արձագանք չենք ստացել:


Դեկտեմբերյան իր հայտարարության մեջ ԱՆԻՖ-ը նշել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ: ԱՆԻՖ-ի նորանշանակ ղեկավարից հետաքրքրվել էինք, թե արդյոք վերջին 2-3 ամիսներին կրճատումներ եղել են ավիաընկերությունում, ինչին բացասական պատասխան է տրվել:


Թռիչքների դադարեցմանը զուգահեռ՝ ավիաընկերության պաշտոնական կայքից հանվել են առաջիկա չվերթերը, չնայած ուղեւորները հասցրել էին դրանց համար տոմսեր ձեռք բերել: Ընկերությունից նրանց ասել էին, թե տեխնիկական խնդիր կա կայքում, որը մի երկու օրից կլուծվի, բայց, ինչպես տեսնում ենք, սա ավելի լուրջ եւ ժամանակատար հարց է: ԱՆԻՖ-ը «Հետքին» փոխանցել է, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղեւորներին «Ֆլայ Արնան» վերադարձրել է տոմսերի գումարները, եւ գործընթացը շարունակվում է: Ավիաընկերության հայկական բաժնետերը վստահեցնում է, որ որեւէ ուղեւոր այս ընթացքում տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:


Հարցրել էինք նաեւ, թե արդյոք պետք է սպասել ավիաընկերության թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: Բացի դրանից՝ «Ֆլայ Արնան» պատրաստվու՞մ է ընդլայնել ավիապարկը, թե՞ դեռ շարունակելու է թռիչքները մեկ ինքնաթիռով: Նկատենք, որ 2021-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ նախապես 2 օդանավով շահագործելու են 4 ուղղություն, իսկ հետո մեծանալու է թե՛ ավիապարկը, թե՛ ուղղությունների քանակը: Ըստ Փափազյանի՝ 5 տարի հետո (2026-2027 թթ.) «Ֆլայ Արնան» պիտի ունենար 15 օդանավ: Ինչպես տեսնում ենք, ընկերության ավիապարկը մեծանալու փոխարեն փոքրանում է, չվերթերն էլ չեղարկված են:


Արձագանքելով նշված հարցերին՝ ԱՆԻՖ-ն ընդամենը նշել է, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ընթանում: Հավելել է, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page