top of page

Ինչ կլինի Երևանի հետ, եթե հանկարծ լուրջ երկրաշարժ տեղի ունենա

16.02.2022

Երևանը երկրաշարժերին այնքան էլ պատրաստ քաղաք չէ, ԽՍՀՄ տարիներին կառուցված բնակելի շենքերը 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու համար են։ Այս մասին Lragir.am-ի հետ զրուցում ասաց Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը։ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն օրերս տեղի ունեցած երկարաշարժից հետո հայտարարել էր, որ Երևանի նորակառույց շենքերը 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմակայելու նորմերով են կառուցված։ Իսկ ԽՍՀՄ տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված էր, 9-10 բալի համար պետք է կառուցվեին շենքերը, բայց կառուցվում էին 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժերի համար։ Հետևաբար, ուժեղ երկրաշարժերի դեպքում այդ շենքերը վտանգի տակ են: Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ Երևանում սովետական շրջանում հատուկ նշանակության շենքերն ավելի որակով ու բարձր չափանիշներով էին կառուցվում, իսկ բնակելի շենքերը 7 բալի նորմերով են կառուցվել։ «Այդ բնակելի շենքերի մեջ էլ կան այնպիսիները, որոնք ցուցակագրված են՝ որպես վթարային շենքեր։ Այդ շենքերը կամ պետք է ամրացվեն, կամ հանվեն շահագործումից։ Անհրաժեշտություն կա, որ վթարային շենքերի նոր ցուցակագրում ու վերջնական ճշտումներ արվեն, որպեսզի, այսպես ասած, ամեն մեկին դեղատոմս նշանակեն»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ ԽՍՀՄ տարիներին հաշվարկել էին, որ ամեն բալի բարձրացման դեպքում շենքի ինքնարժեքը շատ թանկ էր լինում։ «Այսինքն՝ հաշվարկել էին, որ եթե լավ կառուցեն, 7-8 բալի կդիմանան շենքերը։ Բայց ամեն բալի դեպքում յուրաքանչյուր հաջորդ բալը մեծ ֆինանսական ծախսեր էր ենթադրում։ Եվ քանի որ միակ պատվիրատուն պետությունն էր, այդ ամբողջ ծանրությունն ընկնում էր պետության վրա»,- նշեց մասնագետը։ Ինչ վերաբերում է այսօր Երևանում ընթացող շինարարությանը, նրա խոսքով, հաշվի առնելով Սպիտակի երկարաշարժի դառը փորձը, սեյսմիկ վտանգավոր գոտիներում ընդհանրապես չի թույլատվում շենքեր կառուցել, և բնակելի շենքերը կառուցվում են մինչև 9 բալ երկարաշարժադիմացկուն կոնստրուկցիաներով։ «Հիմա շատ լավ կոնստրուկցիաներ են արվում՝ միաձույլ երկաթբետոնե։ Եթե ԽՍՀՄ ժամանակ հավաքովի երկաթբետոնով էին շինարարությունն իրականացնում, որոնք երկարաշարժադիմացկուն չեն, հիմա արվում է միաձույլ երկաթբետոնից։ Եվ ապահովությունը շատ մեծ է։ Այսօր մեկ թերություն ունենք՝ չափից դուրս խիտ կառուցապատում է գնում Երևանում։ Եվ եթե շենքի կմախքը կանգուն է, բայց դետալները լավ չեն ամրացվում, փլուզումները կարող են բերել նրան, որ չկարողանան ժամանակին տարհանել այդ ժողովրդին»,- ասաց Մինասյանը։ Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ Երևանը երկրաշարժերին այնքան էլ պատրաստ չէ, որովհետև պետք է ամենօրյա ուշադրություն լիներ այդ հարցին։ «Այդ շենքերը, որոնք ԽՍՀՄ-ում կառուցվում էին, դրանք իրենց ամբողջ ռեսուրսները կորցրել են ի հաշիվ նրա, որ անընդհատ հոգատարությամբ չեն վերաբերվել դրանց։ Այդ շենքերի նկուղային հարկերը անբարվոք վիճակում են, ջրի մեջ են, այդ հարցերը պետք է լուծվեն։ Դրան գումարած, բնակչությանը պետք է սովորեցնել դիմակայել աղետներին։ Մենք երկրաշարժից երկրաշարժ ենք սթափվում, երբ արդեն ուշ է լինում։ Իսկ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, դպրոցներում ուսուցում պետք է լինի»,- հավելեց նա։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page