top of page

Հայերով հիացած մեծ ռուսը

27.07.2020

Ռուս գրողը հիանում էր հայ արվեստագետներով, հայերի հյուրընկալությամբ, օրիորդների հմայքով...


Ռուս պատանին, այցելելով հայկական գյուղերից մեկը, իջեւանում է մի հայի ընտանիքում։ Ճանապարհից հոգնած պատանուն եւ նրա պապիկին հարկավոր էր հանգստանալ։ Պատրաստվում են թեյել, երբ սենյակ է մտնում հայ օրիորդը. «Միայն ես չէի, որ կարծում էի, թե հայ աղջիկը գեղեցիկ է։ Պապս՝ ութսուն տարեկան մի ծերունի, սարթ բնավորության տեր ու անտարբեր դեպի կանայք ու բնության գեղեցկությունները, մի ամբողջ րոպե փաղաքշորեն նայում էր Մաշայի վրա...»,–հետագայում հիշում է պատանի հեղինակը։ Այդ օրիորդը կատարում էր գյուղական ծանր աշխատանքներ, բայց, միեւնույն է, նա գեղեցիկ էր բոլորից։ Ռուս պատանին հետագայում մշտապես հիշում էր հայ օրիորդին…

Պատմվածքի հեղինակը ռուս անվանի գրող Անտոն Չեխովն է, ով այցելելով Բոլշիե Սալի հայկական գյուղ՝ հիացել է հայ օրիորդների հմայքով ու գեղեցկությամբ, որից հետո որոշել է գրել «Գեղեցկուհիներ» պատմվածքը։ Առհասարակ, նա ոչ միայն գնահատում էր հայերի գեղեցկությունը, այլ նաեւ հայ ընտանիքների հյուընկալությունը։ Հաճախ շրջում էր հայկական համայնքներով, ծանոթանում ազգային սովորույթներին։

Հուլիսի 15—ը ռուս գրող, դրամատուրգ Անտոն Չեխովի հիշատակի օրն է։ Անվանի գրողը բազմիցս գորովանքով է խոսել հայերի մասին, ծանոթացել ու բարեկամացել հայ մեծանուն արվեստագետների հետ։

Ստանիսլավսկին եւ Նեմիրովիչ—Դանչենկոն Մոսկվայի գեղարվեստական թատրոնում պատրաստվում էին բեմադրել Անտոն Չեխովի «Ճայը» պիեսը։ Հանդիսատեսն անհամբերությամբ սպասում էր ներկայացման պրեմերիային։ Եվրոպայից թատերասեր հասարակությունը պատրաստվում էր ժամանել Մոսկվա։ Սակայն Անտոն Չեխովը եւ ռեժիսորները մտահոգված էին՝ ու՞մ պետք է վստահվեր պիեսի գեղարվեստական ձեւավորումը։ «Ճայի» նախորդ բեմադրությունները տապալվել էին, Չեխովը անհանգստանում էր...։ Այդ նույն շրջանում մոսկովյան թատրոններում բեմական ձեւավորումներ էր կատարում հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը։ Բոլորը հիացմունքով էին խոսում այս նկարչի մասին։ Ծանոթանալով Վարդգես Սուրենյանցի ստեղծագործություններին, բծախնդիր ու պահանջկոտ Անտոն Չեխովը որոշում է դիմել նրան. «Հարգելի Վարդգես Հակոբովիչ, հավատացած եմ, որ հենց Դուք պետք է ձեւավորեք «Ճայը»։ Դա ինձ համար շատ կարեւոր է»։ Վարդգես Սուրենյանցի բեմական ձեւավորմամբ «Ճայը» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ։ Անտոն Չեխովը հիացած էր հայ բեմանկարչի աշխատանքով...։ Հետագայում Չեխովը շարունակելու էր հիանալ հայ արվեստագետներով...

…Չեխովն իր պատմվածքներում «կատակով» քննադատում էր մարդկանց եւ իրականության արատավոր կողմերը։ Հեղինակավոր գրողի ստեղծագործություններն ընթերցում էին հայ մեծանուն արվեստագետներից շատերը, որոնցից մեկը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին էր։ Երբ Չեխովը ժամանում է Թեոդոսիա՝ Հովհ. Այվազովսկին հյուրընկալում է գրողին։ Երկու հանճարները երկար զրուցում են արվեստի, գրականության խնդիրների շուրջ, բարեկամանում. «Ես նրա մոտ մի ամբողջ օր անցկացրի, մենք ճաշեցինք։ Ճաշը երկար տեւեց, բազմաթիվ կենացներ հնչեցին…»,–կնոջն ուղղված նամակում գրում է Չեխովը։ Գրողն արտասովոր մարդ համարեց Այվազովսկուն. «Նա եւ գեներալ է, եւ քահանայապետ, եւ նկարիչ, եւ հայ, եւ միամիտ պապիկ, եւ Օթելլո»,–հիացած գրում է Չեխովը նամակում, ապա շարունակում. «Ամուսնացած է երիտասարդ եւ շատ գեղեցիկ կնոջ հետ, որին շատ խիստ է վերաբերվում։ Ծանոթ է սուլթանների, շահերի եւ էմիրների հետ..։ Եղել է Պուշկինի ընկերը»։ Հետագայում Չեխովը տարբեր առիթներով հիշում է Այվազովսկուն. «Թեոդոսիայում յուրաքանչյուր քայլափոխի զգացվում է այդ բարի հանճարի հայկական ոգին»։

«Չեխովը նվիրական է մեզ համար, հավերժ կենդանի ու մոտիկ...»,–ասել է Ավետիք Իսահակյանը։ Ռուս գրողն անտարբեր չեղավ հայ ժողովրդի ողբերգության հանդեպ։ Նա պատրաստվում էր հոդվածներ գրել, որը տպագրվելու էր «Թուրքիայում տուժած հայերին ցուցաբերած եղբայրական օգնությունը» ժողովածուում, որի վաճառքի եկամուտն ուղղվելու էր Թուրքիայի անօգնական հայերին։ Ցավոք, Չեխովի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա չի կարողացել ավարտին հասցնել օգնելու իր պատրաստակամությունը…

Անտոն Չեխովի եւ հայ ժողովրդի բարեկամությունը շարունակվել է մինչեւ գրողի կյանքի ավարտը…

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page