top of page

Հայկական ահռելի հետքը հին ու բարի ֆրանսիական կինոյում՝ հայկական ազգանուններով կամ առանց դրանց




Ֆրանսիան կինոյի հայրենիքն է եւ այսօր էլ շարունակում է լինել համաշխարհային կինոարտադրության մեծ երկրներից մեկը։ Ուստի պատահական չէր, որ ստեղծագործական մեծ ձիրքերով օժտված հայ ժողովուրդը նման նպաստավոր միջավայրում ունեցավ բազմաթիվ կարեւոր դեմքեր կինոյի ասպարեզում։ Կինոգետ, բանասեր եւ թարգմանիչ Արծվի Բախչինյանը «ՀՀ»—ի հետ զրույցում հատկանշական համարեց այն, որ դեռեւս 1896 թվականին, երբ կինոն իր առաջին քայլերն էր անում, առաջին հայ հանդիսատեսներից մեկը ոչ այլ ոք էր, քան անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանը (այդ մասին նա գրել է իր հուշերում), իսկ հայազգի առաջին կինոդերասան Մաքս Մաքսուդյանը, ով համր կինոյի աստղերից էր, հանդես է եկել Ֆրանսիայում 1912 թվականին Սառա Բեռնարի պես նշանավոր աստղի կողքին։ «Առհասարակ ֆրանսիական համր կինոյում հանդես եկան հատկապես հայկական միջավայրից դուրս եկած դերասաններ։ Ռուսական հեղափոխությունից հետո հայտնվելով Ֆրանսիայում եւ ունենալով տպավորիչ տեսք, նրանց նկատում էին ֆրանսիացի կինոգործիչները եւ հրավիրում տարբեր դերեր խաղալու։ Քանի որ կինոն դեռեւս համր էր, լեզվի իմացությունն այնքան էլ պարտադիր չէր։ Արդյունքում այս շրջանում ունեցանք մի շարք կինոդերասաններ, որոնց թվում՝ հայ թատրոնի դերասան Արշո Շահխաթունին, Լեւոն Հարութը եւ Հյուգ դը Բագրատիդը (Սվաճյան)»,–նշեց կինոգետը։

Ի դեպ, դեռեւս 2004 թվականին լույս է տեսել Ա. Բախչինյանի «Հայերը՝ համաշխարհային կինոյում» աշխատությունը, որը ներկայացնում է կինոյի հիմնադրման ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը աշխարհի տարբեր երկրների կինոարվեստում եւ կինոարտադրության մեջ 2200 հայազգի կինոգործիչների մասին տեղեկություններ, այդ թվում նաեւ ֆրանսահայ։

Սկզբնական շրջանում ավագ սերնդի հայ կինոդերասանները հանդես էին գալիս հիմնականում էթնիկ դերերով՝ արեւելքի ժողովուրդների, նաեւ իտալացիների, իսպանացիների։ Հետագայում, արդեն Ֆրանսիայում ծնվածները, թեեւ արտաքնապես տարբերվում էին ֆրանսիացիներից, սակայն այդ մշակույթի եւ լեզվի կրողն էին եւ խաղում էին նաեւ ֆրանսիացիների դերեր։ Այս շրջանում էր, որ ասպարեզ եկան ռեժիսորներ. ամենահայտնի ֆրանսահայ ռեժիսորը բոլորիս հայտնի Անրի Վեռնոյն է՝ Աշոտ Մալաքյան։ Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան—Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Լինո Վենտուրան, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը եւ ուրիշներ։ Միայն կյանքի վերջին տարիներին նա անդրադարձավ իր արմատներին եւ հայկական թեմայով երկու ֆիլմ նկարահանեց։

Ուշադրության է արժանի իր ժամանակի համար աննախադեպ կինոնախագիծ իրականացրած կինոբեմադրիչ, ռեժիսոր Սերժ Մալումյանը։ Նա շատ լավ ուղղաթիռ էր վարում եւ տարիներ շարունակ շրջան առ շրջան նկարահանել է Ֆրանսիայի ամբողջ տարածքը, որն ամփոփել է 20 մասից բաղկացած «Ֆրանսիան երկնքից դիտված» ֆիլմաշարում։ Ս. Մալումյանը նկարահանումների համար ծախսել է 500 ժամ ինքնաթիռով եւ 3000 ժամ ուղղաթիռով։ Հեղինակային այդ ֆիլմի համար ռեժիսորն արժանացել է 12 միջազգային մրցանակի, այդ թվում՝ «Օսկարի»։ «Այդ կերպ ռեժիսորն իր մեծ սերն էր արտահայտում Ֆրանսիայի հանդեպ»,–ասաց զրուցակիցս։ Ցավոք օդային նկարահանումները քայքայել էին նրա առողջությունը՝ ցրտահարվել էին ոտքերը, եւ 1975 թվականին Մալումյանը կնքում է իր մահկանացուն։

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դրամատուրգ Ֆրանսիս Վեբերը մշտապես նշում է իր հայկական արմատների մասին։ Նրա մայրը հայ է, հայրը՝ հրեա։ Վեբերի ստեղծած ֆիլմերը՝ «Խաղալիքը», «Ձախլիկները», «Հայրիկները» սիրված են նաեւ հայ հանդիսատեսի կողմից։

Ֆրանսիական կինոյի «Նոր ալիքի» ժամանակաշրջանում փայլեց Շառլ Ազնավուրի աստղը։ Նա նկարահանվել է մոտ 70 ֆիլմում։ Ա. Բախչինյանը հիշատակեց նաեւ պոլսահայ դերասանուհիներ Ալիս Սափրիչին եւ Ռոզի Վարդին, ովքեր հայտնի են ֆրանսիական կինոյում, թատրոնում եւ հատկապես հեռուստատեսությունում իրենց բազմաթիվ դերերով։ Հայազգի դերասաններ են նաեւ Միշել Արդանը (Խաչիկ Գազազյան), Իվ Վենսանը, Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան), ովքեր թաքցրել են իրենց հայկական անունները։

Հետո ասպարեզ եկավ դերասանների նոր սերունդն ի դեմս Սիմոն Աբգարյանի, ով հայտնի է մեզ «Արամ» եւ «Արարատ» ֆիլմերից։ Հայկական ծագում ունի նաեւ թատրոնի եւ կինոյի դերասանուհի, լուսանկարիչ եւ գրող Կատրին Ռոբ—Գրիեն (Ռստակյան), ով երկրորդական դերեր է խաղացել ամուսնու՝ Ալեն Ռոբ—Գրիեի ֆիլմերում՝ հանդիսանալով նրա մուսան։

1950—ական թվականներին կոմպոզիտոր, երգահան Ժորժ Կառվարենցի երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Միրեյ Մատյոն, Դալիդան, Սիլվի Վարդանը, Ջոն Հոլիդեյը եւ, իհարկե, Շառլ Ազնավուրը, ում համար գրել է ավելի քան 100 երգ։ Նա ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից էր, ում ավելի քան 500 երգերը, 40—ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում էին գտել երգարվեստի սիրահարների շրջանում։ Կառվարենցը չէր մոռանում նաեւ հայկական արմատների մասին. 1974 թվականի ապրիլի 24—ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է Կառվարենցի «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակներին։ Առաջին անգամ Հայաստան է այցելել 1977—ին, իսկ երկրորդ անգամ՝ 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ առիթով Կառվարենցը Շառլ Ազնավուրի հետ ստեղծեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվեց աղետյալների օգնության հիմնադրամին։ Նրա գործերը հնչում են նաեւ բազմաթիվ ֆիլմերում։

Ֆրանսիական ժամանակակից կինոյի զարգացման նախանձախնդիրներից է Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանը։


Ֆրանսիական կինոյի համար բազմաթիվ սցենարներ է գրել գրող Վահե Քաչան։ Արծվի Բախչինյանը նշեց նաեւ մի շարք այլ անուններ՝ կինոպրոդյուսեր Քրիստիան Արդան, դիմահարդար Շառլի Խուբեսերյան, ով Ժան—Պոլ Բելմոնդոյի ամենամտերիմ ընկերն է, ռեժիսորներ Ստեֆան Էլմաջյան եւ Ստեֆան Կազանջյան։ Արդեն 40 տարի շարունակ ֆրանսիական կինոյի առաջատար ռեժիսորներից է Ռոբեր Գեդիկյանը, ով բազմիցս եղել է Հայաստանում եւ երեք ֆիլմ է նկարահանել հայկական թեմայով։ Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երգիչ Միշել Լեգրանը (հայրը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր Ռայմոնդ Լեգրանն է, մայրը՝ Մարսել Տեր—Միքայելյանը, ով հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույրն է) հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի եւ հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան հովանոցներ» (1964թ.) ֆիլմը։ Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ։ 13 անգամ ներկայացվել եւ 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին։ Հինգ անգամ ստացել է «Գրեմի» եւ «Էմմի», 12 անգամ՝ «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ։ 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ Պատվո շքանշանների։ Անկախության տարիներին Հայաստանից արտագաղթել եւ Ֆրանսիայում են հաստատվել կինոարվեստի նոր գործիչներ, ինչպես օրինակ՝ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը, ռեժիսոր Նորա Ավետիսյանը, ով վերջերս ֆիլմ է նկարահանել Արցախում, Լեւոն Մինասյանը։ Նրանք, Բախչինյանի գնահատմամբ, յուրահատուկ կամուրջ ենհայ—ֆրանսիական ժամանակակից կինոյի ոլորտում։

Կինոգետի խոսքով, ի տարբերություն արվեստի մյուս բնագավառների, կինոյում հիմնականում ավելի դժվար է դրսեւորվում ազգային պատկանելությունը։ «Ռեժիսորները կարող են անել դա կամ հայկական մեղեդիներ օգտագործելով, ինչպես Կառվարենցը, կամ հայի կերպար կերտելով, կամ հայերեն խոսք հնչեցնելով, ինչպես մի քանի անգամ արել է Ազնավուրը։ Կինոարվեստի բնագավառում հայերն իրենց ստեղծագործությամբ հիմնականում չեն առնչվում հայ կինոյին։ Չնայած դրան, որքան էլ կապ չունեն հայ արվեստի եւ իրականության հետ, այնուամենայնիվ, իրենց գոյությամբ հայ ժողովրդի մասն են կազմում, իսկ նրանց արվեստը մեր գենի հերթական դրսեւորումն է»,–շեշտեց Ա. Բախչինյանը։


Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page