top of page

Ձեր երջանկության մասին մի խոսեք նրա հետ, որը ձեզանից պակաս երջանիկ է. Հենրիկ Մալյանի հանճարեղ մտքերը


Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենադարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել:


Ձեր երջանկության մասին մի խոսեք այն մարդու հետ, որը ձեզանից պակաս երջանիկ է:


Ստացվում է այնպես, որ իմ ստեղծագործական հիմնական ընթացքը խմորվում է այն ժամանակ, երբ չեմ նկարահանում կամ էլ նպատակ չունեմ: Նկարահանումների ընթացքում ստեղծագործական րոպեների համար քիչ ժամանակ է մնում: Մինչ նկարահանումները սկսելը սցենարը կարդում եմ բազմաթիվ, նույնիսկ հարյուր, երկու հարյուր անգամ, մինչև որ այն դառնում է մարսված նյութ: Հերոսներին էկրանում տեսնում եմ գործողության մեջ, որոշում ամեն մեկի անելիքը: Դերաբաշխումը կատարելուց հետո կերպարներն այլևս ինձ համար սցենարում գրված անուններ չեն, այլ` որոշակի դերասաններ:


Թվում է՝ ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից, երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնին տեսա հավանաբար իմ մայրիկի, հայրիկի, քրոջս ու մորաքրքոջս հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով: Թվում է, թե հիշում եմ ինձ շրջապատող բոլոր առաջին պատկերները՝ օրորոցի թրխթրխկոցի ուղեկցությամբ: Հիշում եմ երկնքի կապույտը և նրան կպցված արևի շողշողուն սկավառակը, որ մեր փոքրիկ վանդակավոր խոնավ պատուհանից մեկ ընկնում էր ցած, մեկ ցատկում էր վեր: Եվ արդեն ոչ թե թվում է, այլ հաստատ հիշում եմ, երբ երկարատև իմ հորիզոնական դիրքից հետո առաջին անգամ ուղղահայաց կանգնեցի աշխարհի վրա ու ամեն ինչ սկսեցի տեսնել նորից,՝ միայն թե արդեն այլ դիտակետից: Հետո խաղալիքների մի գույնզգույն աշխարհ, հետո մեր կանաչ բակը, հետո «երկուսների» ու «հինգերի» մի անիմաստ մրցավազք դպրոցում: Հետո կյանքի մի դաժան փորձություն, 1941 թվական՝ պատերազմ, հետո գործարանային դաժան մի ռեժիմ, և, իհարկե, նաև անխուսափելի Տերյանը: Եվ մի քանի առաջին սերեր՝ հինգ, տասը, տասնհինգ և մանավանդ տասնյոթ տարեկանում: Հետո պատերազմի ավարտը, մայիսյան մի խաղաղ առավոտ:


…«Հայֆիլմ» կինոստուդիա, ասիստենտ, ռեժիսոր, ամուսին, բեմադրիչ, հայր, կուլտուրայի ֆակուլտետ, տիտղոսներ, արտասահմանյան ուղևորություններ, թատրոն-ստուդիա, պապիկ, դիտողների ինչ-որ քանակ, քննադատների ինչ-որ տեսակ, ֆիլմեր, ներկայացումների ինչ-որ որակ…

Մի քանի բարեկամ, մի քանի տասնյակ հակառակորդ…

Եվ ահա կարծես ամեն ինչ…

Ու հիմա, 12 հարկանի խուլուհամրերի աղմկոտ մի շենքի 7-րդ հարկի 76 բնակարանի թափթփված գրասեղանի մի անկյունում նստած, միտք եմ անում, միտք… Իմ արածի ու մանավանդ ՝ չարածի մասին, որ կոչվում է կյանք…”


Բայց մի բան է կատակամոլությունը, բոլորովին այլ բան՝ հումորի զգացումը: Շատ հաճախ մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է սրախոս և ճարտարախոս մարդկանց, որոնք, այնուամենայնիվ, զուրկ են եղել հումորից…Հումորի առկայության դեպքում դիտողն ավելի շատ ներքին հրճվանք է ապրում, քան միայն ու միմիայն քահ-քահ ծիծաղում:


Համոզված եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի մեծ բժիշկ կհայտնագործի սրտի մեջ ուղեղ, ավելի դժվար է լինելու ուղեղի մեջ սիրտ որոնող բժիշկի վիճակը:


Յուրաքանչյուր արտիստի, արվեստագետի տաղանդի չափանիշը գուցե իր շուրջը, իր անհատականության չորսբոլորը նրա ստեղծած մթնոլորտի ջերմաստիճանն է…Թվում է՝ գոյություն ունի նման մթնոլորտ, չնայած ֆիզիկոսներն ու քիմիկոսները վայրկեանապես կարող են հերքել այդ:


Այո, մեր շարքերում՝ մեր կինոյում ու թատրոնում, գրական մեր աշխարհում, մեր մշակույթի տարբեր ոլորտներում, տարբեր միություններում ու վարչություններում, գնալով նվազում է ինտելիգենտությունը:


Ինձ թվում է՝ ես զգացել եմ այն օդը, երբ թատրոնը մեծ մարդկանց մի օջախ էր, երբ թատրոնում ամեն ինչ շնչում էր թատրոնով, երբ դեռ թատրոնի բոլոր դերասանները լոկ թատրոնի դերասաններ էին և ոչ թե տիտղոսներ կրող անձնավորություններ, երբ թատերական գործիչի միայն ազգը և միայն անունը մի վեհ, մաքուր, վսեմ հասկացություն էր:


Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային, ամենապարզ հարցերը ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն…

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը.

Ես գիտեմ մարդուն:

Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:

Գիտեմ նրա խոսքը ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Գիտեմ, և գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առջև:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:

Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե ես իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ միմիայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ:Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնին: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները ուրիշներին…

Ինձ` միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես…


Կինոդահլիճից դուրս են գալիս հազար ու գուցե երկու հազար մարդ: Բայց ես գիտեմ, որ 2-ն են դուրս գալիս: Մեկը ժամ ու կես նայել է էկրանին, մյուսը ժամ ու կես ստեղծագործել է: Մեկը ֆիլմում լոկ գործողությունների շարան է տեսել և պատմել կողքը նստած աղջկան, մյուսը թափանցել է կինոնկարի հերոսների ու ստեղծողների ներաշխարհը: Մեկը ուրախացել է, որ հերոսն ու հերոսուհին ֆիլմի վերջում իրար գտան, մյուսի համար դա կարևոր չէ: Մեկը կինոդահլիճից իր հետ տանում է օգտակարության սնանկ գործակից, մյուսը ֆիլմի մթնոլորտի մեջ է և շարունակում է ստեղծագործել:

Կինոդահլիճից դուրս են գալիս միայն ու միայն երկու տեսակի հանդիսատես. դիտող-ստեղծագործող և ժամանակ սպառող: Երբ կինոդիտողը զուրկ է երևակայելու ընդունակությունից կամ խնայում է իր ստեղծագործական ճիգերը, հենց այդ ակնթարթից էլ կինոն որպես ստեղծագործական բջիջ դադարում է արվեստ լինելուց և լավագույն դեպքում դառնում է հաճույքի թամաշա, որն ընկալելու համար շատ բան պետք չէ:


Աղբյուրը՝ «Երկխոսություն երրորդի համար. հուշերի գիրք», հեղ.՝ Հենրիկ Մալյան


Մարիամ Սուքիասյան


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page