top of page

Ե՞րբ ՄԱԿ-ը կսատարի հայությանը

30.01.2021

Քաղաքակրթությունների դաշինքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչը պլանավորում է այցելել Լեռնային Ղարաբաղ 2021-ի առաջին քառորդում: Ու՞մ կողմից է հնչել խնդրանքը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին` «երկու կողմերին օգնելու իսկապես հաշտեցման համար»…


Թե որքանով և ինչպես է Քաղաքակրթությունների դաշինքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչը տեղեկացված կոնֆլիկտի բնույթից, պարզ է նրա հնչեցրած «երկու կրոնական համայնքների միջև կոնֆլիկտ» մտքից:


ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի այցելության մտադրությունը միայն նոր հոգսեր է առաջ քաշում` հատկապես ցեղասպանական ագրեսիայից փրկված Արցախյան բեկորի հայության համար, և չի մխիթարում, թեև Սիրիայից փախստականները վաղուց են ՄԱԿ հապավումը բացում «Մխիթարանք արտահայտող կազմակերպություն», ակնարկելով, որ իրենք գոյություն չունեն ՄԱԿ-ի համար:


Օրինաչափ է, որ մենք էլ նույն կայուն կարծիքը ունենք, որ ՄԱԿ-ը նպատակադրված շրջանցում է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյությունը, երբ ուղղակի երեսուն տարիներ խուսափել է առերեսվել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի ցեղասպանությունից փախած և Արցախի Հանրապետությունում պաշտպանություն գտած հայ փախստականների հետ: Ու դրա մասին է վկայում այս փաստաթուղթը` https://www.osce.org/files/f/documents/7/d/76209.pdf, համաձայն որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2010թ. հոկտեմբերի 7-ից 12-ը կատարել են երկրորդ դաշտային գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի յոթ «գրավյալ» տարածքներ՝ իրավիճակի գնահատման նպատակով:


Համանախագահներին միացել են նաև ՄԱԿ-ի Փախստականների Գլխավոր հանձնակատարի (ՓԳՀ) երկու փորձագետները, ու ինչպես խոստովանում են այդ փաստաթղթում, «սա 18 տարվա մեջ տարածքներ ՄԱԿ-ի անձնակազմի առաջին այցն էր»: Փաստաթղթում բնակիչների ընդհանուր թիվը «գնահատվում է շուրջ 14 հազար մարդ, որոնք ապրում են Լաչինի և Քելբաջարի փոքր գյուղերում ու քաղաքներում»: Ու մի աղաղակող ձևակերպում, ինչին անհաղորդ եղավ հայկական քաղաքական կոռումպացված վերնախավը, որ «Բնակիչները մեծ մասամբ էթնիկ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր պայմաններում, չզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում և հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն:»:


ՄԱԿ-ի ՓԳՀ-ն վերոհիշյալ փաստաթղթում համարում է, որ էթնիկ հայերը Ադրբեջանից «տեղափոխվել են», ոչ փախել:


ՄԱԿ-ի ՓԳՀ-ին ու դրա Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչին ավելորդ չէ այսօր հիշեցնել, որ «պոգրոմը» ցեղասպանագիտական հասկացություն է, իսկ ցեղասպանությունից միայն փրկվողին է հաջողվում փախչել ու դառնալ փախստական: Քիչ է ասել, որ վերոհիշյալ նման ձևակերպումը ՄԱԿ-ի կոնվենցիաների մերժում է ՄԱԿ-ի ՓԳՀ կողմից, ու այսօր էլ պահանջված է դրա «խմբագրումը»:


ՄԱԿ-ի Փախստականների Գլխավոր հանձնակատարի Երևան այցելության առիթով 2011 թվականի մայիսի 17-ն ՀՀ նախագահը հայտարարեց, որ «փախստականների խնդիրը Երևանը չի քաղաքականացնում»: ՀՀ իշխանություններին հանձնարարվեց մինչև վերջ “ինտեգրել” Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին: Ու դրանով էլ ՄԱԿ-ը ապահովեց, որ արցախյան կարգավորման մադրիդյան փաթեթում հայ փախստականների ծագման պատճառներն ու հետևանքները չարծարծվեն:


ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում «անտեսվեցին» Բաքվի ու Անկարայի կողմից հայության, և ոչ միայն հայության դեմ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի գեներացիան: Երբ 2004-ին կրկին հայատյացությունը որոտաc Եվրոպայում` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում, ոչ մի գործնական քայլ չձեռնարկվեցին քսենոֆոբիայի և ոճրագործությունների սրընթաց վերելքը ապահովող Ալիևին սթափեցնելու համար: Լկտիացած նախագահ Ալիևը մի վերջին հարվածը հասցրեց Նախիջևանի հայկական հուշարձաններին 2006-ին, ու մշակութային եղեռնի կասեցման համար ՄԱԿ-ի ոչ մի պատասխանատու առաքելություն չայցելեց Նախիջևան ոչ 1998-ին, ոչ 2002-ին, 2005 կամ էլ 2006-ին, ու այդպես էլ մինչ օրս չի տվել գնահատական:


Այսօր էլ պահանջը ՄԱԿ-ին` Նախիջևանի հայկական հուշարձանների մշակութային եղեռնի փաստի գրանցման առումով, օրակարգային է:


Համաշխարհային մամուլը հաճախ է աղաղակում կաշառված միջազգային կառույցների պաշտոնատար ներկայացուցիչների մասին, ու այստեղ ՄԱԿ-ի կառույցները բացառություն չեն:


Անպատիժ Ալիևը հովանավորեց հայաորսը ու 2014-ի, 2016-ի, 2020-ի ագրեսիաները ընդդեմ արցախահայության բացահայտեցին քսենոֆոբիայի, հայատյացության համատեղ թուրք-ադրբեջանական նոր միջոցների «նրբությունները»:


ՄԱԿ-ը չճանաչեց Արցախի դե ֆակտո կայացած հանրապետությանը, չարձագանքեց նաև մեր առաջարկությանը` ԼՂԻՄ-ի հայության և ցեղասպանից ազատագրված տարածքներում պատսպարված հայ փախստականների համար կիրառել Remedial Secession -ը, ինչն արդեն աշխարհում գործարկված փրկության գործիք է:


ՄԱԿ-ի «անտարբերությունը» այսօր էլ ինդուլգենցիա է ադրբեջանաթրքական տանդեմի համար հայության վերջին բեկորների դեմ ցեղասպանությունը շարունակելու և ամբողջացնելու Հայաստանում:


ՄԱԿ-ի որևէ առաքելություն չի այցելել ու անտեղյակ է Արցախի դեմ տարված 44-օրյա ագրեսիայի ցեղասպանական ընթացքից, հետևանքներից, բնիկ ժողովուրդների և մարդու իրավունքերի խախտման իրողությունից:


Ու թեև ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի առաքելությունն է համախմբել միջազգային հանրությանը ահաբեկչության դեմ, սակայն այդ դաշինքն անհաղորդ ու հեռավոր էր Թուրքիայի կողմից 2020-ին տարածաշրջան ահաբեկիչների ներկրման փաստից, նաև այն իրողությունից, որ Էրդողանն ու Ալիևը խրախուսում էին ահաբեկիչներին հարյուրական դոլար գլխագին տալով, ու դրանք գլխատում էին ձեռքն ընկած ողջ հային, նաև դիակները:


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախի դեմ 2020-ի պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, քննարկել է հակամարտությունը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու բանակցել: Կրակը դադարեցնելու մասին դրա երկրորդ կոչը հնչեց հոկտեմբերի 19-ին` առանց գործնական քայլերի, երբ ակնկալվում էր տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտությունը, ինչի համար Անվտանգության խորհուրդը հատուկ մանդատ չտվեց:


ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հոկտեմբերի 9-ի կոչը նույնպես կողմերին էր ուղղված «խաղաղ երկխոսության և զինված բախումներին վերջ դնելու համար»:


ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը և Անվտանգության խորհուրդը կոչը ուղղում էին կողմերին, այո՛, կողմերին, երբ մի կողմը ցեղասպանական ագրեսիայից պաշտպանվող Արցախի Հանրապետությունն էր իր 140 հազար բնակչությամբ ու հայկական պաշտպանական ուժերով, իսկ մյուս կողմում մինչև ատամները զինված ադրբեջանաթրքական ուժերն էին ահաբեկիչ հրոսակների աջակցությամբ:

ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը և Անվտանգության խորհուրդը գործնականում ինչպե՞ս էին պատկերացնում պաշտպանվող Արցախի կողմից կրակի դադարեցումը, երբ Անվտանգության խորհուրդը մերժեց դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտությունը:


ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը փորձե՞լ է հասկանալ, թե ինչու Անվտանգության խորհուրդը հատուկ մանդատ չտվեց ահաբեկիչների ներկայությունն ու վայրագությունները տարածաշրջանում զսպելու և չեզոքացնելու համար:


Ի՞նչն է այսօր այդպես անհանգստացրել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին մեր տարածաշրջանում, որո՞նք են այսքան ուշացած այցելության իրական դրդապատճառները: Ինչպե՞ս է այդ այցելությունը շաղկապված Հոլոքոստի նման ոճրագործությունների կանխման համար Էրդողանի «մտահոգված» կոչի հետ:


Ի՞նչ մեխանիզմներ է մշակել դաշինքը ալիև-էրդողանական արմենոցիդի ծրագրի կասեցման, դրանց վերահսկողության տակ ցեղասպանության մոլուցքով ներծծված հանրությանը չեզոքացնելու համար:


Հայությունը 1991-ից հետո էլ` 2020-ին, կրկին ապացուցեց, որ ի վիճակի է իր դեմ տարվող ցեղասպանությունը զսպել ու կասեցնել:


Ի վիճակի՞ են, արդյոք, ՄԱԿ-ի կառույցները, նաև Քաղաքակրթությունների դաշինքը, գործնականում սատար կանգնել ցեղասպանությունը այսօր էլ զսպող հայությանը, թե՞ աշխարհաքաղաքական խաղերի հորձանուտում հեռացել են հանուն ազգերի, բնիկ ժողովուրդների ու մարդու իրավունքների իրենց առաքելություններից:


Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար 29.01.2021

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page