Աշոտ Աղաբաբյանի իրական դեմքը
24.08.2023
Մեծանուն մտավորականի համբավ վայելող այս սպիտակահեր պարոնը հայ ժամանակակից ողորմելի գրականության և հրապարակախոսության մեջ իր ուրույն ոճով ու ձեռագրով առանձնացող Աշոտ Աղաբաբյանն է: Նա միացել է «Ապրելու երկիրի» թիմին և Երևանի ավագանու ընտրություններում լինելու է այդ կուսակցության ավագանու թեկնածուներից։
Այս մարդը գալիս է Երևանը կառավարելու, մինչդեռ տարիներ շարունակ բառի բուն իմաստով թքած ուներ իր մանկահասակ որդու՝ Անրի Աղաբաբյանի վրա:
Հասկանալու համար՝ ով է իրականում Աշոտ Աղաբաբյան անունով մտավորականը, առաջարկում ենք ծանոթանալ 2012 թվականին մի շարք լրատվական կայքերում հրապարակված այս նյութին՝ մեկնաբանությունները թողնելով ձեզ:
Փոքրիկ Անրին մեծանում է առանց հայրական ջերմության և քաջալերանքի
Տարվա մեջ երեխաներին վերաբերող մի շարք տոներ կան: Դրանցից են, օրինակ, հունիսի 1-ը, որը ամբողջ առաջադեմ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, երեխայի ծննդյան օրը, ինչպես նաև ընդամենը մի քանի օրից բոլորիս դռները թակել պատրաստվող Ամանորը: Դրանք հազարավոր ընտանիքներում շատ կարևոր և սպասված տոներ են, ուրախություն` ողողված մանուկների ժպիտներով և անհոգ խինդ ու բերկրանքով: Այդ տոնախմբությունները երեխաների դաստիարակության համար պատասխանատուների, առաջին հերթին` ծնողների ակտիվ մասնակցությամբ և քաջալերանքով դառնում են, իրոք, տոներ և ընդմիշտ դրոշմվում մանկանց ջինջ հոգիներում: Այս ամենը, ինչ խոսք, ոգևորիչ է, դրվատելի, մարդասիրական: Բայց ընթերցողներին ուզում եմ հավատացնել, որ շատ ու շատ ընտանիքներ, մասնավորապես, հայրեր ունեցող, բայց ճակատագրի կամոք անհայր մեծացող բազմաթիվ երեխաներ, այդ տոնական օրերին այդպես էլ անհաղորդ են մնում տոնախմբությունների խորհրդին, ընտանեկան ջերմ մթնոլորտին և համընդհանուր ուրախությանը:
Ես ճանաչում եմ այդպիսի մի երեխայի` 11-ամյա Անրի Աշոտի Աղաբաբյանին, ով ճակատագրի կամոք ներկայումս բնակվում է Մոսկվայում, իսկ հայրը` Հայաստանում լույս տեսնող «Հայացք» թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը` Երևանում: Մարդ, որը արդեն տևական ժամանակ է, ինչ անլուր տառապանքների, նվաստացումների, վիրավորանքների և փորձությունների է ենթարկում, ոչ ավելի ոչ պակաս ... իր հարազատ զավակին, արյունակից որդուն:
Փոքրիկ Անրին նույնպես ամեն անգամ, թվարկածս տոների նախօրյակին, սրտատրոփ և անհամբերությամբ սպասում է իր հայրիկի գոնե սփոփիչ և իր համար այնքան ուրախացուցիչ զանգերին: Ոչ, նա ամենևին էլ մեծ նվերների ակնկալիքներ չունի, պարզապես նրան հարկավոր է մեկ բան` հայրական ջերմություն ու քաջալերանք, որպեսզի փոքրիշատե, գոնե բարոյապես, մեղմվի նրա և նրա մայրիկի հոգում դարանակալած ցավն ու դառնությունը… Իսկ տառապանքների և ծանր ապրումների պատճառը, ինչպես ասացի, «Հայացք» թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանի վերին աստիճանի անմարդկային և անհոգի վարքագիծն է, որը բախտի քմահաճույքին մատնելով իր օրինական, ակնհայտ տաղանդավոր տղայի ապագան, ոչ միայն խուսափում է նրա հետ հանդիպումներից և հեռախոսային խոսակցություններից, այլ նաև երկար ժամանակ հրաժարվել է նրա բուժման ծախսերից և դատարանի կողմից սահմանված ալիմենտը վճարելուց: Չկարծեք, թե ալիմենտ ասվածը իրենից մեծ գումար է ներկայացնում, այն չնչին, երեխայի տարրական կարիքները հոգալու կոչված դրամական նպաստ է, որի վրա, սակայն, այս երեխայի հարազատ հայրը ոչ միայն դողում է, խարդախության ամեն միջոց բանեցնում, որպեսզի անօրեն ճանապարհներով ինչ-ինչ փաստաթղթեր ձեռք գցի, քիչ ցույց տա իր եկամուտները և այդ կեղծ տեղեկանքները հանգիստ խղճով ներկայացնի դատական ատյաններ և ավելի որբացնի առանց այդ էլ ճակատագրի հարվածներից որբացած իր հարազատ զավակին… Ավելին, նա ոչ միայն երկար ժամանակ հրաժարվել է կատարել օրինական ուժի մեջ մտած դատավճիռների պահանջները, այլև խիղճ ու ամոթ կորցրած՝ անվերջանալի վերաքննիչ բողոքներ է գրել, դիմել է հայ տղամարդուն ոչ սազական անմարդկային քայլերի, միայն թե խուսափի հոգատարության և ջերմության կարիք ունեցող իր անօգնական որդուն ձեռք մեկնելուց ու նրան գոնե մարդկային ժպիտով կամ ջերմ խոսքով քաջալերելուց:
Միայն զարմանալ և ապշել կարելի է, թե ինչպես է հասարակության համար բարոյական դաստիարակի դեր կատարող և ընթերցողական լսարան ունեցող թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը վստահվել մի մարդու, որը այսքան ցավ և անլուր տառապանքներ է պատճառում իր հարազատ զավակին: Բայց արի ու տես, որ այս հայրիկը, որ հաստատապես վճարունակ մարդ է և … պաշտոնյա, օգտագործելով իր դիրքն ու փողը` կեղծ և շինծու տեղեկանքներ հրամցնելով դատավորներին` կարողանում է ազդել դատավճիռների ելքի վրա… միայն թե խուսափի իր հարազատ երեխային ձեռք մեկնելուց:
Աշոտ Աղաբաբյանին ուզում ենք հիշեցնել, որ «Հայացք»-ի լուսընծայման առթիվ գրած իր խոսքում նա ընթերցողներին հավաստիացրել էր, որ «Հայացքը» ուղիղ նայելու է ճշմարտության աչքերի մեջ, լինելու է հուսաբեկ, խեղճացած մարդկանց կողքին…
Ուզում ենք հարցնել, ու՞ր կորան ի լուր աշխարհի քո խոստում-հավաստիացումները, Աշոտ Աղաբաբյան, մի՞թե այդպես ես դու նայում ճշմարտության աչքերի մեջ, քո որդու Անրի Աշոտի Աղաբաբյանի աչքերի մեջ, ով մշտապես քեզ կարոտում է, քո կարոտից և քո պատճառով տառապում է հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Մոսկվայում: Մինչդեռ այդ անմեղ և անպաշտպան երեխայի կարոտն ու նրա հոգու տագնապները քեզ օտար են, դու հավանաբար, ինչ-ինչ մտավախություններ ունենալով՝ սառն ու անտարբեր վարքագիծ ես դրսևորում երեխայի նկատմամբ: Հետևապես, պետք չէ անազնիվ լինել և ընթերցողին խաբել՝ հավաստիացնելով, թե «Հայացքը» ուղիղ նայելու է ճշմարտության աչքերի մեջ կամ՝ «Հայացքը» քո կողքին է լինելու:
Դու այդպե՞ս ես կատարում խոստումդ, այդպե՞ս ես վարվել, արդյոք, տարիներ առաջ քո աշխատասենյակի դուռը բացած կարոտալի որդուդ հետ: Իհարկե՝ ոչ և երբ երեխայի մայրը քո Անրի զավակին բերել է խմբագրություն, որպեսզի երեխան հորը տեսնի, կարոտն առնի, դու ամենայն հավանականությամբ, երկյուղելով քո առաջին ընտանիքի (սեփական կնոջ) հետ ունենալիք տհաճ պարզաբանումներից (քանի որ քո սեփական կնոջ բարեկամն այդ պահին նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը) ստիպված ես եղել ոչ միայն նրանց դուրս հրավիրել, այլև առանց խղճի խայթ զգալու, դիմել ես … ոստիկանություն, քանի որ սաստիկ վախենալով սեփական կնոջիցդ, ցանկացել ես Անրիի հետ հետագա հանդիպումները խափանել, կանխել և բացառել:
Աշոտ, մի՞թե այդ երեխան քո որդին չէ և մի՞թե դու նրա հայրը չես: Ասացեք խնդրեմ, ի՞նչ է սա նշանակում: Հապա այդ դեպքում որտեղի՞ց է Անրին լույս աշխարհ եկել և այդ դեպքում ի՞նչ էր մտածում Աղաբաբյան Աշոտ հայրիկը, երբ ամուսնացած, երկու աղջիկ երեխաների տեր, սիրտը տղա երեխա ուզեց, այն էլ իր երազած` Անրի անունով…
Ցավոք, ահա այսպիսին է Աշոտ Աղաբաբյանի մարդկային և բարոյական նկարագիրը: Եվ անհասկանալի ու անընդունելի է հայ մարդուն ոչ վայել այս վարքագիծը: Նա ի՞նչ խղճով է հրաժարվում իր զավակից, ի՞նչ խղճով է զրկում իր զավակին՝ իրեն մոտենալու իր հետ հաղորդակցվելու և գոնե ժամանակ առ ժամանակ մեկ-երկու բառ փոխանակելու ցանկությունից, և որ առավել սոսկալի է՝ ի՞նչ խղճով է միտումնավոր ազդել դատական գործընթացների, որպեսզի պակասեցնի ալիմենտի չափը, խուսափի, իր բազմաշնորհ զավակին զրկի գոնե ուսման և խմբակներ հաճախելու համար գումար տրամադրելուց:
Բայց ահա, տեսեք, նմանօրինակ կերպարի տեր մարդը բարեգործությամբ է զբաղվում: Վերջերս, օրինակ, կեղծ բարեպաշտի դիմակ հագած` իր խմբագրած թերթի էջերում գովազդում և փողհարում էր նկարիչ եղբոր` Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդեսի բացումը, որը նոյեմբերի 27-ին կայացավ Երևանի Նկարիչների միության ցուցասրահում: Բա լավ, գոնե մի անգամ իրեն տաղանդավոր նկարիչ և արվեստագետ համարող Նիկոլ եղբայրը Աշոտին չասա՞ց, թե եղբայր ջան, անհարմար է, տեր կանգնիր որդուդ: Գոնե մեկ անգամ Աշոտի մերձավոր հարազատները, ովքեր բոլորն էլ քաջ ճանաչում են փոքրիկ Անրիին` սթափվելու և խելքի գալու կոչեր չարեցի՞ն Աշոտին: Մի՞թե հարազատի, արյունակից որդու հետ այդպես են վարվում… Սա ի՞նչ բարոյականություն է, որով շրջապատված են Աշոտն ու նրա մերձավոր հարազատները…
Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ պետք է այդ մարդը տեր կանգնի իր որդուն, առիթի դեպքում չխուսափի նրա հետ հանդիպումներից, գոնե հեռախոսազանգերին պատասխանելուց, ինչի կարիքը սաստիկ զգում է Անրի Աղաբաբյանը:
Անհարմար է, ամոթ, խայտառակություն: Ես այսօր գեթ մի հույս եմ փայփայում, որ կարդալով այս տողերը` նա և իր շրջապատը, հարազատները սթափվեն և արթնանա խիղճը:
Խիղճը, որի կարիքը անելանելի վիճակում հայտնված և սպասումներով լի աչքերով Անրիին շատ է անհրաժեշտ…
Տատյանա Մինասյան
«Երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոն»-ի համակարգող
Մոսկվա