top of page

Հոգու տողեր. ներաշխարհի արտացոլումը Զոյա Թորոսյանի բանաստեղծություններում

04.01.2023



Զոյա Թորոսյանը անուն է, որը կանգնած է ժամանակակից պոեզիայի քարտեզի վրա՝ անձնավորելով բառի խոր հուզականությունն ու նուրբ գեղեցկությունը։ Նրա ստեղծագործություններն հայացք են հոգու մեջ, որտեղ յուրաքանչյուր բանաստեղծություն զգացմունքների և պատկերների հոսք է:



Ու թե գալու ես ձմռան ճերմակին՝

Թողնելու հետքդ քո մեծ անցյալի,

Դա էլ կդառնա մի անդարձ երազ

Հալվող գարունքի զուլալ ջրերից :

Թե պիտի գրկես աշնան դողացող տերևի նման,

Լացես, ու թվա, թե չես կարող առանց գարուն աչքերի

Բայց նույն վայրկյանին

Դու այնպես պոկվես դողացող ծառից ու դառնաս կարոտ

Ու դառնաս մի հուշ՝

Նորից կթվա, որ այս աշխարհում

Ոչինչ չի տրվում այդքան սրտին մոտ,

Ինչքան հոգիներն արևագալի...

Աստղերից պոկված մի փոքրիկ հեքիաթ՝

Պահած սրտիդ մեջ՝ ինչպես թանկ ընծա,

Սառը օրերին տաք նվիրելու

Այնքան նրբերանգ գույներ կա տված:

Ափերիդ մեջ՝ ծով, սրտիդ մեջ՝ աղոթք ,

Աչքերիդ մեջ՝ լույս, չմարող կարոտ

Բառ, որ մի աշխարհ սեր ունի իր մեջ՝

Կդարձնի հոգիդ ճերմակ, արևոտ :

Դու էլի կգաս... կգաս նորովի...

Կգաս, որ անցած օրերդ փնտրես.

Քո երազները դանդաղ կմարեն

Մոխրացող, մշուշ ուսերիդ անտես :

Կթվա, թե դու չես էլ գնացել.

Դու միշտ եղել ես էությամբ ներկա,

Բայց քեզ ժպտացող արև աչքերը

Քեզ մի օր այնքան օտար կդառնան:

Հորիզոնները չեն լցվի լույսով,

Աստղերի պարը անձրև կմաղի,

Ձյան սաթ ճերմակի հետքերը վաղուց

Անունդ են պահել լուռ կարոտների:



Գեղեցիկ Հայաստանում ծնված Զոյա Թորոսյանը բնության գեղեցկությունն ու մարդկային զգացմունքները նկարագրելու յուրահատուկ շնորհ ունի. նրա բանաստեղծությունները միահյուսում են տարբեր իմաստներ՝ ստեղծելով պատկերներ, որոնք ընթերցողին խորասուզում են ներքին ապրումների աշխարհում:



Երկնքում ճախրող, լուսե՛ աստղիկներ

Դուք ապացույցն եք՝ ամեն սիրահար, կրակով լեցուն ,

Դողացող մարմնի համբույրից պոկված` սիրո հմայքի, Դո´ւք,որ հեռավոր ,անսահման շքեղ զարդարանքն եք `

Մեծ երկնակամարի։

Տիեզերական անհուն հմայքով,

Ամեն լուսավոր շողից արձակած`

Մի պատմություն է դանդաղ իջնում ցած.

Ահա՛, մի աստղիկ փայլում է շքեղ՝

Իր ո՜ղջ հմայքով,

Նա շատ նման է հենց ա՛յն աղջկան,

Որն իր պատանու համբույրից շիկնած`

Աչքերի մեջ լույս, հոգում` թիթեռներ, Արտացոլվում է հայացքը նրա`

Մեծ երկնքի մեջ, որպես մի նվեր` Տիեզերական անհունից է՛լ վեր,

Իսկ այն աստղերը ,որոնք հազիվ են նշմարվում,փայլում`

Թախծոտ ու տխուր մի խենթ տղայի սերն են ավետում,

Որը խամրել է կարոտից անհուն։

Ահա՛ և այսպես, ամեն մայր մտնող արևի փայլող շողերից անտես՝

Մութ գիշերային խոր լռության մեջ, Սիրահարներն են համբույրով անշեջ` Ծաղկաբույլ դառնում բաց երկնքի մեջ։



Նրա բանաստեղծություններում յուրաքանչյուր բառ վրձին է, որը ստեղծում է հոգու գեղատեսիլ պատկերներ: Նա գիտի, թե ինչպես ֆիքսել գեղեցկության պահերը առօրյա կյանքում և դրանք փոխանցել պոեզիայի հոսքերի միջոցով՝ նկարագրելով բնությունը, մարդկային զգացմունքներն ու փիլիսոփայական մտքերը:



Ես լուռ եմ...

Սակայն իմ լռության մեջ`

Դեռ բազում չասված խոսքեր են լողում,

Տխրում եմ մի պահ,

Բայց իմ ժպտացող տխրության խորքում,

Ծով երջանկության տաղեր են հյուսվում :

ժպտում եմ հաճախ...

Եվ հենց ժպտացող, իմ թախծոտ հոգում

Կարոտներն են խենթ լո՜ւռ գահավիժում,

Ազատ եմ հոգով,

Բայց նույն անպաշտպան ազատության մեջ՝

Ամու՜ր թելերով կապված եմ բախտին:

Անզոր եմ...

Սակայն անզորության մեջ՝

Փրկում եմ հանգչող, իմ անհաս հոգին:



Նրա ստեղծագործությունների, թերևս, ամենաուշագրավ հատկանիշը ընթերցողի խորը հույզերին դիպչելու կարողությունն է: Նրա բանաստեղծությունները կախարդական կերպով մեզ տեղափոխում են երազանքների, քնքշության և գեղեցկության աշխարհ՝ ստիպելով մեզ տեսնել արտասովորը սովորականի մեջ:



Երանելի են մայրերը բոլոր,

Ովքեր ծնում են որդի արժանի

Եվ մոռանալով իրենց կյանքն ապրել`

Ապրում են կյանքով, շնչով կարոտի։

Նման զավակը պետք է միշտ լինի անկեղծ ու մաքուր,

Թող որ հորինված և կեղծ ոչ մի բառ

Չլսի կյանքում`երբեք ո՛չ մի մայր,

Քանզի մայրերը թանկ ու սիրասուն:

Արժանի են միշտ հոգուց արձակած

Ու սրտից բխած խոսքերին բազում։

Մա՛յր, դու մեր միա՛կ ու ամենաթա՛նկ,

Մեր ամենասո՛ւրբ լույս ու արեգակ,

Աղոթենք մենք լուռ, անգամ ծնկաչոք,

Որ սուրբ մայրերը միշտ լինեն առողջ,

Թո՛ղ արցունքները հոսեն միմիայն ուրախ կանչերից,

Թո՛ղ, որ չցավի մոր սիրտը երբե՛ք որդոց խռովքից։

Եկե՛ք մենք հաճախ գրկենք մայրերին

Եվ ասենք միայն խոսքերը անգին.

«Ես քեզ սիրում եմ ՄԱՅՐ իմ թանկագին...»



Զոյա Թորոսյանը բանաստեղծուհի է, ով հնչում է իբրև զգացմունքների ներդաշնակություն, նուրբ հավասարակշռություն բնության և մարդկային ապրումների միջև։ Նրա խոսքերը սոսկ պոեզիա չեն, դրանք հուզական խճանկար են, որի յուրաքանչյուր մասնիկ բացահայտում է ներաշխարհի մի նոր երես:



Այսօր մի տեսակ ավելի ուժեղ

Ուզեցի լսել ես քո ձայնը մամ

Փորձեցի զանգ տալ

Ու մինչ կհասներ պահը այդ զանգի

Լսվեց տագնապը մեծ պատերազմի

Չկա ժամանակ թշնամին մոտ է

Պիտի սահմանը պատվով պաշտպանենք

Որ խաղաղ մնա քո պարզ երկինքը

Այսօր ողջ ուժով պիտի պայքարենք:

Հիմա քո քնքուշ ձայնի փոխարեն

Ահեղ հրետանու շաչյունն է թնդում

Մահաբեր զենքի ու ականների

Ձայնից ահարկու

Մարտական ոգիս պայքար է տենչում:

Դու չտխրես մամ

Ես դեռ զանգ կտամ

Զանգ կտամ այնժամ

Երբ իմ հողերը կտեսնեմ ազատ

Երբ խաղաղության դրոշը գրկած

Կգոչեմ հող իմ դու դարձար ազատ:

Այստեղ մենակ չեմ

Լսում ես ինձ մամ

Զինվոր տղերքը կանգուն անսասան

Պահում են հողը թշնամուց դաժան

Ես պիտի նրանց շարքերում լինեմ

Իսկ քեզ զանգ կտամ կներես գիտեմ

Եթե չլինեմ դու չտխրես մամ

Ես քո զինվորն եմ սրտից անբաժան

Թե էլ չլսես ձայնը քո որդու

Իմացիր մայր ես դու հերոս որդու

Այն հողը որտեղ դու պիտի քայլես

Արդեն ազատ է նվիրել եմ քեզ

Եվ բոլոր նրանց ով հայրենիքի

Սուրբ ու զորավոր արժեքը գիտի :

Ես կգամ ամեն գարունքի շողով

Կգրկեմ քնքուշ քո տխուր հոգին

Կլսեմ ձայնդ հոգուդ աղոթքի

Կսրբեմ աչքիդ արցունքը դողով :

Դու մի տխրիր մամ

Որդիդ հերոս է հիշատակն անմահ

Ես կամ քանի դեռ

Կհիշեն հերոս տղաներին հար

Ինձ կներես մամ...


Սիրո, բնության և ժամանակի մասին նրա բանաստեղծությունները կոչված են հետք թողնելու նրանց սրտերում և հոգիներում, ովքեր բացահայտում են նրա պոեզիայի աշխարհը: Սրանք լոկ խոսքեր չեն, դրանք հույզերի ու մտքերի միաձուլում են, որոնք դողում են ընթերցողների սրտերում:


Ես գտա նրան իմ հին անցյալում

Ծիծաղկոտ, ժպտուն, մի նուրբ աղջկա,

Բայց տարիների դառնահամ փոշին

Ուրվագծել էր հայացքը նրա:

Այնքա՜ն թախիծ, կար այնքա՜ն տխրություն,

Որ հրաշագեղ գույները կյանքի,

Փոխվել էին անգույն սև ու սպիտակի:

Սեր էր ավետում, բարություն անսանձ,

Նա մերթ քամի էր, մերթ` մեղմ լուսաբաց,

Մերթ տիեզերք էր` դռները բացած,

Մերթ էլ` ամրոց էր` ամուր պատնեշված,

Նա կարծես աստղ էր փայլող երկնքում,

Բայց և կարոտ էր, թախծոտ լռություն:

Պարում էր, ճախրում ինչպես մի թռչուն,

Բայց նա ազատ էր միայն վանդակում :

Նա լույս էր ու մութ ,արև ու լուսին,

Նա և՛ կրակ էր, և՛ ջուր ծովածին,

Մեծ էր նա հոգով, բայց փոքր այնժամ,

Երբ կես հայացքից նուրբ մանկան նման` ալեկոծվում էր ու լալիս անձայն :

Շատերն ասացին. <<գիտենք քո հոգին>>,

Ընկեր ձևացան միշտ հավատարիմ,

Բայց, երբ որ հասավ ժամը փորձության`

Շատերը անխոս լքեցին նրան :

Նա լույս էր ու ստվեր սիրո գոյության,

Փարոս էր անմար՝ հար միասնության

Հոգով տխուր էր, բայց միշտ հոգատար,

Հավերժ ճամփորդ էր՝ ճամփեքին օտար:



Զոյա Թորոսյանը շարունակում է ոգեշնչել և հրավիրել իր մոտ ընթերցողներին՝ հնարավորություն տալով նրանց առօրյա կյանքում տեսնել գեղեցկությունը և զգալ այն զգացմունքները, որոնք երբեմն դժվար է արտահայտել բառերով։


Աշնան տխրադեմ թախիծը նորից,

Ինձ պարուրել է քո սիրով անհագ,

Մեղմի՜կ շոյում է վարսերս արձակ՝

Մատներով քնքուշ, հոգով սիրառատ։

Մեղեդին դանդա՜ղ տարածվում, ձուլվում

Եվ քնքուշ հոգու նույն երգն է երգում,

Հոգուդ տաղերը՝ սիրառա՜տ, լեցո՜ւն՝

Նոր գույն տվեցին իմ անգույն հոգուն,

Աշնան թախծաշունչ շնչով հուզական՝

Սեր ավետեցին աչքերդ անգամ,

Եվ քո աչքերի սիրո օվկիանում,

Ալիքներն այնքա՜ն խաղաղ են ծփում։

Սիրու՜մ եմ աշնան շնչով պարուրված

Աչքերդ, որոնք սեր են ավետում:



Նրա աշխատանքները կամուրջ են մեր և ներաշխարհի միջև՝ լցված զգացմունքներով, երազանքներով և ներդաշնակությամբ: Զոյա Թորոսյանի գործերը մեզ հիշեցնում են ներաշխարհի կարևորության և բառերի կարողության մասին՝ ստեղծելու գեղեցկություն, որը կարող է գրավել և դիպչել հոգիներին իր յուրահատուկ հուզականությամբ և խորությամբ:



Սերը կյանք է,

Որ պարգևում է մեզ այն միակը,

Որի աչքերի անհունում միայն`

Մեր պատկերն է վառ,

Երբ գիշերները կարոտով լեցուն,

Նրա շնչով է շուրջդ տարածվում,

Նրա հայացքն է անվերջ հետևում,

Փախչում է քունդ ,կորցնում ես դու քեզ,

Խենթ քո քայլերից այրվում է հոգիդ ,

Դողում ես ահա, երբ ձեռքը մի պահ դիպչում է ձեռքիդ,

Այրվում ես ,երբ նա հայացքով թաքուն`

Աչքերով լուսե քեզ է հետևում

Ու մի պահ կորչում սիրուդ անհունում,

Իսկ խելակորույս համբույրից ուժգին`

Խենթանում ես դու ,ճախրում է հոգիդ,

Եվ գիշերային լուռ մթության մեջ`

Երկու ստվերներ`ձուլվում են հոգով ու դառնում սիրո հավերժ վկաներ։

Սերը այդ նա է քո էության մեջ,

Իսկ դուք ողջ սրտով արդեն մի հոգի ,

Քանզի երբ հոգով կապվում են ,հյուսվում, շնչով արարում`

Դառնում են ամբողջ միայն մի հոգի ,

Որտեղ սրտերն են գրկած հավերժի

Սերը մեր միակ իմաստն է կյանքի:



Նրա բանաստեղծությունները պարզապես գրական ստեղծագործություններ չեն, դրանք արվեստ են, որոնք փոխանցում են մարդկային զգացմունքների և բնության ամենանուրբ երանգները:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page