top of page

Մեկ Մակրոն ընդդեմ 10 միլիոն փաշինյանների

28 авг. 2023 г.
2 мин. чтения

28.08.2023

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Point-ին, որում խոսել է նաեւ Արցախի մասին։


Նախօրեին ֆրանսիական Ֆիգարոն գրել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ «օգնելու Բաքվի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին»։


Ֆրանսիական մի շարք քաղաքներ պատրաստվում են մարդասիրական շարասյուն ուղարկել Արցախ, քաղաքապետերն անձամբ են ուղեկցելու շարասյուները։


Խոսելով Արցախի շրջափակումից՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է՝ այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ «Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի  փակման հետեւանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, եւ մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար:


Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի եւ դեղորայքի առաքումը եւ Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը»։


Լրագրողը հիշեցրել է Մակրոնի՝ 2020-ին արած հայտարարությունը, ըստ որի «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է»։ Ի պատասխան Մակրոնն ասել է․ «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը եւ մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի տեւական խաղաղություն եւ պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»։


Մակրոնն, այսպիսով, օրակարգում պահում է Արցախի ինքնորոշման խնդիրը։ Նա «ինքնորոշման իրավունք եւ ժողովուրդների հավասարություն» բանաձեւի երկրորդ մասն է օգտագործում, որն ընդամենը շեշտում է առաջին մասը՝ ինքնորոշման իրավունքը։ Այս համատեքստում է պետք դիտարկել խաղաղության պայմանագրի՝ միջազգային իրավունքին համապատասխանության պնդումը։


Ավելի վաղ, հայ համայնքի հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել էր, որ օրակարգում է պահում Արցախի խնդիրը, եւ այս հարցում գրեթե մենակ է մնացել միջազգային համայնքում։ Հանդիպմանը ներկաների փոխանցմամբ, նա ասել էր, որ «հարցը Նիկոլ Փաշինյանն է»։ Եղիշեյան պալատը դա չէր հերքել։


Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի, ԱՄՆ, Գերմանիայի՝ Արցախի խնդիրը միջազգային երեք հիմնարար սկզբունքների հավասարության հիմքով լուծելու առաջարկները, անտեսել միջազգային կառույցների՝ նման պահանջով բանաձեւերը։


Խոսքը միացյալ Եվրոպայի եւ հատկապես Հաագայի միջազգային դատարանի բանաձեւերի մասին է, որոնցից վերջինը իրավունք էր տալիս Երեւանին դեռեւս 7 ամիս առաջ դիմել ՄԱԿ ԱԽ՝ երկրամասում զորախումբ ծավալելու պահանջով: Չարվեց եւ չի արվում ներկայիս պահին:


Այս պահանջներն իսպառ բացակայում են Փաշինյանի խորհրդարանական հենակ ռոբասերժ «ընդդիմության», արտախորհրդարանական ռուսապատկան, բայց «մոլի արեւմտամետ» մեդիա սազանդարների, ծախու «քաղաքագիտության» բառապաշարում։ Դրանք չկան աշխարհով մեկ ցրված ավանդական դաշնակառամկավար եւ նման լոբբիստական կառույցների տեքստերում ու դիմումներում։


Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքը*: Ահա ինքնորոշման՝ միջազգային իրավունքի սահմանմանը համապատասխանող բուն բանաձեւը, որը բացառում է Նիկոլի կրուտիտները եւ որը, սակայն, ենթարկվում է տոտալ համազգային մերժման հայկական վերնախավերի ճղճիմ ծագման ու ծախու նկարագրի հետեւանքով:


Իսկ ինչ կա փոխարենը: Կա հումանիտար խորացող ճգնաժամ, մինչդեռ Ակնայի դարպասը լայնորեն բաց է, «ԼՂ բնակիչների իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում», մոմավառություններ, ջահակրություններ եւ նստացույցեր՝ Արցախ ուտելիք ու վառելիք հասցնելու նպատակով համազգային 10 միլիոնանոց միավայրկյան հեշտանք, որը չի ենթադրում ամենակարեւորը՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Ինչու չի ենթադրու՞մ: Որովհետեւ իրավունքից բխում է բուն խնդրի գիտակցում եւ նպատակային գործողություն, իսկ դա արդեն անտանելի բան է։ Երկու-երեք հարյուրամյակում օտարի ծոցում մի կտոր հաց որոճալու ու պարբերաբար կոտորվելու բազմաչարչարության սովորություն է ձեւավորվել, որը մեթոդաբար խրախուսվում է հայրենական, բայց օտարածին քաղաքական շերտի կողմից:


*) Le droit de la majorité indigène de l’Artsakh de ne pas interrompre la tradition étatique millénaire


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page