top of page

Կա՞ վտանգ, որ նախկինները կվերադառնան իշխանության

05.05.2024



Կա՞ վտանգ, որ նախկինները կվերադառնան իշխանության: Այո, կա: Լա՞վ է դա թե վատ: Իհարկե վատ է, շատ վատ: Անչափ վատ:


Բայց ինչու՞ է այդ վատն ու վտանգավորն այսօր հնարավոր: Որովհետև ժողովուրդը ոչ ստեղծել է, ոչ էլ գնացել է երրորդ ընտրության` այլընտրանքի հետևից: Եվ ինքն իրեն միայն ու միայն երկուսի ընտրություն է թողել:


Դրան մեծապես նպաստել են ներկաները: Նախկինների վերադարձի վախով` ներկա մնալով:


Հետևաբար արձանագրենք` ժողովրդի մոբիլիզացիայի հնարավորություն` իր իսկ հանցավոր ընտրության արդյունքում կա միայն այս երկու ճամբարների օգտին:

Հիմա շարժվում է դեպի Երևան մի երթ, որը կարող է և կապված լինել նախկինների հետ: Ամեն դեպքում ասոցիացիաները իրատեսական են թվում:


Հոգևորականի գլխավորումն այդ շարժման ես ողջունելի եմ համարում: Չեմ կասկածում իր հայրենասիրությանն ու իր եկեղեցու բուն առաքելությանն իր հավատարմությանը: Ինձ դուր չեն եկել և դուր րեն գալիս իր ասոցիացիաները` նախկինների հետ իր նախկինում կամ գուցե ներկայում սերտ կապերը: Ինձ դուր չի գալիս նաև իր հովանավորված լինելը Կաթողիկոս կոչվող ռուսական հոգևոր կառավարչի կողմից: Բայց էլի` դուր է գալիս, որ մարդը գոնե փորձում է չեղած տեղը պայքար գեներացնել: Եվ իր մղման ազնվությանը ես չեմ կասկածում:

Պե՞տք է արդյոք ցանկանալ, որ դա վերածվի համաժողովրդական շարժման և հանգեցնի իշխանափոխության:


Եթե ոչ, որովհետև վախը նախկիններից գործոն է, ապա դա փաշինյանական խաղաքարտն է: Որպեսզի նախկինները չգան` պետք է ինքը մնա: Հետևաբար առկա երկու չարիքներից պետք է հասկանալ թե որ չարիքն է մի փոքր ավելի քիչ չարիք:


Փաշինյանի Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է: Նախկինների Հայաստանը` ժամանակավոր Ռուսաստան և էլի վերջում Արևմտյան Ադրբեջան:


Այսօր Հայաստանի ադրբեջանացումն արդեն փաստ է: Ինձ համար մեծ հաշվով այլևս կարևոր չէ թե ով ում կողմից է հովանավորվում: Եթե լինի հնարավորություն այս ադրբեջանական չարիքից Հայաստանն ազատելու` դա էլ պետք է նվաճում համարել: Դա կանեն Ադրբեջանի դաշնակից Ռուսաստանի գործակալները, թե այդպես էլ որևէ կերպ չծնված այլ զանգվածային ուժեր` այլևս կարևոր չէ:

Միևնույն է ելք չկա: Միևնույն է ազգային գաղափարախոսությունն այլևս հայության կողմից մերժված է, իր համար փրկարար միակ այդ գաղափարն` անդառնալիորեն վարկաբեկված:


Ու եթե Հայաստանն այլևս անհնար է փրկելը, ապա պետք է մխիթարվել միայն նրանով, որ մի չարիքով կարող է և մյուս չարիքին հեռացնել և պատասխանատվության կանչել հնարավոր լինի:


Միևնույն է` ներկաները թե նախկինները` երկուսն էլ Ռուսաստանի առաջնորդությամբ երկիրը հանձնում ու հանձնելու են Ադրբեջանին: Ներկաներն ավելի արագ ու հիմնավոր: Նախկիններն` ավելի դանդաղ ու առավել մեծ դժվարությամբ: Բայց հանձնելու են: Այս երկուսի գործունեության արդյունքն ամեն պարագայում նույնն է լինելու:


Մի բան փաստ է. Փաշինյանի մնալով Հայաստանի կործանումը լույսի արագությամբ է ընթանում: Միաժամանակ` Արևմուտքում խաբկանք է ստեղծվում թե իբր փաշինյանական իրականում ռուսական Հայաստանը գնում է դեպի Արևմուտք: Կարևոր է նաև այդ խաբկանքի կոտրումը և իրականության ընկալում Արևմուտքում ստեղծելը: Վերջապես առավել արդար և առավել ճիշտ է Արևմուտքին ցույց տալը, որ Հայաստանը ռուսական ստրուկ է, քան ռուսական ստրուկ սիրով մնալն ու խաբելը թե հակառուսաստանյան, պրոարևմտյան երկրի է վերածվում Հայաստան կոչվող ադրբեջանական այս սատրապությունը:

Արդյո՞ք ռուս-թուրքական ուժի տեսական փոխարինումը ռուսական և ռուսաստանի միջնորդությամբ արդյունքում թուրքաձեռնտու ուժով առավել ձեռնտու է Հայաստանին:


Հայաստանին այդ պարադիգմում ոչինչ էլ ձեռնտու չէ: Բայց այդ հավասարումից թուրքական ուղղակի գործոնն անուղղակիով փոխարինումն էլ շատերի համար առաջընթաց կարող է համարվել: Ահա թե ինչու են շատերը (ոչ ես) այսօր տեղավորվում Կիրանց-Երևան երթի քաղաքական ծիրում:

Միակ իսկական լավ լուծումը կլիներ զանգվածային շարժմամբ հանցավոր ներկաների հեռացումը և հանցավոր նախկինների ու ներկաների աղբաբոց նետումը: Բայց դա չկա: Ու չի լինելու:


Ահա թե ինչ ողորմելի, հիմար ու կենդանաբանական մակարդակի է ինքն իրեն իջեցրել միավորը, որ ընտրությունն ու համեմատաբար քիչ չարիքն են դարձել Հայաստանի համար ընտրության երկու բևեռները:


Հայկ Մարտիրոսյան

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page