top of page

Երկու բան մատնողը

20.07.2020

Ռուսական պրոպագանդայի օդիոզ առաջամարտիկներից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը, ի պատասխան Տավուշում զինված գործողությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կոչերի ու պահանջների, գրառում է կատարել իր Telegram ալիքում։ Կոչերը հնչել են ամբողջ աշխարհում հայտնի հայերի հայտարարությունների ֆոնին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։ Մարգարիտա Սիմոնյանը, սակայն, դրա փոխարեն դիմել է Հայաստանի իշխանություններին, քննադատություն հնչեցնելով նրանց հասցեին:


Հասկանալի էր, որ Մարգարիտա Սիմոնյանն այս կոնֆլիկտում չէր կարող աջակցություն հայտնել Հայաստանին՝ դա նրան չէր ներվի։ Նա չէր կարող նաեւ աջակցություն հայտնել Ադրբեջանին, դա չափից ավելի կլիներ, թեեւ ավելի ազնիվ կլիներ նրա կողմից։ Եվ ահա, չկարողանալով աջակցություն հայտնել Հայաստանին, Մարգոն դիմել է անշառ հնարքի՝ քննադատելով Հայաստանի իշխանությանը, այդպիսով փորձելով խուսափել դիրքորոշում հայտնելուց։ Այլապես, անհասկանալի է, թե նրա բերած «փաստարկները» ինչ կապ ունեն կոնկրետ իրավիճակի հետ այն պայմաններում, երբ Հայաստանը չի դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Ավելին, Հայաստանն այդպիսով Ռուսաստանին պարզերես է արել այս իրավիճակում, որը շատ թանկ արժե։


Մարգարիտա Սիմոնյանին մարդկայնորեն կարելի է խղճալ, նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին ու ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով, որոնք նա կամա թե ակամա բացահայտել է իր գրառման մեջ։ Դրանցից պետք է առանձնացնել երկու ամենակարեւորը, որոնք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ավանդական քաղաքականության հիմքն են, անկախ ՀՀ օրվա իշխանությունից։ Ի դեպ, պետք է նշել, որ Մոսկվան դրա համար օգտագործում է ոչ միայն Մարգարիտա Սիմոնյանին, այլեւ Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Պետք է նշել նաեւ, որ չկա հետխորհրդային որեւէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի նման կերպ։ Կամ չի կարողանում գտնել նման մարդկանց, կամ չի ցանկանում, բայց փաստը մնում է փաստ։


Եվ այսպես, որոնք են իշխանության քննադատության քողի տակ Մարգոյի գրառման երկու կարեւոր հանգամանքները։ Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, եւ եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։ Երկրորդ, ռուսահայ հոծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը նույնպես Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գրառման իմաստը։


Ժամանակները փոխվել են, այդ թվում փլուզվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ժողովուրդներին։ Հայկական սուբյեկտությունը ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջեւ հառնում է ավելի ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է ստիպում։ Մարգոն ու հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռեւս պահանջարկ ունեն։


Մարգարիտա Սիմոնյանը խորհուրդ է տալիս Նարեկացի կարդալ։ Նրան էլ կարելի է խորհուրդ տալ կարդալ օրինակ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերը եւ դրանց գաղտնի արձանագրությունները, 1921-23 թթ․ խորհրդային Հայաստանում ռուս-թուրքական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը։


Եվ մի խորհուրդ էլ հայ հանրությանը՝ նման դեպքերում պետք չէ կոչեր անել մարգարիտասիմոնյաններին ու անդրանիկմիհրանյաններին, նրանց խնդիրը շատ պարզ է։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page