top of page

Հոգեբանը, որ մարդկանց օգնում է ապրել վերքից հետո, բայց ինքն իր ժողովրդի կորստի հետ հաշտվել չի կարող. Ալեն Ազիզյանի պատմությունը

  • 20 июл.
  • 9 мин. чтения

Обновлено: 31 июл.

20 ՀՈՒԼԻՍԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ 

 

 

Դիլիջանի զինվորական հոսպիտալում զինվորներին բերում էին սուր սթրեսային վիճակով։ Նրանց պետք էր զննել, բուժել և հասկանալ՝ ո՞վ կարող է վերադառնալ ծառայության, իսկ ո՞վ այլևս չպետք է վերադառնա։

 

Ալեն Ազիզյանը նստում էր նրանց դիմաց և լսում։

 

Նրանք խոսում էին դրոնների մասին։ Խոսում էին դիրքերի, անորոշ հրամանների և անտեր մնալու զգացման մասին։ Ոմանք չգիտեին՝ ուր էին տարվել և ինչ պիտի անեին այնտեղ։ Նրանց պատմություններում հակառակորդը երբեմն այլևս մարդ չէր թվում։ Մի զինվոր պատմել էր, թե կրակում էին, նրանք ընկնում էին, հետո նորից բարձրանում ու գալիս էին առաջ։

 

Ազիզյանը դա ռազմական փաստ չէր համարում։ Նա լսում էր տասնութ կամ տասնինը տարեկան տղայի տագնապը։ Երբ սարսափը երկար է տևում, տեսածն ու զգացածը խառնվում են իրար։

 

— Տագնապ,— ասում է նա հիմա։ — Սարսափելի տագնապ։

 

Այդ նույն օրերին մեկ այլ պատերազմ էր գնում հեռախոսների և լուրերի մեջ։ Ֆրեզնոյում մարդիկ փող էին հավաքում։ Մեկը հագուստ էր ուղարկում, մյուսը՝ դեղորայք։ Հեռուստատեսությամբ կրկնում էին, թե հայկական կողմը հաղթում է։

 

— Անընդհատ ասում էին՝ հաղթում ենք, հաղթում ենք։

 

Հոսպիտալում նստած զինվորները ուրիշ բան էին ասում։

 

Ազիզյանը մասնագիտությամբ կլինիկական և դատական հոգեբան է։ Նրա աշխատանքը սովորեցրել է չշտապել։ Մարդու ասածը դեռ ապացույց չէ։ Մարդու արարքը դեռ ամբողջ մարդը չէ։ Պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել և ինչ վիճակում է եղել նա, երբ դա կատարել է։

 

Դատական հոգեբանության մեջ երկու հին լատիներեն բառ կա։ Actus reus՝ արարքը։ Mens rea՝ հոգեվիճակը, մտադրությունը, գիտակցումը։ Երկու մարդ կարող են նույն հետևանքն առաջացնել, բայց տարբեր պատճառներով։ Օրենքը հաշվի է առնում այդ տարբերությունը։ Հոգեբանը օգնում է այն տեսնել։

 

Դիլիջանում նա նույնպես տարբերակում էր։ Զինվորն ինչ էր տեսել։ Ինչ էր հիշում։ Ինչից էր տագնապում։ Ինչն էր նրա մարմնում դեռ շարունակվում, թեև կրակոցը արդեն հեռու էր։

 

Բայց կար մի բան, որ մասնագիտական սառնությամբ չափել չէր ստացվում։ Այդ պատերազմը նաև իրն էր։

 

Պատերազմի երկրորդ կամ երրորդ օրը նա Կալիֆոռնիայում տոմս էր գնել։ Դասավանդում էր։ Ընտանիք ուներ։ Հատուկ ծրագիր չուներ։

 

— Օգտակար լինեմ։ Ցանկացած ձևով ուզում էի օգտակար լինել։

 

Նա մեկնել էր Հայաստան։ Սկզբում գնացել էր Աբովյան, որտեղ զինվորների համար կենտրոն էին ստեղծում։ Հետո նրան ուղարկել էին Դիլիջան։

 

Նա կարծում էր, որ կհասնի և կտեսնի ընդհանուր շարժում դեպի Արցախ։ Փոխարենը լսեց նաև մարդկանց, որոնք ասում էին՝ սա իրենց պատերազմը չէ։ Նա դա չէր սպասել։ Հետո տարիներ շարունակ կփորձեր հասկանալ, թե որտեղից էր գալիս այդ բաժանումը։ Քաղաքականությունից։ Հին վիրավորանքներից։ Հայաստանի և Արցախի միջև կուտակված տարբերությունից։ Գավառների, կուսակցությունների, ընտանիքների հին հակադրություններից։ Նա վերջնական պատասխան չունի։

 

Դատական հոգեբանը սովոր է ասել, երբ բավարար տվյալ չունի։

 

Ազիզյանը ծնվել է Թեհրանում։ Հայկական դպրոց է գնացել։ Սիրել է կարդալ։ Պարսկերեն մի պարբերական կար, որ լույս էր տեսնում չորեքշաբթի օրերին։ Նա արդեն երեքշաբթիից սպասում էր դրան։ Այնտեղ փոքր նյութեր էին տպագրվում աստղերի, Լուսնի և գիտության նորությունների մասին։

 

Այսօր այդ նյութերը գուցե շատ պարզ թվային։ Երեխայի համար դրանք ուրիշ աշխարհ էին։

 

Թեհրանի մանկությունից նա հիշում է նաև կոնֆետները։

 

Շահը հեռացել էր Իրանից։ Փողոցներում մարդիկ գոռում էին և քաղցրավենիք բաժանում։ Ընտանիքը մեքենայով տուն էր գնում։ Մի մարդ մոտեցավ, թակեց ապակուն։ Հայրը իջեցրեց այն։ Մարդը կոնֆետները նետեց մեքենայի մեջ։ Նա շնորհավորում էր։ Շահը գնացել էր։

 

Երեխան հեղափոխությունը չէր հասկանում։ Նա հիշեց կոնֆետները։

 

Հետո դպրոց բերեցին Ղուրանի մեկնությունների գրքեր։ Ուսուցիչներն աշակերտներին ասացին, որ վերադարձնեն դրանք տնօրինությանը և ասեն, որ չեն ուզում սովորել։ Իրանի հայերը ապրում էին պարսիկների մեջ, հարգում էին նրանց և հաճախ իրենք էլ հարգված էին։ Բայց սահմանը կար։ Հայկական դպրոցը, եկեղեցին, ընտանիքը և ամուսնության մասին չգրված կանոնները պահում էին այն։

 

Տասնմեկ տարեկանում Ազիզյանի ընտանիքը պատրաստվում էր հեռանալ Իրանից։ Մարդիկ կային, որոնք խոստանում էին կարգավորել անձնագրերն ու ճանապարհը։ Նրանք վերցրին փողը, վերցրին փաստաթղթերը և անհետացան։

 

Ընտանիքին ասացին, որ կարող են գնալ Պակիստան։ Այնտեղ ամերիկյան դեսպանատուն կար։ Մի կամ երկու շաբաթ կսպասեին, հետո կշարունակեին ճանապարհը։

 

Նրանք գնացին։

 

Մի կամ երկու շաբաթը դարձավ երկու տարի։

 

Քարաչիում սկզբում հյուրանոցում էին ապրում։ Ամեն օր սպասում էին, որ հարցը կլուծվի։ Վեց ամիս անց հասկացան, որ սպասումը վերջ չունի, և տուն վարձեցին։ Անձնագիր չունեին։ Կարգավիճակ չունեին։ Չգիտեին՝ երբ են դուրս գալու։

 

Սկզբում կորած էին զգում։ Հետո ընկերներ գտան։ Շրջապատ ստեղծեցին։ Սովորեցին ապրել այնտեղ։

 

Սա մարդու հարմարվելու կարողությունն էր։ Այդ ժամանակ այն փրկություն էր։

 

1986 թվականին ընտանիքը հասավ Լոս Անջելես։ Ալենը տասներեք տարեկան էր։ Ամերիկան տեսել էր ֆիլմերում և կարդացել գրքերում։ Այնտեղ ամեն ինչ պիտի մեծ լիներ, արդար և ճիշտ։

 

LAX օդանավակայանը մեծ էր։ Քաղաքը մեծ էր։ Ոստիկանների հագուստը, մեքենաները և մարդկանց արագությունը ուրիշ աշխարհի մաս էին թվում։ Պակիստանի երկու տարիներից հետո նա զգաց, որ փրկվել են։

 

Նոր դպրոցում անգլերենը դժվար էր։ Հայերի մոտ ավելի ապահով էր։ Նրանք ապրում էին Ամերիկայում, բայց երկար ժամանակ մնում էին հայկական շրջապատի ներսում։

 

Մանկության տարիներին Ազիզյանը սիրում էր Թինթինի պատմությունները։ Չէր հասկանում, թե լրագրողն իրականում ինչ է անում։ Նրան դուր էր գալիս, որ Թինթինը միշտ ճանապարհին էր, միշտ մի նոր հարցի հետևից էր գնում և նույն օրը չէր կրկնում։

 

Նրա կյանքն այդպես էլ ստացվեց, թեև ոչ այն ձևով, ինչպես պատկերացրել էր երեխան։

 

Սկզբում նրան հետաքրքրում էր, թե ինչպես են կենդանիները սովորում։ Հետո՝ հիշողությունը, ուղեղը և մարդու վարքը։ Նա հոգեբանություն ուսանեց, Նյու Յորքի պետական համալսարանի Սթոնի Բրուքի մասնաճյուղում ստացավ դոկտորի աստիճան, հետդոկտորական աշխատանք կատարեց Սքրիփսի հետազոտական ինստիտուտում և Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում։ Աշխատեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։

 

Հետո նրան առաջարկեցին վեց ամսով գնալ Քոալինգայի պետական հիվանդանոց։ Այնտեղ պահվում և բուժվում էին նաև դատական որոշումներով հաստատություն ուղարկված մարդիկ։

 

Վեց ամիսը դարձավ մեկ տարի։ Մեկ տարին դարձավ ավելի երկար ժամանակ։ Ազիզյանը դարձավ հոգեբանական ծառայության ղեկավար։

 

Այդտեղ նա ամեն օր տեսնում էր, թե ինչու է կարևոր տարբերել արարքն ու հոգեվիճակը։ Մեկը կարող էր սպանել դիտավորյալ։ Մյուսը կարող էր նույն հետևանքին հասցնել զայրույթի պահին։ Երրորդի իրականության զգացումը կարող էր ծանր հիվանդությամբ խաթարված լինել։ Մահացած մարդը չէր վերադառնում։ Բայց պատճառները նույնը չէին։ Վտանգը նույնպես նույնը չէր։

 

Նա սովորեց խոսել ծանր բաների մասին առանց ավելորդ բառերի։

 

Հետո սկսեց դասավանդել Ֆրեզնո Սթեյթի քրեագիտության ամբիոնում։ Սիրեց Ֆրեզնոն։ Չէր սպասում, որ կմնա այնտեղ։ Ժամանակին մտածել էր, թե գուցե ապրի Հայաստանում։ Հիմա ասում է՝ իրենց հիմքը Քլովիսում է՝ Ֆրեզնոյի կողքին։

 

Պապը Նախիջևանից էր։ Վեց կամ յոթ տարեկան էր, երբ նրան տարել էին Թավրիզի կողմերը՝ բարեկամի մոտ աշխատելու։ Ասել էին՝ որոշ ժամանակ կմնա, ընտանիքին կօգնի, հետո կմիանա նրանց։ Բայց ճանապարհը փակվել էր։ Ընտանիքի մեծ մասը գնացել էր Արմավիր։ Տղան մնացել էր Իրանում։

 

Նա դպրոց չէր գնացել, բայց կարդում և գրում էր։ Ամբողջ կյանքում ընտանիքի կարոտն ուներ։

 

Մոտ հիսուն տարեկանում առաջին անգամ կարողացավ գնալ Հայաստան։ Ճանապարհը գնացքով էր։ Նա սպասում էր հորը տեսնել։ Փոխարենը նրան տարան գերեզման։ Հայրը մահացել էր մի քանի օր առաջ։

 

Հետո պապը վերադարձավ Ամերիկա, աշխատեց, նորից փող հավաքեց և նորից գնաց Հայաստան։ Այս անգամ նրա քույրն էր մահացել՝ դարձյալ մի քանի օր առաջ։

 

Նրա հայրենիքը երկու ուշացած ճանապարհ էր։

 

1990-ականների սկզբին ընտանիքը փոքր հեռուստացույցով BBC էր լսում։ Մի օր հայտարարեցին հայկական հաղթանակի մասին Արցախում։ Պապը կանչեց կնոջը։

 

— Ռոզե՛կ, արաղը ո՞ւր է։ Թուրքերը գնացել են։

 

Ալենը նրան այդքան ուրախ չէր տեսել։ Պապը բեղերը Սարոյանի պես էր պահում։ Պատերազմ չէր գնացել։ Բայց այդ պահին նրան թվում էր, որ մի հին գործ վերջապես ավարտվել է։ Թոռը դեռ լավ չգիտեր՝ Արցախը որտեղ է։ Այդ երեկոյից սկսեց հետաքրքրվել։

 

1999 թվականին առաջին անգամ գնաց այնտեղ։

 

Հետագա տարիներին, երբ Հայաստանում էր լինում, փորձում էր նաև Արցախ հասնել։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ մի անգամ տեսավ հարյուրավոր հայ զինվորների։ Նրա համար դա պարզ բան էր։ Երկիր կար։ Բանակ կար։ Մարդիկ կանգնած էին այնտեղ։

 

Բայց ճանապարհներին դատարկություն կար։

 

Կիլոմետրերով մարդ չէր երևում։ Ծառերի վրա նուռը հասնում էր, ճաքում և մնում։ Հող կար, բայց քիչ մարդ կար, որ ապրեր նրա վրա։ 2016 թվականի պատերազմից հետո այդ դատարկությունը սկսեց վախեցնել նրան։

 

Նա հարցնում էր արցախցի ընկերներին՝ եթե նորից պատերազմ լինի, ինչպե՞ս են պահելու այդ տարածքները։ Նրանք ասում էին՝ գուցե այս վիճակը լավագույնն է։ Թող մնա այսպես։

 

Նա չէր հանգստանում։

 

Մի անգամ «Նիվայով» մենակ էր գնում։ Ճանապարհին տեսանյութ նկարեց։ Մտածեց, որ գուցե վերջին անգամ է անցնում այնտեղով։

 

Հետագայում նա այդ միտքը չի ներկայացնում որպես կանխատեսում։ Դա տագնապ էր։ Բայց այն ճիշտ տեղն էր նայում։

 

Հայաստան նա գալիս էր նաև աշխատելու։ Ֆուլբրայթի ծրագրով դասավանդեց և հետազոտություն կատարեց Երևանի պետական բժշկական համալսարանում։ Գործընկերների հետ ուսումնասիրեց շիզոֆրենիա ունեցող մարդկանց ճանաչողական խնդիրները։ Դասախոսություններ կարդաց։ Ուսանողների հետ աշխատեց։ Թեստեր թարգմանեց և հարմարեցրեց հայերեն միջավայրին։

 

Հայաստանը նրա համար արձակուրդի տեղ չէր։ Այստեղ էր հանդիպել կնոջը։ Այստեղ գործընկերներ ուներ։ Այստեղ էր վերադառնում, երբ իր մասնագիտությունը կարող էր պետք գալ։

 

2020 թվականին այն պետք եկավ։

 

Սուր սթրեսային վիճակը մարդու անմիջական արձագանքն է ծանր իրադարձությանը։ Մարմինը շարունակում է ապրել վտանգի մեջ, նույնիսկ երբ մարդն արդեն հիվանդասենյակում է։ Նա կարող է չքնել, ցնցվել ձայնից, նորից տեսնել պատկերը, խուսափել հիշողությունից կամ զգալ, թե ամեն ինչ իր հետ չի կատարվում։

 

Եթե այդ վիճակը երկարում է և ախտանշանները պահպանվում են, կարող է ձևավորվել հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Բայց առաջին օրերին ոչ ոք չգիտի, թե ում մոտ ինչ ընթացք կունենա վնասվածքը։

 

Դիլիջանում Ազիզյանը տեսնում էր երիտասարդ մարդկանց, որոնց ներսում պատերազմը չէր ավարտվել։

 

Պատերազմից հետո նա հայաստանցի գործընկերների հետ ուսումնասիրեց մարտական հոգեկան վնասվածք ունեցող զինծառայողների ստացիոնար բուժման արդյունքները։ Բուժման ընթացքում շատ ախտանշաններ նվազել էին։ Բայց քունը, տագնապը, խուսափումը և կենտրոնանալու դժվարությունը հաճախ մնում էին։

 

Բուժումը մարդուն վերադարձնում է կյանքին։ Այն չի վերադարձնում այն օրը, որից առաջ մարդն ուրիշ էր։

 

Նոյեմբերի 9-ին Ազիզյանը զգաց դատարկություն։ Հիասթափություն։ Պարտություն։ Նա ամբողջ կյանքում մտածել էր, թե ինչ կլինի, եթե Արցախը կորսվի։ Հիմա այդ հարցը այլևս ենթադրություն չէր։

 

 

Պատերազմից հետո նա ևս վերադարձավ Արցախ։ Երկու կամ երեք անգամ։ Ամեն անգամ մարդիկ ավելի քիչ էին։ Հյուրանոցները դատարկ էին։ Ճանապարհները, որոնք առաջ էլ դատարկ էին թվում, հիմա ուրիշ լռություն ունեին։

 

Վերջին այցելություններից մեկի առավոտյան հյուրանոցում, նրա հիշողությամբ, միայն երկու հյուր կար՝ ինքը և Ռուբեն Վարդանյանը։ Նրանք պարզապես բարևեցին։ Երկար զրույց չեղավ։ Ազիզյանը դա պատմում է առանց խորհրդանշական իմաստ պարտադրելու։ Բայց դատարկ հյուրանոցը մնացել է հիշողության մեջ։ Մարդիկ արդեն հեռանում էին, իսկ առօրյան դեռ ձևացնում էր, թե շարունակվում է։

 

Նրան հետագայում հարցրին՝ ինչպես հաղթահարեց։

 

— Չեմ հաղթահարել։ Սուտ կլինի ասել՝ հաղթահարել եմ։

 

Նա հոգեբան է։ Գիտի, որ կյանքը չի կանգնում։ Մարդն ընտանիք ունի։ Երեխաներ ունի։ Աշխատանք ունի։ Առավոտյան պետք է վեր կենա։ Պետք է խոսի ուսանողների հետ, պատասխանի նամակներին, մեքենա վարի, տուն վերադառնա։

 

Մարդը հարմարվում է։

 

Ազիզյանը այդ բառը լավ գիտի։ Նրա ընտանիքը հարմարվել էր Իրանում։ Հետո Պակիստանի հյուրանոցում։ Հետո վարձած տանը։ Հետո Լոս Անջելեսում։ Նա հարմարվել էր նոր լեզվին, նոր դպրոցին, նոր մասնագիտությանը, Ֆրեզնոյին։

 

Առանց հարմարվելու նրանք չէին փրկվի։

 

Բայց հիմա նույն բառից նա նաև վախենում է։

 

— Շատ մեծ հեշտությամբ ենք հարմարվում ամեն ինչի։

 

Հարմարվելը կարող է նշանակել, որ մարդը շարունակում է ապրել։ Կարող է նաև նշանակել, որ նա այլևս չի հարցնում՝ ինչ կորցրեց և ինչու։ Անհատի համար դա երբեմն պաշտպանություն է։ Հասարակության համար կարող է դառնալ մոռացում։

 

Նա տեսնում է, թե ինչպես է պարտությունից հետո առօրյան նորից փակվում մարդկանց շուրջը։ Սկզբում ցավը բարձր է։ Հետո մարդիկ հոգնում են։ Ասում են՝ ի՞նչ անենք։ Ասում են՝ կյանքը շարունակվում է։ Դա ճիշտ է։ Բայց ճշմարտության միայն կեսն է։

 

Հոգեբանության մեջ խոսում են հետտրավմատիկ աճի մասին։ Երբեմն ծանր կորուստից հետո մարդը սկսում է ուրիշ կերպ գնահատել կյանքը, հարաբերությունները, իր ուժը և պատասխանատվությունը։ Բայց աճը չի նշանակում, որ ցավը լավ բան էր։ Չի նշանակում նաև, որ այն անցել է։

 

Ազիզյանը պատրաստի ձևակերպումներ չի սիրում։

 

— Մի բանաձև չկա, որ հասարակությանը տաս ու ասես՝ սա է։

 

Մեկը ապրում է ընտանիքի շնորհիվ։ Մյուսը՝ աշխատանքի։ Մեկը՝ հավատքի։ Մյուսը՝ գաղափարի։ Ցավը կարող է կործանել մարդուն։ Կարող է նաև թույլ չտալ, որ նա հաշտվի անարդարության հետ։

 

— Ավելի լավ է վշտի մեջ ապրեմ, բայց այդ պայքարը մեջս պահեմ։

 

Նա չի ասում, որ մարդը պետք է մշտապես մնա սուր տագնապի մեջ։ Այդ վիճակը հիվանդացնում է։ Նա չի ասում նաև, որ վիշտը պետք է դարձնել առաքինություն։ Նա ասում է, որ խաղաղությունը չպետք է գնել հիշողության գնով։

 

— Անպատիվ խաղաղությունը չեմ կարող ընդունել։

 

Այդ միտքը բացատրում է տան ցանկապատով։ Եթե հարևանը վերցնի հողամասի մի մասը և ասի՝ մնացածը պահիր ու հանգիստ ապրիր, հարցը չի փակվի։ Մարդը կարող է մնալ իր տանը։ Կարող է ամեն օր աշխատանքի գնալ։ Բայց ցանկապատը տեսնելու է։

 

Ազիզյանի խոսքում քաղաքական գնահատականներ կան։ Նա չի թաքցնում, որ 2018 թվականին հավատացել էր հեղափոխությանը։ Հրապարակում մարդիկ ուրախ էին։ Ջերմ էին իրար հետ։ Թվում էր՝ լավ փոփոխություն է գալիս։

 

Հետո նա հիասթափվեց։

 

Հիմա ընդունում է, որ պոպուլիստական նշանները տեսանելի էին։ Խոստումները չափազանց հեշտ էին։ Բայց ինքն էլ էր հավատացել։ Նա իրեն չի հանում սխալված մարդկանց շարքից։

 

Քաղաքական ապագայի մասին խոսելիս չի ուզում մեկ նոր փրկիչ։ Ասում է, որ կազմակերպված ուժ է պետք։ Հաստատություն։ Կուսակցություն, որը մեկ մարդու տրամադրությունից մեծ է։ Հայերը, նրա կարծիքով, հաճախ մեկին բարձրացնում են, հետո նույն արագությամբ ցած նետում։

 

Դա նույնպես հարմարվելու ձև է։ Ամեն նոր հիասթափությունից հետո նոր անուն գտնել։

 

Ֆրեզնոյում նա ապրում է կնոջ և երեք դուստրերի հետ։ Ընտանիքը գնում է հայկական միջոցառումների։ Տանը խոսում են Սարոյանի, Անդրանիկի և Մոնթե Մելքոնյանի մասին։

 

Մի անգամ երեխաների հետ «Նիվայով» Գորիսից գնացել են Ստեփանակերտ։ Հետո վերադարձել են Քարվաճառով։ Ճանապարհին կանգնել են վանքերի մոտ։ Աղջիկները մինչև հիմա հիշում են այդ ուղևորությունը։

 

Ուրիշ ճանապարհով գնացել են Չիկոյի կողմերը։ Ճանապարհին պատմել են Անդրանիկի մասին, որը կյանքի վերջին շրջանում այնտեղ էր գնացել բուժվելու և հանգստանալու։ Պատմությունը մտել էր մեքենա։ Երեխաները լսել էին այնքան, որքան կարող էին լսել։

 

Շաբաթ օրը նրանցից մեկը կարող է ցանկանալ մնալ համակարգչի մոտ։ Մյուսը ուրիշ գործ ունի։ Բայց եթե Մոնթեի մասին միջոցառում կա, ծնողները ասում են՝ բոլորս պիտի գնանք։

 

Երեխաները գուցե ձանձրանան։ Գուցե ամեն ինչ չհիշեն։ Կարևորն այն է, որ տեսնեն՝ այդ անունը ընտանիքի համար արժեք ունի։

 

— Սկսել ընտանիքներից։

 

Նա գիտի, որ ընտանիքը պետություն չէ։ Ընտանիքը բանակ չի կառուցում։ Չի մշակում կրթական ծրագիր և չի վարում արտաքին քաղաքականություն։ Բայց ընտանիքում է երեխան առաջին անգամ հասկանում, թե որ անուններն են կրկնում մեծերը և որ անուններն են թողնում մոռացության։

 

Քլովիսի տան պատերին Հայաստանն է։

 

Նկարները ոչինչ չեն վերադարձնում։ Չեն բուժում զինվորներին։ Չեն բացում փակ ճանապարհը։ Չեն պատասխանում, թե ինչ կարող էր լինել, եթե մարդիկ ավելի շուտ տեսնեին վտանգը։

 

Դրանք միայն մնում են տեսանելի։

 

Ալեն Ազիզյանը ամեն առավոտ շարունակում է իր կյանքը։ Նա դասավանդում է, աշխատում է, խոսում է իր երեխաների հետ։ Մասնագիտությունը նրան սովորեցրել է, որ մարդը պետք է կարողանա ապրել վնասվածքից հետո։

 

Բայց երբ նրան հարցնում են՝ հաղթահարե՞լ է, նա չի ընտրում հանգստացնող բառը։

 

— Չեմ հաղթահարել։

 

Պատերին Հայաստանն է։

 

Նկարները մնում են իրենց տեղում։



 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page