top of page

Ազդակ Ծառուկյանին

24.09.2020, ԵՐԵՎԱՆ

Սեպտեմբերի 25-ին Ընդհանուր իրավասության դատարանը քննելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը՝ ընտրակաշառքների առիթով հայտնի քրգործի շրջանակում: Գագիկ Ծառուկյանը հայտնվել է հայաստանյան ներքաղաքական շրջապտույտի առանցքում, գրեթե այնպես, ինչպես 2012-15 թվականներին: Այդ շրջափուլը նրա համար ունեցավ առերեւույթ վատ, բայց խորքային առումով բարեհաջող ավարտ՝ Սերժ Սարգսյանը նրան հորդորեց դուրս գալ քաղաքականությունից եւ դադարել լինել պատ, որի հետեւում կարող էին թաքնվել այլ ուժեր:


Իհարկե, դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Ծառուկյան-պատի հետեւում մնացել էին միայն ներքին ուժեր, իսկ արտաքին խնդիրները կատարված էին՝ Հայաստանին պարտադրված էր Եվրասոցացումից շրջադարձ դեպի ԵՏՄ: Ռուսաստանն առժամանակ հետ քաշվեց եւ Սերժ Սարգսյանին տվեց ներքաղաքական հարցերը լուծելու «բոնուս»:


Ներկայում Ծառուկյանը դարձյալ մի շրջապտույտի առանցքում է, որտեղ կան թե ներքին, թե արտաքին շահեր ու ներգրավվածություն: Միաժամանակ, ներկայիս շրջափուլն իր կառուցվածքով անշուշտ բավական բազմաշերտ ու հակասական է, քան 2012-15 փուլը: Դա պայմանավորված է թե Հայաստանի ներքին իրողություններով, թե Ռուսաստանի նոր իրողություններով եւ խնդիրներով:


Այդ համատեքստում էր նաեւ օրերս հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի ուշադրությունը գրաված «Դոսյեն», որտեղ առանցքային շոշափվող հանգամանքը հենց Ծառուկյանի գործոնն է, որպես ռուսական ազդեցության մեխանիզմ: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում Ծառուկյանի մասնակցությամբ եւ նրա շուրջ աշխուժ զարգացումների պայմաններում հենց ռուսական մեխանիզմներից մեկով է հանրայնացվում Հայաստանում ռուսական ազդեցության մեխանիզմի մաս լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:


Կասկածից վեր է, որ Պուտինի ներմանն արժանացած եւ Գերմանիայում ապաստանած Խոդորկովսկին «պրիմիտիվ գողությամբ» չէ, որ ձեռք է բերում ռուսական հատուկ ծառայությունների գործունեությանն առնչվող տվյալներն ու հանրայնացնում այն: Դրանք անշուշտ հայտնվում են բավականին հստակ եւ թերեւս կառավարվող մեխանիզմով:


Այդ իմաստով, իր շուրջ աշխույժ շրջապտույտի պայմաններում հանրայնացված տեղեկատվությունը Ծառուկյանի համար թերեւս ազդակ է, ազդակ այն մասին, որ «առանցքից դուրս գալու» ժամանակն է:


Ի տարբերություն 2012-15-ի, Ռոբերտ Քոչարյանը խաղում է բաց, ըստ այդմ Ծառուկյանը կորցնում է «քողարկող պատի» նշանակությունն ու իմաստը: Իսկ այդ առումով, Հայաստանում Ռուսաստանի ընտրած քաղաքական խաղընկերը Ռոբերտ Քոչարյանն է, դա ակնառու է: Երբ Գագիկ Ծառուկյանը մնում է, ապա առաջանում են արդեն խնդիրներ, թե ուրիշ ո՞վ կարող է «թաքնվել» պատի հետեւում, ընդ որում նաեւ Ռուսաստանից:


Բանն այն է, որ ներկայիս շրջափուլն առանձնանում է նրանով, որ շատ ավելի խորքային ու սուր է ռուսական վերնախավի տնտեսա-քաղաքական ազդեցիկ խմբերի, շահերի եւ պատկերացումների բախումը, այդ թվում ռուսական ազդեցության տարբեր գոտիներում՝ ներառյալ Հայաստանում, քան ներհայաստանյան շահերի բախումը: Ծառուկյանը մնալու է այդ, ոչ թե ներհայաստանյան խմբերի արանքում, եթե չընդունի «դուրս գալու» ազդակը, որը թվում է պախարակող է, սակայն խորքային առումով թերեւս՝ «բարեկամական»:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

«Լրագիր»

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page