top of page

Արտակարգ դաշինքը

02.10.2020


ԱՄՆ նախագահ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով: Մինչ այդ հայտնի դարձավ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մասին, որոնք կոչ էին անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընկերությամբ նստել բանակցային սեղանի շուրջ:


Չի լինի հրադադար, քանի դեռ ռեգիոնից դուրս բերված չեն վարձկան ահաբեկիչները՝ ԱՄՆ նախագահ Տրամպի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի հայտարարությունը թե Արցախի ու Հայաստանի, թե ռեգիոնալ անվտանգային համակարգի դեմ ահաբեկչական գրոհի առանցքային հանգամանքի մասին է:


Թուրքիան չի օգնում Բաքվին լուծել Արցախի հարց, Թուրքիան լուծում է Կովկասի իր հարցը, սա աներկբա է: Անկարայի ռազմավարությունն է Ադրբեջանը վերածել ահաբեկչական կոորդինացիոն կետի, որի միջոցով կփորձի այլեւս «ճառագայթային» տրամաբանությամբ թիրախներ ընտրել կողմնացույցի բոլոր չորս կողմերում, ըստ նպատակահարմարության:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները առաջիկայում կանեն մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակը կլինի կրակի դադարեցումը: Առաջինը, որ այդ ուղղությամբ կարող են եւ պետք է անեն երեք երկրները, հայկական զինուժին համընդհանուր ռազմա-քաղաքական աջակցությունն է:

Խաղաղություն պարտադրելու բացառիկ գործողությունն իրականացնում է գերազանցապես հայկական զինուժը՝ Արցախի սահմանին լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողությամբ: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով հենց վտանգները, որ Թուրքիայի խորքային ռազմավարական նկրտումը առաջացնում է միջազգային անվտանգության տեսանկյունից, աջակցության կարիքը փոխադարձ է՝ հայկական զինուժը համանախագահ երկրների, համանախագահ երկրները՝ հայկական զինուժի: Այդ իմաստով, հայկական բանակն իրականացնում է իր առաքելությունը:

Ինչ առաքելություն կարող են ստանձնել միջազգային դերակատարները: Ակնառու է, որ նրանց գործունեության էֆեկտիվությունը կարող է լինել այդ տրամաբանության պայմաններում: Այստեղ հատկանշական է Ֆրանսիայի դերը, որը ստանձնել է Հայաստանի բարոյա-քաղաքական աջակցության առաքելությունը, այդպիսով իրական քաղաքականության ռեժիմում գործնական աջակցության տարածություն բացելով Ռուսաստանի համար, որը մի շարք պատճառներով չի կարող աչքի ընկնել Ֆրանսիային համարժեք հռետորաբանությամբ: Դրա պատճառների մասին կխոսենք առանձին:

Ֆրանսիան դրսեւորում է ֆրանս-հայ-ռուսական «մարտավարական դաշինք» ձեւավորելու պատրաստակամություն, ինչի մասին է վկայում նաեւ Մակրոնի հայտարարությունը, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել ռեգիոնալ անվտանգության խնդիրները: Ռուսաստանի հետ Նավալնու եւ Բելառուսի հարցում դիմակայության առաջնագծում հայտնված Մակրոնը փաստացի ճանաչում է Կովկասի աշխարհաքաղաքական առաջնագծում Ռուսաստանի դերը: Ինչի՞ դիմաց, դա հետագա քննարկումների հարց է՝ Թուրքիայի ռազմավարությունը կոտրելուց հետո:

Որն է ԱՄՆ դերն այդ գործընթացում: Ֆրանս-հայ-ռուսական մարտավարական դաշինքի համար ԱՄՆ դերը թերեւս միջավայրի ապահովումն է լայն, ռազմավարական իմաստով: Այդ տեսանկյունից խորհրդանշական է Թրամփի կորոնավիրուսը՝ «մեկուսացման բանաձեւը», իհարկե բառի ոչ ուղիղ իմաստով: Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունից հետո Թրամփը «հետ է քաշվում», Մակրոնին ու Պուտինին տալով հայկական պատմական հնարավորություն:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագրի մեկնաբան

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page