top of page

Զվարճախոս նախարարն ու Հայաստանի 20%-անոց աճը

20.04.2022

Ընթացող շաբաթվա առաջին օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած լուրը` մինչեւ 2026 թվականը երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին, առավել քան զգաստացնող էր, թեեւ այն ներկայացնող վարչության պետ Ա. Եգանյանի, 20 տոկոս տարեկան տնտեսական աճը ոգեւորող է պետք դիտարկել: Թեեւ այլ մասնագետների ու փորձագիտական կառույցների գնահատականներում ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճը ընթացող վարիվերումների պայմաններում որոշակիորեն անհասկանալի է, այսուհանդերձ փորձենք վստահել պետական սույն հաստատությանը, ինչքան էլ այն խոցելի լինի:


Գերակա ոլորտ է հռչակվում գյուղատնտեսությունը, որտեղ ըստ նախարար Վահան Քերոբյանի, աճը կապահովվի ներկայիս ՀՀ վարելահողերի շուրջ 50 տոկոսի մշակումը 70 տոկոսի հասցնելու արդյունքում: Ասել է թե` ներկայիս 220 հազար հեկտար մշակվող տարածությունները կդառնան մոտ 320 հազար հեկտար: Թե ինչ մշակաբույսերի հաշվին կընդլայնվեն տարածքները, կոնկրետ չի ասվում, սակայն նկատի ունենալով կառավարության նախորդ որոշումները, կարելի է գուշակել, որ դրանք կլինեն… հիմնականում խաղողի ու ծիրանի ինտենսիվ որակվող այգիների շնորհիվ : Այգին լավ բան է, անգամ քննարկման խնդիր չկա, միայն անհասկանալի է որտեղ է գյուղոլորտի առջեւ դրվող հիմնախնդիրը` ՀՀ պարենային ապահովության ու պարենանվտանգության հիմնահարցը: Հենց մեր օրերում ընթացող գործընթացներում հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությանը մտահոգում է ոչ այնքան կոնյակի ու գինու արտահանումների ծավալը, որքան հացամթերքների ու կաթնամթերքների, կենդանական ու բուսական յուղերի, շաքարավազի, մսատեսակների, այլ առօրյա առաջնահերթությունների ժամ առ ժամ աճող գները, հիմնականում դրանց հումքը մեր բարեբեր հողերում չմշակելու խնդրի հետ: Միայն երկրի 3 մլն բնակչության հաց-հացամթերքների պահանջը բավարարելու համար, ներառյալ մակարոնեղենն ու հրուշակեղենը, պահանջվում է մոտ 600 հազար տոննա ցորեն, որի մշակման համար աշխարհի շատ երկրներում օգտագործում են 90-100 հազար հեկտար վարելահող, ՀՀ-ում` առկա այս նշանակության հողերի մոտ 20 տոկոսը, իսկ գյուղնշանակության ողջ հողերի պարագայում` շատ ավելի պակաս: Բազմաթիվ են փաստերը, երբ առավել բարձր արդյունավետություն երաշխավորող վարելահողերը արոտավայրերի են վերածվել, հարյուրավոր հեկտարներ հացահատիկի դաշտերում այգիներ են հիմնվել, հողերի առաջնահերթ, նպատակային օգտագործումը պարզապես անտեսվել է, երբ հարկ է պետական ակտիվ միջամտության շնորհիվ եւ օգնությամբ լուծել երկրի առաջնահերթ ինքնաբավության խնդիրը: Այսօր մեզանում անհնար է պատկերացնել, որ ասենք արեւածաղկի սերմը, բացի չրթել կոչվող երեւույթի, կարելի է նաեւ այլ նպատակով օգտագործել, որն է` բուսայուղի արտադրությունը, որը տասնյակ հազարավոր տոննաներ ներմուծում ենք, 20-25 մլրդ դրամի սահմաններում: Համանման պատկեր է եգիպտացորենի պարագայում, որը ՀՀ առեւտրային ցանցում հարյուր հազարավոր թե միլիոնավոր կողրերի տեսքով հայտնվում է հուլիս-նոյեմբեր ամիսներին խաշել-խորովել տեսքով եւ սպառել-վայելելու նպատակով: Երկիր մոլորակի հիմնական կայացած պետություններում այս մշակաբույսից թանկ վաճառվող բուսայուղ են արտադրում, պահածոներ ու ալյուր են պատրաստում, այլեւայլ խորտիկների մեջ են օգտագործում, ի վերջո` որպես լիարժեք անասնակեր են օգտագործում միս, կաթ, ձու ստանալու նպատակով, մեզանում արմատավորվում է մերն ուրիշ է տնտեսվարության հետ գրեթե կապ չունեցող, նույնպես գրեթե անիմաստ ու անհարկի սկզբունքը:


Թերեւս այստեղ է զգացվում ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտությունը, քանզի էկոնոմիկա անվանվող նախարարությունը այսօրինակ մոտեցման պահանջ պարզապես չի ցուցադրում: Առաջարկվող հայեցակարգով նախատեսվում է սննդի արդյունաբերության արտադրանքը հասցնել 3 մլրդ դոլարի, որից արտահանել 1,5 մլրդը: Պարզ է, որ այստեղ հիմնականը լինելու է ծխախոտն ու կոնյակը, թերեւս գինին ու բանջարեղենը, որտեղ վերամշակողներն ու արտադրողները հազիվ մի քանի խոշոր ընկերություններ են, ջերմոցային տնտեսություններ. ՀՀ-ում առկա 340 հազար գյուղացիական տնտեսություններն այստեղ գրեթե անելիք չունեն, պարզապես ոլորտից օտարված են: Սա է ՀՀ գյուղոլորտում իրողությունը, որի գնահատականը ներկրումների վրա հիմնված մեր առօրյան է. ներմուծում ենք, երբ պարտավոր ենք ինքներս արտադրել` սոխ ու սխտորից մինչեւ շաքարավազ ու հատիկավոր պարեն, բուսական ու կենդանական յուղեր, հյութեր ու քաղցրավենիք…


Օրերս հայաստանյան հանրության որոշակի հատվածին հուսապնդեց ՌԴ վարչապետի տեղակալ Վիկտորիա Աբրամչենկոն, հայտարարելով, որ իր երկրի գյուղոլորտում 2022-ին կարտադրվի… 1 մլն տոննա հնդկաձավար, որն այլեւս չի ներմուծվի, որոշ քանակ էլ կարտանհանվի: Ակամա հիշեցի Բավրա համայնքից այս մշակաբույսի արտադրություն իրականացնող հողագործին, որ կանխատեսում էր պետական աջակցության պարագայում առաջիկայում նվազագույնի հասցնել այս սննդահումքի ներմուծումը, այն ամբողջովին դադարեցնելու հույսով:

Հույսը վերջինն է մահանում ասացվածքն այս մասին է ասված, քանզի առեւտրի կետերում իրականացրած հարցման արդյունքում նշվեց, որ հիշյալ հատիկատեսակը հիմնականում ներմուծվող է:


Ահա այսպիսի մերօրյա տնտեսվարում:


ԳԵՂԱՄ ՅՈՒՐՈՒՄՅԱՆ


ԱԶԳ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page