top of page

Լուկաշենկոյի երգված երգը

  • 1 сент. 2020 г.
  • 3 мин. чтения

01.09.2020

Բելառուսի «նախագահ» Ալեքսանդր Լուկաշենկոն, փաստորեն, վեցերորդ անգամ «ընտրվեց» Բելառուսի նախագահ: Չնայած չակերտավոր նախագահ Լուկաշենկոն ուժի ու զոռբայության շնորհիվ վեցերորդ անգամ է դառնում Բելառուսի նախագահ, այդուհանդերձ, քաղաքականությամբ շատ թե քիչ հետաքրքրվողները կհաստատեն, որ Ալեքսանդր Լուկաշենկո անունն ու ազգանունն այս վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի շատ է հնչել ու հոլովվել, քան՝ այդ բոլոր վեց անգամների ընթացքում: Իհարկե, իր զոռբայության ու պնդաճակատության շնորհիվ:


Լուկաշենկոն, իհարկե, զոռբայության ու պնդաճակատության առումով եզակին ու միակը չէ հատկապես պահպանողական քաղաքական գործիչների մեջ, բայց համաձայնեք, որ նա այս մի քանի օրերի ընթացքում հետադիմական բոլոր պահպանողականների բոլոր ռեկորդները խփեց:


Այս օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող իրադարձությունները ցույց տվին, որ Լուկաշենկոն ոչ միայն քաղաքականության տեսակետից է տհաս, այլև մարդկության ու մարդկայնության տեսակետից. նա հատկապես ու առանձնապես, ինչպես քաղաքական գործիչներից շատերը, աչքի է ընկնում երևակայության պակասով: Ինչպես քաղաքական գործիչներից շատերը նրա երևակայությունը չի հերիքում, որպեսզի նա իրեն պատկերացնի պաշտոնից ազատ՝ սովորական մարդու ու քաղաքացու կարգավիճակում:


Այս օրերին, Մինսկի հրապարակում հավաքված բազմահազար ժողովուրդը, որ վերջապես ու վերջնականապես է զզվել ու հոգնել Լուկաշենկոից ու լուկաշենկոյականությունից, նորմալ մարդու մոտ ոչ մի հույս չէր թողնի, որ ինքը կարող է և իրավունք ունի առաջնորդել ու ղեկավարել տվյալ ժողովրդին: Բայց քանի որ ինքը նորմալ մարդու տարրական հատկություններից է զուրկ, նա դեռևս, փաստորեն, հույսեր է փայփայում: Ավելին. նա իր սին հույսերով է վարակում նույնիսկ իր տասնհինգամյա որդուն, որպեսզի վերջինս զենքը ձեռքին իր ժողովրդի դեմ դուրս գա՝ հանուն իր հոր քաղաքական երկարակեցության:


Անկախ քեզանից ուզում ես ասել. ո՜վ խեղճ բելառուս ժողովուրդ, ահա թե ով է տարիներ շարունակ իշխել ու ղեկավարել քեզ: Հիմա գրում եմ, բայց ավելի քան վստահ եմ, որ մինչև այս վերլուծությունը հրապարակվի, տարիներ շարունակ քնով ընկած բելառուս ժողովուրդը վերջնականապես կարթնանա տարիների խորը քնից և գահընկեց կանի Լուկաշենկո կոչեցյալին: Վստահ եմ, որ ոչ մի հրաշք վերջինիս չի փրկի: Բարեբախտաբար, բելառուս ժողովուրդը գտել է նաև իր իրական և արժանավոր առաջնորդին՝ Սվետլանա Տիխոնովսկայային, ով նախագահի ընտրություններում բացարձակ առավելության հասավ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ և ով այս օրերին գտնվում է Բելառուսից դուրս՝ Լիտվայում: Ընդ որում, լավատեղյակները վկայում են, որ ընդդիմադիր գործիչներն ու լիտվացիք են համոզել Տիխոնովսկայային, որ որոշ ժամանակով լքի Բելառուսը, քանզի համոզված են, որ Լուկաշենկոն ցանկացած նենգության ու ստորության է ընդունակ: Դա են վկայում Լուկաշենկոյի բոլոր գործողությունները:


Վստահ ենք , որ Լուկաշենկոն խելացի խորհրդատուներ ու խորհրդականներ չունի, այլապես, եթե ունենար, նրանցից մեկն իր շեֆին խորհուրդ կտար թողնել պաշտոնը՝ քանի դեռ ուշ չէ: Բայց հավանաբար իր խորհրդականներն էլ իրենց քաղաքական կարճատեսությամբ իրենց շեֆից հետ չեն մնում և իրենց շեֆին հավասար քաղաքական անիրական ու անմարդկային հույսերով են տապակվում:


Վերլուծաբանները գտնում են, որ Լուկաշենկոյի գահընկեցությամբ Բելառուսում վերջակետ կդրվի խորհրդային իշխանությանն ու խորհրդային մտածողությանը: Առավել իրատեսներն ու խորատեսները գտնում են, որ Բելառուսի հեղափոխական իրադարձություններին ու Լուկաշենկոյի քաղաքական վերջաբանին անմիջապես կհաջորդեն հեղափոխական իրադարձությունները Ռուսաստանում: Քանզի Ռուսաստանում էլ Պուտինի դեմ են իրադարձություններ խմորվում: Կարճ ասած, Լուկաշենկոյի գահակալության վերջն ու ավարտը նաև Բելառուսում սովետական գաղափարախոսության ու սովետական մտածողության վերջն ու ավարտն են: Եվ հետաքրքիր է, որ սովետական մտածողությանն ու սովետական գաղափարախոսությանը վերջ է դրվում ամենասովետական հանրապետություններից մեկում՝ Բելառուսում:


Մի պահ Լուկաշենկոն այնքան էր հաբռգել, որ շատ հարցերում նույնիսկ Պուտինին էր հակառակվում ու հակադրվում, բայց հիմա ինքն իր հույսը Պուտինի հետ է կապում, քանզի համոզված է, որ Ռուսաստանում էլ Պուտինն է սովետական երկրի պատվար հանդիսանում: Ռուսաստանում էլ, իհարկե, այդպես մտածողներ կան, և շատ հնարավոր է, որ ինքը՝ Պուտինն էլ է այդպես մտածում, բայց Պուտինի մտածածը Լուկաշենկոյի մտածածի ու Լուկաշենկոյի հույսերի հետ ոչ մի կապ չունի, քանզի Պուտինը հիմա Լուկաշենկոյի մասին մտածելու ոչ հավես ունի, և ոչ էլ՝ ժամանակ, քանզի Պուտինը բոլորի պես հավանաբար համոզված է, որ Լուկաշենկոյի երգը երգված է:


Որովհետև բելառուսները վերջնականապես են արթնացել տարիների խորը քնից:


Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«ԱՌԱՎՈՏ» օրաթերթ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page