top of page

«Ամեն տեղ Արցախ եմ փնտրում»

  • 2 часа назад
  • 9 мин. чтения

28 ՀՈՒԼԻՍԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.


 

Հարսանիքներում Լուսինե Սարգսյանը երբեմն դեռ պարում է։ Հետո հանկարծ կանգ է առնում։ Մտածում է՝ գուցե չպիտի պարեր։

 

Ժամանակ կար, երբ նա ամեն շաբաթ մեծ բարձրախոսը դուրս էր բերում Իշխանաձորի տան պատշգամբ, միացնում էր երաժշտությունն ու կանչում բոլորին։ Կարևոր չէր՝ սեղանին ինչ կար։ Երբեմն սուրճի փոխարեն դաղձով թեյ էր։ Երբեմն մի բուռ շաքարից Լուսինեն կոնֆետ էր եփում, մկրատով կտրատում ու ամբողջ գյուղով մեկ գոռում․

 

— Ժողովո՛ւրդ, եկե՛ք, կոնֆետով կոֆե կա՜։

 

Մարդիկ գալիս էին։ Խմում էին այն, ինչ կար։ Պարում էին։ Հաջորդ օրվա գործն էին որոշում։

 

Հիմա նա Հայաստանում երկու տեղ է աշխատում։ Դասավանդում է, թերապևտիկ բաժանմունք է ղեկավարում։ Աշխատանք ունի։ Հարգանք ունի։ Շուրջը մարդիկ կան, որոնք սիրում են նրան։ Եվ հենց այս ամենը թվարկելուց հետո նա ասում է․

 

— Բայց ապրելու ուժ չկա։

 

2000 թվականին նրա ընտանիքը Քաշաթաղ գնաց աղքատությունից։ Լուսինեն այդ մասին ուղիղ է խոսում։ Մայրը՝ Ցիալան, դպրոցի ուսմասվար էր, հայրը՝ պատմաբան ու մանկավարժ, քույրը՝ լոգոպեդ։ Աշխատավարձը չէր բավականացնում։ Պարտքեր կային։ Ընտանիքը լսեց, որ վերաբնակեցման ծրագիր կա, և որոշեց գնալ։

 

Լուսինեի հիշելով՝ ծնողները Իշխանաձոր տեղափոխվեցին 2000 թվականի օգոստոսի 25-ին։ Նա նրանց միացավ մեկ տարի անց՝ Երևանում ատամնաբուժական կրթությունն ավարտելուց հետո։ Առաջին անգամ գյուղ գնալիս քսանմեկ տարեկան էր։

 

Այնտեղ երիտասարդ աղջկա համար պատրաստված ոչինչ չկար։ Չկար հարմար տուն, խանութ, կանոնավոր ճանապարհ, աշխատանք։ Բայց կար Հակարի գետը։ Գյուղից ներքև այն հանդիպում էր Որոտանին։ Ջուրը լիքն էր ձկներով։ Նռան ծառերի ճյուղերը կռացել էին պտղի ծանրությունից։ Լուսինեն մոտեցել էր՝ տեսնելու՝ պտուղն իսկակա՞ն է, թե՞ դեկորատիվ։

 

Առավոտյան լսվում էին թռչուններն ու գետի ձայնը։ Լուսինեն դրախտ չէր տեսել։ Մտածեց՝ գուցե այսպես է լինում։

 

Հետո մտավ այն ավտոտնակը, որտեղ պիտի ապրեին։

 

Տանիքը ծածկված էր այրված թիթեղներով ու հին շիֆերով։ Մեծ դարպասի փոխարեն պատուհան էին սարքել։ Մի փոքր պատուհան էլ քարով կիսով չափ փակել էին։ Դուռը հնամաշ էր։ Ներս էին մտնում մկները, կարիճներն ու օձերը։

 

Լուսինեի մայրը կենդանիներ պահել չէր սիրում։ Այդ ավտոտնակում ընտանիքը չորս կատու պահեց։ Կատուները պիտի օձերին ներս չթողնեին։

 

Հայաստանից եկող ամեն պայուսակ մի քանի օր ապրելու հույս էր բերում։ Մեկը հագուստ էր դնում, մյուսը՝ մակարոն, երրորդը՝ սուրճ։ Խանութ չկար։ Տրանսպորտ գրեթե չկար։ Տասը լիտրանոց դույլով ջուր էին եռացնում, մեջը մեկ կիլոգրամ մակարոն լցնում։ Այն այնքան էր եփվում, որ դառնում էր ջրիկ շիլա։ Հարևաններով նստում էին ու բաժակներով խմում այդ ջուրը՝ ապուրի պես։ Մի գդալ սուրճի վրա շատ ջուր էին լցնում ու երեք հոգով կիսում։

 

Մի օր Ցիալան ծանր հիվանդացավ։ Բրոնխային ասթմա ուներ։ Թուլացել էր։ Ամուսինն ու երկու աղջիկները մոտեցան մահճակալին ու հարցրին՝ ի՞նչ է ուզում ուտել։

 

— Բալա ջան, հաց։ Հաց եմ ուզում ուտեմ,— ասաց նա։

 

Տանը հարյուր դրամ կար։ Հացն արժեր հարյուր հիսուն։ Հայրը գնաց ծանոթ վաճառող կնոջ մոտ, խնդրեց մի հաց տալ, հիսուն դրամը հետո կվճարեին։ Կինը չտվեց։ Ասաց՝ երեկոյան պիտի հացի փողը հանձնի։

 

Հարևան Ջուլիկն իմացավ։ Ձու ու մածուն վերցրեց, գնաց նույն կնոջ տուն ու երկու հացով վերադարձավ։

 

Ընտանիքը չկերավ այդ հացը։ Պահեցին մոր համար։ Տոպրակի մեջ դրեցին, հետո՝ մի դույլի մեջ։ Դույլը կախեցին ջրհորում՝ ջրից մի փոքր վերև։ Այնտեղ զով էր, հացը չէր փչանում։

 

Ջուր հանելիս նախ հացով դույլն էին վեր բարձրացնում։ Հետո ջրի դույլն էին իջեցնում։ Վերջում հացը նորից կախում էին մթության մեջ։

 

Այդ ջրհորում ուրիշ ուտելիք էլ էին պահում։ Սառնարան չկար։ Լույսը Իշխանաձոր հասավ միայն 2006 թվականին։ Մինչ այդ միսը խաշում էին, դույլով կախում ջրի վրա ու հույս ունեին, որ մի քանի օր կդիմանա։

 

Ընտանիքը երկու տարի էր պատրաստվում մնալ։ Կաշխատեին, պարտքերը կփակեին, Լուսինեն կլուծեր հետբուհական կրթությունը շարունակելու հարցը, հետո բոլորը կվերադառնային Սպիտակ։

 

Երկու տարին անցավ։ Նրանք մնացին։

 

Լուսինեի հայրը Մեխակավանի կիսավեր տներից շինանյութ բերեց։ Իշխանաձորի իրենց ապագա տան պատերը կանգնած էին՝ առանց հատակի ու առաստաղի։ Ներսը հող էր լցված։ Հայրը մտածում էր հողի վրա հատակ գցել ու ստորին հարկից հրաժարվել։ Լուսինեն չհամաձայնեց։ Բահը վերցրեց ու սկսեց հողը դուրս թափել։

 

Նա օրերով աշխատեց հոր կողքին։ Մաքրեցին ներքևի հարկը։ Հենարաններ գտան։ Այրված գերաններ բերեցին։ Մի տեղից տասնմեկ աստիճան գտան, մեկ ուրիշ տեղից՝ այգիներում մնացած մետաղյա ձողեր։ Դրանցից պատշգամբ սարքեցին։

 

Սկզբում պատրաստեցին ընդամենը մեկ մեծ սենյակ։ Հետո՝ մյուսը։ Ավտոտնակի կողքին տուն բարձրացավ։

 

Հին գազօջախ էին գտել։ Հայրը կողքերը քարով պատել էր, տակը աղյուս շարել։ Լուսինեն ներքևում կրակ էր վառում ու վերևում ինչ-որ բան թխում։ Մեղր չկար։ Մի անգամ մեղրով տորթի խմորի մեջ մեղրի փոխարեն տոմատի մածուկ լցրեց։ Տորթ ստացվեց։ Հազվադեպ էին թխում. ալյուրը թանկ էր։

 

Գիշերը Լուսինեն նավթավառ լամպի լույսի տակ գրքեր էր կարդում։ Լամպի ապակին հաճախ կոտրվում էր, իսկ մուրը նստում էր քթանցքներում։ Կարդացած հեքիաթը հաջորդ օրը բեմադրում էր։ Երեկոյան հարևանները գալիս էին նայելու։

 

Նա ձևափոխում էր հարազատներից ստացած հին հագուստը։ Բոլորի մազերն էր կտրում։ Բզով կոշիկ էր կարում։ Մի անգամ հարևան Արմենը պիտի թաղման գնար, բայց հագնելու կոշիկ չուներ։ Լուսինեն իր հին երկարաճիտ կոշիկի բնական կաշին կտրեց, ամբողջ գիշեր կարկատեց Արմենի կոշիկը, ձեթով փայլեցրեց ու լույսը բացվելուն պես վազեց նրանց տուն։

 

— Մարգո՛, հելա՛, Արմենին կոշիկ եմ բերել։

 

Կոշիկն այնքան լավ էր ստացվել, որ դրանից հետո գյուղի կոշիկներն էլ սկսեցին նրա մոտ բերել։

 

Այդ տարիներին Իշխանաձորում մարդիկ միմյանցից կոշիկ էին խնդրում՝ Բերձոր գնալու համար։ Մի բուռ աղ էին պարտքով վերցնում։ Մի բուռ ալյուր էին կիսում։ Լողանալու ջուրը մեկը կրում էր, մյուսը՝ կրակի վրա տաքացնում։

 

Եվ ապրում էին։

 

Լուսինեի մայրը գյուղում առաջիններից էր, որ ցորեն ցանեց։ Ընտանիքը հողի գործից գրեթե ոչինչ չգիտեր։ Ցորենը ուշ հավաքեցին, հատիկը չորացավ։ Կապանի ջրաղացում ասացին՝ դրանից հաց չի ստացվի։ Ջրաղացի աշխատող մի կին իմացավ, թե որտեղից են եկել, ու նույն քաշով լավ ալյուր տվեց։

 

Դեռ լույսը չբացված՝ մարդիկ հավաքվել էին Սարգսյանների բակում։ Ալյուր էին ուզում։ Ցիալան նայեց պարկերին ու ասաց․

 

— Սա մատաղ է։ Բոլորին պիտի բաժանեմ։

 

Ութ կամ տասը պարկից իրենց կես պարկ մնաց։ Գյուղը միասին կերավ այդ հացը։

 

2006 թվականի հունիսին Իշխանաձորում բացվեց բուժամբուլատորիան։ Շենքը կառուցել էր Թուֆենկյան հիմնադրամը։ Լույս դեռ չկար։ Ատամնաբուժական բազկաթոռ կար, բայց այն երկար ժամանակ պարզապես աթոռ էր։ Չկային գործող սարքավորումներ, մանրէազերծման համակարգ ու բավարար դեղորայք։

 

Հարց էր ծագել՝ ատամնաբույժ Լուսինե Սարգսյանը կարո՞ղ է ղեկավարել գյուղական բուժկետը։ Ոմանք դեմ էին։ Գյուղին ընդհանուր բժշկություն իմացող մարդ էր պետք։

 

Լուսինեն գնաց Ստեփանակերտ։ Հիվանդանոցների մասնագիտական բաժանմունքներում սովորեց այն, ինչ գյուղում իրեն պետք կգար։ Մի ամսում այդ ամենը սովորել հնարավոր չէր։ Բայց հետո այլևս ոչ ոք չէր հարցնում՝ ատամնաբույժն ինչ գործ ունի ծննդաբերություն ընդունելու կամ բաց կոտրվածք բուժելու հետ։ Մարդուն բերում էին, և նա պիտի մի բան աներ։

 

Առաջին աշխատավարձը տասնյոթ հազար դրամ էր։ Գնում էր Գորիս, իր փողով անալգին, դիմեդրոլ, նովոկային, լիդոկային ու ներարկիչներ էր գնում։ Պետությունից ստացածը երբեմն այս դեղից տասը հաբ էր, մյուսից՝ տասը։ Մարդիկ գալիս էին շան կծած վերքով, օձի խայթոցով, կոտրված ոսկորով, սկսված ծննդաբերությամբ։

 

Լուսինեն ատամ էր հեռացնում։ Վերք էր կարում։ Գիպս էր դնում։ Ծնունդ էր ընդունում։ Մարդուն գրկում, բեռնատարի թափքն էր բարձրացնում ու հասցնում Գորիս։

 

Լուսինեի պատմելով՝ ճանապարհին, մեքենայի մեջ էլ երեխաներ էին ծնվում։ Նորածին աղջիկներից շատերին իր անունով էին կոչում։

 

Մի օր մի կին եկել էր բուժամբուլատորիա ու հարցրել․

 

— Բժշկուհի՛, ո՞նց է լինում, որ այստեղ մահ չի լինում։

 

Լուսինեն պատասխանել էր․

 

— Որովհետև այս հիմնարկի մեջ Աստծո սերն է դրված։

 

2007 թվականին նա ամուսնացավ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Հովհաննեսը զինվորական էր, հրետանավոր։ Նրանք այգիներ հիմնեցին, անասուն պահեցին, ցորեն ու գարի ցանեցին։ Նռան, արքայանարնջի ու ձիթենու տնկիներ բերեցին։ 2016-ին վարկ վերցրին, բանկում գրավադրեցին ամուսնական մատանիներն ու մոր տված զարդերը և տունը մեծացրին։

 

Այն հին ավտոտնակը, որտեղ կատուները օձերից էին պահպանում ընտանիքին, դարձավ մեծ տան մի մասը։ Պատշգամբից երաժշտություն էր հնչում։ Հյուրերը գալիս էին հեռու տեղերից։ Լուսինեն բոլորին տեղավորում էր իր տանը և երջանիկ էր։

 

2011 թվականին Լուսինեին նշանակեցին Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրեն։ Իշխանաձորից մինչև Կովսական մոտ քառասուն կիլոմետր էր։ Առավոտյան տնից դուրս էր գալիս, անցնում գյուղերի միջով։ Ճանապարհին հիվանդների էր այցելում, տրանսպորտ չունեցող մարդկանց հիվանդանոց հասցնում։

 

Հետագայում, նրա պատմելով, նա սպասարկում էր քառասունութ գյուղ։ Ֆրեզնոյի հայ համայնքից Պերճ Աբգարյանի, Կարո Խաչիկյանի, Վաչե Վասիլյանի և մյուսների շնորհիվ սարքավորումներ ու դեղորայք էին հասնում։ Ամեն տարի հիվանդանոցում մի նոր բան էր հայտնվում՝ արյան անալիզատոր, անհրաժեշտ նյութեր, դեղեր։ 2020 թվականին արդեն նախատեսում էին նոր վարչական մասնաշենք կառուցել։ Չափագրումներն արել էին։


 Ֆրեզնոյի բժշկական առաքելությունն Արցախում


Քառօրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի բուժամբուլատորիայում զինվորական հոսպիտալ բացվեց։ Լուսինեն արագ դատարկեց սենյակները, գույքը նկուղ տարավ, վիրավորներին ընդունեց։ Չորս օր անց պատերազմը կանգ առավ։

 

Լուսինեն դրանից հետո իրեն ավելի ուժեղ էր զգում։ Երբ ճանապարհին տեսնում էր ճակատ գնացող տանկերը, կանգնում ու հպարտ նայում էր։ Ամուսինը դիրքերում էր։ Լուսինեի համար բնական էր, որ նա պիտի գնար։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի էր։ Լուսինեն լոլիկ էր բերել, որ հարևան կանանց հետ պահածո փակի։ Առավոտյան յոթը դեռ չկար, երբ հեռվում պայթյուն լսվեց։ Զանգեց Հովհաննեսին։

 

— Սկսվեց,— ասաց նա։

 

— Լավ, սկսվեց, կպրծնի էլի,— պատասխանեց Լուսինեն։

 

Նա հարևաններին կանչեց։ Ասաց՝ լոլիկը շուտ փակեն, հետո ինչ պետք լինի՝ դիրքեր կուղարկեն։ Բոլորը կարծում էին, որ մի քանի օր կտևի։

 

Իշխանաձորի բուժամբուլատորիան կանգնած էր ճանապարհների խաչմերուկում։ Այդ օրերին այնտեղ նորից զինվորական հոսպիտալ բացվեց։ Առաջին օրը չորս կամ հինգ վիրավոր բերեցին։ Յուրաքանչյուրին հասցնում էին թեյ տալ ու կերակրել։

 

Երկրորդ կամ երրորդ օրը «Ուրալները» սկսեցին գալ։

 

Դուռը բացելիս ներսում երբեմն հնարավոր չէր միանգամից հասկանալ՝ ով է ողջ, ով՝ մահացած։ Մարդկանց շտապ իջեցնում էին։ Մահճակալները չէին բավականացնում։ Հատակին սավաններ էին փռում։ Բուժքույրերն ու բժիշկները երակ էին բացում։ Գյուղի բնակիչները կանգնում էին վիրավորների կողքին ու ձեռքով բարձր պահում շիճուկի շիշը։

 

Երբ հաղորդում էին, որ հոսպիտալին հարվածելու վտանգ կա, այդ պահին վիրահատությանը չմասնակցող մարդիկ մտնում էին դրսում փորված փոսը։ Վիրահատող բժիշկները մնում էին սեղանների մոտ։ Պիտի կենդանի բուժանձնակազմ մնար հաջորդ վիրավորին ընդունելու համար։ Դա էր ամբողջ հաշվարկը։

 

Հիվանդանոցի տնօրենը խցանված կոյուղի էր բացում, բակն էր ավլում, արյունոտ հագուստը սև տոպրակների մեջ լցնում։ Հետո նստում էր շտապօգնության մեքենայի ղեկին ու գնում Գորիս՝ արյուն կամ պլազմա բերելու։

 

Լուսինեի հիշելով՝ հոկտեմբերի 4-ին ճանապարհը կրակի տակ էր։ Արկը պայթեց մեքենայի մոտ։ Նա հետ դարձավ, լեռնային ճանապարհով շրջանցեց այդ հատվածն ու շարունակեց գնալ։ Արյունը պիտի հասներ։

 

Այդ օրերին ամուսնուց երկար լուր չէր ունենում։ Երբ Հովհաննեսը վերջապես զանգեց, հարցրեց․

 

— Որտե՞ղ ես։ Չխաբես։

 

Լուսինեն ասաց՝ արյուն է տանում Իշխանաձոր։ Հովհաննեսը խնդրեց հետ դառնալ։ Ասաց՝ իրենց միակ աղջիկը՝ Գրետան, մեղք է, ինքը գուցե չվերադառնա։

 

Լուսինեն բարկացավ։ Ասաց՝ հետ չի դառնա։

 

Նույն օրը նա քրոջը զանգեց ու ասաց, թե որտեղ է կանգնած իրենց «Շևրոլեն»։ Մեքենայի մեջ էին Հովհաննեսի տոնական զինվորական համազգեստը, մեդալները, շքանշանները, սվին-դանակը, պատվոգրերը։ Լուսինեն չասաց, թե ինչու է տեղը հայտնում։ Մտածում էր՝ եթե ամուսինը զոհվի, գոնե պատվով հուղարկավորեն։

 

Քույրը հասկացավ։ Սկսեց գոռալ։

 

— Ոչինչ չկա։ Մեքենայի տեղն եմ ասում,— ասաց Լուսինեն։

 

Այդ օրերին նա հաճախ էր ստում հարազատներին։ Լուսինեի պատմելով՝ մանկապարտեզի տնօրենի որդին՝ Էրիկը, զոհվել էր զինակից ընկերոջը դուրս բերելու ճանապարհին։ Էրիկի մայրը զանգեց Լուսինեին։

 

— Չխաբես ինձ, բալես ո՞ւր է։

 

— Չգիտեմ, Գա՛յ, ալո՜, ալո՜...

 

Լուսինեն անջատեց հեռախոսը։

 

Հոկտեմբերի առաջին օրերին, Խնձորեսկի ճանապարհին, Լուսինեն հատուկջոկատայինների մեքենաներ տեսավ։ Մարդիկ ազդանշան էին տալիս, ծափահարում։ Նա շտապօգնության մեքենան կանգնեցրեց, իջավ ու առանց երաժշտության պարեց ճանապարհին։

 

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրադադարի լուր եկավ։ Հոսպիտալի հրամանատարի ծննդյան օրն էր։ Լուսինեն տորթ էր պատվիրել։ Տնից իր քաշած գինին բերեց։ Մտածում էին՝ միաժամանակ կնշեն ծննդյան օրն ու հրադադարը։

 

Կեսգիշերին երեք րոպե էր մնացել, երբ զանգ եկավ սահմանապահ ջոկատից․

 

— Լուսինյա՛կ, հասե՛ք մեզ։

 

Վիրավորների նոր խումբ էր գալիս։ Տորթը մնաց սեղանին։

 

Այդ գիշերվանից հետո Լուսինեն դժվարությամբ էր հավատում «հրադադար» բառին։

 

Նահանջի օրը Լուսինեն հստակ չի հիշում՝ հոկտեմբերի 17-ի՞, թե՞ 18-ի գիշերն էր։ Նա նորից Իշխանաձոր գնաց։ Ուզում էր մարդկանց թողած հավերին կեր տալ, դռները բացել, տնից զորքի համար ուտելիք վերցնել։ Ամուսինը զանգեց ու ասաց՝ անմիջապես դուրս գա՝ նահանջի հրաման է տրված։

 

Նրանց ասել էին՝ մեկ օրով են գնում։ Հիվանդանոցի պահեստները լիքն էին դեղերով, սննդով, հագուստով ու սպիտակեղենով։ Ֆրեզնոյից ուղարկված սարքերը մնացին ներսում։ Չկառուցված մասնաշենքի չափագրումները մնացին։ Տանն էլ մնացին այգին, նկուղը, պատշգամբը, երկաթի ամեն գտած կտորն ու կրած ամեն քարը։

 

Լուսինեն այլևս Իշխանաձոր չմտավ։

 

Նոյեմբերի 9-ին Երևանում էր։ Անձնագրի ժամկետն ավարտվել էր, իսկ նրան՝ որպես հիմնարկի տնօրեն, նոր անձնագիր էր պետք բանկային փաստաթղթերի համար։ Երբ լսեց, թե ինչ պայմաններով է պատերազմն ավարտվել, ոչ ոք չկարողացավ նրան պահել։ Նստեց մեքենան ու գնաց դեպի Բերձոր։

 

Նրա հիշողությամբ՝ այդ գիշեր Բերձորը ռմբակոծվում էր։ Լուսադեմին նա հասավ Զաբուխի անցակետ։ Մարդիկ կանգնած սպասում էին։ Լուսինեն գոռում էր։ Հետո ասում է՝ կորած երեխային փնտրող մոր պես էր գոռում։

 

— Կորցրինք հայրենիքը, կորցրինք այդքան երիտասարդի կյանք և կորցրինք ամեն ինչ,— ասում է նա։

 

2021 թվականի հունվարի 24-ին Լուսինեն վերադարձավ Արցախ։ Երևանում ապրել չէր կարողանում։ Իշխանաձորը մնացել էր սահմանից այն կողմ, բայց Ստեփանակերտը կար։ Ամուսինը շարունակում էր ծառայել։ Սեպտեմբերին Լուսինեն աշխատանքի անցավ զինվորական հոսպիտալում։ Սկզբում թերապևտի օգնական էր, հետո ընդունարանի ժամանակավոր ղեկավար դարձավ։ Վիրավորներ էին բերում։ Նա նորից վազում էր, կտրում հագուստը, բացում վերքը, կանգնեցնում արյունը։

 

Աշխատանքը մի որոշ ժամանակ նրան պահեց։

 

2022 թվականի դեկտեմբերից ճանապարհը փակ էր։ Սնունդը պակասեց, հետո գրեթե վերացավ։ Հովհաննեսը Մարտակերտից երկու պարկ ցորեն գտավ։ Լուսինեն ցորենը խաշում էր։ Հետո մի տեղ գտան, որտեղ հնարավոր էր աղալ։ Զինվորական օճառին սոդա էին խառնում, եփում, շատացնում, որ նույն հեղուկով և՛ լվացք անեն, և՛ գլուխ լվանան։ Մի օր ամուսնու հրամանատարը կես պարկ կտրտած կարտոֆիլ տվեց։

 

Իշխանաձորի առաջին տարիներին նա մակարոնի ջուր էր խմել ու հացը կախել ջրհորում։ Հիմա Ստեփանակերտում նորից հում ցորեն էր եփում։

 

Լուսինեի հիշողության մեջ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մնացել է այսպես։ Կրկժանում վարձած տնից դուրս եկավ ու մոտ քսան մետր հեռավորության վրա մի զինված ադրբեջանցու տեսավ։ Տղամարդը օդ էր կրակում։ Լուսինեն վազեց ու պառկեց տանտիրոջ պիկապի թափքում։ Կրակահերթերը լսվում էին գլխավերևում։ Երբ գլուխը բարձրացրեց, իններորդ դպրոցի վրա ադրբեջանական դրոշ տեսավ։

 

Այդ պահին նա չէր հավատում, որ իրենք ողջ կմնան։

 

Լուսինեն ու Գրետան թաքնվեցին Հեքիմյանի եկեղեցու մոտ գտնվող նկուղում։ Հովհաննեսը մարտի դաշտում էր։ Կապ չկար։ Միայն մի կարճ հաղորդագրություն եկավ․

 

— Գրետային լավ կնայես։

 

Այդ խոսքից Լուսինեն հասկացավ՝ հույս գրեթե չի մնացել։

 

Այն տանը, որտեղ նրանք վարձով էին ապրում, մի տարեց կին պատուհանի մոտ մեծ հողաթափ էր պահում։ Երբ հողաթափով նշան էր տալիս, Լուսինեն հասկանում էր՝ տատը ուտելու մի բան է գտել և Լուսինեին ու Գրետային է կանչում։

 

Մարդիկ ունեցածը կիսում էին։ Գիշերը հացի հերթ էին կանգնում։ Կրակոցների տակ Լուսինեն մի անգամ դուրս եկավ, որ նկուղ սնունդ բերի։ Իր վրա կրակեցին։

 

Այդ օրերի վերջին զրույցներից մեկի ժամանակ Հովհաննեսն ասաց․

 

— Ինձ մի՛ սպասեք։ Դուք գնացե՛ք։

 

— Ես առանց քեզ չեմ գնա։

 

— Ուժեղ մարդ ես։ Կարող է ես չգամ։

 

Սեպտեմբերի 27-ին նրանք արդեն ճանապարհին էին։ Ավելի քան երկու տասնամյակ անց Լուսինե Սարգսյանը երկրորդ անգամ էր հեռանում իր ստեղծած կյանքից։ Առաջինը մնացել էր Իշխանաձորում։ Երկրորդը՝ Ստեփանակերտում։

 

Հայաստանում նա փորձեց շարունակել զինվորական ծառայությունը։ Ամուսնու հետ ներկայացավ Պաշտպանության նախարարություն։ Այնտեղ, նրա պատմելով, տեսավ, թե ինչ տոնով են խոսում պատերազմ անցած արցախցի սպաների հետ։ Այդ հանդիպումից հետո այլևս չուզեց շարունակել ծառայությունը։

 

Հիմա ամենից շատ նրան ցավեցնում են «ղարաբաղցի» ու «հայաստանցի» բառերը, երբ դրանք ասում են մարդկանց բաժանելու համար։ Նա ծնվել է Լոռիում։ Ավելի քան երկու տասնամյակ ապրել է Արցախում։ Իշխանաձորում տուն է կառուցել։ Ստեփանակերտում վարձով էր ապրում ու նորից կյանք էր սկսել։ Հայաստանում հիմա իր տեղը չի գտնում։ Իշխանաձորի իր տուն վերադառնալ չի կարող։

 

— Ես հիմա չգիտեմ՝ որտեղացի եմ,— ասում է նա։

 

Հետո մի փոքր լռում է ու ավելացնում․

 

— Ամեն տեղ Արցախ եմ փնտրում։ Գնում եմ մի տեղ, մտածում եմ՝ տեսնես այստեղ մի քիչ լա՞վ եմ զգում, կարո՞ղ եմ այստեղ մնալ։ Ոչ մի տեղ իմ տեղը չեմ գտնում։

 

Նրան հարցնում են՝ ի՞նչը կարող է ուրախացնել։

 

— Արցախ վերադառնալը։

 

— Աստծո կամքը թող լինի։

 

Իր ամենաերջանիկ տարիները հիշելիս Լուսինեն պատմում է ավտոտնակի, կրակի վրա տաքացրած ջրի, ջրհորում պահված հացի ու դաղձով թեյի մասին։

 

Ասում է՝ եթե Աստված իրեն նորից սկզբից սկսելու հնարավորություն տար, կվերադառնար։

 

Նույն ավտոտնակը։ Նույն սովը։ Նույն ջրհորը։

 

Միայն թե տուն հասներ։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page