top of page

Հայաստանում քրեական գործ է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ. նա վրդովված էր այն փաստից, որ բոլորը Վարդավառի տոնի ժամանակ իր վրա ջուր էին լցնում

  • 4 дня назад
  • 9 мин. чтения

Ջնջված սթորի, 250 հազարից ավելի դիտում, հինգ հազար մեկնաբանություն, ներողություն և մեկից չորս տարվա ազատազրկում նախատեսող մեղադրանք։ Քննիչը հիմա պետք է ապացուցի՝ վիրավորական խոսքը հասե՞լ է քրեական հրահրման շեմին։



30 ՀՈՒԼԻՍԻ, 2026, ԼԵՎՈՆ ԱՐԱՄՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.-ի ԹՂԹԱԿԻՑ    


2026 թվականի հուլիսի 12-ի առավոտյան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում Պայծառակերպության պատարագ էր։ Քաղաքի փողոցներում դույլեր էին լցվում, պլաստիկ շշերը՝ շատրվանների մոտ, ջրային ատրճանակները՝ խանութների շեմերին։ Մարդիկ ջրում էին ծանոթներին, անցորդներին, մեքենաների բաց պատուհաններից երևացող դեմքերին։ Վարդավառ էր։


Նադեժդա Պիրոժկովան միացրեց հեռախոսը և խոսեց զայրացած։ Ասաց, որ չցանկացող մարդուն ջրելը մշակույթ չէ, անհարգալից վերաբերմունք է և ուղիղ ագրեսիա։ Ուրիշ երկրում գտնվելը, նրա խոսքով, իրեն չէր պարտադրում հետևել այդ երկրի ավանդույթներին։


Այստեղ վեճ կար։ Վարդավառը մարդուն չի զրկում չթրջվելու իրավունքից։ Թաց հեռախոսը տոնական կատակ չէ իր տիրոջ համար։ Փաստաթղթերն ու հագուստը կարող են մարդուն պահել խաղից դուրս։ Անցորդը կարող է ասել՝ ինձ մի ջրեք։ Կարող է դա ասել կոշտ։


Պիրոժկովան հետո փոխեց հասցեն։ Նույն օրվա մեկ այլ սթորիում, որը հիմա նրա բաց էջում չկա, նա հայ ժողովրդին անվանել էր «առնետանման ժողովուրդ»։ Այդ արտահայտությունը պահպանվել է տեսագրական հատվածներում ու վերապատմություններում։ Բնօրինակը հանրությանը հասանելի չէ։ Հնարավոր չէ բացել ամբողջ ձայնագրությունը, լսել նախորդ ու հաջորդ խոսքերը, ստուգել տարածված պատճենների ամբողջականությունը։ Քննիչի մոտ եղած նյութը չի հրապարակվել։


Սթորին ստեղծված է արագ անհետանալու համար։ Քրեական գործը պահում է այն, ինչ սոցցանցը կորցնում է։ Էկրանի տեսագրությունը կարող է պահպանել բառերն ու դեմքը, բայց կտրել սկիզբը։ Սքրինշոթը պահում է մի կադր և կորցնում ձայնը։ Վերահրապարակված տեսանյութը հաճախ կարճացվում է։ Հեռախոսի զննությունը, սկզբնական ֆայլը, հրապարակման ժամը, էջի կառավարման հետքը և ուրիշների պահած պատճենները կարող են հավաքել ամբողջ շղթան։ Հանրությունը դեռ այդ շղթան չի տեսել։


Ջնջված սթորին դարձավ պատմության ծանր մասը։ Վարդավառը «ագրեսիա» անվանելը մնում էր տոնի ու անձնական սահմանի շուրջ վեճ։ «Առնետանման ժողովուրդ» արտահայտությունը հասցեագրված էր ազգային խմբին։ Դրանից հետո ամսաթվերն անգամ խառնվեցին։ Որոշ հրապարակումներ վիրավորական տեսանյութը կապեցին հուլիսի 14-ի հետ։ Պահպանված հրապարակումների հերթականությամբ Վարդավառի ռիլսը դրվել էր հուլիսի 12-ին, ներողությունը՝ հուլիսի 14-ին։


Այդ երկու օրում ռիլսը անցել էր 250 հազար դիտումը։ Մեկնաբանությունների թիվը հասել էր հինգ հազարի։ Հետո դրանք փակվեցին։ Սքրինշոթները, վերատեղադրումները և պատասխան տեսանյութերը մնացին։


Հայ օգտատերերը գրում էին, որ Պիրոժկովան պետք է հեռանա երկրից։ Պահանջում էին արտաքսել։ Ոմանք արդեն բանտարկության ժամկետ էին ընտրել։ Նրա հասցեին էլ էին հնչում վիրավորանքներ ու սպառնալիքներ։ Պիրոժկովան դրանց մասին գրեց ներողության հրապարակման մեջ։


Ռուսական համայնքի հրապարակային դեմքերից Գալինա Տիշը հարցրեց նրանց, ովքեր այդպես են խոսում Հայաստանի մասին, թե ինչու են գալիս այստեղ՝ բենզինի, աշխատող համացանցի և հագուստ գնելու հնարավորության համա՞ր։ Դատապարտումը արագ խառնվեց պատժելու ցանկությանը։ Արտաքսել։ Փակել։ Լռեցնել։ Օրինակ դարձնել։ Հինգ հազար մեկնաբանության մեջ ազգային վիրավորանքի դեմ բողոքն ու ամբոխի դատավճիռը իրար շատ մոտ էին կանգնած։


Հոսքի մեջ կրկնվում էին երկու միտք։ «Ինձ մի ջրեք առանց համաձայնության»՝ անձնական սահմանի մասին էր։ «Մի ամբողջ ժողովրդի այդպես չես անվանի»՝ ազգային վիրավորանքի։ Սոցցանցը դրանք խառնեց մի պատուհանում։ Ամենակտրուկ գրառումը բարձրացավ վերև։ Համաձայնության մասին խոսողը հեշտությամբ դարձավ Պիրոժկովայի պաշտպան։ Իրավական չափանիշ պահանջողը՝ վիրավորանքը մեղմացնող։ Ալգորիթմը տարբերությունը չի սիրում։


Հուլիսի 14-ին Պիրոժկովան ներողություն խնդրեց։ Գրեց, որ հասկանում է՝ շատերը խոսքն ընդունել են որպես անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի հանդեպ, և որ ցավում է։ Ասաց՝ նման նպատակ չի ունեցել։ Հետո պատմեց, որ տեսանյութը նկարել է խոցելի ու հուզական վիճակում։ Ամենածանր հատվածի հրապարակումը բացատրեց նրանով, որ սթորին տեղադրելուց առաջ ձայնը չէր ստուգել։


Դա բացատրում էր, թե տեսանյութն ինչպես հայտնվեց էջում։ Չէր բացատրում արտասանված բառը։ Մեկնաբանողները հենց այդ տեղից բռնեցին նրան։ Ներողությունը թեման չփակեց։ Այն դարձավ հաջորդ հրապարակումը։ Եվ նորից հավաքեց դիտումներ։


Պիրոժկովան գիտեր՝ ինչ անել ուշադրության հետ։ Նա սկսեց պատմել, թե ինչպես է դիմանում բացասական ալիքին, ինչու է շարունակում հրապարակել, կարելի՞ է արդյոք «աղմուկ բարձրացնել Հայաստանի հաշվին», ինչ տվեց սկանդալը էջի հասանելիությանը։ Նա բաց ասաց՝ դիտումներն աճել են, նոր հետևորդներ են եկել։


Էջի գլխամասում հայտնվեց «Հենց այն Նադյան 🇦🇲 Վարդավառ» գրությունը։ Տեսանյութերից մեկը կոչվեց «Ինչու է ինձ ատում մի ամբողջ երկիր»։ Հայաստանը մեկ օգտահաշիվ չունի։ Հինգ հազար մեկնաբանությունը մի ամբողջ երկիր չէ։ Բայց վերնագիրը աշխատում էր։ Անձնական ճգնաժամը դարձավ շարք։ Յուրաքանչյուր նոր պատասխան բերում էր հաջորդ դիտումը։


Պիրոժկովան վաղուց էր վաճառում այդ մեխանիզմը ուրիշներին։ 2024 թվականի մայիսին հրապարակված կենսագրական հարցազրույցում նա պատմել էր, որ մանկուց երազել է աստղ դառնալ։ Ծնողների խորհրդով ընդունվել էր ներքին գործերի համակարգի ինստիտուտ՝ քննիչ դառնալու համար։ Ընտանիքի չորս աղջիկներից ավագն էր։ Պետական ապահովմամբ ուսումը նաև ընտանեկան հաշվարկ էր։


Նրա պատմելով՝ տարիներ շարունակ ծառայել էր ներքին գործերի համակարգում, աշխատել քննիչ, մասնակցել մայիսի 9-ի շքերթներին։ Համազգեստի մեջ փորձել էր կանացի երևալ։ Աշխատանքը հետաքրքիր էր համարում, բայց ուզում էր տեսանելի լինել, մոտենալ մեդիային, զբաղվել գեղեցկությամբ։ Հետո համազգեստը փոխարինեց ոճաբանի աշխատանքով։ Քրեական գործերի արձանագրությունների փոխարեն սկսեց վերլուծել զգեստապահարաններ։


Այդ հարցազրույցը գովազդային էր։ Վերնագիրը խոստանում էր նույնիսկ երեք հարյուր դոլարով «միլիոնի տեսք» ստանալ։ Պիրոժկովան ներկայացնում էր «Ինքդ քեզ ոճաբան» ծրագիրը և հաշվում, որ այն կարող է կնոջը տարեկան 150 հազար ռուբլի խնայել գնումներից։ Իր առաքելությունը ձևակերպում էր լայն՝ գեղեցկացնել ու հեշտացնել մարդկանց կյանքը։


Երևանից թռչելիս ներքևում տեսած փոքրիկ տները նա անվանել էր «այս ոչ հարուստ երկրի» տներ և հարցրել, թե ինչպես կարող է բարելավել երկրի յուրաքանչյուր հեռավոր փոքրիկ տան կյանքը։ Երկու տարի անց նույն երկրի անունը նրա էջում կանգնած էր «Վարդավառ» բառի և քրեական վարույթի կողքին։


Մի փուլում նա իրեն ներկայացնում էր որպես ոճաբան։ Հետո դարձավ առցանց դասընթացների արտադրող։ Խոստանում էր փորձագետներին խնայել տարիներ ու հարյուր հազարներ, կառուցել առցանց արտադրանք, դրամայնացնել փորձը, բովանդակությունը դարձնել համակարգ։ Իր մասին գրում էր՝ նախկին քննիչ, գեղեցկության ոլորտի նախկին վարպետ, նախկին ոճաբան։ Վերջում հայտնվել էր «տեսանելիություն» բառը։ Արդեն որպես վաճառվող ծառայություն։


Սթորիներում առաջարկում էր բլոգ վարելու, ինքնադրսևորման և «տեսանելիության եզրերի» մասին ծրագրեր։ Վարդավառի սկանդալը դարձավ կենդանի ցուցադրություն՝ մեկ ռիլս, հազարավոր պատասխաններ, նոր լսարան, ներողություն, շարունակություն, անձնական դրամա։ Դիտողը կարող էր զայրանալ և այդ նույն վայրկյանին բարձրացնել էջի վիճակագրությունը։


Հայաստան գալու մասին Պիրոժկովայի պատմած տարբերակները մանրամասներում չեն համընկնում։ Մի տարբերակում նա Ռուսաստանից եկել է ամուսնու և երեխայի հետ պատերազմի սկսվելուց հետո, որն անվանում է «բոլորին հայտնի իրավիճակ»։ Մյուսում նախկին ամուսինն ու որդին ավելի վաղ են տեղափոխվել, իսկ ինքը եկել է երեխային տեսնելու։ Երկու պատմություններում էլ որդին ապրում է Հայաստանում հոր հետ։ Պիրոժկովան ասում է, որ այստեղ մնացել է երեխայի մոտ լինելու համար։


Նա նաև պատմել է Ռուսաստանում ունեցած պարտքերի մասին։ Վախենում է վերադառնալ, որովհետև այնտեղ կարող են արգելել երկրից իր ելքը։ Այդ դեպքում, իր խոսքերով, այլևս չի կարողանա տեսնել Հայաստանում ապրող որդուն։ Վարդավառի օրը այս բացատրությունն էլ էր տվել՝ պատասխանելով, թե ինչու չի հեռանում մի երկրից, որի սովորույթը հրապարակավ մերժում է։


Նրա էջում փաստաթղթերի մասին ևս մի պատմություն կար։ Պիրոժկովան պնդում էր, որ բնակարանի վարձատուի հետ վեճից հետո չի կարողանում հասնել իր փաստաթղթերին։ Նա դիմում էր Հայաստանի իշխանություններին և օգնություն խնդրում դրանք վերադարձնելու համար։ Զայրացած ռիլսի կողքին կանգնած էր պետական միջամտության այդ խնդրանքը։


Մի քանի շաբաթ անց փաստաթուղթը նոր կշիռ ստացավ։ Քրեական դատավարության օրենսգրքի «բացակայելու արգելքը» կիրառվում է, երբ մարմինը բավարար հիմք է տեսնում ենթադրելու, որ մեղադրյալը կարող է անձը հաստատող փաստաթղթով փախուստի դիմել։ Որոշումն ուղարկվում է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնին։ Փաստաթուղթը վերադարձնելն այլևս չէր բացում սահմանը։


Հուլիսի 29-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը հաստատեց, որ Պիրոժկովային մեղադրանք է ներկայացվել։ Պաշտոնական պատասխանը կարճ էր։ Քրեական վարույթը սկսվել էր ներկայացված դիմումից։ Ոստիկանները պարզել էին Ինստագրամի էջի օգտատիրոջ գտնվելու վայրը և նրան ներկայացրել քննիչին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նախաքննությունը շարունակվում էր։ Խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։


Երեքօրյա պահման մասին պաշտոնական պատասխանում ոչինչ չկար։ Այդ տեղեկությունը հայտնել է Պիրոժկովան։ Իր էջում նա գրել էր՝ ձերբակալություն, երեք օր ձերբակալվածների պահման վայրում, քրեական հետապնդում բլոգի տեսանյութի համար։


Դիմումատուի անունը չի հրապարակվել։ Դիմումի ամբողջական տեքստն էլ չկա։ Հայտնի չէ՝ որ օրը կայացվեց քրեական հետապնդման որոշումը։ Ոստիկանության աշխատանքի մասին մնացել է մեկ չոր նախադասություն՝ էջի օգտատիրոջ գտնվելու վայրը պարզվել է, և նրան ներկայացրել են քննիչին։


Այդ նախադասության մեջ ձերբակալման վայր չկա։ Ժամ չկա։ Չկա փաստաբանի ներկայության կամ հարցաքննության տևողության մասին տեղեկություն։ Հուլիսի 30-ի դրությամբ չէր հրապարակվել նաև կալանքի մասին դատական որոշում։ Երեքօրյա պահումն ու դրա պայմանները առայժմ նրա պատմածն են։ Քննչական կոմիտեն հաստատել է մեղադրանքը, բացակայելու արգելքն ու շարունակվող նախաքննությունը։


Նրա հին մասնագիտության բառերը վերադարձան արդեն իր անունով՝ «վարույթ», «հանրային քրեական հետապնդում», «մեղադրյալ», «խափանման միջոց»։ Լրատվական վերնագրերը դրանք սովորաբար սեղմում են մի նախադասության մեջ՝ «գործ են հարուցել»։ Իրավական կարգավիճակները դրանից չեն միաձուլվում։ Պիրոժկովան մեղադրյալ է։ Դատարանը նրան մեղավոր չի ճանաչել։


Հանրությանը հայտնի չէ՝ ինչ ցուցմունք է տվել նա, ինչ նյութեր են կցվել վարույթին, նշանակվե՞լ է լեզվաբանական փորձաքննություն, պահպանվե՞լ է սթորիի ամբողջական տեսագրությունը։ Հայտնի են հոդվածը, խափանման միջոցը և այն հրապարակային հետքը, որը տեսել են հարյուր հազարավոր մարդիկ։


329-րդ հոդվածի վերնագիրը երկար է։ Այն վերաբերում է ազգային, էթնիկ, ռասայական կամ սոցիալական ծագմամբ, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով և այլ հատկանիշներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին ու այդ նպատակով նյութ տարածելուն։


Առաջին մասով պատիժը կարող է լինել տուգանքից մինչև երկու տարվա ազատազրկում։ Երբ խոսքը տարածվում է զանգվածային լրատվությամբ, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությամբ կամ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներով, գործում է ծանրացնող մասը։ Այն նախատեսում է մեկից չորս տարվա ազատազրկում։ Այս գործով Ինստագրամը տեխնիկական մանրուք չէ։ Համացանցն է մեղադրանքը տարել այն կետը, որտեղ տուգանքի այլընտրանք գրված չէ։


Օրենսգրքում ծանր բառը «ուղղված» բառն է։ Քննիչը պետք է ապացուցի խոսքի նպատակը։ Վիրավորանքը, տարածման ծավալն ու առաջացրած զայրույթը գործի նյութ են։ Հոդվածը պահանջում է կապ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելու հետ։


Բռնության կոչն այստեղ պարտադիր տարր չէ։ Դրա համար առանձին՝ 330-րդ հոդված կա։ Օրենքում նաև գրված չէ, որ խմբին հասցեագրված յուրաքանչյուր վիրավորանք ինքնաբերաբար մեկից չորս տարվա հանցանք է։ Քննիչին պետք են ամբողջական խոսքը, հրապարակման հերթականությունը, մտադրության արտաքին հետքերը, լսարանի չափը, արձագանքը և հնարավոր վնասը։


Ռաբաթի վեցմասանոց շեմային ստուգումը հարցնում է՝ ինչ միջավայրում է խոսքը հնչել, ով է խոսողը, ինչ մտադրություն է ունեցել, ինչ բառեր ու ձև է ընտրել, որքան լայն է տարածումը, որքան մոտ ու հավանական է վնասը։ Եվրոպայի խորհրդի չափանիշները քրեական իրավունքը պահում են ամենածանր դեպքերի համար։


Պիրոժկովան պետական պաշտոնյա չէ։ Նա քաղաքական առաջնորդ էլ չէ։ Նրա ռիլսը անցել է մեկ քառորդ միլիոն դիտումը։ Խոսքը ծնվել է անձնական զայրույթից։ Ամենածանր բնորոշումը հասցեագրվել է ամբողջ ազգային խմբին։ Ներողության մեջ նա հերքել է ատելություն տարածելու նպատակը։ Հետագա հրապարակումներով թեման պահել է շրջանառության մեջ և պատմել, թե ինչ տվեց այն իր բլոգին։ Հանրային նյութերում հայերի դեմ գործողության կոչ չկա։ Այդ խոսքից ծնված բռնության դեպք նույնպես հրապարակված չէ։


Բառի ընտրությունը, ամբողջ ժողովրդի հասցեն, մեծ հասանելիությունն ու սկանդալի հետագա օգտագործումը ծանրացնում են գործը։ Քրեական մտադրությունը պետք է կապվի մեղադրանքի առարկա հրապարակման պահին։ Հետո արված հաշվարկը վատացնում է Պիրոժկովայի հանրային պատկերը։ Այն չի կարող ինքնուրույն ապացուցել, թե ինչ նպատակ ուներ նա առաջին տեսանյութը հրապարակելիս։


Ներողությունը, նյութի հեռացումը, դրվագի հանկարծականությունը և որևէ մեկին գործողության չդրդելը կարող են հայտնվել պաշտպանության փաստարկների մեջ։ «Ձայնը չէի ստուգել» բացատրությունը թուլացնում է կանխամտածված հրապարակման վարկածը։ Արտասանված բառը դրանից չի անհետանում։ Տեսանյութի ամբողջականությունն ու հրապարակումների ճշգրիտ հերթականությունը հազարավոր մեկնաբանություններից ավելի արժեքավոր կլինեն։


«Առնետանման ժողովուրդ» բնորոշումը կոնկրետ արարք չի քննադատում։ Այն ամբողջ ազգային խմբին տալիս է ստորացուցիչ կենդանական պատկեր։ Տեսանյութի ջնջումը կարող էր լինել ուշացած զգուշություն, ներողության մաս կամ ճնշման արձագանք։ Բաց նյութերով դրանցից մեկը ընտրել հնարավոր չէ։


Սկանդալը հետևորդների ու վաճառքի լեզվով ներկայացնելը նկարագրում է հետագա հաշվարկը։ Առաջին խոսքի նպատակը դրանով դեռ ապացուցված չէ։ Եթե գործը հասնի դատարան, այդ օրերը պետք է առանձնացվեն իրարից՝ հուլիսի 12-ի խոսքը, հուլիսի 14-ի ներողությունը, հետագա գովազդային շարքը։


329-րդ և հարակից 330-րդ հոդվածների կիրառության շուրջ վեճը Հայաստանում սկսվել էր այս ռիլսից առաջ։ Հունիսի 3-ին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը զեկույց էր հրապարակել՝ պնդելով, որ իրավապահներն ու դատարանները հոդվածները չափազանց լայն են կիրառում, հատկապես երբ պաշտոնատար անձանց հասցեին կոշտ խոսքը կապվում է նրանց «քաղաքական հայացքների» հետ։


Պիրոժկովայի գործը նույնը չէ։ Այստեղ ազգային պատկանելությունը օրենքում ուղիղ նշված հատկանիշ է։ Թիրախը պաշտոնատար անձ չէ։ Հարցը մնացել է նույն դռան մոտ՝ ինչ ապացույց է պետք, որ ստորացուցիչ, նույնիսկ մարդազրկող խոսքը հասնի քրեական հրահրման շեմին։


Ամենակարճ վերնագրերը գործը ներկայացնում էին այսպես՝ Ռուսաստանից եկած բլոգերի դեմ գործ է հարուցվել, որովհետև նրան դուր չի եկել Վարդավառը։ Քրեական օրենսգիրքը տոնը քննադատելու արգելք չունի։ Մարդը կարող է ասել, որ ջրելու սովորույթը կոպիտ է, անտակտ է, վտանգավոր է հեռախոսի համար և իրեն չի զվարճացնում։


Մեղադրանքի ծանր մասը ամբողջ ժողովրդի հասցեին հնչած բնորոշումն է ու դրա տարածումը։ Մեկ վիրավորական արտահայտությունն էլ պատրաստ դատավճիռ չէ։ Մեղադրանքը քննության վարկած է։ Դրա ուղղվածությունը պետք է ապացուցվի դատարանում, եթե գործը հասնի դատաքննության։


Պիրոժկովայի քննադատներից շատերը սպասել չցանկացան։ Նրան արտաքսում էին մեկնաբանություններում։ Բանտարկության ժամկետներ էին բաժանում։ Ռուսաստանցի լինելը որոշ գրառումներում դարձավ առանձին մեղադրանք։ Մեկ կնոջ խոսքից անցան Ռուսաստանից եկած մարդկանց մասին ընդհանուր դատողության։


Քննչական կոմիտեն այդ աղմուկից պետք է հանի ապացույցը։ Հինգ հազար մեկնաբանությունը կարող է ցույց տալ տարածման չափը և արձագանքը։ Այն չի ապացուցում Պիրոժկովայի մտադրությունը։ Նրա հասցեին հնչած սպառնալիքներն էլ ուրիշ արարք են և ուրիշ պատասխանատվության հարց։


Պիրոժկովան ընտրեց իր ձևակերպումը՝ «մի ամբողջ երկիր ինձ ատում է»։ Հինգ հազար հաշիվ այդ վերնագրում դարձավ երկիր։ Քննադատությունը դարձավ համատարած ատելություն։ Իր խոսքի հասցեատերերը կորցրին դեմքերը։


Նույն էջում նա պատմում էր, որ ուզում է դուրս գալ ճգնաժամից, վերադարձնել փաստաթղթերը, տեսնել որդուն, նորից եկամուտ ստանալ։ Այդ վիճակը կարող է բացատրել խուճապը, զայրույթը և անկանոն հրապարակումները։ Ազգային վիրավորանքը դրանից չի փոքրանում։ Չորս տարվա ազատազրկումն էլ ինքնաբերաբար չի հիմնավորվում։ Քրեական հոդվածը վերաբերում է ապացուցված արարքին ու մտադրությանը։ Պարտքերը, անկայուն կյանքը և ինքնագովազդի հանդեպ հանրային զզվանքը դրա տարրերը չեն։


Պիրոժկովայի էջում ամեն բան ստանում է վերնագիր ու հաջորդ մաս՝ դիտումներ, հասանելիություն, ատելության ալիք, ճգնաժամ։ Քննչական կոմիտեի պատասխանում մնում են հոդվածի մասն ու կետը, խափանման միջոցը, նախաքննությունը։ Նրանց արանքում ջնջված սթորին է։ Սոցցանցում այն ապրել է մեկ օրից քիչ։ Քրեական գործում կարող է մնալ տարիներ։


Մեկից չորս տարվա պատժաչափը գրված է հոդվածում։ Դա դեռ պատիժ չէ։ Քրեական հետապնդումը կարող է դադարեցվել։ Որակումը կարող է փոխվել։ Գործը կարող է հասնել դատարան և ավարտվել արդարացմամբ կամ մեղադրական դատավճռով։ Հուլիսի 30-ին հրապարակված նյութերում չկային վերջնական մեղադրական ակտ, դատական նիստի օր կամ փորձագիտական եզրակացություն։


Պիրոժկովայի բլոգում «մինչև չորս տարի» բառերը արդեն դարձել էին հաջորդ դրամատիկ հանգույցը։ Սոցցանցը դադար չի ճանաչում։ Ամեն օր պետք է նոր մաս։ Քննիչը շարժվում է արձանագրություններով, ժամկետներով և ապացույցների կանոններով։ Դանդաղ։


Հուլիսի 12-ի ջուրը վաղուց չորացել է Երևանի սալիկներից։ Դույլերը վերադարձել են պատշգամբներ։ Ջրային ատրճանակները՝ մանկական պահարաններ։ Հուլիսի 30-ին Պիրոժկովայի էջի գլխամասում «Վարդավառ» բառը դեռ աշխատում էր։ Ամեն նոր այց ավելացնում էր դիտումը։ Ամեն զայրացած վերատեղադրում երկարացնում էր սկանդալի կյանքը։


Սահմանային վերահսկողությանը ուղարկված որոշման մեջ դրոշի նշան չկա։ Վերնագիր չկա։ Հաջորդ մասի խոստում էլ չկա։ Այնտեղ նրա անունն է և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page