top of page

Մի ներողություն ունեմ Սամվել Կարապետյանին ասելու...

  • 6 мар. 2020 г.
  • 4 мин. чтения

Իսկ հայ լինե՞լը... Չարքաշ, քարտաշ, դժվարին մի վիճակ:

Կ. ԶԱՐՅԱՆ


Անցյալ շաբաթ հավերժի ուղին բռնեց հուշարձանագետ, հայրենագետ Սամվել Կարապետյանը: Հայ ժողովուրդն զրկվեց` իր կողքին վայելելու այն մարդու, հայ մշակույթի այն նվիրյալի ներկայությունը, որն իր ողջ գիտական կյանքը նվիրաբերել էր հայ մշակույթին, առավելապես` ճարտարապետությանը:


Սամվել Կարապետյան հայի շնորհիվ հազարավոր մշակութային կոթողներ փրկվեցին մոռացումից եւ անխուսափելի թվացող կորստից: Նրա շնորհիվ աշխարհն ուրիշ լույսի տակ տեսավ հայկական ճարտարապետությունը: Նա իր գործն սկսեց միայնակ, բայց դպրոց ստեղծեց, դպրոցՙ որի դերն այսօր անուրանալի է, որի մասին խոսելիս միայն երախտամոռությամբ լցվածը կարող է չհիշել Սամվել Կարապետյանին:


Ես, ծագումով լինելով Գարդման գավառի Փիփ գյուղից, դեռ վաղ տարիքում համակրանքով ու երախտագիտությամբ եմ լցվել Ս. Կարապետյանի նկատմամբ, որովհետեւ գլխավորապես նրա շնորհիվ է, որ այսօր, թեպետ Գարդմանը գտնվում է Ադրբեջանի ճանկերում, գարդմանահայը, այդ թվում` ես, հնարավորություն ունի տեսնելու տարածաշրջանի բոլոր հայկական բնակավայրերի ու հուշարձանների լուսանկարներն ու փաստական տվյալները: Նա միայնակ, ոտքով անցնելով գյուղից գյուղ, իր թիկունքում միշտ զգալով թուրք-թաթարի սպառնացող հայացքը, հստակ կորստից փրկել է Գարդման գավառի տարածքում գտնվող գրեթե բոլոր հայկական հուշարձանները: Նրա ֆոտոապարատին են պատկանում տարածաշրջանի հայաբնակ գյուղերի այն հազարավոր լուսանկարները, որոնք միակ սփոփանքն ու դարմանն են հայրենազուրկ գարդմանահայի:


Իսկ թե ինչ անվանդ ունի Սամվել Կարապետյանն ընդհանուր Հայկական լեռնաշխարհում գտնվող հուշարձանների ու բնակավայրերի բացահայտման, չափագրման ու հանրահռչակման գործում, հայտնի է, բայց ժամանակը դեռ լուրջ ասելիք ունի այդ մասին:


Նրա մահից հետո շատերն ափսոսացին, որ առիթ չեն ունեցել հանդիպելու, շատերը հետմահու հարգանքի տուրք մատուցեցին: Եղան վատեր նաեւ, որ կրոնական հողի վրա ցույց տվեցին իրենց ցածրակարգությունը: Եղան նաեւ այնպիսիք, որ մարդուն սկսեցին կոչումներով ծանրութեթեւ անել, այնինչ, նրա ամենամեծ կոչումը ժողովրդի սերն ու հարգանքը, համակրանքն էր:


Ես էլ ցանկանում եմ կիսել իմ այն հուշերը, որոնք կապված են մեծ հայի հետ:


Վաղուց էի առիթ փնտրում հանդիպելու նրան: Եվ ահա, 2016թ. գարնանն ստեղծվեց այդ առիթը: Եկել էի Երեւան` համալսարան ընդունվելու համար փաստաթղթերս կարգավորելու: Մինչ այդ արդեն համացանցով կապ էի հաստատել նրա հետ, տարածաշրջանի մասին իմ իմացությամբ հասցրել էի արժանանալ նրա գովեստին, գովեստՙ որը խորամուխ պիտի դարձներ ինձ տարածաշրջանի պատմության մեջ: Մեր առաջին հեռախոսազրույցի ժամանակ Սամվել Կարպետյանն ինձ իր տուն հրավիրեց: Գնացի բարեկամիս` անվանի լրագրող եւ ֆոտոգրաֆ Համլետ Կոնջորյանի (կրկին գարդմանահայ) հետ: Երբ հասանք իրենց փողոց, զանգեցինք, որպեսի հստակ կողմնորոշվենք: Եվ ահա, անսպասելիորեն նրբանցքներից մեկի վերջնամասում մեր առաջ հայտնվեց ինքը` Սամվել Կարապետյանը, իմ երազանքը կատարվեց. ես հանդիպեցի նրան: Հեռվից մտերմաբար ձեռքով արեց, ինչպես մարդիկ սովորաբար ձեռքով են անում իրենց վաղեմի ծանոթներին: Ձեռքսեղմումից հետո նրա տան դռները լայն բացվեցին մեր առաջ: Առաջինն աչքիս առաջ հայտնվեցին մի քանի արկղ գրքերը, որոնք ինչպես կռահել էի, նոր էին հայտնվել նրա տանը: Նկատելով ուշադրությունս` Կարապետյանն ասաց. «Գիտեմ, որ գրքեր սիրում ես, ես էլ այսօր գրքերի հանք էի ընկել, բոլորն այդտեղից եմ բերում, պետք է կարդամ»:


Հետո ծանոթացանք նրա ընտանիքի անդամների հետ ու նստեցինք հացի սեղանի շուրջ:


Ճաշից հետո գնացինք իր աշխատասենյակ, որտեղ հասնելու համար պետք է ոլորուն աստիճաներով իջնեինք նկուղ: Հ. Կոնջորյանի զարմացական ու հիացական դիտարկմանը Կարապետյանը ժպտալով պատասխանեց` «Հիտլերից եմ սովորել, ձմռանը տաք է, ամռանը` հով»:


Եթե տեղում համակարգիչներ ու էլեկտրական լապտերներ չլինեին, ես հաստատ կմտածեի, որ գտնվում ենք հին աշխարհի մի որեւէ քաղաքի գրադարանում, որտեղ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ մտովի շրջել է` որեւէ պատմիչի օգնությամբ:


Զրույցը շատ երկար տեւեց, համարյա մինչեւ ուշ երեկո խոսեցինք ամեն-ամեն ինչից: Ապրիլյան պատերազմի վերքերը դեռ արնահոսում էին գիտակից ամեն մի հայի սրտում: Կարապետյանը կսկիծով անդրադարձավ նաեւ այդ պատերազմի ընթացքում զոհված հայորդիներին ուՙ «մեր սերուցքը գնաց» բառերն արտաբերելով փակեց թեման: Հետո դարձանք Գարդմանին` մեր կորուսյալ հայրենիքի մի մասին: Մեծ հայրենագետը շատ բան պատմեց մեզ` ինչպես է առաջին անգամ հայտնվել տարածքում, ինչպես է լուսանկարել Փիփը եւ այլն: Նա հիշում էր նաեւ, թե ինչպես Փիփ գյուղի տարածքում, Շամքոր գետի ափին, ինքը օգտվել է փիփեցի ամուսինների հյուրասիրությունից եւ մեղր համտեսել, ափսոսանք հայտնեց, որ չի հիշում նրանց անունները: Բարեբախտաբար, ես մերոնցից իմ հարցասիրության շնորհիվ, արդեն լսել էի այդ մարդկանց մասին եւ հուշեցի` «Բախշի եւ Վարթո, նրանց գյուղում այդպես են կոչել»: Աչք էր պետք տեսնելու, եւ սիրտ` զգալու համար, թե ինչպես հուզվեց այդ մեծ մարդը:


Այդ օրը Սամվել Կարապետյանը մտովի մեզ ուղեկցեց իր անցած բոլոր կածաններով ու ճանապարհներով, գյուղերով ու ավերված բերդերով, անտառներով, դաշտերով: Երբ վերջացրեց, ասաց. «Հայ մարդը պետք է տրորի իր հայրենիքի կածանները»:


Մեր ջերմ զրույցն ավարտվեց գրքերի նվիրատվությամբ: Սամվել Կարապետյանը գրքեր նվիրեց թե ինձ, թե բարեկամիս: Այդ գրքերն այսօր իմ գրապահարանում են եւ պահպանվում են սրբորեն, որովհետեւ իրենց վրա կրում են Սամվել Կարապետյանի տասնամյակների ջանքերն ու... մատների հպումը:


Հրաժեշտից առաջ պայմանավորվեցինք եւս մեկ անգամ հանդիպել, որպեսզի վերցնենք Փիփ գյուղի հատակագիծն ու փորձենք թվագրելով` նշել, որ տունը ում է պատկանում: Առաջին հայացքից այս տարօրինակ ցանկությունը Սամվել Կարապետյանը հստակ ձեւակերպեց. «Որպեսզի եթե վաղը Եռագույնով մտնենք մեր հայրենի գյուղերը, իմանանք որն է եղել մեր պապի տունը եւ այնտեղ ապրենք. Ես համոզված եմ, որ անպայման գալու է այդ օրը, ուրիշ կամ տարբեր լինել չի կարող»:


Այդ նախադասությունը դաս էր ինձ համար:


Մոտ երկու ամիս անց, կրկին Համլետ Կնոջորյանի հետ, հանդիպեցինք Սամվել Կարապետյանին` այս անգամ ավելի կարճ ժամանակով: Էլի նստեցինք իր տանը, աշխատասենյակում ու վերցրինք գյուղի հատակագիծը` անպայման խոստանալով անել հնարավոր ամեն բան գյուղի ընտանիքներին տեղորոշելու համար:


Անցած շաբաթ օրը բանաստեղծ ընկերոջս` Գոռ Հարությունյանի հետ ուղիղ կանգնած էի Սամվել Կարապետյանի դագաղի կողքին: Մտովիՙ ներողություն խնդրեցի մեծ հայրենագետից, որ այն հատակագիծը, որը պետք է թվագրեի ու կազմեի, մինչեւ օրս չեմ ավարտել, կիսատ եմ թողել: Խոստացա անպայմանորեն անել այն, ինչ խոստացել եմ, եւ հանձնել ՀՃՈՒ կենտրոնին, նրանց, ովքեր շարունակելու են Սամվել Կարապետյանի գործը:


Լույս ինջնի հոգուդ, մեծ հայ:


Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ԱԶԳ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page