Կարո Խաչիկյան. մարդ, որ կորուսյալ հայրենիքի ցավին աշխարհում տեղ է բացում՝ տետրի լուսանցքից մինչև հերոսի հուշարձան
- 5 часов назад
- 15 мин. чтения
24 ՀՈՒՆԻՍԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՄՆ, ՖՐԵԶՆՈ, YEREVAN ONLINE Mag.

Կարո Խաչիկյանի մասին պատմությունը պաշտոնական կենսագրությամբ սկսել ճիշտ չէ։ Այդպիսի սկիզբը շատ հարթ կլիներ մի մարդու համար, որի կյանքի կարևոր բաները ծնվել են ոչ թե պաշտոններից, այլ ներքին պարտքի զգացումից։ Ավելի ճիշտ է սկսել նրա տետրից։ Հարցազրույցի ընթացքում այն մի քանի անգամ հայտնվում է սեղանին. ձեռագիր ելույթներ՝ Անդրանիկի, Հայաստանի անկախության, Կովսականի հիվանդանոցի, Մ. Մելքոնյանի մասին։ Փաստաթղթերի հավաքածու չէ միայն. Կարո Խաչիկյանի ներքին կյանքի քարտեզն է։

Կան մարդիկ, որոնք հայրենասիրությունը բարձր ձայնով են արտահայտում։ Կարոյի դեպքում այն աշխատավոր բնույթ ունի. նա գրում է, զանգում, կազմակերպում, համոզում, գումար է հավաքում, ցուցափեղկ վարձում, հող խառնում, սարքավորում ուղարկում, հուշարձանի նախագիծ քննարկում, հիվանդանոցային սենյակ նորոգում, հայերեն խոսքը անգլերեն հանում էկրանին, որ ոչ ոք դուրս չմնա հիշողությունից։
Երբ նրան հարցնում են՝ ինչո՞ւ է անում այս ամենը, նա չի կառուցում հանդիսավոր պատասխան։ Նույնիսկ ծիծաղում է։ Մարդ ինչի՞ համար է աշխատում, հարցնում է։ Եթե փողի համար, ապա այս գործերի մեջ ի՞նչ փող կա։ Հետո ասում է իր կյանքի բանաձևին մոտ մի միտք. եթե մարդը մի բանի հավատում է և նվիրվում է, պետք է հավատը գործով ներկայացնի։ Մտածածդ կարող ես դնել թղթի վրա, կարող ես դնել քարի վրա։
Կարոյի մեջ հիշողությունը չի մնում զգացում. շարժվում է, մարմին ստանում, դառնում գործ։
Կարո Խաչիկյանի կյանքի սկզբում կանգնած են երեք անուններ՝ Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Մ. Մելքոնյան։ Նա նրանց անվանում է իր հերոսները, իր ներքին կողմնացույցները։ Բայց այդ երեքից առաջինը, ամենախորը, մանկությունից եկողը Անդրանիկն է։
Կարոյի համար Անդրանիկը պատմական զորավար չէ միայն։ Նա ժողովրդի հոր կերպար է, բարոյական չափանիշ, մարդ, որը կարող էր անգամ իր կուսակցության դեմ գնալ, բայց ժողովրդի կողքին մնալ։ Այդ պատկերացումը եկավ տնից։ Նրա հայրը՝ Սարգիս Խաչիկյանը, պարզ էլեկտրագործ էր, բանվոր մարդ, ընդամենը հինգերորդ դասարան ավարտած, բայց որդու հիշողության մեջ նա նախ և առաջ գրքի մարդ էր։ Աշխատանքից հոգնած տուն էր գալիս, նստում էր կարդալու, հետո կարդացածը պատմում էր երեխաներին։ Տանը հայրենասիրությունը կարգախոս չէր։ Այն հոգնած հոր ձայնն էր, որը երեկոյան պատմում էր գիրք, հերոս, կորուստ, արժանապատվություն։
Կարոն ու հայրը՝ Սարգիս Խաչիկյանը
Սարգիս Խաչիկյանը 9 տարեկան էր, երբ կորցրել էր հորը։ Կարոյի մեծ հայրն ու մեծ մայրը նույնպես որբեր էին, հասել էին Բեյրութ։ Այդ որբությունը ընտանիքում գուցե ամեն օր չէր արտասանվում, բայց կար որպես լուռ ժառանգություն։ Մայրը պահում էր տան ներքին կարգը։ Ընտանիքը հարուստ չէր, նյութական սուղ պամաններում անգամ ծնողները չէին թողնում որ երեխաները որևէ բանի պակասը զգային։
Կարոն մայրիկի և եղբայրների հետ
Կարո Խաչիկյանի մանկության Բեյրութը անհոգության քաղաք չէր։ Նա սովորեց Վահան Թեքեյան վարժարանում, ապա Բուրջ Համուդի հայ ավետարանական եկեղեցու կողքին գտնվող Շամլյան-Թաթիկյան ԵրկրորդաԿան վարժարանում։ Բայց նրա պատանեկության իրական ֆոնը դասասենյակը չէր։ Ֆոնը պատերազմն էր։
Միջնակարգ դպրոցից հետո աշխարհը արդեն պատերազմական էր։ Դուրս էիր գալիս տնից և վստահ չէիր՝ կվերադառնա՞ս, թե՞ ոչ։ Ռմբակոծումներ, կրակոցներ, անընդհատ լարվածություն։ Նրա սերնդի համար պատանեկությունը վաղ հասունացում էր։
Երկրորդական ուսումը ավարտելուց հետո 1981-ի աշնան նրան կանչեցին զինվորության՝ Լիբանանի քրիստոնեական ֆրակցիայի բանակում։ Երեք ամիս անց նրան ազատ արձակեցին։ Այդ ժամանակ սպանվեց Բեշիր Ժմայելը՝ քրիստոնեական ֆրակցիայի առաջնորդը և ընտրված նախագահը։ Այդ քաղաքական մահափորձը, որքան էլ ողբերգական էր, Կարոյի կյանքում բացեց մի դուռ. նա կարողացավ մեկնել Հայաստան։
Հայաստանը դեռ խորհրդային էր։ Կարոյի համար դա երկրորդական էր։ Դա հայրենիքն էր՝ վայրը, որտեղ նա պիտի սովորեր բժշկություն և տեսներ հայրենիքի երկու դեմքերը՝ աղետն ու զարթոնքը։
Հայաստանում Կարոն ընդունվեց բժշկական ինստիտուտ։ Վեց-յոթ տարի ապրեց Երևանում և 1990 թվականին ավարտեց ուսումը։ Բայց Հայաստանի տարիները նրա մեջ մնացին ոչ միայն համալսարանական առօրյայով։ Դրանք մնացին երկու մեծ փորձառությամբ՝ 1988 թվականի երկրաշարժով և Ղարաբաղյան շարժումով։
Երկրաշարժի առաջին իսկ գիշերը բժշկական ինստիտուտի ուսանողներին ավտոբուսներով տարան Սպիտակ։ Ձեռքերնին ոչինչ չկար։ Նրանց տարան մի դպրոցի փլատակների մոտ։ Ամբողջ գիշեր փլատակների տակից երեխաներ էին հանում։ Մահացած երեխաների մարմինները շարում էին պատի տակ, որպեսզի ծնողները գան, ճանաչեն, տանեն։ Ոմանց տանում էին։ Ոմանք մնում էին։
Այդ գիշեր նրանց հաջողվեց երկու երեխայի կենդանի հանել փլատակների տակից։ Երկու փրկված շունչ՝ մահացած երեխաների մարմինների, ծնողների որոնման, փոշու և քարի մեջ։ Հայաստանի հետ նրա կապը այստեղ արդեն հայրենասիրական բառապաշար չէր, այլ մարմնի մեջ մնացած ցնցում։
Նույն 1988-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Կարոն և Նունեն միասին մասնակցում էին ցույցերին։ Գոռում էին, ոգևորվում, հավատում, որ Ղարաբաղը պիտի ազատագրվի։ Այդ երիտասարդական հավատը հետագայում պիտի դառնար Կարոյի կյանքի ամենախորը վերքերից մեկը, բայց այն ժամանակ Արցախը դեռ հույս էր։
1990-ին ուսումը ավարտելուց հետո նա պետք է վերադառնար Լիբանան։ Մնալ չէր կարող։ Գիտեր, որ Լիբանանում կայանալը դժվար է լինելու։ Ամերիկայից օգնության ձեռք մեկնեց մորեղբայրը՝ Բալթիմորում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ բժիշկը։ Նա առաջարկեց գալ Ամերիկա և շարունակել բժշկական ճանապարհը։
Կարո Խաչիկյանը Միացյալ Նահանգներ եկավ 1992 թվականի հունվարին։ Ամերիկայում նա պետք է նորից թարգմաներ իր ամբողջ մասնագիտական ինքնությունը։ Երևանում սովորած բժշկությունը պիտի անցներ անգլերեն, ամերիկյան տերմինաբանություն, քննություններ, լիցենզիաներ, մասնագիտացման համակարգ։
Նա նստեց և սկսեց սովորել օրական տասնչորս ժամ։ Պետք էր անցնել երեք քննություն։ Մրցակցությունը մեծ էր։ CV-ն պետք է ուժեղ լիներ։ Դրա համար նա մեկ տարի անվճար աշխատեց Johns Hopkins-ում՝ basic cardiology research-ի մեջ։
Նյու Յորքի Բրոնքս թաղամասի Our Lady of Mercy Medical Center-ում, որտեղ նա սկսեց ներքին հիվանդությունների մասնագիտացումը, պետք էր սովորել նաև գործնական բաներ, որոնք Հայաստանում հաճախ բուժքույրերն էին անում։
Կարոն Նունեին խոստացել էր վերադառնալ։ Ամերիկա գալով՝ այդ խոստումը չէր մոռացել։ Նունեն սպասում էր Հայաստանում՝ մութ ու ցուրտ տարիների մեջ։ Տեղ չկար գնալու, կապ չկար, լույս չկար։ Բայց այդ տարիներն էլ ունեին իրենց քաղցրությունը. մոմի լույսով գնում էր դիմացի շենքի ընկերուհու տուն, սուրճ էին խմում, հարևաններով հավաքվում էին «Սանտա Բարբարա» նայելու, նարդի էր սովորում, ընտանիքով մրցում էին, գրքեր էին կարդում։
Կարոն ամիսը մեկ էր կարողանում զանգել Նունեին ։ Զանգը թանկ էր՝ մեկ րոպեն մի քանի դոլար, և կես ժամ խոսելը արդեն լուրջ գումար էր։ Նամակներ էլ կային, բայց հազվադեպ։
1995 թվականին Կարոն գնաց Բեյրութ, վերցրեց ծնողներին և եկավ Երևան։ Փետրվարի 14-ին նրանք ամուսնացան։ Ցուրտ էր, մութ էր, հարսանիքը փոքր էր՝ մոտ քառասուն-հիսուն մարդ, ամենամոտ հարազատները։ Լույս չկար։ Նունեի հայրը ինչ-որ մեկի հետ խոսեց, վաթսուն դոլար տվեց, և ամբողջ գիշեր էլեկտրականություն եղավ։ Մարդիկ կարողացան ճաշ եփել, նվերներ բացել, տոնել։ Հաջորդ օրը բոլորը նրանց օրհնում էին։ Կարոն հետո կեսկատակ կասի՝ այդպես օրհնված էլ մնացինք մինչև այսօր։
Ամուսնությունից հետո Կարոն վերադարձավ Բալթիմոր, կարգավորեց Նունեի վիզան, և մի քանի ամիս անց Նունեն միացավ նրան։ Հուլիսի մեկից նա պետք է սկսեր մասնագիտացումը Նյու Յորքում։ Նրանք Honda Civic-ով տեղափոխվեցին Նյու Յորք։ Իրենց ամբողջ ունեցվածքը տեղավորվում էր այդ փոքր մեքենայի մեջ։ Բնակարան վարձել էին, բայց ներսում ոչինչ չկար։ Գնեցին մի մատրաս. դա էր առաջին կահույքը։ Արկղը դարձավ սեղան։ McDonald’s գնալը նրանց համար շքեղություն էր։
Հետո նրանք այդ օրերի մասին խոսում են առանց դառնության։ Նունեն դրանք հիշում է ոչ թե տանջանքով, այլ ուրախությամբ։
Նյու Յորքից հետո Կարոն աշխատանք գտավ Մինեսոտայում՝ շատ ցուրտ, փոքր քաղաքում։ Ծրագիրը ժամանակավոր էր. երկու տարի կմնա, փորձառություն կհավաքի, հետո կգնա Կալիֆոռնիա կամ ավելի հայաշատ վայր։ Երկու տարին դարձավ տասը։
Երբ վերջապես որոշեցին հեռանալ, որդին՝ Սաքոն, ամբողջ ճանապարհին լաց էր լինում։ Մինեսոտան նրանց համար միայն ցուրտ չէր, այլ տասը տարվա ընտանեկան կյանք։
Կյանքը Մինեսոտայում
Տեղափոխության գլխավոր խթաններից մեկը Կարոյի դասընկերն էր՝ դոկտոր Իշխան Պայրաքտարյանը, որը Ֆրեզնոյում էր ապրում։ Նա անընդհատ ասում էր՝ դուրս արի, արի Ֆրեզնո, լավ տեղ է։ Կարոն կասկածում էր. իր պատկերացմամբ Ֆրեզնոն գյուղ էր։ Իշխանը պատասխանեց՝ արի մեր գյուղը տես, հետո ասա։
Երբ եկավ և տեսավ Ֆրեզնոն, զարմացավ։ Եթե սա գյուղ է, մտածեց, ապա իր ապրած տեղը ի՞նչ էր։ Ֆրեզնոն բացվեց նրա առաջ ոչ միայն որպես քաղաք, այլ որպես հայկական հիշողության անսպասելի կենտրոն։
Ֆրեզնոն ամերիկահայ պատմության մեջ վաղուց արդեն սովորական աշխարհագրական անուն չէր։ Այստեղ հայերը ոչ միայն ապաստան գտան, այլև հող մշակեցին, եկեղեցի կառուցեցին, թերթ հրատարակեցին, գերեզմանատուն հիմնեցին, գրողներ ու բարերարներ տվեցին, իրենց ցավը աստիճանաբար վերածեցին հաստատությունների։
Հայերի ներկայությունը Ֆրեզնոյի շրջանում սկսվում է 19-րդ դարի վերջին տասնամյակներից։ Սկզբնական հայերը հիմնականում գյուղատնտեսության և առևտրի մարդիկ էին. խաղող, թուզ, չամիչ, չիր։ Հաջողության մեջ կային նաև խտրականություն, լեզվական դժվարություն, օտարության զգացում։
Այդ օտարության մեջ ձևավորվեց հայկական Ֆրեզնոն՝ իր եկեղեցիներով, ընկերություններով, մամուլով, գերեզմանատնով, լեզվով և կենցաղով։ Քաղաքի հին հայկական թաղում աշխատանքը, հավատքը, հարազատների գերեզմանները և համայնքային կապերը իրարից անջատ չէին։ Այստեղ ծնվեց Վիլյամ Սարոյանը։
Կարոն Ֆրեզնո չեկավ դատարկ հողի վրա հայկական գործ անելու։ Նա եկավ մի քաղաք, որտեղ հայերը ավելի քան մեկ դար առաջ օտար հողը դարձրել էին հիշողության վայր։ Նրա սերնդի առջև ուրիշ խնդիրներ էին կանգնած՝ ցեղասպանության հիշողությունը դուրս բերել միայն հայկական պատերից, Անդրանիկին ու Մ. Մելքոնյանին վերադարձնել համայնքի կենդանի հիշողության մեջ, բժշկական կամուրջ ստեղծել Հայաստանի ու Արցախի հետ, 2020-ի պատերազմի օրերին համայնքը դարձնել գործի մարմին։
Ֆրեզնոյի կյանքի սկզբում Կարո Խաչիկյանի համար կարևոր հանդիպում եղավ բժիշկ Վարուժան Ալթըպարմաքեանի հետ։
Կարոն եկել էր Քայզեր հիվանդանոցում հարցազրույցի։ Նրան պետք է հարցազրույց աներ չինացի բժիշկ՝ Վարուժան Ալթըպարմաքեանի փոխանորդներից մեկը։ Վարուժանը կողքին էր։ Կարոն ներկայացավ և լսելով իր անունը Վարուժանը անմիջապես փոխվեց։ Վերցրեց ֆայլը, նայեց և չինացի բժշկին ասաց՝ դու գնա, ես կզբաղվեմ նրանով։
Վարուժանը Կարոյին տարավ իր սենյակ, պատմեց աշխատանքի պայմանները։ Կարոն, զգալով, որ ամեն ինչ լավ է, ասաց՝ կարող եմ հիմա ստորագրել պայմանագիրը։ Վարուժանը թույլ չտվեց։ Ասաց՝ գնա տուն, կնոջդ պատմիր բոլոր մանրամասները, նա համաձայնի, հետո միայն։ Կարոն ծիծաղով հակադարձեց՝ ես եմ աշխատողը, կինս չէ։ Բայց Վարուժանը պնդեց։ Հաջորդ օրը Կարոն զանգեց և ասաց՝ կինս շատ համաձայն է, կարող եք պայմանագիրն ուղարկել։
Վարուժանը նրան ընդունեց ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես հայ մարդ։ Կարոն ասում է՝ նստած խոսում էինք, կարծես տասը տարի իրար ճանաչեինք։ Հիրավի, այդպիսին է և ինքը Վարուժանը՝ սրտաբաց ու միշտ դեպի հայը ձգվող: Նրա կյանքի մասին ԱՄՆ-ում վերջերս լույս է տեսել «Մի անցիր կողքով» գիրքը: Yerevan Online Mag.-ի ընթերցողներին Վարուժան Ալթըպարմաքեանի պատմությունը կներկայացնենք առաջիկայում:

Վարուժան Ալթըպարմաքեանը
Այդպես Կարոյի համարաշխատանքը դարձավ Ֆրեզնոյի առաջին մարդկային դուռը։
Կարոյի առաջին մեծ հայրենասիրական նախաձեռնությունը Ֆրեզնոյում եղավ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի տոնակատարությունը՝ 2015 թվականի մարտի 13-ին։ Դրանից մոտ մեկ ամիս առաջ նա ավարտել էր Անդրանիկին նվիրված Անդրանիկ Չալաբյանի ծավալուն գիրքը։ Կարդալուց հետո դեռ գրքի մթնոլորտի մեջ էր։ Հանկարծ հասկացավ՝ 150-ամյակն է, պետք է նշել։
Նա դիմեց Պերճ Աբգարեանին՝ Ֆրեզնոյի Հայաստանի պատվավոր հյուպատոսին։ Աբգարեանը համաձայնեց հովանավորել միջոցառումը։ Կարոն ծրագիրը կազմեց Վաչէ Վասիլեանի հետ։ Բայց չէր ուզում պարզապես երեկո անել։ Ուզում էր Անդրանիկին վերադարձնել իրերի, փաստաթղթերի, հպվող հիշողության մեջ։
Կարոն լսել էր, որ Ֆրեզնոյում ապրել էր Անդրանիկի գրագիրը՝ Լևոն Լուլեջյանը, որի ձեռագրերը հետո պահպանվում էին Սևակ Յարալյանի ձեռքում։ Կարոն գտավ կապերը, բացատրեց իր գաղափարը, մեկնեց Լոս Անջելես՝ տեսնելու նյութերը։ Այնտեղ կային լուսանկարներ, Անդրանիկի օգտագործած քարտեզը՝ նրա ստորագրությամբ, ազգային-ազատագրական երգերի նոտագրությունների բնագրեր, հին թերթեր և այլ վավերագրեր։
Նա վարձեց ցուցափեղկեր, որպեսզի նյութերը ցուցադրվեն ապահով։ Միջոցառումը տեղի ունեցավ Ֆրեզնոյի հյուպատոսարանի ներեքեւի սրահում։ Բայց Անդրանիկը այդ երեկոյին եկավ ոչ միայն ձեռագրերով ու լուսանկարներով։ Նրա ֆրեզնոյան հարևանների՝ Փուչիկյանների ընտանիքի մոտ պահպանվել էր մի խոհանոցային աթոռ, որը Անդրանիկը նվիրել էր նրանց։ Այդ աթոռը նույնպես բերվեց ցուցադրության։ Ֆրեզնոյի հայագիտական ծրագրում պահվող Անդրանիկի սուրը ևս տրամադրվեց այդ գիշերվա համար։
Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի տոնակատարությունը Ֆրեզնոյում՝ 2015 թվականի մարտի 13-ին
Սրահում դրված էին Անդրանիկի քարտեզը, սուրը, աթոռը, նրա ժամանակի երգերը, նրա մասին գրված թերթերը։ Մարդիկ գալիս էին և տեսնում ոչ թե վերացական հերոս, այլ անցած մարդու հետքը։
Երեկոյին մասնակցեցին դպրոցականներ, երգեցին հայրենասիրական երգեր, արտասանեցին։ Գարոն ամեն ինչ հայերեն էր ասում, բայց դահլիճում անգլախոսներ կային, ուստի իր խոսքը թարգմանել էր անգլերեն և ցուցադրում էր մեծ էկրանին։
Այդ երեկո Կարոն Ֆրեզնոյին դիմեց որպես «արծիվների բույն»։ Այդտեղ ապրեցին կամ իրենց մահկանացուն կնքեցին Զորավար Անդրանիկը, Սողոմոն Թեհլիրյանը, Մ. Մելքոնյանը, Կարո Քահքեջյանը։
Անդրանիկի երեկոյից ավելի մեծ և բարդ գործը Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նախաձեռնությունն էր։ Գաղափարը ծնվել էր մինչև 100-ամյակը՝ մոտ 2013 թվականին։ Կարոն մոտեցավ Պերճ Աբգարեանին և ասաց՝ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, Ֆրեզնոյում ցեղասպանությանը նվիրված հուշարձան չկա։ Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը կա, բայց դա ամբողջ պատմությունը չի ասում։
Սկզբում նստեցին Կարոն, Պերճ Աբգարեանը և Վաչէ Վասիլեանը։ Հետո կազմվեց փոքր հանձնախումբ, որպեսզի ծրագիրը չկորչի բազմաթիվ կարծիքների մեջ։ Դիզայներ ընտրվեց Փոլ Հալաջյանը, որի հետ աշխատեց Շանթ Եմենջյանը։ Առաջին հարցը, որ դիզայները տվեց, ամենակարևորն էր. ի՞նչ պետք է ասի այս հուշարձանը։ Որտե՞ղ պետք է լինի։ Ինչքա՞ն է բյուջեն։
Կարոն և իր գործընկերները չէին ուզում սոսկ հուշաքար։ Հուշահամալիրը պետք է ներկայացներ Արևմտյան Հայաստանի վիլայեթները, ներկա Հայաստանը, Արցախը և Սփյուռքը՝ հոգևորապես կապված, բայց ցեղասպանությամբ կտրած, բաժանած, ցրած։ Կառույցը պետք է ցույց տար և՛ միասնությունը, և՛ ճեղքը։
Վերջնական գաղափարներից մեկը ինը սյուներն էին։ Առաջին սյունը՝ 19 ֆուտ, վերջինը՝ 15 ֆուտ. միասին՝ 1915։ Սյուները միացնող պսակաձև մետաղական օղակը խորհրդանշում էր միասնությունը, բայց պսակը ճեղքված էր։ Սյուների արանքում տեղադրվեցին կրթական վահանակներ՝ ժամանակագրությամբ, նկարներով, տեղեկություններով։ Ջուրը դարձավ կյանքի նշան։
Տեղադրության հարցը դարձավ համայնքային վեճ։ Ոմանք ուզում էին հուշարձանը դնել եկեղեցու բակում, ակումբի մոտ, հայկական հին թաղամասում կամ որևէ ավելի «անվտանգ» հայկական տարածքում։ Կարոյի և իր համախոհների փաստարկը հակառակն էր. հայերը գիտեն իրենց ցեղասպանության մասին։ Պետք է, որ ուրիշները տեսնեն։ Հանձնախումբը նպատակահարմար գտավ այն տեղադրել Ֆրեզնոյի նահանգային համալսարանում։ Տարեկան հազարավոր ուսանողներ պիտի անցնեին այդտեղով և ծանոթանային հայոց ցեղասպանության պատմության;
Բյուջեն սկզբում վախեցնող էր։ Երբ Փոլ Հալաջյանը ներկայացրեց նախնական ծրագիրը և ասաց՝ 250-300 հազար դոլար, Կարոյի և Վաչէ Վասիլեանի աչքերը, ինչպես ինքն է հիշում, «դուրս պրծան»։ Բայց Պերճ Աբգարեանը հանգիստ ասաց՝ խնդիր չկա, շարունակենք, սարքում ենք։ Սյուները հովանավորվեցին ընտանիքների, ծնողների, նախնիների հիշատակին։ Վերջում հավաքվեց մոտ 800 հազար դոլար, իսկ հուշահամալիրի արժեքը անցավ 650 հազար դոլարը։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնարկեքի արարողությունը
Անդրանիկ Լեփեճյանի միջոցներով Հայաստանից բերվեցին տուֆի քարեր, որոնցով կառուցվեցին սյուների հիմքերը։ 2014 թվականի աշնանը, հիմնարկեքի ժամանակ, համայնքին խնդրեցին, որ ովքեր Արևմտյան Հայաստանի իրենց նախնիների գյուղերից ու քաղաքներից հող են բերել, տրամադրեն հուշարձանի հանձնախումբին ։ Մարդիկ բերեցին Ադանայից, Սիսից, Հաճնից խարբերդից Կարսից Վանից Սասունից Մուշից և այլ վայրերից։ Հողը խառնեցին և դրեցին հուշահամալիրի հավերժության նշանի տակ։ Կարոյի համար դա կորցրած աշխարհի փոքրիկ վերադարձն էր։ Մի բուռ Արևմտյան Հայաստան՝ Ֆրեզնոյի հողի տակ։
Հուշահամալիրի կառուցումն ու բացումը
2015 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ բացումը։ Մինչև վերջին օրը գործ կար։ Առավոտյան դեռ մաքրում էին տարածքը, որ ժողովուրդը գա և պատշաճ տեսք տեսնի։ Հասցրեցին։ Այդ երեկո եկավ մոտ հինգ-վեց հազար մարդ։ Կարոն դա հիշում է որպես զարթոնքի նման պահ։
Կարո Խաչիկյանի ազգային գործերի մեջ բժշկական առաքելությունները առանձնանում են մարմնի խնամքի կոնկրետությամբ։ Հիվանդանոց, վիրահատական սենյակ, ռենտգեն ապարատ, ակնաբուժական սարք, անալիզի սարքավորում, դեղորայք, ատամնաբուժական պարագա։ Այստեղ հայրենիքը վերացական բառ չէ։
Գաղափարը կրկին կապված էր Պերճ Աբգարեանի հետ։ 2013 թվականին, պատվավոր հյուպատոս նշանակվելուց հետո, նա ասաց՝ ուզում է medical mission կազմակերպել դեպի Հայաստան։ Առաջին տարին մոտ քսան-քսաներկու հոգանոց խումբ մեկնեց՝ տեսնելու, հասկանալու, ուսումնասիրելու։ Հաջորդ տարի խումբը արդեն մոտ երեսունհինգ հոգի էր։ Տարան մեծ քանակությամբ դեղորայք, բժշկական սարքավորումներ, գործիքներ՝ ճամպրուկներով ու սնդուկներով լցված։ Ըստ Կարոյի հիշողության՝ երկրորդ տարում օգնության արժեքը մոտ 200-300 հազար դոլար էր։
Հայաստանյան բժշկական առաքելությունը
Այդ առաքելությունների ընթացքում վիրաբույժներ, գինեկոլոգներ, մանկաբարձ-գինեկոլոգներ անվճար վիրահատություններ էին անում։ Մարդիկ լսում էին, որ Ամերիկայից բժիշկներ են եկել և ձրի վիրահատելու են, գալիս էին, հերթագրվում, և վիրահատությունները կատարվում էին մեկը մյուսի հետևից։
Հայաստանյան բժշկական առաքելությունը
Հետո առաքելությունը բացվեց դեպի Արցախ։ Կարոն մի հոդվածով իմացավ Իշխանաձորի գլխավոր բժշկուհու Լուսինէ Սարգսյանի մասին, որը ատամնաբույժ էր, բայց քանի որ ուրիշ բժիշկ չկար, գրեթե ամեն ինչ էր անում։ Նա կապվեց նրա հետ և ասաց՝ ուզում եմ գալ և տեսնել, թե ինչով կարող է օգնել։ Այդպես գնացին Իշխանաձոր, հետո Կովսական։
Ամեն տարի, երբ ընդհանուր խումբը մնում էր Ստեփանակերտում և աշխատում հիվանդանոցում, Կարոն հաճախ բաժանվում էր և գնում ծայրամաս՝ Իշխանաձոր, Կովսական։ Նունեն էլ երկու անգամ գնաց նրա հետ։ Հիվանդներ էին տեսնում, պակաս սարքավորումներ ապահովում, անալիզների ապարատներ ուղարկում, ռենտգեն ապարատ, ատամնաբուժական և շարժական ռենտգեն սարքեր։ Կովսականում ռենտգենի սենյակը, Կարոյի հիշողությամբ, խուցի նման տեղ էր։ Որոշել էին գումար ներդնել, գոնե այդ սենյակը մարդավարի կարգի բերել։ Բայց ծրագիրը չհասցրեց իրականանալ։ Արցախը ընկավ։ Կարոն ցավով ասում է՝ այդ ծրագիրն էլ ջուրն ընկավ, գնաց։
Հայաստանյան բժշկական առաքելությունը
Աշտարակի հիվանդանոցում, ֆրեզնոյաբնակ բարերարների լումայով, արդիականացվեց վիրաբուժական ամբողջ համալիրը։ Մասիսում նրանք ստեղծեցին ակնաբուժական կենտրոն՝ Նունեի մոր հիշատակին։ Նունեի մայրը երկար տարիներ ակնաբույժ էր աշխատել Մասիսի շրջանում։ Նունեն այնտեղ հուզվեց. շատերը նրան հիշում էին որպես փոքրիկ աղջիկ, որ մայրը երբեմն իր հետ էր տանում աշխատանքի։ Իսկ մի բժշկուհի, տեսնելով այս նվիրումը, կատակեց Կարոյի հետ՝ «Այս ինչքա՞ն ես սիրում քո զոքանչին»։ Բոլորը ծիծաղեցին։
Կովսականի դրվագներում առանձնանում է բժիշկ Լուսինե Սարգսյանի կերպարը՝ տեղի գլխավոր բժշկուհին, որը իր աշխատակիցների հետ նվիրումով էր կառչած հողին։ 2017 թվականի հոկտեմբերին Կովսականի շրջանային հիվանդանոցի բացման կամ ժապավենի կտրման արարողության ժամանակ Կարոն շնորհակալություն էր հայտնում Ֆրեզնոյի համայնքին, ՀՄԸՄ-ի Սասուն մասնաճյուղին, բոլոր նվիրատուներին և ընդգծում Քաշաթաղի ռազմաաշխարհագրական կարևորությունը։ Այդ մարդիկ միայն հիվանդանոցում չէին աշխատում, նրանք հող էին պահում։
Բժշկական ծրագրերը բերում էին նաև ցավոտ հիասթափություն։ Սփյուռքը գալիս է, օգնում, սարքավորում բերում, հիվանդանոց նորոգում, գումար ներդնում, բայց տեղական կառույցները միշտ չէ, որ պատշաճ ուշադրություն ու համակարգված վերաբերմունք էին ցույց տալիս։ Կարոն տեսնում էր և՛ սերը, և՛ անփութությունը, և՛ հավատը, և՛ ինչ որ տեղ վարչական անտարբերությունը։ Բայց այդ տեսնելը նրան չէր ազատում պարտքից։
Կարո Խաչիկյանի ազգային ծառայության մեջ կա նաև մեկ լուռ գործ՝ «Ձայն Տառապելոց» գրքի անգլերեն թարգմանությունը։ Այստեղ հայտնվում է մեկ այլ Վարուժան՝ Վարուժան Տեր-Սիմոնյանը։ Նա էր մոտեցել Կարոյին և խնդրել, որ գիրքը հնարավորության դեպքում թարգմանի անգլերեն, որպեսզի հետո անգլերենից հնարավոր լինի թարգմանել այլ լեզուներով։
«Ձայն Տառապելոց»-ի թարգմանության շնորհանդեսը Ֆրեզնոյի հայկական թանգարանում
«Ձայն Տառապելոց»-ը գեղարվեստական գիրք չէ։ Այն ցեղասպանության տարիներին գրված նամակների ժողովածու է։ Տարբեր գյուղերից ու քաղաքներից մարդիկ, ջարդերի ու տեղահանությունների մեջ, գրում էին Ամերիկայում ապրող իրենց հարազատներին՝ պատմելով, թե ինչ վիճակում են, ինչ է կատարվում, խնդրելով, որ եթե հնարավոր է՝ օգնեն։ Նամակները տարբեր բարբառներով են, երբեմն թուրքերեն բառերով, դժվար հասկանալի։ Կարոն մինչ այդ գիրք չէր թարգմանել, բայց ասաց՝ կփորձեմ։
Կարոն սկսեց կարդալ և թարգմանել։ Բայց նման տեքստերը լեզվական խնդիր չեն միայն։ Նամակները կարդալով՝ մտնում ես դրանց հոգեբանության մեջ։ Դու այլևս չես թարգմանում միայն բառեր։ Փորձում ես ուրիշի սարսափը, անօգնականությունը, վերջին հույսը հասցնել մեկ այլ լեզվի։ Այդ աշխատանքը ծանրանում էր նրա ներսում, բայց նա շարունակեց։ Մոտ վեց ամսում գիրքը թարգմանեց անգլերեն։ Հետագայում գիրքը թարգմանվեց նաև այլ լեզուներով։
Այդ գործը նույն տրամաբանության մեջ էր. ցեղասպանության հիշողությունը պահվում է նաև նամակով, բարբառով, թարգմանությամբ, այն ջանքով, որով զոհի ձայնը հասանելի է դառնում ուրիշին։
2020 թվականի Արցախյան պատերազմը Կարո Խաչիկյանի պատմության ամենացավոտ հանգույցներից է։ Այդ օրերին համայնքը շարժվեց ամբողջ ուժով։ Առաջին օրից մինչև նոյեմբերի 9-ի «խայտառակ» օրը բոլորը աշխատում էին մրջյունների պես։
Լուրեր էին գալիս, որ պակասում են ջերմատեսիլներ, նկարահան դրոններ, սաղավարտներ, դեղորայք, վիրաբուժական գործիքներ։ Կարոն մոտենում էր մարդկանց, ում ճանաչում էր, ասում էր՝ պետք է գումար հավաքենք, պետք է ինչ-որ բան անենք։ Կապվում էին Սան Ֆրանցիսկոյի ընկերների հետ, որոնք սարքերի հարցում ավելի շատ կապեր ունեին։ Գումար էին հավաքում, գնում անհրաժեշտ իրերը, ուղարկում արագացված փոստով։ Ուղարկում էին դեղեր, բժշկական փաթեթներ, վիրահատական գործիքներ։ Լոս Անջելեսից կոնտեյներով բեռ ուղարկողներից խնդրում էին, որ Ֆրեզնոյի ապրանքն էլ միացնեն։
Այդ օրերին հեռուստացույցով հետևում էին լուրերին։ Հավատում էին, որ հաղթում ենք։ Այդ հավատը հետագայում դարձավ կոտրվածության աղբյուր։ Երբ տարածվեց լուրը, որ Շուշին ընկել է, պատերազմը ավարտվում է, կապիտուլյացիա է, Կարոյի մեջ ինչ-որ բան փլվեց։
Նա երեք օր անկողնուց դուրս չեկավ։ Նունեն ասում է՝ երեք օր չկարողացավ նրան հանել անկողնուց։ Սա միայն պարտության ցավ չէր։ Կարոն չէր կարողանում մարսել, որ տարիների աշխատանքը Արցախում՝ դպրոցների շինությանը մասնակցություն, կլինիկաների պատրաստում, սարքավորումներ, ռենտգեններ, բժշկական ծրագրեր, հույսեր, միանգամից մնացին այնտեղ։ Թողեցին ու դուրս եկան։ Նա երբեմն ինքն իրեն հարցնում էր՝ գուցե սո՞ւտ է։
Այդ ցավի վրա ավելացավ Նունեի ազգականի որդու պատմությունը։ Նա կամավոր գնացել էր Մարտակերտի շրջան, վիրավորվել էր, գլխի ցնցում ստացել։ Հետո պատմել էր, որ իրենք իրենց գլխին էին, ղեկավար չկար, ուղղորդող չկար։ Ասել էին՝ այս խրամատում կնստեք, և վերջ։ Այդպիսի պատմությունը Կարոյի մեջ քանդեց այն պատրանքը, թե ունենք Կովկասի ամենաուժեղ բանակը։
Պատերազմից հետո նա սկսեց հեռանալ շատ բաներից։ Բայց ամբողջովին հեռանալ չէր կարող։ Մարդը, որը իր հոգին գործի մեջ է դրել, կարող է կոտրվել, բայց լիովին լքել չի կարող։
Պատերազմից հետո՝ 2021-ի սեպտեմբերին, Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը Կարոյի համար վերականգնվելու փորձ էր։ Նա այդ միջոցառման հանդիսավարն էր, բացման խոսքի հեղինակը։
Այդ խոսքում նա հիշում էր 1991 թվականի սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության ծնունդը խորհրդային կարգերի փլուզման, Ղարաբաղյան պայքարի, Բաքվի և Սումգայիթի ջարդերի, տնտեսական ու քաղաքական ծանր պայմանների մեջ։ Հիշում էր նաև Առաջին Հանրապետությունը՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից ծնված 1918 թվականի մայիսի 28-ը։ Բայց խոսքի կենտրոնը ապագայի պահանջն էր՝ միասնականություն, պետական մտածողություն, լայնախոհություն, հեռատեսություն և հայրենասիրություն ոչ թե բանիվ, այլ գործով։
Կարո Խաչիկյանի երրորդ ներքին հերոսը Մ. Մելքոնյանն է։ Նրա մահվան 30-ամյակի մոտենալով՝ Կարոն որոշեց Ֆրեզնոյում կազմակերպել հիշատակի երեկո։ Սեդա Գպրանյան-Մելքոնյանին գիտեր ուսանողական տարիներից։ Facebook-ով գտավ, երկար նամակ գրեց, բացատրեց գաղափարը, խնդրեց, որ գա որպես բանախոս։ Սեդան սիրով ընդունեց։
Կարոն մոտ երեք ամիս աշխատեց այդ երեկոյի վրա։ Հավաքեց նյութեր, պատրաստեց ծրագիր, հայերեն խոսքերը անգլերեն թարգմանեց մեծ էկրանի համար, որովհետև ներկա էր Մելքոնյանի ընտանիքը՝ եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, քույրերը, զարմիկները, հարազատները։ Համայնքը լայնորեն մասնակցեց։ Հավաքվել էր մոտ 350-400 մարդ։ Ցուցադրվեցին հերոսի լուսանկարները, մեդալները, զինվորական կերպարը, կյանքի ճանապարհը։
Երեկոն Կարոն չէր ուզում դարձնել սգի արարողություն։ Նրա բացման խոսքում հստակ էր այդ շեշտը. հավաքվել ենք ոչ թե սգալու, այլ նշելու հերոսի դժվար, բայց պայծառ կյանքի ուղին, ոգևորելու և ոգևորվելու գալիք սերունդներով։ Նա հիշեցրեց Մելքոնյանի պարզ և ծանր խոսքը՝ «Իմ կենացը մի խմեք, փոխարենը իմ գործը շարունակեցեք»։
Այդ երեկոյի ընթացքում ցուցադրվեց Մ. Մելքոնյանի հարցազրույցներից մի հատված, որտեղ նա խոսում էր Արցախի նշանակության մասին հայոց պետականության համար։ 2020-ից հետո այդ խոսքը այլևս միայն պատմական չէր հնչում։ Այն հնչում էր որպես չլսված նախազգուշացում։
Կարոն ներկայացրեց Մ. Մելքոնյանի ճանապարհը փոքր հատվածներով՝ գեղարվեստական միջամտություններով, երգով, ասմունքով, տեսանյութով։ Սրահը լցվեց նյութերով, ձայներով, պատկերներով, ընտանիքի ներկայությամբ, թարգմանությամբ։ Հերոսը դուրս եկավ լուսանկարի սև շրջանակից և դարձավ կենդանի խոսակից։
Մ. Մելքոնյանի մահվան 30-ամյակի երեկոյից հետո Կարոյի մտքում ծնվեց նոր գաղափար։ Նա ծանոթացավ Մելքոնյանի եղբոր՝ Մարգարի հետ։ Խոսակցության ընթացքում հանկարծ մտածեց՝ եթե Ֆրեզնոյում կա Սողոմոն Թեհլիրյանի արձանը, ինչո՞ւ չպետք է լինի նաև Մ. Մելքոնյանի հուշարձանը նույն տարածքում։
Այդ միտքը սկսեց զբաղեցնել նրան։ Նա խոսեց Պերճ Աբգարեանի, Վաչէ Վասիլեանի և ուրիշների հետ։ Բոլորը դրական արձագանքեցին։ Ստեղծվեց փոքր աշխատանքային խումբ։ Սկսեցին քննարկել տեղը։ Ոմանք առաջարկում էին եկեղեցու բակ, ուրիշները՝ ակումբի բակ։ Բայց Կարոյի համար ամենապատշաճը գերեզմանոցն էր, որտեղ Սողոմոն Թեհլիրյանի արձանն էր։ Նա այդ տարածքը տեսնում էր որպես ապագա հայկական ուխտատեղի, որտեղ կարող էին հիշվել Թեհլիրյանը, Մ. Մելքոնյանը, գուցե հետագայում Անդրանիկը և ուրիշ հերոսներ։
Սկզբնական էսքիզում նախատեսվում էր մի պատ, որի մի կողմում պետք է հիշատակվեր Կարո Քահքեջյանը, մյուս կողմում՝ Մ. Մելքոնյանը՝ իր ասույթներով, իսկ կենտրոնում նրա արձանը։ Հետագայում, Կարո Քահքեջյանի ընտանիքի հետ խոսակցություններից հետո, այդ գաղափարը փոխվեց։ Մնաց կենտրոնական կառույցը, ոչ թե սովորական քառակուսի քարի տեսքով, այլ Լեռնային Ղարաբաղը հիշեցնող ժայռանման, լեռանման հիմք, որի վրա պետք է կանգնի կամ նստի Մ. Մելքոնյանի կերպարը։
Երկու կողմերում նախատեսվեցին առանձին պատեր՝ մեկը հայերեն, մյուսը անգլերեն գրությամբ։ Դրանց վրա պետք է ներկայացվեր Մելքոնյանի կարճ պատմությունը և գործը շարունակելու պատգամը։ Կարոն որոշեց, որ Մ. Մելքոնյանի անունից բացի ուրիշ անուն հուշահամալիրի վրա չպետք է ծանրանա։ Նվիրատուների անունները պետք է ներկայացվեն QR կոդով՝ զուսպ և ժամանակակից ձևով։
Բայց ամենախոր մանրամասն այն էր, որ Սեդա Մելքոնյանը տրամադրել էր Մ. Մելքոնյանից մնացած փոքրիկ մեդալիոն, որի մեջ պահված էր նրա մազի մի փոքրիկ փունջ։ Այդ մեդալիոնը պետք է դրվեր հուշարձանի հիմքում։
Քարը պետք է լինի, որ ժողովուրդը կանգնելու տեղ ունենա։ Գրությունը՝ որ սերունդը կարդա։ Բայց քարի տակ մազի փունջ է դրվելու. ազգային խորհրդանիշի տակ մարդու մարմնից մնացած փոքր, գրեթե անպաշտպան նշան։ Այդպես հուշարձանը չի դառնում միայն ձև, այլ մնում է կենդանի հիշողություն։
Կարո Խաչիկյանի մասին գրելիս հեշտ կլիներ նրան դարձնել հանդիսավոր, մի քիչ բրոնզե կերպար։ Բայց հարցազրույցը այդ պատկերը խախտում է։ Նա կենդանի մարդ է. խոսքի մեջ կանգ է առնում, բառ է փնտրում, անգլերեն խառնում, ծիծաղում, երբեմն չի հիշում թվականը։ Ծանր պատմության մեջ հանկարծ կատակ է մտնում։ Մ. Մելքոնյանի մասին խոսակցության ժամանակ մեծ մժեղ են նկատում, մեկը բռնում է, բոլորը ծիծաղում են։
Նա կարող է բարձր, արևմտահայ շնչով գրավոր գեղեցիկ խոսք գրել Անդրանիկի մասին, բայց բանավոր խոսքում լինել պարզ, կոտրվող, անկեղծ։ Կարող է հարյուրավոր հազարավոր դոլարների համայնքային ծրագրերի մասին պատմել և նույն պահին հիշել, թե ինչպես իրենք Նյու Յորքում արկղը սեղան էին դարձրել։ Կարող է խոսել հուշահամալիրի մեծ խորհրդանիշների մասին և նույնքան ջերմությամբ պատմել, թե ինչպես բժիշկուհին կատակեց իր զոքանչի մասին։ Կարող է պատմել Արցախի կորստից հետո իր երեքօրյա կոտրվածությունը և հետո խոսել հաջորդ հուշարձանի հիմնարկեքից։
Այս հակասություններն են նրան իրական դարձնում։ Նրա հայրենասիրությունը գալիս է խոցված լինելուց՝ Բեյրութի պատերազմից, Սպիտակի փլատակներից, Ղարաբաղյան շարժման հույսից, Ամերիկայում նորից սկսելու դժվարությունից, Նունեի հետ մութ հարսանիքի լույսից, Մինեսոտայից պոկվելու ցավից, Ֆրեզնոյի հայկական շնչից, 2020-ի պարտության անկողնային մթությունից։
Նա ոչ թե երբեք չի կոտրվում, այլ կոտրվելուց հետո էլ ամբողջովին չի հեռանում։
Վերջում հարցը նույնն է՝ ինչու է մարդը անում այս ամենը։ Ինչու է կազմակերպում, համոզում, զանգում, գրում, թարգմանում, գնում, բերում, մաքրում, բեռնում, ելույթ գրում, հողի արարողություն կազմակերպում, մարդկանցից գումար խնդրում, նորից սկսում։
Պատասխանը պարզ է, բայց հեշտ չէ։ Եթե հավատում ես, պետք է գործով արտահայտես։
Կարո Խաչիկյանի կյանքում այդ հավատը տարբեր ձևեր է ստացել. հոր կարդացած գիրք, թարգմանված նամակ, Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի սյուն, Արևմտյան Հայաստանի հող, Աշտարակի վիրահատարան, Մասիսի ակնաբուժական սենյակ, Կովսականի չիրականացած ռենտգեն, բժշկական սարքավորումներով լցված ճամպրուկ, պատերազմական օրերին ուղարկված ծանրոց, Մ. Մելքոնյանի հուշարձանի հիմքում դրվելիք մեդալիոն։
Այդ գործերի արմատը պաշտոնական չէ։ Սկզբում կա հոգնած հայր, որը տուն էր գալիս ու գիրք կարդում։ Կա Սպիտակի պատի տակ շարված երեխաների սարսափը և փլատակներից կենդանի հանված երկու երեխա։ Կան Նունեի հետ Ղարաբաղյան ցույցերը, Ամերիկայում նորից սովորելու ամաչկոտ տարիները, վաթսուն դոլարով եկած հարսանեկան լույսը, Մինեսոտայից պոկվող որդու լացը, 2020-ից հետո երեք օր անկողնուց չվեր կենալը։ Եվ կա նույն մարդը, որը հետո նորից մտածում է՝ Մ. Մելքոնյանի հուշարձանը պետք է լինի։
Նրա համար հայրենասիրությունը ոչ թե անընդհատ հայրենիքի մասին խոսելն է, այլ հայրենիքի ցավը անգործության մեջ չթողնելը։ Հիշել նշանակում է անել։ Սիրել նշանակում է մասնակցել։ Ցավել նշանակում է կառուցել։
Եվ այդ պատճառով նրա կյանքի ամենաճշգրիտ ամփոփումը իր իսկ խոսքն է. ինչ որ հոգուս մեջ կա, այս ձևով եմ արտահայտում։















































































































