Հայկական տուֆ՝ Ֆրեզնոյի արևի տակ. Շանթ Եմէնճեանի աշխարհը
- 1 день назад
- 9 мин. чтения
17 ՕԳՈՍՏՈՍԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ՖՐԵԶՆՈ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ

Շանթ Եմէնճեանի նախագծերում հիշողությունը չափ ունի՝ պատի տեղ, մարդու քայլք, գրեթե անտեսանելի հանգույց։
Տուփը չէր փակվում։
Մանրակերտը մի փոքր բարձր էր ստացվել։ Կափարիչը հպվում էր վերևի հատվածին ու չէր նստում հիմքի վրա։ Նախորդ երեկոյան Շանթ Եմէնճեանը լուծում չէր գտել։ Առավոտյան արթնացավ մի պարզ մտքով՝ միջադիր դնել։ Այնքան, որ կափարիչը բարձրանա ու չճնշի մանրակերտը։
Նա պատմում է այդ մասին հանգիստ։ Ցույց է տալիս տուփը, բարձրությունը, այն փոքր բացվածքը, որը պետք էր շահել։
«Առավոտյան արթնացա ու ասացի՝ կարող եմ այստեղ մի փոքր միջադիր դնել»,— հիշում է նա։
Նոթատետրը միշտ մոտն է։ Լուծումը երբեմն գալիս է այն ժամին, երբ գծագրասեղանը դատարկ է։
Մի քանի միլիմետր։ Ազգային հիշողության հուշարձանների վրա աշխատած մարդը գիշերը մտածում է կափարիչի մասին։ Մեծ պատմությունը դրանից չի փոքրանում։ Պարզապես չափ է ստանում։ Գաղափարը դեռ ճարտարապետություն չէ, քանի դեռ պարզ չէ՝ մի մասը ինչպես է նստելու մյուսի վրա, ծանրությունը որտեղով է անցնելու, հանգույցին որքան տեղ է պետք։
Եմէնճեանի մասին կարելի է սկսել հուշարձաններից։ Ավելի ճշգրիտ է սկսել այդ բացվածքից։
Նրա առաջին նյութերը նոր չէին։ Մնացորդներ էին։
Հայրը կոշկակար էր։ Լիբանանում նույն արհեստով զբաղվել էին նաև պապն ու հորեղբայրը։ Կաշվից կոշիկներ ու կանացի պայուսակներ էին պատրաստում։ Ֆրեզնոյում հայրը շարունակել էր գործը։

Վեց-յոթ տարեկանից Շանթը գնում էր նրա հետ ու նստում խանութի հետևի մասում։ Այնտեղ կային կաշվի ու պլաստիկի կտորներ, փայտ, մեխեր, օրվա վերջում մնացած մանր մասեր։ Նա միացնում էր դրանք, փոքր կառուցվածքներ սարքում։ Հաճախորդներից կամ բարեկամներից մեկը նայում էր ու ասում՝ սա երևի ճարտարապետ կդառնա։

Շանթը դեռ չգիտեր՝ ճարտարապետությունն ինչ է։ Տարիներ անց հասկացավ, որ սկիզբն արդեն եղել էր։ Գծագրի վրա չէր։ Ձեռքի մեջ էր։
Հոր արհեստանոցում մի բան արագ էր երևում՝ նյութը ձևականություն չի սիրում։ Կաշին ծալվում է այնտեղ, որտեղ կարող է ծալվել։ Փայտը պետք է դիմանա։ Մեխը պետք է մտնի ճիշտ տեղը։ Համարձակ ձևն էլ վերջում հասնում է միացման կետին ու այնտեղ ստուգվում։
Այդ արհեստանոցից Եմէնճեանը տարել է նաև մնացորդին երկրորդ հնարավորություն տալու սովորությունը։ Ավելորդ թվացող կտորը երբեմն ամբողջության սկիզբն է։
Նա պատմում է, որ ծնվել է 1980 թվականին Ֆրեզնոյում։ Սովորել է հայկական դպրոցում, հետո՝ ամերիկյան։ Ճարտարապետական կրթությունը սկսել է Ֆրեզնոյի քաղաքային քոլեջում։ Cal Poly Pomona-ում ավարտել է քաղաքաշինության և դիզայնի նախադիպլոմային ծրագիրը, իսկ Հարավային Կալիֆոռնիայի ճարտարապետության ինստիտուտում՝ SCI-Arc-ում, ճարտարապետության ավարտական ծրագիրը։
Լոս Անջելեսում անցկացրած տարիներից հետո 2006-ին վերադարձել է Ֆրեզնո։ Մեկ տարի առաջ Թալարի հետ ամուսնացել էին Հայաստանում։ Վերադարձի պատճառները մեծ բառերի կարիք չունեին։ Այստեղ էին ծնողները, ընտանիքը, կնոջ քաղաքը։ Կենսագրության շրջադարձը երբեմն հենց այդքան առարկայական է։
Ֆրեզնոն նրա ծննդավայրն է։ Հետո դարձել է աշխատանքի նյութ։
Հայաստանը հեռու է։ Այդ պատճառով հայկական ինքնությունն այստեղ ինքն իրեն չի պահպանում։ Բայց քաղաքում կան եկեղեցի, դպրոց, գերեզմանատուն, համալսարանական ծրագիր, ընտանեկան հասցեներ։ Բավական, որ հայկական կյանքը կիրակնօրյա հիշողություն չդառնա։
Տունը, եկեղեցին, դպրոցը, գերեզմանատունը, համալսարանը և աշխատավայրը կարող են նույն պատմության տարբեր կետերը լինել։ Եմէնճեանը վերադարձել է այդ կետերի միջև տարածք կառուցելու համար։ Պատրաստ ժառանգություն նրան ոչ ոք չէր հանձնել։
Ավելի քան երկու տասնամյակ նա աշխատում է Halajian Architects ընկերությունում։ Ընկերության կայքում նրա պաշտոնը Senior Associate է՝ ղեկավար կազմի ավագ անդամ։ Նա ճարտարապետություն է դասավանդում նաև Ֆրեզնոյի քաղաքային քոլեջում՝ թվային նախագծում և տեսություն, օգնում է ուսանողներին պատրաստվել այլ ճարտարապետական ծրագրեր տեղափոխվելուն։
Փոլ Հալաջյանին նա իր վարպետն է կոչում։ Նրանց տարիքային տարբերությունը մոտ երկու տասնամյակ է։ Երկար տարիների աշխատանքը վաղուց դուրս է եկել սովորական ուսուցիչ-աշակերտ կապից։ Մեկի սկսած միտքը մյուսը պետք է կարողանա քննել, վիճարկել, գծել ու կառուցելի դարձնել։
Այդ համագործակցության ամենահայտնի գործը Fresno State համալսարանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է։


Հեղինակության հարցն այստեղ հեշտ է սխալ ներկայացնել։ Համալսարանի պաշտոնական հրապարակումները նախագիծը վերագրում են Ֆրեզնոյի ճարտարապետ Փոլ Հալաջյանին։ Եմէնճեանի պաշտոնական կենսագրությունն ասում է, որ ինքն ու Հալաջյանը շատ սերտ են աշխատել նախագծի վրա։ Երկու փաստն էլ պետք է պահել։ Շանթը միակ հեղինակը չէ։ Տեխնիկական կատարողի դերում էլ չի մնացել։ Նա եղել է այն նախագծային աշխատանքի ներսում, որը հուշարձանը դարձրեց անցնելիք վայր։
Մոտեցողը նախ տեսնում է ինը բետոնե հենասյուն։ Դրանք շրջան են կազմում ու թեքվում դեպի ներս։ Մուտքը բացվում է երկու բարձրությունների միջև՝ տասնինը և տասնհինգ ոտնաչափ։
Տարեթիվը մեծ տառերով գրված չէ։ Այն անցնում են մարմնով։
Մարդը մտնում է 19-ի ու 15-ի միջով։ Այդ մի քանի քայլը 1915 թվականն է։
Հենասյուները ներկայացնում են պատմական Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը։ Կողերին դրված են վերացարկված քարտեզներ։ Սյուների միջև մետաղե վահանակներ են՝ հայկական պատմության հանգրվաններով և քսաներորդ դարի այլ ցեղասպանությունների մասին տեղեկություններով։
Հայոց ցեղասպանության պատմությունն այստեղ փակ շրջանակի մեջ չի մնում։ Մյուս ցեղասպանությունների հիշատակումները կանգնած են նույն տարածքում։
Նախագծի սկզբում Եմէնճեանն ու Հալաջյանը ուսումնասիրել են Ծիծեռնակաբերդը։ Ֆրեզնոյում դրա ձևը չեն կրկնել։ Վերցրել են լցվածի ու դատարկի ռիթմը, հետո փոխել դրանց տեղերը։ Երևանի հուշահամալիրում բացվածքը երբեմն այստեղ դառնում է հենասյուն, հենասյունը՝ անցում։

Կապը ճակատի վրա չէ։ Այն մարդու շարժման մեջ է։
Կալիֆոռնիայի մատչելիության խիստ նորմերը փակեցին աստիճաններով ներքև իջնելու տարբերակը։ Հուշահամալիրը պետք է կառուցվեր նույն հարթության վրա և հասանելի լիներ նաև շարժունակության սահմանափակում ունեցող մարդկանց։
Սահմանափակումը փոխեց նախագիծը։ Հիշողության ուժը հարկավոր էր պահել առանց որևէ մեկին շեմից դուրս թողնելու։
Բետոնը կոպիտ է, գրեթե առանց զարդի։ Հենասյուների հիմքերում հայկական տուֆ է՝ բերված Հայաստանից։ Վերևում տարածությունը կապում է լուսավորվող, ծակոտկեն մետաղական օղակը՝ մարդու գենոմի վերացարկված պատկերով։ Մուտքի մոտ օղակը խզված է։ Կտրվածքը մնում է բաց, իսկ օղակը շարունակում է միավորել սյուները մեկ շրջանակի մեջ։
Վերևից լույսի շերտեր են իջնում։ Ջուրը հոսում է սյուների երեսով ու անհետանում հողի մեջ։ Կենտրոնում բրոնզե մեդալիոն է՝ հավերժական կրակի նշանով։
Տարեթիվը, նահանգները, խզումը, կրակը, տուֆը հուշահամալիրի ընթերցվող շերտն են։ Դրանց տակ աշխատանքի ավելի կոշտ մասն է՝ մուտքի լայնությունը, միասին կանգնող մարդկանց քանակը, տեսադաշտի բարձրությունը, ջրահեռացումը, Ֆրեզնոյի շոգին դիմացող մակերեսը։
Բացման խոսքերում այս վերջին բաները հազվադեպ են հնչում։ Տասնմեկ տարի անց հենց դրանք են որոշում՝ հուշահամալիրը շարունակում է աշխատե՞լ, թե՞ մնացել է բացման օրվա լուսանկարի մեջ։
Հուշարձանը հեշտ է ծանրաբեռնել ճիշտ բառերով և վատ տարածքով։ Կարելի է քարերին ճշգրիտ անուններ փորագրել ու ստանալ մի վայր, որտեղ մարդը չի ուզում կանգնել։ Հայաստանից բերված քարն էլ կարող է մնալ թանկ երեսպատում։
Եմէնճեանի նախագծային տրամաբանության մեջ նախ մարդու տեղն է որոշվում։ Նյութը խոսում է հետո։
Հուշահամալիրի տարրերից յուրաքանչյուրը կարող էր առանձին չափազանց բարձր խոսել։ Միասին դրանք լռում են այնքան, որ մարդը ներս մտնելու տեղ ունենա։
Խորհրդանիշներն այստեղ շարժում են կազմակերպում։ Մուտքը նեղանում է։ Շրջանը հավաքում է ներս մտնողներին։ Օղակը վեր է տանում հայացքը։ Խզումը պահում է այն մի պահ։ Ջուրը վերադարձնում է ներքև։ Մի քանի րոպեով քայլքը դանդաղում է։
Հուշահամալիրը բացվել է 2015 թվականի ապրիլի 23-ին՝ ավելի քան չորս հազար մարդու ներկայությամբ։ Այն գտնվում է համալսարանի Maple Mall-ում՝ անցանելի, տեսանելի հատվածում։ 2026 թվականի ապրիլի 24-ին համալսարանական և համայնքային երկու միջոցառում նորից անցկացվեցին այնտեղ։
Բացման արարողությունը չփակեց կոթողի կյանքը։ Ուսանողական օրը, պետական համալսարանն ու հայկական սուգը շարունակում են նույն տեղը կիսել։
Ամերիկյան պետական համալսարանի առօրյա երթուղու մեջ ազգային հիշողությունը ուրիշ պայմանների տակ է հայտնվում։ Այն տեսնում է նաև նա, ով հայերի մասին ոչինչ չգիտի։ Ընտանեկան պատմությունը և համայնքի ներսում ընդունված բառապաշարը այստեղ բավարար չեն։ Հուշահամալիրը պետք է բացատրի իրեն նյութով, չափով, շարժումով։
Քաղաքականությունը նրա տեղադրության մեջ է։ Հիշողությունը կողային սենյակում չէ։ Այն կանգնած է ճանապարհին։
Ֆրեզնոյում այդ ճանապարհը երկար պատմություն ունի։ Հայերը քաղաք են սկսել գալ 1881 թվականից։ 1920-ին արդեն Ֆրեզնոյի ամենամեծ փոքրամասնությունն էին։ «Փոքր Հայաստան» կոչված թաղամասում կային եկեղեցի, գործարար կյանք, համայնքային հաստատություններ։ Սուրբ Երրորդություն եկեղեցու ներկայիս շենքը կառուցվել է 1914-ին՝ հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ավանդույթով։
Քաղաքային վերակառուցումների ժամանակ հին հայկական թաղամասի բնակելի ու առևտրային շենքերի զգալի մասը քանդվեց։ Ընտանիքները տարածվեցին քաղաքի տարբեր հատվածներում։ Աշխարհագրությունը չվերացավ։ Հասցեները փոխվեցին։
Ֆրեզնոյի հայկականությունը հողակտորների, շենքերի, գերեզմանների, դպրոցների ու համալսարանական ծրագրերի ցանց է։ Պատկանելությունը կարող է սկսվել տանը խոսված լեզվից, հետո հայտնվել դասընթացում, ճարտարապետական պատվերում կամ քաղաքային հողակտորի շուրջ վեճում։

Մշակույթը պահվում է նաև թույլտվության թղթերում, դրամահավաքի ցուցակներում, հաստատված նախագծերում։ Տասնամյակներ անց ինչ-որ մեկը պատասխան է տալու այդ որոշումների համար։
Քանդված թաղամասը շենքով հետ չես բերի։ Հուշարձանն էլ անցած աշխարհը չի վերականգնի։ Կարող է նոր հանդիպման տեղ բացել։
Եմէնճեանին հենց այդ հանգույցն է հետաքրքրում՝ այն կետը, որտեղ մարդիկ նորից կարող են հավաքվել։
Կալիֆոռնիայում փոքր Հայաստան կառուցելը նրան չի հետաքրքրում։ Այդպիսի բեմանկարը շուտ է դատարկվում։ Նա հին ձևի արտաքին պատյանը թողնում է մի կողմ ու փնտրում ներսի կանոնը։
Այդ կանոնը նա փնտրում է հուշահամալիրում, եկեղեցու նախագծում, հետո նաև լսարանում։
Ընկերության կենսագրական էջում Եմէնճեանի աշխատանքի կողքին երեք բառ է առանձնացված՝ կառուցելիություն, հանգույցների մշակում, բյուջե։ Բյուջեն կտրում է այն ժեստը, որը միայն տպավորություն գործելու համար է մնացել։ Հանգույցը ստուգում է՝ գծված ձևը կարո՞ղ է կանգնել։
Գաղափարի ազնվությունը առաջին անգամ հենց այնտեղ է ստուգվում։
Մասնագիտությունը բացատրելիս Եմէնճեանը հիշում է Ռենցո Պիանոյի մի ձևակերպում։ 2018 թվականի ելույթում Պիանոն ասում էր, որ առավոտյան ժամը տասին ճարտարապետը պետք է բանաստեղծ լինի, տասնմեկին՝ մարդասեր, կեսօրին՝ կառուցող։ Եմէնճեանի հիշողության մեջ ժամերը փոքր-ինչ տեղաշարժվել են։ Եռյակը մնացել է տեղում։
Պետք է պատկերացնել այն, ինչ դեռ չկա։ Հասկանալ՝ լույսը, առաստաղի բարձրությունը, ձայնն ու արձագանքը ինչ են անում տարածքում գտնվող մարդուն։ Իմանալ՝ պատը, տանիքը և ծանրությունը ինչպես են հանդիպում։ Այդ երեքից մեկը պակասեց՝ նախագիծը թղթից չի իջնի։
«Ճարտարապետին տրված է որոշելու՝ այս պատը որտեղ պիտի լինի և մարդն ինչպես պիտի շարժվի տարածության մեջ»,— ասում է Եմէնճեանը։
Նրա խոսքում պատասխանատվությունը տեսանելի բան է։ Պատը կարող է ուղղորդել, պաշտպանել, փակել, մեկուսացնել։ Առաստաղը կարող է հանգստացնել կամ ճնշել։ Մուտքը երբեմն հրավիրում է։ Երբեմն առաջին քայլից հասկացնում է՝ այստեղ քեզ չեն սպասում։
Պատի տեղը քաղաքական որոշում է նաև այն շենքում, որի ճակատին քաղաքական որևէ նշան չկա։
Եմէնճեանը հաճախ վերադառնում է նախադեպերի ուսումնասիրությանը՝ precedent study-ին։ Հարցազրույցի սղագրության մեջ եզրույթը մի պահ դարձել է «President study»։ Մի փոքր սխալ, որի տակից միտքը չի կորչում։
Նրա համոզմամբ՝ տարածական գրեթե ամեն խնդիր արդեն որևէ տեղ փորձարկվել է։ Նախադեպը պատրաստի պատասխան չէ։ Պետք է տեսնել՝ իսպանացի, գերմանացի, հայ կամ չինացի ճարտարապետը որ ճանապարհն է ընտրել։ Հետո որոշել սեփականը։ Կրկնելու համար ուսումնասիրություն պետք չէ։ Նոր ճանապարհ բացելու համար հների տեղը պետք է իմանալ։
Հայաստանի ճարտարապետության մեջ նրան հատկապես գրավում են այն շենքերը, որոնց երևակայությունը առաջ էր ընկել ժամանակի շինարարական հնարավորություններից։
Ուսանողներին նա ցույց է տալիս Երևանի մարզահամերգային համալիրը։ Խոսում է մի շենքի մասին, որն իր ժամանակի համար ապագայամետ էր նաև համաշխարհային չափով։ Հիշում է Ջիմ Թորոսյանի՝ Էջմիածնի մուտքի լուծումը և Կասկադը, որտեղ հին ձևերը նոր շարադասություն են ստանում։ Նշում է «Ռոսիա» կինոթատրոնի բարդ կառուցվածքները։
Նույն համառությունը նա տեսնում է Զահա Հադիդի կորագծերի, Ֆրենկ Գերիի համերգասրահների, Ռաֆայել Մոնեոյի՝ լույսով կազմակերպված ներքին տարածքների մեջ։ Սկզբում ձևը պահանջում է մի բան, որը տեխնիկան դեռ սովոր չէ անել։ Հետո շինարարությունը հասնում է մտքին։
Մշակութային պատմությունը նրա համար ձևերի պահեստ չէ։ Գմբեթը, կամարը, տուֆը կամ հավերժության նշանը հայկականություն չեն երաշխավորում։ Ճանաչելի նշանը կարող է շատ արագ դատարկվել։
Ավանդույթը կենդանի է, քանի դեռ խնդիր է լուծում։
Վաշինգտոնի Սուրբ Խաչ հայկական առաքելական եկեղեցու նոր համալիրի նախնական հայեցակարգը այդ մոտեցման պարզ օրինակն է։ Եմէնճեանը պատմում է, որ եկեղեցու հատակագծային տրամաբանության համար սկսել է Անիի եկեղեցիներից։ Ծալքավոր գմբեթների պատմական գաղափարը տեղափոխել է ժամանակակից տանիքի և լուսավորության համակարգի մեջ։
Տասնմեկերորդ դարի շենքի պատճեն պետք չէր։ Նոր ծրագրում տեղ էին պահանջում եկեղեցին, համայնքային կենտրոնը, կիրակնօրյա դպրոցը, հավաքների սրահները։ Պատմական ձևը պարտավոր էր աշխատել այդ ամենի համար։
Սուրբ Խաչի հոգաբարձուների պաշտոնական հաշվետվությամբ՝ Փոլ Հալաջյանի ֆրեզնոյան ընկերությունը պատրաստել է նախնական հայեցակարգային գծագրերը։ Հետո դրանք փոխանցվել են Վաշինգտոնի շրջանի DCS Design ընկերությանը՝ տեղական պահանջներին համապատասխան զարգացնելու համար։
2025 թվականի եկեղեցական հաղորդագրության մեջ առաջին փուլը համայնքային կենտրոնի կառուցումն է։ Նոր սրբավայրը նախատեսված է հետագա փուլերի համար։
Իրական ճարտարապետությունը հեղինակից շինհրապարակ ուղիղ գծով չի անցնում։ Նախագիծը նստում է համայնքային ժողովների սեղանին, մտնում թույլտվության գործերի մեջ, սպասում ֆինանսավորմանը, անցնում ուրիշ մասնագետների ձեռքերով։ Որոշ գծեր մնում են։ Մյուսները փոխվում են։
Հարցազրույցում Եմէնճեանը խոսում է նաև Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված ընթացիկ նախագծի մասին։ Այն անվանում է իր խմբի՝ հուշարձանային թեմայով երրորդ աշխատանքը։

Կառույցը դեռ չկա։ Նախագծի պաշտոնական կայքը շարունակում է դրամահավաքը Ֆրեզնոյում կառուցվելիք հուշարձանի համար։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957-ին Վիսեյլիայում՝ Ֆրեզնոյի մոտ։ Եմէնճեանը ծնվել է նույն հովտում, մեկ այլ սերնդի մեջ։ Մոնթեի ճանապարհը Կալիֆոռնիայից անցել է Բերքլիով, Լիբանանով, ԱՍԱԼԱ-ով, ապա հասել Արցախյան առաջին պատերազմի Մարտունու պաշտպանական շրջան։ Նա զոհվել է 1993-ին։ 1996-ին հետմահու ստացել է Հայաստանի ազգային հերոսի կոչումը։
Եմէնճեանի ճանապարհը տարել է ճարտարապետական դպրոց, նախագծային գրասենյակ, լսարան, հետո նորից Ֆրեզնո։ Նրանց կապը աշխարհագրական է։ Նույնացնել պետք չէ։ Կենտրոնական Կալիֆոռնիան պարզապես երկու տարբեր ճանապարհով վերադարձել է հայկական պատմության մեջ։
Մոնթեի կենսագրությունը հարթ մակերես չունի։ Այնտեղ կան փայլուն կրթություն, զինված կազմակերպության գործունեություն, պատերազմի հրամանատարություն։ Բրոնզը այդ հակասությունները չի ջնջում։
Հարգանքը չի պահանջում կենսագրությունը մաքրել։ Լավ հուշային տարածքը տեղ է թողնում նաև անհարմար փաստերի համար։ Ճարտարապետը որոշում է՝ ինչ է տեսանելի լինելու, ինչի շուրջ կարելի է կանգնել ու լռել։
Ֆրեզնոյում Մոնթե Մելքոնյանի հուշակոթող արդեն կա՝ Արարատ հայկական գերեզմանատանը, նրա ծնողների՝ Չարլզ և Զաբել Մելքոնյանների շիրիմների մոտ։ Մոնթեն թաղված է Եռաբլուրում։ Նոր դրամահավաքային նախաձեռնությունը պետք է տարբերել գոյություն ունեցող այդ հուշային վայրից։
Գերեզմանատան հուշակոթողը ընտանեկան շիրիմների կողքին է։ Նոր նախագիծը դեռ փնտրում է իր հանրային տեղը։ Տեղադրությունը որոշելու է՝ ով է անցնելու կողքով, ինչ առիթով է կանգնելու, ինչ է տեսնելու առաջինը։
Դասավանդելիս Եմէնճեանը նորից վերադառնում է անցնելու խնդրին։ Նրա պաշտոնական կենսագրությունը նշում է, որ նա ուսանողներին օգնում է տեղափոխվել ճարտարապետական բարձրագույն ծրագրեր։ Այդ աշխատանքը նույնպես մի շեմի հետ է կապված։
Հարցազրույցում նրան հարցնում են՝ Հայաստանում ինչ շենք կկառուցեր, եթե ֆինանսական սահմանափակում չունենար։ Նա պետական պալատ կամ սեփական թանգարան չի ընտրում։ Պատկերացնում է երիտասարդական կենտրոն Կասկադի շրջակայքում։ Մի տեղ, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել, ուտել, երկար մնալ։

Նրա պատասխանում նորից հանդիպման տեղն է՝ այս անգամ երիտասարդների համար։
Իր մասնագիտական սկզբունքը նա մեկ նախադասությամբ է ձևակերպում.
«Հիմք ունենալ իմ մշակութային պատմության մեջ, բայց այդ հիմքից նոր գաղափարներ առաջ բերել»։
Նախադասությունը հեշտությամբ կարող էր կարգախոս դառնալ։ Նրա նախագծերը թույլ են տալիս այն ստուգել նյութով։ Տուֆը հասնում է Ֆրեզնո։ Կալիֆոռնիան դրանից Հայաստան չի դառնում։ Անիի հատակագիծը մտնում է Վաշինգտոնի նախագիծ։ Ճակատին տասնմեկերորդ դարի դիմակ չի հայտնվում։ Ծիծեռնակաբերդի դատարկությունը փոխում է իր տեղը։
Հին ձևը պահվում է աշխատանքի մեջ։ Սառեցրած ձևը երկար չի ապրում։
Սփյուռքում մշակութային նշանն էլ երկար չի դիմանում միայն որպես հիշատակ։ Ամերիկյան համալսարանում հայկական հուշահամալիրը պետք է հասկանա նաև ոչ հայ ուսանողը։ Կալիֆոռնիական շինարարական օրենսգիրքը մտնում է ձևի մեջ։ Համայնքային նվիրատվությունը վերածվում է թվերի, նյութի, աշխատաժամերի։
Հիշողությունը, եթե ուզում է հանրային լինել, պարտավոր է հաշվի առնել թեքահարթակի թեքությունը։
Եմէնճեանի պաշտոնական բնութագրումներից մեկում գրված է՝ կրքոտ, տարօրինակ, խենթ, նվիրված։ Կայքում այդ բառերը կարող են երկար կախված մնալ ու քիչ բան ասել։ Ավելի խոսուն է մեկ ուրիշ փաստ։ Գիշերը նա մտածում էր մանրակերտի կափարիչի մասին։
Միջադիրը վերջնական ներկայացման մեջ ոչ ոք չի տեսնելու։ Այն հուշատախտակի վրա չի հայտնվելու։ Խորհրդաբանություն էլ չի ունենալու։ Պահելու է անհրաժեշտ բարձրությունը, որ կափարիչը չճնշի ներսի կառուցվածքը։
Ճարտարապետության մեծ մասը հենց այդպես է մնում անտեսանելի։ Տեսանելի ձևը կանգնում է այդ որոշումների վրա։
Միջադիրը ոչ ոք չէր տեսնելու։
Մնում էր ճիշտ բացվածքը։


















