top of page

Անուշ. ինչպես ստեղծվեց հայ առաջին ազգային օպերան


Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր «Անուշ» պոեմը գրել է 1890-ին եւ նույն թվականին հրատարակել Մոսկվայում, երբ ընդամենը 21 տարեկան էր: Գրական որոշ հասունության հասնելուց հետո, բանաստեղծը վերամշակել է այնՙ կրճատել պատմողական մասը, ավելացրել դրամատիզմը: Փաստորեն նա պատրաստել է առանց գործող անունները տալու մի պիես կամ լիբրետտո, որով թատերական գործիչները կարող էին բեմ հանել այն, իսկ կոմպոզիտորները համապատասխան երաժշտություն գրելով օպերա դարձնել:


Թեեւ «Անուշը» 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գյուղացիության կեցության հարազատ պատկերի խտացումն է, բայց իր ազգային ծեսերով ու սովորություններով, սոցիալական ու հոգեբանական հարցերի ընդհանրացումներով մատչելի է նաեւ մոտ ու հեռու ժողովուրդներին:


Ռուս բանաստեղծ եւ թարգմանիչ Վալերի Բրյուսովը դեռեւս 1916-ին իր կազմած-հրատարակած «Հայաստանի պոեզիան» անթոլոգիայի առաջաբանում գրել է. «Այլազգի ընթերցողի համար Թումանյանի պոեմների (օրինակ, նրա «Անուշի») հետ ծանոթանալն ավելի շատ բան է տալիս ժամանակակից Հայաստանի եւ նրա կյանքի ճանաչմանը, քան կարող են տալ մասնագիտական հետազոտությունների ստվար հատորները»:


1903 թվականին հասարակական-մշակութային գործիչ Մարիամ Թումանյանը Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծությունները» Թիֆլիսում հրատարակելուց հետո, մի օրինակ ուղարկել է Էջմիածինՙ Կոմիտասին եւ առաջարկել «Անուշի» թեմայով օպերա գրել: Կոմիտասն սկսել է, բայց չի ավարտել: 1904-ին, Թիֆլիսում Դերենիկ Դեմիրճյանը եւ Արշակ Աթայանը նույնպիսի մի առաջարկ էլ արել են Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Եղիշե Բաղդասարյանին: Վերջինս ծանոթանալով պոեմին, նույն 1904-ին գրել եւ Պետերբուրգում վիմատիպ հրատարակությամբ տպագրել է «Աղջի բախտավոր» խմբերգը: Բաղդասարյանն օպերայի վրա աշխատել է մինչեւ 1910-1911 թվականները, Մոսկվայում, համերգների ժամանակ կատարել է որոշ մասեր, բայց միջոցների բացակայության պատճառով չի կարողացել բեմադրել: «Անուշն» օպերայի վերածելու մտադրություն է ունեցել նաեւ ռուս կոմպոզիտոր Ա.Տ. Գրեչանինովը: Նա հանդիպել է Թումանյանին, մտքերի փոխանակություն են կատարել, բայց Ռուսաստանում ծագած Հոկտեմբերյան հեղափոխությունը եւ նրա արտասահման մեկնելը ընդհատել են այդ մտահղացման առաջընթացը:


«Անուշն» իբրեւ երաժշտական դրամա, Գարեգին Երիցյանի տեքստով ու բեմադրությամբ առաջին անգամ ներկայացվել է 1909-ի մայիսի 23-ին Թիֆլիսի Զուբալովի անվան ժողովրդական տանը, երբ Թումանյանը գտնվում էր Մետեխի բանտում: Անուշի առաջին դերակատարը եղել է դերասանուհի-երգչուհի Մարիամ Սոլովյանը: «Անուշի» երկրորդ բեմադրությունը կայացել է 1912-ի փետրվարի 2-ին, Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության դահլիճում: Բեմադրող-ռեժիսորը եղել է դերասանուհի Ազնիվ Հրաչյան, Անուշի դերակատարըՙ Արուս Ոսկանյանը:


«Անուշը» հետաքրքրել է նաեւ ալեքսանդրապոլցի երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին: Հայկական ժողովրդական օպերա գրելու գաղափարը նրա մոտ ծնունդ է առել 1890-ական թվականների վերջերին, դեռեւս Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում սովորելու շրջանից: Տեսնելով ռուս եւ եվրոպական հեղինակների օպերաների բեմադրություններըՙ նա անընդհատ մտածել է հայկական ազգային օպերա ստեղծելու մասին: Նրան հայտնի են եղել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» եւ Քրիստափոր Կարա-Մուրզայի «Շուշան» օպերաների ճակատագրերը, ուստի որոնումներ է կատարել իրեն հուզող թեմայի շուրջը:


Ուսումնարանն ավարտելուց հետո վերադառնալով ծննդավայրՙ Տիգրանյանը երգ-երաժշտություն է դասավանդել տեղի դպրոցներում, երգեր գրել Ավ. Իսահակյանի եւ այլ հեղինակների տեքստերով:


1908-ին ծանոթանալով Թումանյանի պոեմին, Տիգրանյանը խանդավառվել է նրանով, գտել իրեն հուզող թեման եւ գործի անցել: Շուրջ երեք տասնամյակ անց, իր այդ ներշնչանքի մասին նա գրել է. «1908 թ. ես առաջին անգամ Ալեքսանդրապոլում ծանոթացա հայ մեծագույն պոետ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հետ եւ հենց նույն թվին սկսեցի աշխատել համանուն օպերայի վրա: Առաջին ընթերցումից հետո, ես հանպատրաստից հորինեցի օպերայի առաջին մելոդիանՙ «Համբարձում յայլան», որը հնչում է որպես օպերայի լեյտմոտիվներից մեկը»:


Օպերային ստեղծագործության պահանջները բավարարող այդ սիրավեպը, որտեղ իր լայն արտացոլումն է գտել հայ մարդու հոգեկան հարուստ ներաշխարհը. ազգագրական ավանդներով ու կոլորիտով լեցուն միջավայրը, առանձին դժվարություն չի պատճառել Տիգրանյանին:


Օպերայի դրամատուրգիական կառուցվածքը դինամիկ դարձնելու համար նա տեքստային որոշ տեղաշարժեր է կատարել, տեղ-տեղ լրացումներ ու փոփոխություններ մտցրել, ստեղծել իր աշխատանքին համընթաց լիբրետտո, ապա, ըստ այնմ գրել երաժշտությունը: Լիբրետտոն պատրաստելիս, Տիգրանյանն աշխատել է «պահպանել Թումանյանի ոճն ու լեզուն»: Նա խոստովանել է. «Ես գրել եմ մի քանի ավարտված արիաներ, զուգերգեր եւ մելոդիկ ռեչիտատիվ հատվածներ»:


Ահա մի նմուշ Տիգրանյանի կատարած միջամտությունից.


Թումանյանի մոտ Առաջին երգի VIII մասում գրված է.


Անուշ- Թո՛ղ, կանչում են ինձ... մայրս կիմանա...


Սարո- Չէ՛, Անո՛ւշ, քի՛չ էլ, մի՛ քիչ էլ մընա...


Անուշ- Չէ՛, թող ես գնամ... ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես


Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես


Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում...


եւ վերջանում ուռենու մասին երգով («Ասում են ուռին»):


Տիգրանյանն այսպիսի տեսք է տվել այդ զուգերգին.


Անուշ- Ասում ենՙ ուռին...


Անուշի մայրը- Աղջի հե՜յ, Անուշ, Անուշ,


Տուն արի, տուն արի, տուն արի, Անուշ:


Թումանյանի մոտ այս երկու տողն ամփոփված է մեկ տողումՙ Առաջին երգի IX մասումՙ


Անուշի մայրը- Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՜ւն արի:


Հետո վերադարձել է VIII մասի առաջին տողերինՙ


Անուշ- Թո՛ղ, կանչում են ինձ... մերըս կիմանա...


Սարո- Չէ՛, Անո՛ւշ, քի՛չ էլ, մի՛ քիչ էլ մընա...


Անուշ- Չէ՛, թող ես գնամ... ա՜խ, ի՜նչ խենթն եմ ես...


Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես...


Ինչպես տեսնում ենք, այս փոքրիկ հատվածի վերամշակումով Տիգրանյանը կազմել է տրամաբանորեն զարգացող լիբրետտո, որի վրա էլ ստեղծել է տեքստի բովանդակությանը ներդաշնակող երաժշտություն, որը եւ դարձել է մեր ազգային օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը:


Մաս առ մաս գրելով օպերայի երաժշտությունըՙ Տիգրանյանը կատարած աշխատանքի արդյունքը տեսնելու նպատակով սկսել է պատրաստի այդ մասերը բեմադրելՙ լայն հասարակությանը ծանոթացնել, լսել ունկնդիրների խորհուրդներն ու դիտողությունները:


Տիգրանյանիՙ հանպատրաստից գրած առաջին մեղեդին եղել է «Համբարձման օրը» (նախապես այդպես է կոչվել «Համբարձում յայլան»): Հենց այդ խմբերգն էլ առաջին անգամՙ 1908 թ. դեկտեմբերին կատարվել է «Աղբյուր» մանկական ամսագրի 25-ամյակին նվիրված երեկոյի գեղարվեստական մասում: «Համբարձման օրը» խմբերգը Տիգրանյանի ղեկավարությամբ (բեմի ետեւից) կատարել է երգեցիկ խումբը եւ հաճելի տպագրության հետ հույս ներշնչել, որ եթե հեղինակը մշակի, մի սիրուն գործ կստացվի: [1]


Եվ այսպեսՙ առաջին երգի առաջին կատարման եւ առաջին հաջողությունից գոտեպնդված, Տիգրանյանը ջանասիրաբար շարունակել է իր աշխատանքըՙ նորանոր երգեր գրել ու գրածը բեմադրել:


Մանկավարժական աշխատանքին համընթաց միջոցառումներ կազմակերպելուն զուգահեռ, Տիգրանյանը շարունակել է «Անուշ» օպերայի վրա աշխատանքը: Հորինել է նորանոր գողտրիկ մեղեդիներ, որոնք մասսայական հանդիսատեսին ներկայացնելուց առաջ կատարել է յուրայիններիՙ նեղ շրջանում եւ ստացել նրանց հավանությունը:


Երբ Տիգրանյանի գրած աշխատանքը ինչ-որ չափով մի հասուն կետի է հասել, որի մասին կարելի կլիներ բարձրաձայն խոսել, կոմպոզիտորի քույրըՙ սկսնակ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, եղբոր սկսած գործի ու նրա գտած հաջողության մասին տեղեկացրել է պոեմի հեղինակինՙ Թումանյանին: «Հենց երեկ,- գրել է նա,- ամբողջ գիշերը Ձեզ նվիրաբերեցինքՙ եղբայրս նվագում էր Ձեր «Անուշը», ու ես մեծ հաճույքով լսում էի: Չգիտեմ, իբրեւ երաժշտություն որքան կատարյալ է, բայց իբրեւ զգացմունքների արտահայտություն նույնքան հարազատ է «Անուշին», որքան վերջինս Ձեզ» [2]: Նամակն անթվակիր է, բայց այն պետք է, որ 1910-ին գրված լինի:


Շարունակելով «Անուշ» օպերայի երաժշտությունը ավարտին հասցնելու աշխատանքներըՙ Տիգրանյանը մտադրվել է այն ներկայացնել առավել մեծ մասշտաբով, դարձնելով քաղաքային կյանքի մասնակիցը: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով, 1910 թվականի սկզբներին նա դիմել է Թիֆլիսի գրաքննության կոմիտեին եւ փետրվարի 12-ին դրական պատասխան ստացել: Գործի հաջող ընթացքին նպաստել է այն հանգամանքը, որ պոեմն արդեն տպագրված է եղել: Դրանով հանդերձ, կոմպոզիտորին զգուշացվել է «տեքստային փոփոխություն չմտցնել» լիբրետտոյի մեջ:


Այս փոխադարձ գրությունների առնչությամբ Ալեքսանդրապոլի «Ախուրյան» թերթը տպագրել է հետեւյալ մանրամասնությունըՙ «Կովկասի փոխարքան, մամուլի գործերի կոմիտեի փետրվար 12 թվակիր N 3395 հայտագրի վրա հիմնված, թույլ է տվել ներկայացնելու Կովկասյան շրջանի բեմերի վրա «Անուշ» անունով հայերեն մի օպերա, որի խոսքերը վերցված են բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նույնանուն պոեմայից, երաժշտությունը Արմեն Տիգրանյանի»: [3]


Այս հնարավորությունը նպաստել է այն բանին, որ 1911-ի փետրվարի 17-ին, Տիգրանյանին հաջողվել է Արղության օրիորդաց դպրոցի ուժերով, Ալեքսանդրապոլի ժողովրդական տան դահլիճում բեմ հանել իր «Անուշը»: Ներկայացումն ընթացել է դաշնամուրի նվագակցությամբ, բեմադրության հետ կապված բոլոր ու բազմապիսի հոգսերը հոգացել է օպերայի հեղինակը: Գլխավոր դերերը կատարել են Արղության դպրոցի սանուհի Անահիտ Կիրակոսյանը (հետագայումՙ Լենինի շքանշանակիր մանկավարժ)- Անուշ, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի ուսանող Տիգրան Մանուկյանը (այնուհետեւՙ երաժշտության դասատու)- Սարո, Կարապետ Աղաբալյանը- Մոսի: [4]


Ոգեւորվելով ցուցադրած գործի հաջողությունիցՙ հեղինակը փորձել է ավելի մեծ բնույթ տալ օպերայի բեմադրությանը: Այդ նոր բեմադրությունը տեղի է ունեցել 1912 թ. փետրվարի 2-ին, ճիշտ այն օրը, երբ դերասանուհի Ազնիվ Հրաչյան դերասանների եւ թատերասերների ուժերով ու ժողովրդական որոշ երգերի կատարմամբ «Անուշը» բեմադրել է Բաքվում:


Ալեքսանդրապոլյան ներկայացումը տրվել է քաղաքային ժողովարանի դահլիճում, Վարդանանց տոների առթիվ, Արղության օրիորդաց դպրոցի եւ Առեւտրական դպրոցի աշակերտներից կազմած երգեցիկ խմբով. հեղինակի ղեկավարությամբ եւ դաշնամուրի նվագակցությամբ: Բեմադրական աշխատանքներում Տիգրանյանին օգնել են դպրոցի տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանը եւ Թումանյանի դպրոցական ընկեր, Վիճակային դպրոցի տեսուչ Արսեն Ղլտճյանը: Որոշ փոփոխություններով հիմնական դերերը կատարել են Անուշ-Անահիտ Կիրակոսյան, Սարո- արդեն Խրիմյան դպրոցի երաժշտության դասատու դարձած Տիգրան Մանուկյան, Մոսի- թատերասեր Գեւորգ Փիրումյան, Անուշի մայրը- Արեւհատ Տալյան (աշուղ Շերամի աղջիկը եւ երգիչ Կարլոս Մարկոսյանի մայրը), Պահակ- Մկրտիչ Թամիրյան: [5]


Տեղական մամուլը խրախուսել է կոմպոզիտորի մեծածավալ ստեղծագործության հաջողությունը: «Ախուրյան» թերթը, որի աշխատակիցն է եղել Արմեն Տիգրանյանը, նրա մասին գրել է. «Անուշը» իբրեւ առաջին փորձ անշուշտ զերծ չէ թերություններից, սակայն ի նկատի առած մի շարք աննպաստ պայմաններ, ինչպես դերակատարների անփորձությունը, լիակատար հարմարությունները, օրկեստրի բացակայությունը եւ այլն, այնուամենայնիվ, օպերան հաճելի տպավորություն թողեց: Սկզբի պատկերները խիստ հաջող էին, երաժշտությունըՙ համապատասխան երկի բովանդակությանն ու շեշտին»: [6]


Առավել բովանդակալից գնահատական է տվել թատերական գործիչ Պետրոս Մոճոռյանը (դերասանուհի Մարիամիկ Մոճոռյանի հայրը), որը դերասան լինելուց բացի դրամատուրգ էլ է եղել, օպերետ գրել: «Տխուր երաժշտությունը,- գրել է նա,- բոլորովին համապատասխանում էր այդ սրտառուչ պոեմի իմաստին ու մտքին: Բեմի վրա ի ցույց էր հանված հայ գեղջկուհին իր հոգսերով, իր նիստ ու կացով եւ սովորություններով, որոնց կատարման ժամանակ անթիվ հասարակությունը հասավ իր ոգեւորության գագաթնակետին: Մի բան միայն կարող ենք ցանկանալ, օր առաջ ավարտած տեսնել այդ երաժշտական շնորհալի երկը, որի նմանը մեր աշխարհիկ գեղարվեստական աշխարհում դեռ չունենք»: [7]


Մամուլի դրական արձագանքներն ու հանդիսատեսների քաջալերանքը հեղինակին վստահություն են ներշնչել կրկնել ներկայացումը: Ճիշտ է, Տիգրանյանը հավատացել է անկեղծորեն հայտնված կարծիքներին, բայց նույն կազմով ու միջոցներով նորից կրկնել, նրան չի գոհացրել: Ուստի ավելի հարմար, երաժշտական կրթություն ունեցող դերակատարներ է որոնել: Բացի այդ, բեմում կատարվող գործողությունները պատշաճորեն ներկայացնելու համար պահանջվող բոլոր հարցերն ինքն է լուծել, համապատասխան դեկորացիաներ պատրաստելը, տեղադրելը, զգեստներ եւ կենցաղային իրեր ու առարկաներ հայթայթելը, կատարող երաժիշտներ համախմբելը, պրոֆեսիոնալ կատարողներ ներգրավելը, այս բոլորն ի մի բերելու համար ժամանակ է պահանջվել: Բայց իր գործի նվիրյալը ոչ մի դժվարության առաջ կանգ չի առելՙ աշխատել է, որոնել է, հաղթահարել է, գտել է իր ցանկալին եւ առաջ ընթացել:


Նոր ներկայացման համար Անուշի դերում նորից պետք է հանդես գար Ա. Կիրակոսյանը, բայց Սարոյի դերակատար Տ. Մանուկյանը չի բավարարել Տիգրանյանի պահանջները, ուստի նա դիմել է դրսից հրավիրելու միջոցին: Այդ հարցի լուծման համար նա դիմել է ալեքսանդրապոլցի, «Գեղարվեստ» հանդեսի խմբագիր-հրատարակիչ Գարեգին Լեւոնյանի (Ջիվանու որդու) օգնությանը: Ամառային մի օր Լեւոնյանն իր մոտ է կանչել Ներսիսյան դպրոցի սան Շարա Տալյանին (Լեւոնյանի քեռու տղային) եւ հայտնել, որ Տիգրանյանը իր «Անուշ» օպերան բեմադրելու համար Սարոյի դերակատար է որոնում: Տալյանը գնացել է Ալեքսանդրապոլ, ներկայացել Տիգրանյանին: Վերջինս շատ է հավանել Տալյանի հասակը, արտաքինը, ձայնն էլ լսելովՙ գտել է որոնածը: [8]


Մինչ այս, մինչ այն, գտնվել է նաեւ Անուշի առավել հարմար դերակատար, Թիֆլիսի երաժշտական ուսումնարանի ուսանողուհի Աստղիկ Մարիկյանըՙ դուրեկան ձայնով ու արտաքինով: Մոսիի դերակատարըՙ նույնպես Ներսիսյան դպրոցից, եղել է Վարդան Մարտիրոսյանը:


Ամբողջ հունիս ամիսը իր տանը զբաղվելով փորձերովՙ Տիգրանյանը մտադիր է եղել օպերան ներկայացնել հուլիսի 1-ին, որից հետո պետք է խումբը տաներ Դիլիջան, իսկ աշնանըՙ Թիֆլիս: Բայց, քանի որ Տիգրանյանը ցանկացել է Կաթողիկոսի օծման առթիվ Էջիմածին գնացող Թումանյանին հրավիրել իր գործի անդրանիկ բեմադրությանը, ներկայացումը հետաձգվել է: Արմենուհի Տիգրանյանն էլ իր հերթին է հրավիրել Թումանյանին, գրելովՙ «Չեք փոշմանի, «Անուշը» իբրեւ օպերա հուսով ենք, որ պետք է ունենա իրեն արժանի տպավորությունը... Ձեր ներկայությունը մեծ բավականություն կպատճառի մեզ եւ միանգամայն բաղձալի է»: [9]


Թումանյանն ինքն էլ է ցանկացել գնալ-տեսնել, բայց հանգամանքների բերումով չի կարողացել ներկա գտնվել, ուստի նամակով է շնորհավորել: 1912-ի օգոստոսի 2-ին Դսեղից Արմենուհի Տիգրանյանին հղած նամակում Թումանյանը գրել է. «Ես լավ գիտեմ, թե ինչքան ուրախ ու գոհ եմ լինելու ձեր շրջանում, Ալեքսանդրապոլի ինտելիգենցիայի շրջանում, ուր էնքան լավ բարեկամներ ունեմ, ուր էնքան մարդ ուժեղ է զգում իր հայությունը, սակայն շատ ու շատ ափսոս, որ միանգամայն անկարող եմ կատարելու Ձեր խնդիրն ու իմ ցանկությունը... Ցանկանում եմ հաջողությամբ պսակվեն պ. Արմենակի ու բոլոր մասնակցողների սերն ու ջանքերը:


Սրտագին բարեւներ ինձանից Անուշին, Սարոյին, Մոսնին, մեր սարերի փերիներին ու բոլոր մասնակիցներին....»: [10]


Տեսնելով, որ Թումանյանը չի կարողանում գալ, Տիգրանյանն այլեւս չի հետաձգում «Անուշի» ներկայացումը: Այսպիսով, 1912 թվականի օգոստոսի 4-ին, Քաղաքային ժողովրդական տանը կայանում է «Անուշի» հայկական առաջին օպերայի առաջին ամբողջական ներկայացումը: Այդ օրը համարվել է «Անուշ» օպերայի ծննդյան օրը եւ ինչպես երաժշտագետ Ա. Շահվերդյանն է բնութագրելՙ «Անուշը» ծնվել է «ցնցոտիների մեջ»:


«Անուշի» բեմադրության առթիվ տպագրվել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով ծրագիր, ուր դերակատարներից բացի, տրվել են չորս գործողությունների ու նրանց պատկերների վերնագրերն ու բովանդակությունը, իսկ վերեւում, կենտրոնումՙ Թումանյանի նկարը: Պատասխանատու կարգադրիչը եղել է ինքըՙ Արմեն Տիգրանյանը:


«Անուշի» պատմական այդ ներկայացման դերակատարներն են եղելՙ Անուշ-Աստղիկ Մարիկյան, Նանի (Անուշի մայրը)- Արեւհատ Տալյան, Մոսի- Վարդան Մարտիրոսյան, Սարո- Շարա Տալյան, ծեր հովիվ, գյուղի պահապան- Սարու-Բաբյան: Տասներկու հոգուց բաղկացած նվագախումբը ղեկավարել է Առեւտրական դպրոցի դասատու Գ. Յա. Բուրկովիչը: Արղության դպրոցի երգեցիկ խմբից ներկայացմանը մասնակցել են Աստղիկ Գաբրիելյանը, Աշխեն Ենգոյանը, Արմենուհի Հախումյանը, Հայկանուշ Մինասյանը եւ ուրիշներ, իսկ Աղավնի Գրիգորյանը կատարել է վիճակ հանող աղջկա դերը:


Ներկայացումից հետո, «Ախուրյան» թերթի աշխատակից, գրող, «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը (Սարգիս Մուբայաջյան) բեմ է հրավիրել Տիգրանյանին, ողջունել, բարի երթ մաղթել նրա օպերային: [11]


Օպերայի հաջողությունների մասին Տիգրանյանները տեղյակ են պահել Թումանյանին: Նրանք մտադրվել են կրկնել բեմադրությունը եւ նորից հրավիրել Թումանյանին: Օգոստոսի 7-ին քույր ու եղբայր գրել են նրան. «Հույս ունենալով, որ այս անգամ Ձեր գործերին հարմար ընթացք կաջողվի տալ, ես վճռեցի առիթից օգտվել, քանի դեռ խաղացողների մեջ օպերան թարմ է, երկրորդ անգամ կրկնել: Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, «Անուշ» ասում եւ թատրոն է վազում (Արմեն): «Անուշը» կրկնվում է ամսիս 12-ին: Հույս ունենք, որ այս անգամին արգելքներ չեն հանդիսանա եւ Դուք ներկա կլինեք անպատճառ: Խաղացող ուժերը թեեւ թույլ են, բայց ընդհանուր տպավորությունը գեղեցիկ է... Այնպես որ, երբ աշնանը Արքունական (Թբիլիսիի օպերային- Բ.Հ.) թատրոնում դնենք, ավելի քան կատարելագործված կլինի, շնորհիվ ձեր ուշադրության» (Արմենուհի):


Մինչեւ տեղի կունենար օգոստոսի 12-ին կրկնվող ներկայացումը, Թումանյանը նորից հայտնել է, որ չի կարող Ալեքսանդրապոլ գնալ: Օգոստոսի 10-ին Թումանյանին գրած իր նամակում Արմեն Տիգրանյանը կես նեղացած հայտնել է նրանՙ «Ստացա Ձեր «գուժկան» հեռագիրը շնորհավորականներով հանդերձ: Ցավում եմ, որ «Անուշի» մշակումը ինչպես երեւում է, ինձ վրա է ծանրանալու ընդմիշտ»: [12]


«Անուշի» մշակման հարցը վերաբերում է օպերային սկզբունքներին համապատասխան լիբրետտոյի ստեղծմանը, մի պահանջ, որը քանիցս առաջարկվել է նաեւ Կոմիտասին եւ անպատասխան մնացել: Համատեղ աշխատելու հնարավորությունը չստացվելուց հետո, Տիգրանյանը կազմել է լիբրետտոյի իր տարբերակը: Նա ոչ միայն միջամտել է, տեղափոխումներ կատարել հեղինակային տեքստի մեջ, այլեւ առանձին երգեր ու տեսարաններ մտցրել, ինչպես, օրինակՙ Սարոյի երգըՙ «Ջիվան յար ջան, առավոտ վաղ» եւ այլն:


Օգոստոսի 12-ին կրկնվել է «Անուշի» բեմադրությունը: Օպերայի հաջողությունը եւ նորություն-երեւույթը բոլորին չէ, որ գոհացրել, ազգային հպարտություն է ներշնչել: Եղել են եւ դժգոհներ, քննադատներՙ որը բերանացի, որը մամուլում: Ինչպես ստորեւ կտեսնենք, այդ դժգոհությունը երաժշտության քննադատության ստվերի տակ նախանձի տուրք է եղել: Բայց կյանքը ցույց տվեց, որ 1910-ական թվականներին գավառական մի քաղաքում ծնունդ առած հայկական ժողովրդական «Անուշ» օպերայի ստեղծումն ու հրապարակ հանելը մեծ իրադարձություն է դարձել հայ ժողովրդի մշակութային կյանքում, այնքան մեծ, որ հետագա տասնամյակներում թարգմանվել է մի քանի լեզվով եւ բեմադրվել աշխարհի բազմաթիվ թատրոններում, երբեմն մի քանի անգամ:


«Անուշ» օպերայի եւ նրա երաժշտության հեղինակ Արմեն Տիգրանյանի դեմ Ալեքսանդրապոլի (այժմՙ Գյումրի) «Արագած» թերթում Փերի ծածկանունով հանդես է եկել երաժշտության դասատու Պարույր Բաբայանը:


Փերին Տիգրանյանի երաժշտությունը համարել է «անկապ-անկապ ժողովրդական եւ եկեղեցական մոտիվները վերցրած եւ իրար ետեւից դասավորած, այն էլ ոչ հարազատությամբ, որ ավելի գեղեցիկ եւ բնական կլիներ, այլ որոշ փոփոխության ենթարկած, որպեսզի բառերի վանկարքն համապատասխանե եղանակը»:13 Այս ընդհանուր եզրակացությունից հետո մատնացույց է արել, թե Տիգրանյանը ո՞ր երգում ինչ եղանակից է օգտվել:


Այսպեսՙ Բ. գործողության մեջ, Համբարձման տեսարանում, օրիորդներից մեկի երգածՙ «Դե հանիր քուրիկ, վիճակը հանիր» (Թումանյանի մոտՙ «Դե հանի՛ր, աղջի, Վիճակն ի բարին»)- «կտորը երգվել է «Իմ չինարի յարի» եղանակով, միայն ծանր»: Իսկ «Ասում են ուռին»ՙ «Թող բլբուլ չերգեի» նման:


- «Այ թուխ մազավոր աղջիկ» (4 տողը): «Այս քառյակը երգվում է «Աշխարհ ամենայնի» եղանակով», «Համբարձում յայլան» «երգվում է տեղումս բոլորին ծանոթ «Անջիգյար, անջիգյար յարի եղանակով»:


Գ. գործողության կառուցվածքը երկու պատկեր դարձնելու առաջարկից բացի նշել է, որ Անուշի եւ Սարոյիՙ փախուստից առաջ կատարած «Ինձ մենակ ես թողնում» եւ «Գնանք, գնանք, գնանք» դուետը հիշեցրել է «Տրավիատա» օպերան, որ փերիների պարը, բալետային պար է եւ անհաջող»:


Դ. գործողության մեջՙ Սարոյի երգած «Բարձր սարեր, այ սարեր» երգի մոտիվը ամենքիս ծանոթ կռունկի մոտիվն է, մի քիչ փոփոխած»:


«Անուշ» օպերան համարելով «ժողովրդական մոտիվներից հավաքած մի ժողովածու», այնուամենայնիվ, Փերին գտել է, որ «Ամբողջ օպերայի մեջ. պ. Ա. Տիգրանյանին հաջողվել է որոշ չափով ամբողջացնել, եթե կարելի է ասելՙ մշակել Անուշի տիպը, մանավանդ խելագարության տեսարանը (Դ. գործ. Բ. պատկ.) շատ հաջող է դուրս եկել: Այստեղ պ. Տիգրանյանը ինքնուրույն է մտածել»:


Տիգրանյանն անպատասխան չի թողել «Արագածի» հոդվածագրին: «Ախուրյանում» նա տպագրել է «Անուշ» օպերայի քննադատ «Արագածի» Փերուն» վերնագրով հոդվածը, ուր շարադրել է իր ասելիքն ու բացատրությունները: Տիգրանյանը հարց է տվել Փերունՙ «ինչով բացատրել ձեր անտեղի հարձակումն ինձ վրա, նրա համար, որ ես «Անուշը» անվանում եմ «Առաջին հայկական օպերա», մի՞թե դա ճիշտ չէ»: Հարցի մեջ պարզաբանություն մտցնելով, նա անդրադարձել է մինչ իր աշխատանքի հրապարակ հանելը, իրենից առաջ ստեղծված թատերաերաժշտական գործերի անցած ճանապարհի պատմությունը: «Կարա-Մուրզայի «Շուշանը»,- գրել է նա,- ամբողջ ոչ գրված է եւ ոչ էլ բեմ դրված (մի փոքրիկ հատված 20-րդ դարասկզբին տեքստի հեղինակ Ատրպետի կողմից բեմադրվել է Թավրիզում - Բ.Հ.), դա մի չվերջացրած գործ է, որից միմիայն մի երկու կտոր է հայտնի մեզ բոլորիս (գլխավորապես նախերգանքը- Հեյ-Բեկ), այդ կտորը Կարա-Մուրզան երգում էր խմբական կոնցերտների մեջ» (1890-ական թթ. կեսերին տրված համերգների ժամանակ Հեյ-Բեկի երգը Բաքվում երգել է նաեւ ապագա բանաստեղծ Հակոբ Հակոբյանը- Բ.Հ.):


Ինչ վերաբերում է օպերային ստեղծագործությունների պատմության մեջ «Անուշի» գրաված տեղին, Տիգրանյանը տվել է հետեւյալ բացատրությունըՙ «Մի՞թե ձեզ հայտնի չէր, որ «Լեբլեբիջին» օպերա չէ... Ձեր անվանած հայկական առաջին երկու օպերան այսպիսով ասպարեզից հեռանում են, մնում է Գ. Միրզոյանի մանկական օպերան (եթե չեմ սխալվում, դա մի օպերետ է), որի մասին ինքներդ եք կասկածում, թե հաշվի մեջ պետք է գցել, թե ոչ» (Տիգրանյանը նկատի է ունեցել Գրիգոր Սյունի-Միրզայանի «Արեգնազան» օպերա-հեքիաթը, ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի- Բ.Հ.):


Շարունակության մեջ Տիգրանյանը գրել է. «Անուշ» պոեմայի վրա ուրիշ աշխատողներ էլ կան օպերայի վերածելու նպատակով, սակայն նրանք իրանց իրավունք չեն համարում բողոքելու, քանի որ առաջինը ինձ է հաջողվել «Անուշը» բեմ դնել եւ դա ոչնչով չի խանգարել նրանց շարունակելու իրենց աշխատությունը: Հարցը խոմ առաջնության մեջ չէ, հարցը որակի մեջ է»:14


Այս հոդվածում Տիգրանյանը տվել է եւս մի կարեւոր հարցի բացատրություն, որի մասին, հետագայում, քանիցս ստիպված է եղել կրկնել, որն էՙ իր օպերայի երաժշտությունը ժողովրդականից վերցրած, մշակած մոտիվներ են, թե՞ իր սեփական հեղինակությունը:


Փերիին հիշեցնելով, որ եթե իր աշխատանքը «Ժողովրդական մոտիվներից հավաքած ժողովածու» է, այն էլ «դեսից դենից հավաքած», ապա ինչպե՞ս է, որ գրել է թե «Ա. Տիգրանյանին հաջողվել է որոշ չափով, եթե կարելի է ասել, մշակել Անուշի տիպը, մանավանդ խելագարության տեսարանը շատ աջող է դուրս եկել»: Տիգրանյանը վերջնական խոսքը եզրափակել է հետեւյալ միտքը հաստատելով: «Դուք մոռանում եք,- գրել է նա,- որ «Անուշ» օպերայի մեջ ամենամեծ տեղը հենց Անուշն ինքն է բռնում: Մինչդեռ ձեր «անաչառ» քննադատությամբ Տիգրանյանը այդ օպերայի մեջ շատ քիչ տեղ է բռնում, ինչո՞ւ, որովհետեւ «Անուշ» օպերայի ամբողջ երաժշտությունը Տիգրանյանի սեփականությունն է»:


Ով ինչ ասեր-չասեր, «Անուշ» օպերան արդեն իր համար ճանապարհ էր բացել: Նրա համբավը տարածվել էր Անդրկովկասի մոտ ու հեռու վայրերում, նրա կարիքը զգացվում էր եւ նա գնացել է դեպի ժողովրդական խավերՙ ձուլվելու նրանց հետ:


Ալեքսանդրապոլի բեմադրությունից շատ չանցած, «Անուշով» հետաքրքրվել է հարեւան Կարս քաղաքի հասարակությունը: Նրանց խնդրանքը բավարարելու համար Տիգրանյանն իր մի քանի հիմնական դերակատարներով ու տեղական արվեստասեր ուժերի մասնակցությամբ, 1912-ի հոկտեմբերի 21-ին եւ 27-ին «Անուշը» ներկայացրել է Կարսի Հասարակական ժողովարանի դահլիճում: Դրան հաջորդել է երեւանյան բեմադրությունը 1913-ի փետրվարի 9-ին եւ 10-ին Ջանփոլադյանի թատրոնում, մայիսի 3-ինՙ Բաքվի Մայիլյանների Մեծՙ օպերային թատրոնում: Բոլոր վայրերում Անուշի դերակատարը եղել է Աստղիկ Մարիկյանը: 1915-ին Դիլիջանում Աստղիկի դերում հանդես է եկել Վարդանուշ Զաքարյանը: 1916-ին (ապրլիի 6,8) Երեւանի Քաղաքային ակումբի ներկայացումների մեջ Անուշ է երգել Սիրանուշ Գրիգորյանը, որը մի քանի թատերաշրջան մասնակցել է տարբեր քաղաքներում տրված ներկայացումներին: Այսքանից հետո Թումանյանն իր «Անուշն» առաջին անգամ տեսել է 1918-ի մայիսի 19-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության (այժմՙ Ռուսթավելու անվան) թատրոնում նոր բեմադրությամբ եւ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:


1916 թվականից «Անուշի» բեմադրության նախաձեռնությունն իրենց վրա են վերցրել գավառական թատրոնների գործիչները եւ տեղական ուժերով, երբեմն էլՙ որոշ հավելումներով ու կրճատումներով բեմադրել Շուշիում, Ախալցխայում, Նախիջեւանում, Գրոզնիում, Հյուսիսային Կովկասի Հանքային ջրերում, Էսենտուկիում, Կիսլովոդսկում, Պյատիգորսկում, Եկատերինոդարում, Արմավիրում, Միջին Ասիայի Պոլտորացկ (այժմՙ Աշխաբադ), Մերվ (Մարի), Չարջոու եւ այլ քաղաքներում ու գյուղերում, աշխարհի հարյուրից ավելի վայրերում, մի քանի լեզվով:


Իր ստեղծագործական կյանքի տարբեր տարիներին Տիգրանյանն աշխատել է «Անուշ» օպերայի էլ ավելի կատարելագործման վրաՙ մշակել է լիբրետտոն, երաժշտությունը, գործիքավորումը, մինչեւ որ 1935 թվականի մարտի 27-ին առաջին անգամ բեմադրվել է Հայաստանի պետական օպերայի եւ բալետի (այժմՙ Սպենդիարյանի անվան ակադեմիական) թատրոնում, պրոֆեսիոնալ արտիստների կատարմամբ:


«Անուշը» միակ օպերան է, որ 1935 թվականից մինչեւ օրս բեմից չի իջնում: Դերասանական մի քանի սերունդ է կատարելագործվել ու աճելՙ «Անուշի» բեմադրություններին մասնակցելով: «Անուշի» բեմական պատմության մեջ բացառիկ երեւույթ է հանդիսացել նրա առաջին բեմադրության 50-ամյակի առթիվ տրված ներկայացումըՙ 1962-ի դեկտեմբերի 10-ին: Հոբելյանական այդ ներկայացմանը մասնակցել են թատրոնի լավագույն ուժերըՙ չորս Անուշ- Ելենա Միքայելյան, Ելենա Վարդանյան, Արմինե Թութունջյան, Գոհար Գասպարյան, իսկ «Ասում են ուռին» երգը կատարվել է Հայկանուշ Դանիելյանի ձայնագրությամբ, չորս Սարո- Շարա Տալյան, Սերգեյ Բարխուդարյան, Գարուն Ավետիսյան, Ավագ Պետրոսյան եւ երեք Մոսի- Միհրան Երկաթ, Դավիթ Պողոսյան, Վահրամ Գրիգորյան: Հիսուն տարի առաջ «Անուշի» առաջին բեմադրության մասնակիցներ Շարա Տալյանը (Սարո) եւ Արեւհատ Տալյան-Մարկոսյանը (Անուշի մայրը) պարգեւատրվել են Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով:


«Անուշ» օպերան բեմադրվել-ներկայացվել է Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի, Իրանի, եվրոպական, հեռավոր արեւելյան երկրների մի շարք քաղաքներում, երեք անգամ երեւանյան բեմադրությունը ներկայացվել է Մոսկվայի Մեծ թատրոնում: Տիգրանյանի երաժշտությամբ, թարգմանաբար այն ներկայացվել է պարսկերեն, արաբերեն, անգլերեն, հունարեն, ադրբեջաներեն եւ այլ լեզուներով: «Անուշի» բեմադրությունների շնորհիվ Տիգրանյանի երաժշտությունը հնչել է աշխարհի շուրջ 120 վայրում: Իսկ Անուշի դերակատարների թիվն անցնում է հարյուրից: «Անուշ» օպերայի մեներգներն ու խմբերգերը վաղուց մտել են ժողովրդական լայն զանգվածների երգացանկը: «Անուշը» նկարահանվել է երեք անգամՙ Ամերիկայում եւ Երեւանում:


«Անուշ» օպերայի բեմական պատմությունը, նրա պատմական արժեքը մեզ համար պակաս կարեւոր չէ, ինչպես եվրոպական դասական օպերաների պատմությունը: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան հայ ժողովրդի մշտական ուղեկիցն է, մեր ժամանակակիցը, պատմության վկան:


ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


Աղբյուրներ


1. «Ախուրյան», 1909, N 1:


2. Չարենցի անվ. Գրականության եւ արվեստի թանգարանի գրական բաժին (ԳԱԹ), Հ. Թումանյանի ֆոնդ N1115 (հին համարով):


3. «Ախուրյան», 1910, N13:


4. «Բանվոր», 1962, N289:


5. «Սովետական Հայաստան», 1962, N284:


6. «Ախուրյան», 1912, N10:


7. Նույն տեղում, N11:


8. «Սովետական արվեստ», 1981, N5, էջ 17:


9. ԳԱԹ, ՀԹՖ, N1110:


10. Հ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, Երեւան, 1999, հ.10, էջ 156:


11. «Բանվոր», 1962, N289:


12. ԳԱԹ, ՀԹՖ, N1101:


13. «Արագած», 1912, N48:


14. «Ախուրյան», 1912, N44:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page