top of page

Արենայի փոքրիկ իշխանը

28.07.2020

«Վախենում եմ բարեկեցությունից»,–ասում էր նա. հավանաբար, ոչ այն պատճառով, թե չգիտեր՝ ինչ անել դրա հետ, այլ, հնարավոր է, որ կարծում էր, թե բարեկեցությունը հանկարծ կարող է ծուլության ու ավելորդ հանգստության պատճառ դառնալ եւ թուլացնել պատասխանատվությունը մոլորակի հանդեպ, ուր հայտնվել էր, ասես, Էքզյուպերիի փոքրիկ իշխանի միամտությամբ ու ակամա ստանձնել այն խնամելու ու պահպանելու պատասխանատու զբաղմունքը, իսկ պատասխանատվությունը այլ բան չէ, քան սերը այն ամենի հանդեպ, ինչ տրված է մարդուն ապրելու համար։ Ինը տարի բռնցքամարտի ռինգում «գլխի խոցելի կետերին» հարվածներ ստանալուց հետո Լեոնիդը որոշում է ռինգը փոխադրել կրկես եւ ազատ շունչ քաշել ու «կրծել հումորիստական գիտության դառը գրանիտը», քանի որ, ինչպես խոստովանում է, ընտանիքում՝ մանկության տարիներին, բոլորից տարբերվում էր հումորի զգացման լիակատար բացակայությամբ, իսկ մարդը ձգտում է ձեռք բերել այն, ինչ պակասում է իրեն։ Հենց այդ պատճառով էլ երեք եղբայրներով, ի վերջո, ընտրում են արվեստի ուղին, ինչն ամենեւին էլ ավանդական չէր ընտանիքում։


Բռնցքամարտի ռինգից հետո կրկեսի արենան ուղղակի դրախտ էր եւ ոչ այն պատճառով, որ ամեն բան ավելի հեշտ էր, այլ չարչարանքի բերած հաճույքն ու հաղթանակի զգացումն առավել տանելի էին, մարդկային, թեեւ սպորտային ազարտն ու դրական չարությունն ու համառությունը շարունակում էին ուղեկցել եւ օգնել հաղթահարելու կասկածներն ու հուսահատական պահերն ու չհանձնվել երբեւէ՝ ամենեւին չհաշտվելով աստվածաշնչյան պատվիրանի հետ, թե՝ «եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։

Սեփական թուլությանն ու կասկածամտությանը չհանձնվելու, կամքի ուժի դրսեւորման կարեւոր պահ էր դեբյուտը Մոսկվայի կրկեսում, երբ աշխարհաճանաչ կրկեսի ճակատին՝ տեսնելով իր հյուրախաղերի մեծադիր աֆիշը, անձրեւի տակ խաղաղ զբոսնելով կրկես հասած արտիստը հուզմունքից շփոթության է մատնվում. «Ես հանկարծ պատկերացրի, թե ինչ կլինի, եթե տապալվեմ»։ Սակայն տարիների քրտնաջան աշխատանքով հասունացած հաջողությունը չի դավաճանում եւ վերջին զավեշտախաղի՝ «Բռնցքամարտի» ցուցադրությունից հետո հանդիսատեսները, ինչպես թատրոնում, բուռն եւ չընդհատվող ծափահարություններով սկսում են ետ կանչել նրան։ Հանդիսատեսի սիրտը գրավված էր. բոլորը ծիծաղում էին, եւ միայն մի հոգու աչքերում էին փայլում արցունքները՝ մայրն էր։

Ով կարող է գրավել մեկի սիրտը, եթե այդ սիրտը գրավելու համար չի տալիս սեփական սիրտը, իսկ Ենգիբարյանը գիտեր՝ ինչպես բաժանել սիրտը, որ բոլորին հասնի ու խանդի տեղիք չտա։ Որեւէ մեկը չկար, որ նրան օգներ այդ հարցում, եւ նա սկսեց օգնել ինքն իրեն. անհրաժեշտ էր կազմել կրկեսային ու էստրադային խաղացանկերի ընդհանուր ուրվագծերը ու նաեւ ծաղրածուի խաղացանկը, նոր ռեպրիզներ ու նոր մնջկատակներ, որոնք այնքան թանկ են նստում հեղինակի վրա, որ, Ենգիբարյանի կարծիքով, չկա այնպիսի հոնորար, որ կարողանա փոխհատուցել հեղինակի տանջանքները, եթե անգամ այդ փոքրիկ ստեղծագործությունները ծնվում են ոտքի վրա, քանզի դրանք ինքնախոշտանգման, ինքնախարազանման ժամեր են, հուսահատական ժամեր այն մտքից, թե բացարձակապես ապաշնորհ ես եւ ինչ արել ես վերջինը, այդպես էլ կմնա որպես վերջին։ Սակայն նրա մտավախությունները անհիմն էին, եւ նա ստեղծագործելուց, այնուամենայնիվ, այնպիսի հաճույք էր ստանում, որ անգամ չէր պատկերացնում, թե ինչ կլինի, եթե հանկարծ հայտնվի «իսկական» սցենարիստ, իսկ նման մտավախությունները ծնվում են ոչ թե արտիստի ապաշնորհությունից, այլ պատասխանատվության այն մեծ զգացումից, որ բնականորեն պաշարում է յուրաքանչյուր տաղանդավոր մարդու։

Սիրում է ծովը, աշունը... Վինսեթ վան Գոգին, իսկ այդ ամենի մեջ թախիծ կա, առհասարակ՝ սիրո մեջ թախիծ կա, լուսավոր թախիծ, իսկ մոլորակը կարոտ է սիրո... Ծիծաղն ապաքինում է, թթվածին ներարկում, ուստի չի կարող ինքնանպատակ լինել, հենց այնպես, մի քանի րոպե զվարճացնելու միջոց, որ իսկույն եւեթ մոռացվում է... Այն պետք է մնա հանդիսատեսի հիշողության մեջ. հանդիսատեսը նրան պետք է տուն տանի, ինչպես ծաղիկը, եւ խնամի, ինչպես որ նրա ծափահարություններն իր հետ տուն է տանում արտիստը... Առանց փոխադարձ սիրո անհնար է մաքրել մոլորակը մոլախոտերից, իսկ այն աճում է՝ ուր ասես, անգամ հոգիներում ու սրտերում... Ինչ—որ մեկը պետք է քաղհանի դրանք եւ ցույց տա դա անելու կերպը...

Ենգիբարյանը մնջկատակներ, ռեպրիզներ ու զվարճախաղեր է գրում ոչ միայն իր, այլեւ այլ արտիստների համար եւ ոչ մի անգամ չի «ծկրակում» կյանքը, «չի թխում» նրանից, ինչպես նրան խորհուրդ էին տալիս բարեկամներն ու ընկերները։ «Իմ կարծիքով, «ծկրակել» սյուժեն, միեւնույն է, թե գրել նատուրալիստական՝ գունազարդվա՛ծ, պատկերի շուկայական լուսանկար եւ չավելացնել սեփական «ես»—ը՝ ամեն բան «ինչպես կյանքում» եւ ամեն բան կեղծ»։ Նա համոզված է, որ մաքուր սյուժեներ չկան կյանքում, ինչպես որ բնության մեջ չկան մաքուր, ազնիվ մետաղներ, եւ երկու դեպքում էլ անհրաժեշտ է դրանք մշակել, զտել։ Աշխատանքի ընթացքում ապացուցեց, որ ինքը ճիշտ է։

Հիշում է, թե ինչպես երկար ժամանակ տանջվել է՝ ստեղծելու համար «Նրա ծննդյան օրը» մնջկատակը։ Երբ ցույց է տվել ընկերներին, միաձայն հավանել են եւ անասելի զարմացել, երբ դրանից հետո մի քանի տարի այն չի խաղացել։ Իսկ սյուժեն հետեւյալն էր. տղային հրավիրում են ծննդյան օրվա. նա երկար մտածում ու որոշում է աղջկան ծաղիկներ նվիրել, բայց նրա խնայողությունները բավականացնում են միայն մի ծաղկի։ Ճանապարհին եւ հանդիսության մեղավորի տանը՝ շատ արկածներից հետո, տղան վերջապես հասնում է նրան եւ նրան մեկնում իր նվերը։ Աղջիկը ինչ—որ բան է ասում, նման մի բան. «Իսկ ո՞վ է ձեզ հրավիրել»։ Տղան հեռանում է։ Ենգիբարյանը երկար ժամանակ չի կարողանում խաղալ մնջկատակը, մինչեւ չի անցնում ցավը։

Այն ամենը, ինչ հղանում ու բեմադրում է, անցնում է սեփական ներաշխարհի հենակետով. հնարված սյուժեն առավել, քան իսկական ապրում է, իսկական ուրախություն ու իսկական ցավ, եւ որպեսզի չկոտրվի ողնաշարը, անհրաժեշտ է կերտել բարին, ներարկել բարին... Մեծ ուրախություն է մի կտոր թղթի վրա գրիչով ձեւել ճակատագրեր եւ իմանալ, որ հերոսներն ապրելու են հեղինակ—ծնողի կամքով, ինչպես իսկական մարդիկ, իսկ քանի որ նրանք իսկական են, ապա պետք է լինեն բարի ու զգայուն, կարեկցող ու խիզախ՝ պատրաստ թույլին սատարելու եւ թույլ չտալու ճնշել անմեղին, եւ, իհարկե, նրանք պետք է լինեն ծիծաղելի՝ լավ իմաստով, ինչպես աշխարհի մարդկանց մեծ մասը։

Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը կյանքի հանդեպ՝ աշխարհը բարի ու լավ դարձնելն է, ապրելու համար հաճելի միջավայր ստեղծելն ու այն վայելելը, եւ այդ իմաստով, կարծում եմ, Էքզյուպերիի փոքրիկ իշխանի անունը, որ հեղինակը խնամքով թաքցրել է ընթերցողից կամ թողել նրա հայեցողությանը՝ ինքնուրույն գտնելու այն, կարող էր եւ Լեոնիդ լինել, իսկ մոլորակը, ինչ կա որ, հնարավոր է նաեւ լինի պարզապես կրկեսի արենան, ուր հայտնված փոքրիկ իշխանը խնամքով աճեցնում է այնքան դժվար ձեռք բերված միակ ծաղիկը, որի արձակած բույրը հագեցնում է ոչ միայն քիմքը, այլեւ սիրտն ու հոգին...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page